Ռուբէն Հայրապետեան Կը Հրաժարի Ազգային Ժողովի Իր Աթոռէն

Ռուբէն Հայրապետեան

Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր Ռուբէն Հայրապետեան, որուն պատկանող «Հարսնաքար» ճաշարանային համալիրին մէջ, 17 յունիսին, ճաշարանի աշխատողներու եւ Հայրապետեանի թիկնազօրի անդամներու կողմէ ծեծի ենթարկուած ռազմական հիւանդանոցի չորս բժիշկներէն Վահէ Աւետեան անցեալ ուրբաթ օր մահացած էր, երէկ` երեքշաբթի, 3 յուլիսին, նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպում մը ունենալէ ետք, յայտարարեց, որ կը հրաժարի Ազգային ժողովի իր աթոռէն:

Ստորեւ կը հրատարակենք Ռուբէն Հայրապետեանի յայտարարութիւնը.

«Ամէն ինչ կը տայի, որ այդ չարաբաստիկ երեկոյեան լինէի այնտեղ, բռնէի երիտասարդների վրայ բարձրացող բռունցքները, կանգնեցնէի այս դժբախտութիւնը, որ կեանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամէն ինչ կը տայի այս ամէնը յետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահէն արդէն չկայ: Ու ես դրանով պէտք է ապրեմ: Ու պէտք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:

Ասում են ամէն ինչ օրէնքով պիտի լինի. վստահ եմ օրէնքով կը լինի, 100 մեղաւոր կը լինի 100 պատիժ կը լինի: Բայց հարցը միայն օրէնքը չի:

Հարցը շատ աւելի բարդ է: Ու ես դա շատ լաւ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նոյնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ յօրինուած են. երեւի իրաւունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հէնց ես եմ:

Ես պիտի կանխէի նման դժբախտութիւնը ու չեմ կարողացել դա անել: Պէտք չէ իմ եւ իմ ընտանիքի հետ առնչութիւն ունեցող միջավայրում նման իրադարձութիւն հնարաւոր լինէր: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:

Այս պահին ես յայտարարում եմ, որ բարոյական պարտաւորութիւն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային ժողովի պատգամաւորի իմ իրաւագիրը: Ես ներողութիւն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանայ արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտաւոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հաւատալ, որ աւանցիներն ինձ ճիշդ կը հասկանան: Յոյս ունեմ, որ մի օր էլ կը կարողանամ ներում ստանալ Վահէենց ընտանիքում. յամենայն դէպս ամէն ինչ կ’անեմ դրա համար:

Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:

Ինչպէս նախապէս տեղեկացուցած էինք, 17 յունիսին Ազգային ժողովի հանրապետական պատգամաւոր, Հայաստանի Ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Ռուբէն Հայրապետեանին պատկանող «Հարսնաքար» ճաշարանային համալիրին մէջ դաժան ծեծի ենթարկուած էին ռազմական հիւանդանոցի բժիշկներ Էդգար Միկոյեանը, Արկադի Աղաջանեանը, Գարիկ Սողոմոնեանը, Արտակ Բայադեանը եւ պաշտպանութեան նախարարութեան կեդրոնական կայազօրի ռազմական հիւանդանոցի ԼՈՌ բաժանմունքի պետ, բժշկական ծառայութեան գնդապետ Վահէ Աւետեան:

29 յունիսին Վահէ Աւետեան հիւանդանոցին մէջ մահացած էր: Այս առնչութեամբ կալանաւորուած են 6 հոգի` Արման Խաչատրեան, Նորայր Հայրապետեան, Գարիկ Մարգարեան, Արման Բաղդասարեան, Դաւիթ Ադամեան եւ Արթուր Բաբլոյեան, որոնց մէջ են նաեւ Ռուբէն Հայրապետեանի թիկնազօրի անդամներ:

 

Share this Article
CATEGORIES