Պէտք Է Հաշուի Առնել, Որ Ստեղծուած Ծանր Իրավիճակի Պատճառով Սուրիահայերը Կանգնած Են Երկընտրանքի Առջեւ. Հրանուշ Յակոբեան
Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեան պատասխանած է «Հայերն այսօր» լրատուական կայքի հարցերուն.
ՀԱՐՑՈՒՄ.- Տիկի՛ն Յակոբեան, վերջին շրջանին Սուրիոյ մէջ իրավիճակը սրած է, եւ շատեր կը փորձեն խօսիլ սուրիահայերու մասին: Ինչպիսի՞ պատկեր է համայնքէն ներս:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Անշուշտ Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում բոլորը խիստ մտահոգ են Սուրիայում ստեղծուած իրավիճակով: Մենք շահագրգռուած ենք, որ օր առաջ Սուրիայում կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատուի:
Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն, Սուրիայում բնակւում է շուրջ 60 հազար հայ, հիմնականում` Հալէպում, Գամիշլիում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսապում: Հալէպի հայ համայնքը համարւում է մայր գաղութ, այնտեղ գործում են մեր համահայկական կուսակցութիւնները, ՀԲԸՄ-ն, ՀՕՄ-ը, ՀՄԸՄ-ը, հայ եկեղեցւոյ թեմերը, բազմաթիւ բարեգործական, երիտասարդական, կանանց եւ այլ կազմակերպութիւններ: Մեր դպրոցները, մշակութային կեդրոնները, թերթերը, կառոյցները մեծ աշխատանք են տանում հայ ինքնութեան, հայկական արժէքների պահպանման համար:
Հ.- Երկքաղաքացիութեան իրաւունքէն կ՛օգտուի՞ն արդեօք սուրիահայերը:
Պ.- Մենք ոգեւորում, խրախուսում ենք մեր հայրենակիցներին երկքաղաքացի դառնալու համար: Եթէ համեմատելու լինենք 2009 եւ 2012 թուականները, ապա երկքաղաքացիութիւն ձեռք բերողների թիւը քառապատկուել է: Այդպիսի միտում նկատւում է նաեւ սուրիահայերի շրջանում: Հայաստանի ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան տուեալները վկայում են, որ 2012թ. Սուրիայից Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու համար դիմողների թիւը կտրուկ աւելացել է: Վերջին տուեալների համաձայն, 2012-ի յունուար-մայիս ամիսներին ընկած ժամանակահատուածում շուրջ 2700 սուրիահայ դիմել է Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու համար:
Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը, համագործակցելով Հայաստանի ոստիկանութեան անձնագրերի եւ վիզաների վարչութեան, Հայաստանի տարածքային կառավարման նախարարութեան Միկրացիոն պետական ծառայութեան հետ, իրականացնում է Սուրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցների հաշուառում` նպատակ ունենալով ճշդել իւրաքանչիւր անձի եւ ընտանիքի կարիքները:
Հ.- Ինչպիսի՞ կապեր կան, եւ ի՞նչ ծրագրեր էք իրականացրել Սուրիոյ հայ համայնքի հետ:
Պ.- Վերջին տարիներին զգալիօրէն աշխուժացել են մեր կապերը Սուրիայի հայ համայնքի հետ: Սուրիահայերն աշխուժօրէն մասնակցում են Հայաստանում կազմակերպուած տարբեր ձեռնարկներին, այդ թւում` Հայաստանի սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուած ձեռնարկներին: Միայն վերջին երեք տարուայ ընթացքում շուրջ 1000 սուրիահայ մասնակցել է այդ ձեռնարկներին:
Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը պարբերաբար հաւաքում է տեղեկութիւններ համայնքում տիրող իրավիճակի մասին, կապի մէջ է մեր դիւանագէտների, համայնքային եւ հոգեւոր կառոյցների ներկայացուցիչների հետ: Նախարարութիւնում միշտ հանդիպումներ են տեղի ունենում Սուրիայից ժամանած հայերի եւ այն սուրիահայերի հետ, ովքեր հաստատուել են Հայաստանում, մենք նաեւ նրանցից գործնական եւ ճշգրիտ տեղեկութիւններ ենք ստանում: Գիտենք մեր հայրենակիցների տրամադրութիւնները, մտահոգութիւնները:
Պէտք է նշեմ, որ ներկայումս շարունակւում են համայնքային կառոյցների հետ մեր ծրագրային աշխատանքները, եւ կարող եմ ասել, որ նրանք նոյն աշխուժութեամբ մասնակցում են այս տարուայ ծրագրերին, ձեռնարկներին:
