ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՖԱՇԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆ Է

Հայաստանի Հանրապետութիւնը երկարատեւ ու չլուծուող հակամարտութեան մէջ է Թուրքիայի հետ: Ուստի` Թուրքիայի քաղաքական համակարգն ու պետական գաղափարախօսութիւնը համարժէքօրէն գնահատելու հարցը խիստ կարեւոր է հայկական պետութեան միջազգային ճիշդ դիրքաւորման ու գրագէտ արտաքին քաղաքականութեան կառուցման համար:

Օսմանեան կայսրութեան փլատակների վրայ առաջացած Թուրքիայի Հանրապետութիւնը Արեւմուտքում աւանդականօրէն ներկայացւում է իբրեւ մահմետական աշխարհիկ ժողովրդավարական պետութիւն: Իրականութիւնից շատ հեռու այս մտակաղապարը մշտապէս տարածւում է արեւմտեան զանգուածային լրատուամիջոցներում, յաճախակի հնչեցւում ամերիկացի ու եւրոպացի պետական այրերի շուրթերից: Ցաւօք, Հայաստանի Հանրապետութիւնը ցայժմ չի համարձակուել արդի թուրք պետականութեանը տալ իր սեփական հայեցակարգային գնահատականը ու լռելեայն հաշտուել է միջազգային վերոյիշեալ անստոյգ մեկնութեան հետ:

Իրականում Հայոց ցեղասպանութեան հետեւանքներից մէկը եղաւ այն, որ Եւրոպայի մերձակայքում ստեղծուեց առաջին ֆաշական պետութիւնը` Թուրքիայի Հանրապետութիւնը, որն իր հիմնական բնորոշ գծերով նոյնանում էր աւելի ուշ Իտալիայում, Գերմանիայում, Եւրոպայի մի շարք այլ պետութիւններում առաջացած ֆաշականութեան ու նացիականութեան: Առանձնացնենք թուրքական ֆաշականութեան վեց հիմնական յատկանիշները.

1.- Թուրքական ազգայնամոլութիւնն ու ցեղասպան քաղաքականութիւնը: Մուսթաֆա Քեմալը (Աթաթուրքը) ինքը երիտթուրքերի Իթթիհատ վէ թերաքքը (Միութիւն եւ առաջադիմութիւն) կուսակցութեան ղեկավար կազմի անդամ է եղել: Գալով իշխանութեան` նա եւ քեմալականները ոչ միայն շարունակեցին Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ մի ամբողջ ժողովրդի բնաջնջման արդէն փորձուած քաղաքականութիւնն ուղղեցին յոյների եւ այլ փոքրամասնութիւնների դէմ: Արեւելեան Հայաստանում քեմալականները ոչնչացրել են 200,000 հայերի (1920-1921 թթ.), Զմիւռնիայում`  100,000 յոյների եւ հայերի (1922 թ. սեպտեմբեր), մերձսեւծովեան շրջաններում` մօտ կէս միլիոն պոնտացի յոյների (1919-1923 թթ.): Թուրքիայում թուով երկրորդ ցեղային միաւորի` քրտերի, քաղաքական եւ մշակութային ճնշումները, բռնի տեղահանութիւնները, զանգուածային ոչնչացումը սկսուեցին անմիջապէս Հայոց ցեղասպանութիւնից յետոյ ու շարունակւում են մինչեւ այսօր: Քրտերի բոլոր ելոյթներն` ի պաշտպանութիւն իրենց ազգային տարրական իրաւունքների, դաժանօրէն ճնշուեցին 1925, 1927, 1937 թթ.: Բոլորովին վերջերս` 1980-1990-ական թթ. աւելի քան մէկ միլիոն քուրդ բռնի տեղահանուեց խոշոր քաղաքներ (այդ տեղահանութիւնների ընթացքում, տարբեր հաշուարկներով, ոչնչացուել է երկուսից մինչեւ երեք հազար քրտական գիւղ):

