Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Միքա Կրեց Տարեշրջանի Իր Երկրորդ Պարտութիւնը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Միքա Շիրակէն կրեց տարեշրջանի իր երկրորդ պարտութիւնը, երբ 2-0 արդիւնքով պարտուած հեռացաւ Գիւմրիի քաղաքային մարզադաշտէն: Իսմայիլ Ֆոֆանա Պեքօ (45-րդ) եւ Լամին Լի Եորօ (57-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, այժմ Շիրակ միայն երեք կէտի տարբերութեամբ ետ կը մնայ Միքայէն:
Երրորդ դիրքին վրայ գտնուող Իմփուլս 5-2 արդիւնքով յաղթեց Բանանցի: Դաւիթ Սուջեան (45-րդ) եւ Բենիկ Յովհաննիսեան (63-րդ) նշանակեցին Բանանցի կոլերը, իսկ Ռումիան Յովսէփեան (առաջին), Նորայր Կէօզալեան (4-րդ եւ 56-րդ) եւ Վահագն Այվազեան (66-րդ եւ 72-րդ)` Իմփուլսի կոլերը:
Երեւանի հանրապետական մարզադաշտին վրայ Փիւնիկ 3-1 արդիւնքով յաղթեց Ուլիսի` շնորհիւ Վիուլեն Այվազեանի (28-րդ եւ 33-րդ) եւ Կամօ Յովհաննիսեանի (65-րդ) նշանակած կոլերուն: Շոթա Չիքիա նշանակեց Ուլիսի կոլը (23-րդ):
Վերջապէս, Գանձասար – Արարատ մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | ՆՇ. | ՍՏ. | |
| 1.- Միքա | 15 | 35 | 29 | 16 |
| 2.- Շիրակ | 15 | 32 | 26 | 14 |
| 3.- Իմփուլս | 15 | 26 | 27 | 22 |
| 4.- Փիւնիկ | 14 | 21 | 27 | 20 |
| 5.- Գանձասար | 14 | 21 | 14 | 10 |
| 6.- Ուլիս | 15 | 16 | 19 | 21 |
| 7.- Բանանց | 15 | 12 | 17 | 26 |
| 8.- Արարատ | 15 | 4 | 8 | 38 |

