Թիֆլիսեան Իրականութիւն. Հայ-Վրացական Հակասութիւնների Շուրջ

ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ
«Նորավանք

Ներածութիւն

Անցած տարի Վրաստանում «Ինթերնիուզ» կազմակերպութիւնն անցկացրել էր հանդուրժողականութեան եւ մարդու իրաւունքների խնդիրների ուսումնասիրման շրջանակներում տեղի տպագիր լրատուամիջոցների դիտարկում: Ուսումնասիրուած էին ազգային եւ կրօնական (նաեւ սեռական) փոքրամասնութիւնների վերաբերեալ մամուլում յայտնուած նիւթերի քանակն ու բովանդակութիւնը: Արդիւնքում պարզուել էր, որ փոքրամասնութիւններին նուիրուած յօդուածների շարքում ատելութեամբ լցուած նիւթերի ընդհանուր քանակը գերազանցում էր դրական եւ չէզոք-տեղեկատուական բնոյթի նիւթերը, ինչն էլ փաստում է երկրում հասարակական անհանդուրժողականութեան բարձր մակարդակի մասին:

Անդրադառնանք ազգային եւ կրօնական փոքրամասնութիւններին նուիրուած տուեալներին: Ազգային փոքրամասնութիւնների վերաբերեալ Վրաստանի տպագիր մամուլում հրապարակուած նիւթերի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ դրանց 43 առ հարիւրն ունի բացասական երանգաւորում եւ ընդամէնը 13 առ հարիւրն է դրական երանգաւորմամբ (44 առ հարիւրը` չէզոք)(1):

Թէեւ յայտնի է, որ վրաց հասարակութիւնում լեզուական ազգայնականութիւնը բաւական խոր արմատներ ունի, սակայն պատմական այս փուլում նկատենք, որ այն զիջում է ազգայնականութեան կրօնական բաղադրիչին: Այդ մասին են վկայում նաեւ թուերը: Այսպէս` վրաց հասարակութիւնն էլ աւելի անհանդուրժողական է կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ: Վերջիններիս նուիրուած յօդուածների 54 առ հարիւրն ունի բացասական երանգաւորում, չէզոք է 40 առ հարիւրը եւ ընդամէնը 6 առ հարիւրը` դրական:

Առաւել ուշագրաւ են տուեալներն ըստ ազգային խմբերի: Տպագիր մամուլում հրապարակուած տեղեկատուութեան գերակշռող մասը` 60 առ հարիւրն, նուիրուած է հայերին: Ընդ որում, աբխազներին, որոնց հետ վրացիներին յաջողուել է միայն անկախութեան տարիներին երկու անգամ պատերազմել, նուիրուած է յօդուածների ընդամէնը 11 առ հարիւրը: Մնացած տուեալները բաշխւում են այսպէս. ազրպէյճանցիներ` 7 առ հարիւր, թուրք-մցխեթցիներ` 7 առ հարիւր, օսեր` 5 առ հարիւր եւ այլն: Հայերն ամենայաճախն են յիշատակւում նաեւ որպէս կրօնական փոքրամասնութիւն` 47 առ հարիւր, այն դէպքում, երբ մահմետականները` 24 առ հարիւր(2):

Հակահայկականութեան Երեւոյթը

Դատելով տուեալներից` վրաց հասարակութեան ուշադրութեան կիզակէտում են գտնւում յատկապէս հայերը: Վրացական ազգայնականութեան հակահայկական բաղադրիչը որեւէ կերպ տեղը չի զիջում այլ ազգերի հետ առկայ հակասութիւններին նոյնիսկ այն պայմաններում, երբ.

ա) աբխազների եւ օսերի հետ ունեցած հակամարտութեան եւ պատերազմների արդիւնքում Վրաստանն ունեցաւ զգալի տարածքային, մարդկային ու տնտեսական ներուժի կորուստ,

բ) ազրպէյճանցիների շրջանում բարձր ծնելիութեան պայմաններում, վերջիններս քանակապէս զբաղեցնում են առաջին տեղն ազգային փոքրամասնութիւնների շարքում: Նշենք, որ մինչ 2002 թ. մարդահամարն առաջին տեղը զբաղեցնում էին հայերը:

Սակայն Վրաստանում հայերի հանդէպ բացասական տրամադրութիւններ տարածող նիւթերն իրենց քանակով եւ ծայրայեղութեամբ ստուերում են թողնում մնացած փոքրամասնութիւնների հետ առկայ խնդիրները: Ինչո՞ւ է հայկական գործօնն առաւել անհանգստացնում վրաց հասարակութեանը: Առաջին հայեացքից զարմանալի թուացող այս երեւոյթն իր բացատրութիւնն ունի: Ազգամիջեան յարաբերութիւնների ձեւաւորման կամ վերաձեւաւորման գործում մեծ է պատմական յիշողութեան դերը: Այս կամ այն ազգի աւանդական ընկալումներում մրցակցի (թշնամու, դաշնակցի) կերպարը, որպէս կանոն, դանդաղ է վերափոխւում: Ցաւօք, վրաց ազգայնական մտածողութիւնը հայերին ընկալում է որպէս իրենց հիմնական մրցակիցը, եւ այս մօտեցումն արդէն աւանդական է դարձել: Այն ձեւաւորուել է դեռեւս ԺԹ. դ. վերջին – Ի. դարի սկզբին եւ կարծրացել 1918-1919 տարիների հայ-վրացական կարճատեւ պատերազմի տարիներին, որը միակն էր երկու ազգերի երկար պատմութեան ընթացքում:

Հայ–Վրացական Հակասութիւնների
Ակունքները

Դեռեւս ԺԹ. դարու վերջին – Ի. դարու սկզբին Ռուսաստանում դրամատիրական յարաբերութիւնների զարգացմանը զուգընթաց` լուրջ տեղաշարժեր էին տեղի ունենում ոչ միայն ընկերային-տնտեսական ոլորտում, այլեւ միջ-ազգային յարաբերութիւններում:

Մինչ դրամատիրութեան զարգացումը, վրաց ազնուականութեան դիրքերն Այսրկովկասում բաւական ամուր էին, սակայն դրամատիրութեան զարգացման արդիւնքում դրանք սկսեցին խարխլուել: Իսկ հայերի համար նոր պայմանները բաւական նպաստաւոր էին: Ի տարբերութիւն վրացիների ու թաթարների, հայերին յաջողուեց արագ ներգրաւուել զարգացող առեւտրաարդիւնաբերական յարաբերութիւններում: Ընթանում էին տեղաշարժեր գիւղերից դէպի խոշոր քաղաքներ, որտեղ նպաստաւոր պայմաններ կային առեւտրով ու արտադրութեամբ զբաղուելու համար: Հայ քաղաքաբնակները շատ արագ աճեցին ու հզօրացան` ձեւաւորելով քաղքենիական դասակարգ: Սակայն հայկական դրամագլուխն իր արմատներն էր գցում, ցաւօք, ոչ թէ Երեւանում, Կարսում, Ալեքսանդրապոլում, այլ գերազանցապէս Թիֆլիսում, Պաքւում, մասամբ նաեւ Պաթումում:

Հայերի առաւել, իսկ վրացիների ու թաթարների` պակաս ներգրաւուածութիւնը դրամատիրական յարաբերութիւններում բացատրւում է նրանով, որ զարգացող առեւտրաարդիւնաբերական ոլորտում ընդգրկւում էին, բնականաբար, ոչ թէ վրացի ու թաթար ունեւոր կալուածատէրերը, որոնք տիրում էին խոշոր կալուածքների եւ չէին կարող արագ բաժանուել դրանցից ու տեղափոխուել քաղաք, այլ հողազուրկ հայերը: Դարասկզբին վրացիների շրջանում տոհմիկ ազնուականների խաւը, որն էլ տիրում էր մեծաթիւ կալուածքների, կազմում էր Կովկասի ամբողջ ազնուականութեան 41.53 առ հարիւրը, թուրք-թաթարների` 27.5 առ հարիւր, իսկ հայերի շրջանում այս դասը կազմում էր ընդամէնը 5.46 առ հարիւր(3): Այսինքն` Կովկասում ապրող տոհմիկ ազնուականների երկու հինգերորդից աւելին կազմում էին վրացիները:

Այսպէս, Այսրկովկասի առեւտրաարդիւնաբերական ոլորտում վրացիների եւ թաթարների կրաւորականութեան պատճառով առաջացած պահանջարկը հիմնականում լրացուեց հողազուրկ հայերով, որոնց համար առեւտուրն ու արդիւնաբերութիւնն ապրուստի, թերեւս, միակ միջոցն էին: Բացի այդ, հայերը, ապրելով քաղաքակրթութիւնների եւ առեւտրական ճանապարհների խաչմերուկներում, հնուց ի վեր զբաղւում էին առեւտրով եւ յայտնի էին այդ ասպարէզում իրենց ունեցած յաջողութիւններով: Նրանց յաջողւում էր տարանցիկ առեւտրական ուղիներով կապել ոչ միայն Արեւելքն Արեւմուտքի, այլեւ Հիւսիսը Հարաւի հետ: Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը, առեւտրական ճանապարհների խաչմերուկներում լինելը որոշակիօրէն նպաստել են հայերի մէջ այնպիսի յատկութիւնների ձեւաւորմանը, ինչպիսիք են շարժունակութիւնը, առեւտրական ունակութիւններին ու հմտութիւններին տիրապետելը, օտար վայրերում, այլ ժողովուրդների միջավայրում արագ յարմարուելու կարողութիւնը, ճկունութիւնը, լեզուների իմացութիւնը եւ այլն:

