Ֆորմիւլա-1. Աւստրալիացի Ուեպըր Տիրացաւ Սիլվըրսթոնի Կրան Փրիին

Մարք Ուեպըր

Երէկ` կիրակի, 8 յուլիսին, Անգլիոյ մէջ տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1-ի 2012-ի աշխարհի ախոյեանութեան 9-րդ կրան փրին, որ ճանչցուած է Սիլվըրսթոնի կրան փրի անունով:

Ռետ Պուլ Ռասինկ-Ռընոյի աւստրալիացի վարորդ Մարք Ուեպըր տիրացաւ այս կրան փրիին` արձանագրելով 1 ժամ 25′ 11″ արդիւնք մը:

52 լեփնոց այս կրան փրիին տիրանալով, ան այսպիսով արգելք հանդիսացաւ, որ նախորդ տարի այս կրան փրիին տիրացած սպանացի Ֆեռնանտօ Ալոնսօ (Ֆեռարի) յաջողի արձանագրել իր երկրորդ յաջորդական յաղթանակը:

Վերջինս երէկ հանդիսացաւ երկրորդ` 3″ ուշացումով հասնելով ժամանման գիծ: Երրորդ հանդիսացաւ Ուեպըրի խմբակից գերմանացի Սեպասթիան Վեթել (4″ ուշ):

35 տարեկան Ուեպըր, որ այսպիսով շահեցաւ այս տարեշրջանի իր երկրորդ յաղթանակը (առաջինը` Մոնաքոյի մէջ), այժմ միայն 13 կէտով ետ կը մնայ վարորդներու ընդհանուր դասաւորման առաջին դիրքին վրայ գտնուող Ալոնսոյէն, որ ապահոված է 129 կէտ:

Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը.

ԿԷՏ

1.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 129

2.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ Պուլ      116

3.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռետ Պուլ  100

4.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն  92

5.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) Լոթիւս-Ռընօ   83

6.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) Մերսետես      75

7.- Ռոմեն Կրոժան (Ֆրանսա) Լոթիւս-Ռընօ     61

8.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն         50

9.- Սերճիօ Փերես (Մեքսիքա) Սաուպըր        39

10.- Փասթոր Մալտոնատօ (Վենեզուելա) Ուիլիըմզ      29

Խումբերու դասաւորում.

ԿԷՏ

1.- Ռետ Պուլ                        216

2.- Ֆեռարի                    152

3.- Լոթիւս-Ռընօ                144

4.- Մաքլարըն-Մերսետես   142

5.- Մերսետես                        98

 

Share this Article
CATEGORIES