Մի՛ Սպաննէք
ԺՈՒԼԻԵԹ ԴԱՒԹԵԱՆ
Խօսքը կարելի է համարել կապի ու յարաբերութիւնների միջոցներից ամենաարդիւնաւէտ պարգեւը: Խօսքը մեզ տալիս է շփուելու հնարաւորութիւն, կարողանում ենք կապուել ժամանակների ու տարածութիւնների հետ, կարողանում ենք սովորել, հասկանալ տարբեր քաղաքակրթութիւններ ու մշակոյթներ, ինչպէս նաեւ ընդլայնել գիտելիքներ ու նպաստել արուեստին եւ գիտութեան:
Բառերի միջոցով է, որ մենք արտայայտում ենք մեր մտքերն ու զգացումները, գաղափարները, նրանց բացայայտելու միջոցներն ու մտային նոր սահմաններ նուաճելու ձեւերը: Բառերը կարող են տեղաշարժել սրտերը, փոխել պատկերացումները, մղել ազգերին ու ժողովուրդներին հզօր շարժման: Բառերն են մեր մարդկայնութեան արտայայտուելու էական մասը, միջոցը: Խօսքի ու արտայայտութեան վրայ սահմաններ նշանակելը հետեւաբար մարդկային հիմնական իրաւունքի կաշկանդումն է, նրա ջլատումը:
20-րդ դարում (միայն) Միացեալ ազգերի կազմակերպութիւնը իր 19-րդ յօդուածով խօսքի ազատութիւնը ճանաչել է որպէս մարդու հիմնական իրաւունք: Այսօր, սակայն, ցաւօք, խօսքի ազատութիւնն ու արտայայտութիւնը շատ ազգերի մօտ, որոնք դրել են իրենց ստորագրութիւնը ՄԱԿ-ի մարդու իրաւունքների հռչակագրի ներքոյ, մնում է նօսր կամ անճանաչելի: Այնպէս` ինչպէս հեռաւոր անցեալում այսօր եւս իշխանութիւններն ու ուժի վրայ եղած պաշտօնեաները ձգտում են խեղդել մարդկային ճիչերն ու մտածումները:
Նմանատիպ պարագայ է արձակագիր Յովհաննէս Իշխանեանի «Ուվալնեատի օրը» գրքի արգիլումը երեւանեան գրախանութներից ու նրան հարցաքննութեան կանչելը Ռազմական ոստիկանութիւնում, ապա Երեւանի Կենտրոնի քննչական բաժնում: Ոստիկանութիւնը որոշել է, որ Յովհաննէս Իշխանեանի արձակը խեղաթիւրում է իրականութիւնն ու վարկաբեկում է Հայաստանի բանակը: Հարցականի տակ է առնւում գրողի օգտագործած լեզուն, որն, ի դէպ, գռեհիկ է, ժարկոն, սեռայնական (ոմանք այն կարող էին համարել պոռնկագրական), լի օտարալեզու բառերով ու խիստ ոչ դասական: Գիրքը փորձաքննութեան է յանձնուել մշակոյթի նախարարութեան մշակութային արժէքների փորձագիտական կենտրոն ու Յովհաննէս Իշխանեանը տեւականօրէն հարցաքննութեան է կանչւում:
Ու հեռաւոր անցեալից Օսմանեան կայսրութիւնն ու ստալինեան ժամանակներն են վերադառնում մեր երկիր, երբ մեր ժողովուրդի բիւրեղ մտքերն ու արուեստագէտներն անաչառ բռնաբարւում են իրենց տաղանդի ու մտքերի, խօսքերի ու կարծիքների համար: Զուր չէր, որ օսմանեան կառավարութիւնը իր ցեղասպանութեան ծրագիրը գործադրելու առաջին թիրախը ընտրեց Պոլսի հայ մտաւորականութիւնը: Զուր չէր, որ ստալինեան ժամանակներում սիպիրեան բանտերում էին իրենց բախտը որոնում մեր չարենցներն ու փարաջանովները:
Իշխանեանի օգտագործած ոճը կարող է լինել հասարակ, ընտրած նիւթը խիստ խնդրայարոյց ու զգայուն, մտքերը անկաշկանդ, իր օգտագործած բաց ու գռեհիկ սեռային տեսարաններով մի շարք ընթերցողների համար (ներառեալ ինձ) տհաճ, սակայն փաստը մնում է փաստ, որ արուեստի համար ոչ ոք «ճաշակ»-ի սահմանում չի կատարել ու խօսքը ինչպիսին էլ լինի, դա վերջ ի վերջոյ մնում է հեղինակի մտքի արտայայտութեան միջոց, որի կաշկանդման դէպքում խլւում է նրա մտածելու, երեւակայելու, արտայայտուելու ունակութիւնը, նրանից խլւում է իր մարդկային հիմնական իրաւունքներից մէկը:
Այսպիսին է լինում ընդհանրապէս այն հասարակութիւններում, ուր իշխանութեան եզրերը նեղ են, ուր խօսքի ազատութիւնը ընկալւում է որպէս սպառնալիք` գոյութիւն ունեցող կարգավիճակին, երբ առկայ անարդարութիւնների ու յանցանքների մասին խօսելը համարւում է դաւաճանութիւն երկրի օրէնքներին: Ու երբ առկայ անարդարութիւնների մասին ձայն հնչեցնելը արգելւում է, հասարակութիւնները մնում են կոյր, նորութիւնների ու դրական փոփոխութիւնների նկատմամբ անյոյս, փտած, որի ամենասովորական հետեւանքն է լինում դիւրագրգիռ ու մտավախութեամբ, կասկածանքով լեցուն մի մթնոլորտ:
Ու այսօրուայ համաշխարհայնացած պայմաններում, ուր համացանցերի ու բջջային հեռախօսների միջոցով յեղափոխութիւններ են կազմակերպւում ու իշխանութիւններ են տապալւում, դժուար թէ ստալինեան բռնապետութեան ճիրաններից հազիւ դուրս պրծած մի ժողովուրդ ցանկութիւնն ունենար ճաշակելու հին ժամանակների ցեղապաշտական ու խիստ բռնատիրական փորձառութիւնները: Եւ սոյն ժողովուրդի նոր սերունդը, որը Ստալինի ու նրա հնարնքերի մասին միայն գրքերի ու տեսաժապաւէնների միջոցով է ծանօթացել դժուար թէ համաձայն լինէր վերադառնալու այնպիսի մի խաւար ու սահմանփակ ժամանակներ: Դժուար թէ արուեստագէտը պատրաստ լինէր ընդունելու իր մտքերի ու երեւակայութեան վրայ սահմանում: Դժուար թէ այն պատրաստ լինէր շնչահեղձ դառնալու. չէ՞ որ գրականութիւնն էլ վերջ ի վերջոյ արուեստ է, մտքի թռիչք, երեւակայութիւն` լինի դա մեր ճաշակին համաձայն կամ ոչ, սուր կամ փափուկ, դասական կամ ժամանակակից:
Մի՛ սպաննէք խօսքը, մի՛ սպաննէք արուեստը, մի՛ սպաննէք հայ ժողովուրդի լուսաւոր միտքը, մի՛ սպաննէք մեզ մեր ձեռքով:
Պոսթըն