Վրաց Ազնուականութեան Սնանկացումն
Ու
Հայկական Դրամագլխի Հզօրացումը

Յայտնի է, որ ազնուականութիւնը ցարիզմի հասարակական յենարանն է, եւ ցարիզմն էլ մի շարք միջոցառումներով ձգտում էր սատարել նրան: Այսպէս, Կովկասի փոխարքայ Մ. Ս. Վորոնցովը 1844 թուին հիմնեց Հասարակական խնամակալութեան Այսրկովկասի վարչութիւն (Պրիկազ), որի նպատակն էր վրաց ազնուականներին բաւական ցածր տոկոսներով վարկաւորելը(4): Վրաց իշխաններն ու ազնուականներն իրենց կալուածքները շտապեցին ներդնել այդ վարչութիւնում, իսկ փոխարէնը ստանալով վարկային գումարներ` փոխանակ ներդնելու եւ նպաստելու տնտեսութեան զարգացմանը, սկսեցին շռայլօրէն ու անիմաստ վատնել այն: Նրանք, տարիների ընթացքում մեծ պարտքեր կուտակելով, բնականաբար, կախման մէջ ընկան փոխարքայից եւ իշխանութիւններից: Վերջիններս էլ պետական գանձարանի հաշուին մի քանի անգամ տարաժամկէտ վճարումներ սահմանեցին կամ էլ ուղղակի վերացրին այդ պարտքերը: Բայց այդ անհոգ տարիները երկար չտեւեցին, քանի որ վերոնշեալ վարչութիւնը լուծարուեց, իսկ փոխարէնը ստեղծուեցին բազմաթիւ վարկային ընկերութիւններ, որոնք այլեւս բարեհոգաբար զիջումներ չէին կատարում պարտատու վրաց ազնուականներին: Այդ ժամանակ վրաց ունեւոր հողատէրերի տնտեսական կացութիւնը նկատելիօրէն վատացաւ: Նրանց պարտքը դրամատնային հաստատութիւններին, ըստ պաշտօնական տուեալների, կազմում էր ներդրած կալուածքների 80 առ հարիւրը, իմերեթ հողատէրերինը` 55 առ հարիւրը(5): Իսկ հայ առեւտրականներն ու արդիւնաբերողներն այդ ընթացքում արդէն հասցրել էին իրենց ձեռքում կուտակել զգալի դրամական միջոցներ, եւ ցանկանում էին դրանք վերածել դրամագլուխի: Այսպէս սկսուեց վրաց հողատէրերի սնանկացման եւ հայերի կողմից Թիֆլիսի նահանգում հողային տարածքների ձեռքբերման գործընթացը: Վրաց սնանկացող հողատէրերը դիմեցին հայ դրամատէրերին տոկոսով դրամական միջոցներ տրամադրելու խնդրանքով, ինչն էլ համընկնում էր հայերի` իրենց դրամական միջոցները բազմապատկելու ցանկութիւններին: Հետզհետէ վրաց ազնուականների պարտքն աւելանում էր, քանի որ այդ տոկոսային վճարումները նկատելիօրէն դժուար էր կատարել այն պայմաններում, երբ 1861 թուին ճորտատիրական իրաւունքի վերացման պատճառով հողատէրերը զրկուել էին գիւղացիներին լայնօրէն շահագործելու հնարաւորութիւնից: Մեծաթիւ վրացական եւ իմերեթական կալուածքներ գրաւ էին դրւում հայ դրամատէրերին, եւ արդիւնքում` վրաց ազնուականների ու իշխանների մեծ մասն ունեզրկւում էր: Այսպէս, Կախեթում խաղողի այգիների մեծ մասը գրաւ էր դրուած հայ դրամատէրերին, որոնք բերքի ստացման համար գալիս էին Թելաւի (Կախեթի գլխաւոր քաղաքը) եւ տնօրինում ստացուած եկամուտը(6):