Թուրքական ազգայնամոլութիւնն օրէնսդրօրէն ամրացուել է 1937 թ. սահմանադրութեան մէջ` առաւել բարեհունչ «ազգայնականութիւն» (միլլիեթջիլիք) անուան տակ, որ անթաքոյց նպատակ է դնում ձուլելու ոչ թուրք ազգային փոքրամասնութիւններին ու իրաւականօրէն նոյնացնում է նրանց թուրքերի հետ: Ու թէեւ հետագայում թուրքական «ազգայնականութեան» հայեցակարգն այլեւայլ մեկնութիւններ է ստացել, նրա ազգայնամոլական բնոյթն ու էութիւնը մնացել են անփոփոխ:

Ժամանակակից ցեղասպանագիտութիւնը գնահատում է ցեղասպանութեան ժխտումը որպէս ցեղասպան քաղաքականութեան շարունակութիւն: Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան նախագահ Կրեկորի Սթենթոնն ընդգծում է. «Ժխտումը ցեղասպանութեան վերջին փուլն է, որը տուժող խմբին հոգեբանօրէն ու մշակութային առումով ոչնչացնելու, այդ խմբի անդամներին նոյնիսկ իրենց հարազատների մասին յիշողութիւնից զրկելու շարունակական փորձ է: Հէնց դա է Թուրքիայի կառավարութիւնն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»: Ողջակիզումը վերապրած նոպելեան մրցանակակիր Էլի Վիզելը Հայոց ցեղասպանութիւնը քողարկելու Թուրքիայի արշաւը որակում է որպէս «կրկնակի սպանութիւն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպաննել տեղի ունեցած վայրագութիւնների մասին յիշողութիւնը»: Ճիշդ այսպիսի եւ առաւել խիստ գնահատականներ պէտք է տան թուրքական ժխտողականութեանը Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները, որ մինչեւ այսօր, աւաղ, չեն արել` բոլորովին անհասկանալի պատճառներով:

Արդի ժողովրդավարական Գերմանիայում անհնարին է պատկերացնել, որ որեւէ փողոց կամ հաստատութիւն անուանակոչուի ի պատիւ Երրորդ Ռայխի պարագլուխներից ոեւէ մէկի: Մինչդեռ «ժողովրդավարական» Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչները` երիտթուրքերի ղեկավարները, հերոսացուած են: Այսպէս, ոճրագործ Թալէաթ փաշայի անունով են կոչւում մի ամբողջ թաղամաս, մի քանի պողոտայ եւ փողոց` Պոլսում, զբօսայգիներ` Անգարայում եւ Էտիրնէում, տարրական դպրոցներ` Պոլսում, Անգարայում եւ Զմիւռնիայում, աւագ դպրոց` Գոնիայում…

«Ժողովրդավարական» Թուրքիայում գործում է Քրէական օրէնսգրքի չարահամբաւ 301-րդ յօդուածը («թուրքական ինքնագիտակցութեանը վիրաւորանք հասցնելը», 2008-ից` «թուրք ազգին վիրաւորանք հասցնելը»), որն օրէնսդրօրէն արգելում է, ի թիւս այլոց ու յատկապէս, Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Այս յօդուածի առաջադրած մեղադրանքներով` արդէն կայացել է շուրջ 50 դատավարութիւն:

2.- Ամբողջատիրութիւն: Ընդհուպ մինչեւ 1940-ական թթ. երկրորդ կէսը Թուրքիան միակուսակցական պետութիւն էր: Սակայն այսօր էլ «ժողովրդավարական» Թուրքիայում պարբերաբար արգելանք է դրւում այս կամ այն կուսակցութեան գործունէութեան վրայ, իսկ նրա առաջնորդները յայտնւում են բանտերում` քաղաքական շինծու մեղադրանքներով: Բազմաթիւ այդպիսի դէպքերից վերջինը տեղի ունեցաւ 2009 թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելուեց քրտամէտ Ժողովրդավարական հասարակութեան կուսակցութիւնը (ԺՀԿ), որը խորհրդարանում 21 պատգամաւոր ունէր: ԺՀԿ ամբողջ ունեցուածքը բռնագրաւուեց յօգուտ պետութեան: Այդ կապակցութեամբ անգամ Եւրոմիութիւնը, որն ընդհանուր առմամբ աչք է փակում Թուրքիայում 20 միլիոն քրտերի դէմ իրականացուող ցեղապաշտական ճնշումների վրայ, Անգարային յիշեցրեց, որ` «քաղաքական կուսակցութիւնների ցրումն արտակարգ միջոցառում է, որը պէտք է կիրառուի միայն բացառիկ դէպքերում»:

3.- Պետականապաշտ դրամատիրութիւն (էթաթիզմ): 1937 թ. թուրքական սահմանադրութիւնն հաստատեց պետութեան կարգաւորող դերը ոչ միայն տնտեսութեան, այլեւ գաղափարախօսութեան մէջ:

4.- Հակահամայնավարութիւն: Աթաթուրքն, անտեսելով Խորհրդային Միութեան հետ իր բարեկամութիւնը, մոլի հակահամայնավար էր: 1923 թ. ի վեր` Թուրքիայի Համայնավար կուսակցութիւնն արգելուել է եւ իր ամբողջ պատմութեան ընթացքում գործել ընդյատակեայ վիճակի մէջ` մշտապէս ենթարկուելով պետութեան ամենադաժան բռնութիւններին:

5.- Առաջնորդամոլութիւն եւ անձի պաշտամունք: Թուրքիայում Աթաթուրքի պաշտամունքը մինչ օրս ուժի մէջ է: Աթաթուրքի արձանները դրուած են իւրաքանչիւր քաղաքում, նրա դիմանկարները կախուած են պետական ու վարչական բոլոր հաստատութիւններում, ինչպէս նաեւ` դպրոցական դասասենեակներում, դրոշմուած են բոլոր արժողութեան թղթադրամների ու մետաղադրամների վրայ: Նրա գործունէութեան ու կենսագրութեան քննադատութիւնը քրէականացուած է: Աթաթուրք ազգանուան կրումը նոյնպէս արգելուած է:

6.- Ռազմամոլութիւն եւ յարձակողապաշտութիւն: Թուրքիան աշխարհի ամենառազմականացուած պետութիւններից է. թուրքական բանակն իր թուաքանակով ութերորդն է աշխարհում եւ երկրորդը` ՕԹԱՆ-ում (Միացեալ Նահանգներից յետոյ): Զինուորականութեան վճռորոշ ազդեցութիւնը Թուրքիայի ներքին քաղաքականութեան վրայ նոյնպէս հանրայայտ փաստ է. բաւական է միայն վերյիշել 1960, 1971 եւ 1980 թթ. բանակի իրականացրած պետական յեղաշրջումները, ինչպէս նաեւ 1997 թ. իսլամական վարչապէս Ն. Էրպաքանին իշխանութիւնից հեռացնելը (ի դէպ, նրա Բարօրութիւն կուսակցութիւնը եւս արգելուեց):

Թուրքիայի Հանրապետութիւնը բազմիցս է ռազմական ուժ կիրառել կամ սպառնացել այն կիրառել հարեւան պետութիւնների` Սուրիայի, Կիպրոսի, Յունաստանի, Իրաքի, Հայաստանի դէմ: Թուրքիան բռնագրաւած է պահում Կիպրոսի հիւսիսային մասը, Սուրիայի Ալեքսանտրեթի սանճագը, Հայաստանի արեւմտեան մասը: Թուրքական բանակը կանոնաւոր ներխուժումներ է իրականացնում հիւսիսային Իրաք:

1920 թ. հէ՛նց քեմալականների հարուածների տակ ընկաւ Հայաստանի առաջին հանրապետութիւնը: Ընդ որում` Քեազիմ Քարապեքիր փաշան Մուսթաֆա Քեմալից ստացել էր հետեւեալ բառացի հրամանը` «Բարոյապէս եւ ֆիզիքապէս ոչնչացրո՛ւ Հայաստանը»: Խորհրդային Միութեան փլուզումից անմիջապէս յետոյ Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի երրորդ հանրապետութեան դէմ դարձեալ ընդունեց բացայայտ յարձակողապաշտ դիրքորոշում, ներառեալ` երկարամեայ ցամաքային շրջափակումը, Հայոց ցեղասպանութեան ժխտումը, դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց հրաժարումը, Ազրպէյճանի` Հայաստանի դէմ նոր ռազմական արկածախնդրութիւն ձեռնարկելու նախապատրաստութիւններին ցուցաբերուող լիակատար ու բազմակողմանի աջակցութիւնը եւ այլն:

Թուրքիայում ֆաշականութեան առաջացումն ու հետագայ վերնակառուցային փոխակերպումները համարժէք գնահատական չստացան ո՛չ խորհրդային ու արեւմտեան պատմագրութիւններում, ո՛չ միջազգային իրաւական ու քաղաքական վաւերագրերում: Այս փաստը, սակայն, ոեւէ մէկին պէտք չէ մոլորեցնի: Առհասարակ, Արեւմուտքի եւ Խորհրդային Միութիւն-Ռուսաստանի քաղաքական ու ակադեմական շրջանակներում ծաղկող թուրքասիրութիւնը քննարկման առանձին ու բազմաշերտ թեմա է: Այստեղ բաւարարուենք մասնակի բացատրութիւն տալով. Խորհրդային Միութիւնում պարզապէս անհնար էր Աթաթուրքին ֆաշական անուանել, քանզի «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ» Վ. Լենինը 1921 թ. մարտի 16-ին (ի դէպ` ուղիղ 90 տարի առաջ) նրա հետ կնքեց Մոսկուայի «բարեկամութեան ու եղբայրութեան» չարաբաստիկ պայմանագիրը: Իսկ Արեւմուտքում այդպիսի գնահատական չէր տրւում, որովհետեւ Թուրքիան պատմականօրէն (եւ իրաւամբ) համարւում էր Ռուսաստանի-Խորհրդային Միութեան դէմ պատնէշ ու ռազմավարական կարեւոր դաշնակից, ինչը ստացաւ իր միջազգային իրաւական ձեւակերպումը` 1952 թ. ՕԹԱՆ-ին նրա միանալով:

Եթէ համաշխարհային հանրութիւնը (ասել կ՛ուզի`  մեծ տէրութիւնները) համարժէք բնութագրութիւն չի տուել թուրքական արդի պետականութեան ֆաշական էութեանը, ապա դա ընդամէնը նշանակում է, որ այդպիսի գնահատականով այն հետաքրքրուած չի եղել: Անկախ Հայաստանը, թուրքական ֆաշականութեան քաղաքական գնահատական չտալով` ոչ միայն հրաժարւում է բաց աչքերով նայել իր դարաւոր թշնամու մարդատեաց գաղափարախօսութեանը, ռազմավարական նպատակներին ու հաշուարկներին, այլեւ ինքն իրեն զրկում է սեփական աշխարհառազմավարական ծանրագոյն դրութիւնը միջազգային ասպարէզում ներկայացնելու հնարաւորութիւնից: Բայց չէ՞ որ Հայաստանի այդ դրութիւնը թուրքական ֆաշականութեան յանցագործութիւնների ուղղակի հետեւանքն է:

Թուրքիայի դիմագծի վերականգնման այն փորձերը, որոնք նրան պատասխանատուութեան չեն կանչում, մասնաւորապէս տարածքային եւ այլ փոխհատուցումներ յօգուտ Հայաստանի չեն նախատեսում, յղի են նոր ցեղասպանութիւններ ծնելու վտանգով: Սա է այն հիմնական եզրակացութիւնը, որ միջազգային համայնքը տակաւին պէտք է անի:

ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»

Share this Article
CATEGORIES