«ԱՐԱԲԱԿԱՆ ԲԵՄԱԳՐՈՒԹԵԱՆ» ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ԱԶՐՊԷՅՃԱՆՈՒՄ

2011-ից ի վեր արաբական աշխարհում ընկերային-քաղաքական ուղղուածութեամբ հակակառավարական հուժկու հանրահաւաքներն ու ցոյցերը, Թունուզում եւ Եգիպտոսում վարչակարգերի տապալումը եւ յեղափոխական գործընթացների շարունակականութիւնն իրենց ազդեցութիւնն ունեցան նաեւ ոչ արաբական երկրներում: Մասնաւորապէս յեղափոխութիւնների շղթայական ալիքը որոշակի մտահոգութիւն առաջ բերեց Ազրպէյճանի իշխող վերնախաւում եւ նոր թափ հաղորդեց հասարակական-քաղաքական վէճերին: Այս երկրի շուրջ հետաքրքրութիւնն աւելի մեծացաւ, երբ «Տը Ուոլ Սթրիթ Ճըռնըլ» թերթը հրապարակեց այն երկրների վարկանիշային աղիւսակը, որոնցում ընկերային ցնցումներն ու յեղափոխութիւններն աւելի հաւանական են. դրանում Ազրպէյճանը յայտնուեց առաջին տասնեակում:

Այն, որ արաբական առանձին երկրների ու Ազրպէյճանի պետական եւ ընկերային-քաղաքական համակարգերի միջեւ որոշակի նմանութիւններ կան, անժխտելի է: Պատահական չէ, որ քաղաքագիտական գրականութեան մէջ շրջանառութեան մէջ է դրուել սուրիա-ազրպէյճանական մոտելի մասին դրոյթը: Թէ՛ Սուրիայում Հաֆեզ Ասատի (1970-2000) եւ թէ՛ Ազրպէյճանում Հէյտար Ալիեւի (1993-2003) մահից յետոյ իշխանութեան եկան վերջիններիս որդիները` իշխանութիւնը դարձնելով ժառանգական, որտեղ կարեւոր դեր է վերապահուած «անհատի պաշտամունքին»:

Ինչպէս արաբական առանձին երկրներին, այնպէս էլ Ազրպէյճանին տիպական են մենատիրութիւնը, կեղծուած ընտրութիւնները, փտածութեան, գործազրկութեան, գնաճի բարձր ցուցանիշները, ընկերային բեւեռացուածութիւնը, մարդու իրաւունքների ոլորտում առկայ բազմաթիւ խնդիրները եւ վերջապէս` ուժանիւթի աղբիւրներից ստացուած եկամուտների ոչ համաչափ բաշխումը:

Անշուշտ, Ազրպէյճանին եւ արաբական երկրներին միաւորող ընդհանրական իրողութիւն է նաեւ իսլամը: Ճիշդ է, իսլամի նկատմամբ մօտեցումներն աշխարհիկ Ազրպէյճանում միանգամայն այլ են, քան արաբական աշխարհում, սակայն այստեղ նոյնպէս բնակչութեան մեծ մասն իսլամադաւան է: Իսլամն ազրպէյճանական ինքնութեան թէեւ ոչ առաջնային, սակայն կարեւոր բաղադրիչներից է: Շատ փորձագէտների համոզմամբ, Ազրպէյճանի անկայունացումը կարող է պայմանաւորուել հէնց իսլամական գործօնի հնարաւոր աշխուժացմամբ:

Յատկանշական է, որ վերջին տարիներին իսլամն Ազրպէյճանի հասարակական-քաղաքական կեանքում սկսել է էական դեր խաղալ, իսկ կրօնականացուածութիւնը բնորոշ է դարձել ազրպէյճանական հասարակութեան մի հատուածին, որի շրջանում խորքային հաւատացեալների թիւը հաշւուում է 7-9 տոկոս:

Նշենք, որ Ազրպէյճանում կարեւոր դեր է խաղում նաեւ միջազգային իսլամական գործօնը: 2006-ից ի վեր այստեղ սկսեցին բաւական հիւանդագին արձագանգել այն իրողութիւններին, որոնք կապուած էին առհասարակ իսլամական աշխարհի հետ: 2006-ին Ազրպէյճանում կազմակերպուեցին բողոքի ցոյցեր ընդդէմ Մոհամետ մարգարէի ծաղրանկարների: Փետրուարին Պաքուից ոչ հեռու գտնուող եւ շիական արմատական տրամադրութիւններով յայտնի Նարտարանում անկախ Ազրպէյճանի պատմութեան մէջ առաջին անգամ այրուեցին Միացեալ Նահանգների, Իսրայէլի, Դանիայի, նաեւ` Հայաստանի ու Զուիցերիայի դրօշները: 2006թ. ամրանը բողոքի ցոյցեր կազմակերպուեցին ընդդէմ Լիբանանում իսրայէլական պատերազմի եւ ի պաշտպանութիւն Հըզպալլայի: Նմանատիպ ցոյցեր եղան նաեւ 2008 թ. դեկտեմբերին` այս անգամ արդէն ընդդէմ Կազայում սկսուած իսրայէլական ներխուժման:

Ազրպէյճանցի յայտնի վերլուծաբան, արաբագէտ Արիֆ Եունուսովի կարծիքով, իսլամը ձգտում է լրացնել քաղաքական այն դատարկութիւնը, որ վերջնականապէս ձեւաւորուեց 2005-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, երբ իշխանութիւնները քաղաքական դաշտից դուրս բերեցին արեւմտամէտ ընդդիմութեանը: Ըստ վերլուծաբանի, հէնց իսլամն է Ազրպէյճանի ներկայ իշխանութիւնների ամենահիմնական եւ իրական ընդդիմութիւնը:

Սակայն պէտք է նկատի առնել, որ ազրպէյճանական հասարակութեան հիմնական հատուածն աշխարհիկ է, որը ձգտում է ոչ թէ իսլամականացման, այլ` ժողովրդավարացման: Այն դժգոհ է Արեւմուտքից, որն աչք է փակում ժողովրդավարական սահմանափակումների առջեւ` յանուն տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնների:

Հարկ է նշել նաեւ, որ իսլամական դաշտն Ազրպէյճանում միատարր, առաւել եւս` միասնական չէ եւ ներկայացուած է իրանամէտ, թուրքամէտ եւ արաբամէտ ուղղութիւններով: Իսլամական գործիչների, պաշտօնական իսլամից դուրս գործող կրօնական գործիչների նկատմամբ շարունակական հետապնդումների եւ, ի վերջոյ, իսլամի ներսում առկայ երկփեղկուածութեան հետեւանքով այդ դաշտում ներկայումս առկայ են բազմաթիւ խնդիրներ: Սակայն, որպէս հասարակական իտէալ, Ազրպէյճանում աւելի ժողովրդային է քաղաքական իսլամի թուրքական մոտելը, որը Թուրքիայում ներդրուեց Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան իշխանութեան գալուց (2002թ.) յետոյ եւ իսլամի ու ժողովրդավարութեան համադրում է ներկայացնում:

Ինչ վերաբերում է Ազրպէյճանում արմատական իսլամութեան (որն, ի դէպ, աւելի շատ կապուած է արտաքին գործօնի ազդեցութեան հետ) եւ այդ երկրի քաղաքական գործընթացներում դրա հնարաւոր դերակատարութեանը, ապա պէտք է նշել, որ իշխանութիւնների իրականացրած կոշտ քայլերի արդիւնքում նման սպառնալիք գոնէ ներկայ փուլում չկայ: Համաձայն առանձին տեսակէտների` թէ՛ արաբական աշխարհում եւ թէ՛ Ազրպէյճանում իշխանութիւնները, որպէս կանոն, ուռճացնում են իսլամականութիւնից եկող մարտահրաւէրները: Իսկ նման մօտեցումը շահեկան է, քանի որ հնարաւորութիւն է տալիս Արեւմուտքից ստանալ համապատասխան, այդ թւում` նիւթական միջոցներ ոչ միայն կրօնական ծայրայեղականութեան, այլեւ հասարակական-քաղաքական ցանկացած գործունէութեան դէմ պայքարելու համար:

Արաբական զարգացումներին Ազրպէյճանում հետեւեցին մեծ լարուածութեամբ: Իշխող վարչակարգը շտապեց հանդէս գալ յայտարարութիւններով` նշելով, որ տնտեսական, քաղաքական եւ կրօնական առումներով Ազրպէյճանը խիստ տարբերւում է արաբական աշխարհից, ուստիեւ բացառւում է արաբական երկրներում տեղի ունեցած գործընթացների որեւէ առնչութիւն Ազրպէյճանի հետ: Տեղեկատուական դաշտում այնպիսի տպաւորութիւն ստեղծուեց, թէ անցկացւում են բարեփոխումներ, տարւում է հակափտածութիւն պայքար (մի քանի բարձրաստիճան պաշտօնատարներ նոյնիսկ ազատուեցին աշխատանքից): Կովկասի մուսուլմանների վարչութեան ղեկավար, Ազրպէյճանի հոգեւոր առաջնորդ շէյխ ուլ իսլամ Ալլահ Շիւքիւր Փաշազատէն նոյնպէս բացառեց Ազրպէյճանի ապակայունացումն արաբական յեղափոխական ալիքի վրայ:

Հարկ է նշել, որ բացի ընդհանրութիւններից, Ազրպէյճանի եւ արաբական երկրների միջեւ, բնական է, կան նաեւ տարբերութիւններ: Օրինակ, Ազրպէյճանի սահմանադրութեան համաձայն,  երկրի նախագահը կարող է վերընտրուել ընդամէնը մէկ անգամ: Արաբական մի շարք երկրներում գոյութիւն ունի կրօնաքաղաքական ընդդիմութիւն, որը հակակառավարական պայքարի կարեւոր դերակատարներից է, իսկ Ազրպէյճանում նման կառոյց գոյութիւն չունի:

Ամէն պարագայում, արաբական երկրներում տեղի ունեցած գործընթացները ոգեւորեցին Ազրպէյճանի ընդդիմութեանը եւ քաղաքականապէս աշխուժ հասարակական շերտերին` որոշակի աշխուժութիւն մտցնելով Ազրպէյճանի գրեթէ անկենդան քաղաքական կեանքում: Ընդդիմութիւնը նախեւառաջ պահանջեց հանել Հիւսնի Մուպարաքի արձանը Պաքուի Բարեկամութեան այգուց, որը սկսեց խստօրէն հսկուել ոստիկանութեան կողմից:

Զգալիօրէն աշխուժացաւ «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը, որը կազմաւորուել է 2010թ. դեկտեմբերի վերջին` ի պատասխան նոյեմբերի 7-ին Ազրպէյճանում հերթական անգամ կեղծուած խորհրդարանական ընտրութիւնների: Շարժմանն անդամակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ հասարակական գործիչներ:

Հէնց «Հասարակական պալատի» շրջանակներում ընդդիմադիրները (որոնց մէջ հանգուցային դեր ունի Մուսաւաթը) կոչ արեցին իշխանութիւններին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, երկրի հարստութիւններն օգտագործել արդարացիօրէն` հակառակ դէպքում չբացառելով թունուզեան եւ եգիպտական բեմագրութիւնների կրկնութիւնը: Մուսաւաթ կուսակցութեան առաջնորդ Իսա Կամպարը, որը լաւատես է փոփոխութիւնների հարցում, կարծում է, որ իշխանութիւնն արաբական աշխարհում տեղի ունեցածից պէտք է դասեր քաղի: «Հասարակական պալատ»ը մշակեց նաեւ բողոքի ցոյցերի ժամանակացոյց: Սակայն շատերը, նաեւ ընդդիմութեան շրջանում, գիտակցում են, որ շտապելը եւ հասարակութեան յեղափոխական ներուժը ճիշդ չգնահատելը կարող է կործանարար լինել:

Բացի այդ, Ֆէյսպուք ընկերային ցանցում մի շարք գործիչներ ստեղծեցին «Մարտի 11 – Ազրպէյճանի ժողովրդի մեծագոյն օրը» խումբը (ինչպէս դա եղաւ Եգիպտոսում), որին մի քանի հազար այցելու են միացել: Նախաձեռնութեան կազմակերպիչները մարտի 11-ի ընտրութիւնը պայմանաւորում են երկու ամիս առաջ հէնց այդ օրը Հիւսնի Մուպարաքի հրաժարականով:

Ֆրանսայում ուսանած եւ ներկայումս Սթրազպուրկում ապրող լրագրող Էլնուր Մաճիտլին, որը ընկերային ցանցում ստեղծուած խմբի կազմակերպիչներից է, նշել է, որ նման նախաձեռնութիւնը նպատակ ունի վերջ դնել անելանելի իրավիճակի զգացողութեանը, որ տարածուած է Ազրպէյճանի քաղաքացիների շրջանում եւ կամք դրսեւորել` իրականացնելու ժողովրդավարական փոփոխութիւններ:

Ինչ վերաբերում է վարչակարգին, ապա վերջինս, ըստ ամենայնի, գիտակցում է, որ թէ՛ աշխարհիկ, թէ՛ կրօնական դաշտում վերահսկողութեան թուլացումը կարող է յանգեցնել անկայուն իրավիճակի եւ մտադիր չէ իրականացնել արմատական ժողովրդավարական բարեփոխումներ:

Սակայն ակնյայտ է, որ իշխանութիւններն անհանգստացած են. նրանք փորձում են բոլոր հնարաւոր միջոցներով վիժեցնել երիտասարդական նախաձեռնութիւնները: Ասուածի ապացոյցն են մարտի 11-ի բողոքի ցոյցի ձախողումը, ինչպէս նաեւ` վերջին շրջանում մի շարք, այդ թւում` ընկերային ցանցի գործիչների ձերբակալութիւնները:

Այս ամէնին արդէն քննադատօրէն արձագանգել են միջազգային իրաւապաշտպան մի շարք կազմակերպութիւններ, այդ թւում` Ֆրիտըմ Հաուսը:

Իսկ թուրքական մամուլում հրապարակուած տեղեկութիւնների համաձայն, լարուածութիւնը թուլացնելու համար Ալիեւը փորձում է էլ աւելի թէժացնել ղարաբաղեան հակամարտութեան թեման:

Այսպիսով, արաբական աշխարհում տեղի ունեցող յեղափոխական գործընթացների առաջին ալիքը դեռեւս շօշափելի հարուած չի հասցրել Ազրպէյճանին: Ճիշդ է, հասարակութիւնը դժգոհ է իշխանութիւններից, սակայն հնարաւոր փոփոխութիւնների հարցում առկայ անվստահութիւնը, ընդդիմադիրների նկատմամբ կիրառուող բռնութիւնները, ընդդիմութեան զգալիօրէն թոյլ եւ խոցելի դիրքերը, վերջիններիս շրջանում միասնականութեան, ինչպէս նաեւ քարիզմաթիք եւ բոլորի կողմից ընդունելի գործիչների պակասը, նաեւ տարաբնոյթ այլ գործօններ թոյլ են տալիս ենթադրել, որ Ազրպէյճանում տեսանելի ապագայում հազիւ թէ յեղափոխական գործընթացներ տեղի ունենան:

Սակայն զարգացումները Միջին Արեւելքում դեռեւս շարունակւում են, իսկ դրանց ալիքը տարածում է ստանում: Եւ չնայած իշխանութիւնները վերահսկում են իրավիճակը, դժուար է ասել, թէ հետագայ իրողութիւններն ինչպէս կ՛անդրադառնան Ազրպէյճանի վրայ:

Ա. Եունուսովի կարծիքով, Ազրպէյճանում դէպքերը կարող են զարգանալ եգիպտական բեմագրութեամբ: Արաբագէտ Զարտուշթ Ալիզատէի համոզմամբ, յետխորհրդային տարածաշրջանում իրական բարեփոխումներ կ՛իրականանան միայն այն դէպքում, եթէ դրա նախադէպը ստեղծուի Ռուսաստանում, որն ամենավճռորոշ դերակատարութիւնն ունի տարածաշրջանում: Իսկ ըստ մէկ այլ տեսակէտի, որին շատ դէպքերում հակուած են նաեւ ազրպէյճանցի փորձագէտները, Ազրպէյճանի վրայ շօշափելի կը լինի ոչ այնքան արաբական կամ ռուսական, որքան իրանական գործօնի ազդեցութիւնը:

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ

«Կլոպուս Էներկեթիք եւ տարածաշրջանային անվտանգութիւն», թիւ 2, 2011

 

Share this Article
CATEGORIES