Այս գործընթացների մասին Բ. Իշխանեանը գրում է. «Այն, ինչ Ռուսաստանում եւ մասնաւորապէս Կովկասում չի կատարուել քաղաքականօրէն` վերացում կամ նուազեցում ազնուական դասի մեծ, աւելորդ բանակի, դա կատարւում է ինքնաբերաբար տնտեսական կռուի հողի վրայ. միջնադարեան բնական տնտեսութեան ոսկրացած ներկայացուցիչները պէտք է բնանհրաժեշտօրէն տեղի տային տեխնիքական ինդուստրիայի նուաճողական ընթացքի առաջ»(7):

Այսպիսով, հայ ունեւորների շրջանում դրամագլուխի կուտակումն իրականացւում էր վրաց հողատէրերի սնանկացմանը զուգահեռ եւ մասամբ նաեւ դրա հաշուին:

Հակահայկականութեան
Դրսեւորումները

Նշուած պատմական ժամանակահատուածում վրացիների շրջանում սկսեց տարածուել այն տեսակէտը, թէ իրենց դիրքերի թուլացումը պայմանաւորուած է առեւտրով զբաղուող հայերի յաջողութիւններով, որոնք, տնտեսապէս հզօրանալով, իրենց ձեռքում կուտակեցին զգալի ֆինանսական դրամագլուխ, ինչն էլ հնարաւորութիւն էր տալիս նրանց գնելու վրաց ազնուականների քայքայուող տնտեսութիւնները: Նշենք, որ հայերին յաջողուել էր նաեւ որոշակի բարձր դիրք գրաւել Թիֆլիսի քաղաքային կառավարման համակարգում (քաղաքային տումա):

Այդ շրջանում վրաց ազնուականութեան ազգայնական հատուածը սկսեց ամէն առիթ օգտագործել` հասարակութեան շրջանում հակահայկական տրամադրութիւններ տարածելու նպատակով: Այդ դժգոհութիւնները լայն արձագանգ գտան տեղական մամուլում:

ԺԹ. դարու վերջին – Ի դարու սկզբին Թիֆլիսում հրատարակւում էին անթաքոյց հակահայկական ուղղուածութեամբ լրագրեր` վրացալեզու «Ցնոպիս Փուրցելի»-ն («Տեղեկութիւնների թերթիկ»), «Ախալի Տրոեպա»-ն («Նոր ժամանակ»), ռուսալեզու «Իվերիա»-ն, «Կավկազ»-ը, որոնք հակակրանք էին տարածում հայերի հանդէպ` նրանց մեղադրելով վրացիների տնտեսական անկման մէջ: Ազգային հոգեբանութեան ժամանակակից ուսումնասիրողներից Կ. Ու. Սալտաթովան նշում է, որ ճգնաժամային պայմաններում գործում են «ընկերային ընկալումների մի շարք մեքանիզմներ, որոնցից է, օրինակ, սեփական խմբի թերութիւնների եւ անյաջողութիւնների պայմանաւորումն արտաքին գործօններով… տնտեսական, ընկերային ոլորտներում սեփական անյաջողութիւնների մեղքի եւ պատասխանատուութեան բարդումն այլ ազգային խմբի վրայ»(8):

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծուել Ի. դարի սկզբին վրաց հասարակութեան շրջանում: «Ցնոպիս Փուրցելի» (1886-1906) թերթի խմբագիր Վ. Կունիան` յայտնի իր հակահայկական յօդուածներով, ռուսալեզու «Կավկազ»-ում գրում էր. «Ոչ մէկի համար գաղտնիք չէ… որ վերջին 1,5-2 տասնեակ տարիների ընթացքում հայերը պարբերաբար քշում էին վրացիներին քաղաքային ինքնավարութիւնից… Վրացական մամուլը հնարաւորութեան սահմաններում անընդհատ մատնանշում էր ոչ բնականոն կացութիւնը` հայերի գերակշռութիւնը Վրաստանի հինաւուրց մայրաքաղաքում եւ տումայի անարդար վերաբերմունքը վրացիների հանդէպ»(9):

Դժուար է սահման դնել եւ որոշել, թէ արդեօք մամուլն էր արտայայտում վրաց հասարակութեան կարծիքը, թէ ընդհակառակը` ձգտում էր ձեւաւորել այն: Այնուամենայնիւ, ակնյայտ է, որ հայ-վրացական հակասութիւնները խորացնել ձգտող ու թշնամանք սերմանող այդ հրապարակումներն արձագանգ չգտան վրաց լայն հասարակայնութեան շրջանում: Այդ հակասութիւնները հիմնականում մնացին վերեւում` մրցակցող վերնախաւերի մակարդակում: Ա. Գիւլխանդանեանը, նկարագրելով 1905 թուի փետրուարին ցարական կառավարութեան դրդմամբ ու տեղի թաթարների կողմից Պաքւում իրականացուած հայերի կոտորածը, գրում է. «Նոյն ոճրագործ ձեռքերը Թիֆլիսում սկսած էին թռուցիկներ տարածել, որով զգուշացնում էին վրացիներին, թէ հայերը պատրաստւում են վրացիներին կոտորել: Այսպիսով, ոչ միայն թաթարներին, այլեւ վրացիներին հայերի դէմ հանելու աշխատանք էր կատարւում: Բարեբախտաբար Թիֆլիսի հայ եւ վրաց ազգաբնակչութիւնը լաւ գիտակցում էին, որ թռուցիկների հեղինակը կա՛մ ոստիկանութիւնն է եւ կա՛մ հասարակական տականքները, որոնց համար ձեռնտու եւ ցանկալի էին հայ-վրացական ընդհարումները»(10):

Փաստօրէն, հայ-վրացական ազգամիջեան թշնամանք ու ատելութիւն սերմանելով` Թիֆլիսի հակահայ մամուլը գոնէ պատմական այդ փուլում սպասուած արդիւնքներին չհասաւ: Սակայն այն որոշակիօրէն կարողացաւ վրաց ազգայնականութեան գաղափարաբանութեան մէջ արմատաւորել ընդգծուած հակահայկական բաղադրիչ:

Ամփոփում

Այսօրուայ իրողութիւնների հետ զուգահեռներ անցկացնելով` նշենք, որ ներկայիս հակահայկական տրամադրութիւնները վրացական մամուլում նոյնպէս խորքային պատճառներ չունեն, սակայն անցեալում ձեւաւորուած աւանդոյթը, երբ հայերին դիտում էին որպէս մրցակից, պահպանւում են մինչ օրս: Անցած դարի սկզբին վրաց ազնուականութեան տնտեսութիւնների բնական քայքայումը կապւում էր հայկական դրամագլխի հզօրացման հետ, սակայն այդ երեւոյթն ընդամէնը տնտեսութեան զարգացման տրամաբանութեանն ու կանոններին համահունչ գործընթաց էր: Այնուամենայնիւ, թիֆլիսեան վրացալեզու եւ ռուսալեզու մամուլի մի քանի օրկանների յաջողւում է այդ դժգոհութիւններն ուղղորդել հակահայկական հունով:

Այժմ էլ Վրաստանի տպագիր մամուլում փոքրամասնութիւնների վերաբերեալ նիւթերի 60 առ հարիւրը վերաբերում է հայերին, եւ գերակշիռ հատուածը բացասական տեղեկատուութիւն է: Այդ լրագիրներն են` «Ասաւալ-տասաւալի», «Ախալի Թաոպա», «Ալիա», «Քվիրիս Խրոնիքա», «Քվիրիս Փալիթրա», «Վերսիա», «Ռեզոնանսի» եւ այլն: Սակայն, հաշուի առնելով աբխազական, օսական եւ օր օրի հզօրացող ազրպէյճանական գործօնները` այս իրավիճակը մի կողմից, անշուշտ, անցեալի աւանդոյթների, սակայն, միւս կողմից` ներսում որոշակի հակահայ ուժերի նպատակաուղղուած գործունէութեան արդիւնք է:

 

  1. Tabagari Giorgi, Chachua Diana, Monitoring of Media Coverage Ethnic, Religious and Sexual Minorities in Georgian Printed Media, Internews Georgia, 1 May 2011 – 31 July 2011.
  2. Նոյն տեղում:
  3. Իշխանեան Բ., «Կովկասեան ժողովուրդների ազգաբնակչութեան կազմը, պրոֆեսիոնալ խմբաւորումը», Թիֆլիս, 1904, էջ 192:
  4. Ն.Ն. Մ-կո, «Հայ-վրացական դժգոհութիւնները եւ անդրկովկասեան յեղափոխութիւնը», Քիեւ, 1906):
  5. Նոյն տեղում, էջ 8:
  6. Նոյն տեղում, էջ 9:
  7. Իշխանեան Բ., նշուած աշխ., էջ 193:
  8. Գ. Ու. Սոլտաթովա, «Ազգամիջեան լարուածութեան հոգեբանութիւնը», M., 1998, էջ 160-161:
  9. «Կավկազ», Թիֆլիս, 1897, թիւ 3:
  10. Ա. Գիւլխանդանեան, «Հայ-թաթարական ընդհարումները Պաքուի մէջ», «Հայրենիք», Պոսթըն, 1932, No 1, էջ 126-127:

 

Share this Article
CATEGORIES