Այսպէս, ԵՊՀ-ի հիմքի վրայ իր աշխատանքները սկսած «Սփիւռք» ամառնային դպրոցի ունկնդիրների մէջ ունենք սուրիահայեր: «Արի տուն» ծրագրին արդէն մասնակցել են սուրիահայ երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոցին մասնակցելու է 6 հոգի, «Իմ Հայաստան» համահայկական փառատօնին ժամանելու է շուրջ 100 մարդ` 2 պարային խումբ, յուլիսի սկզբին, որոնց համերգները կազմակերպուելու են Հայաստանում եւ Արցախում:
Հ.- Ստեղծուած իրավիճակի հետ կապուած ի՞նչ միջոցներ են ձեռնարկւում:
Պ.- Դուք հաւանաբար յիշում էք, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը սուրիահայ համայնքի խնդիրների հետ կապուած դեռեւս փետրուարին Ազգային ժողովում պատասխանելով պատգամաւոր պարոն Վ. Յովհաննիսեանի հարցին` ասաց. «Բնականաբար այս հարցը գտնւում է մեր ուշադրութեան կեդրոնում, եւ մենք ամէնօրեայ դրութեամբ դիտարկութեամբ տակ ենք պահում խնդիրը` կապ պահպանելով մեր դիւանագիտական բոլոր խողովակներով, ինչպէս նաեւ` աշխատելով համայնքի հետ:
Եւ, բնականաբար, առաջին հերթին մեզ մտահոգում է հէնց հայ համայնքի անվտանգութեան խնդիրը: Ես ուզում եմ ձեզ հաւաստիացնել, որ բոլոր հնարաւոր միջոցները մենք կ՛օգտագործենք, որպէսզի առաւել օգտակար լինենք այս գործում մեր հայրենակիցներին»:
Վարչապետի այս տեսակէտը ուղենիշ է եւ Հայաստանի արտաքին գործերի, Հայաստանի սփիւռքի, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութիւններին, Հայաստանի տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն պետական ծառայութեանը եւ այլ կառոյցներին` իրենց ամէնօրեայ գործունէութեան ընթացքում ուշադրութեան կետրոնում պահելու համար:
Հասկանալի է, որ մեր աշխատանքների մի մասը նաեւ հրապարակային բնոյթ չի կրում, իսկ թերթերում կոչերով դիմողներին, մանաւանդ այս հարցը քաղաքական նպատակներով շահարկողներին ասենք, որ մենք այդ հարցերին վաղուց անդրադարձել ենք:
Պէտք է հաշուի առնել, որ ստեղծուած ծանր իրավիճակում մարդիկ կանգնել են երկընտրանքի առաջ: Նրանք ծնուել եւ տասնեակ տարիներ ապրել են այդ երկրում, ունեն տուն, ունեցուածք, բարեկամներ եւ գործ, եւ այսօր ծանր ու թեթեւ են անում` ամէն ինչ նորից սկսելու համար:
Ինչպէս յայտնի է, Հայաստանի դեսպանութիւնը Դամասկոսում եւ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը Հալէպում շարունակում են իրականացնել իրենց առաքելութիւնը, ամէն օր զբաղւում են սուրիահայերի խնդիրներով եւ ձեռնարկում են բոլոր հնարաւոր միջոցները` նրանց օգնութիւն տրամադրելու համար:
Սփիւռքի նախարարութիւնը դեռեւս անցեալ տարի, հաշուի առնելով արաբական յեղափոխութեան շղթան, պատուիրել էր Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկին համալիր հետազօտութեան եւ վերլուծութեան ենթարկել Սուրիայի հիմնախնդիրը, եւ այսօր հրապարակի վրայ է նաեւ «Սուրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գրքոյկը, որն արտայայտում է նաեւ մեր գիտնականների տեսակէտը: Մենք յաճախ ենք հանդիպում գիտնականներին, մասնագէտներին եւ հաշուի ենք առնում նրանց կարծիքը տարածաշրջանին առնչուող աշխատանքներ կազմակերպելիս:
Այսօր ոչ մեծ թուով սուրիահայեր են, որ եկել են Հայաստան եւ փորձում են հաստատուել հայրենիքում, եւ մենք, միւս գերատեսչութիւնների հետ սերտ համագործակցուած, օգնում ենք նրանց համարկուելու հայաստանեան իրականութեանը:
Մի խումբ սուրիահայեր վերջին հանդիպման ժամանակ մտահոգուած էին միայն երեխաների արեւելահայերէնի ուսուցման խնդրով, որն էլ մենք Երեւանի քաղաքապետի հետ անմիջապէս լուծեցինք` ստեղծելով արագացուած ուսուցման դասընթացեր:
Հանդիպել ենք նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի ներկայացուցիչ Տամիւ Տեսալէյնէի հետ եւ պայմանաւորուածութիւն ձեռք բերել Սուրիայից փախստականների առկայութեան դէպքում ձեռնարկել միջոցներ` աջակցելու նրանց` համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Սուրիահայերի կողմից Հայաստանում բնակուելու ցանկութեան դէպքում կառավարութեան համապատասխան կառոյցները պատրաստ են օժանդակելու նրանց Հայստանում հաստատուելու համար:

