«Մենք Առհասարակ Արդարութեան Ու Պատասխանատուութեան Խնդիր Ունինք» Կ՛ըսէ Լիլիթ Գալստեան

Ազգային Ժողովի պատգամաւոր, ՀՀԿ-ական Ռուբէն Հայրապետեանին` Նեմեց Ռուբոյին  պատկանող «Հարսնաքար» ճաշարանում նրա թիկնազօրի անդամների կողմից դաժանաբար ծեծի ենթարկուած պաշտպանութեան նախարարութեան կենտրոնական կայազօրի բաժանմունքի պետ մայոր Վահէ Աւետեանը, 10 օր շարունակ  գիտակցութեան չգալով, կնքեց իր մահկանացուն: Վահէի մահուան յաջորդ օրուանից Երեւանում բողոքի ցոյցեր կազմակերպեցին  եւ հազարաւոր մարդիկ իրենց զայրոյթը արտայայտեցին Հայաստանում տիրող բեսպրեդելի դէմ: «Հարսնաքարում»` տեղի ունեցած ողբերգական միջադէպը դատապարտող յայտարարութիւններով հանդէս եկան ՀԱՔ-ը, Դաշնակցութիւնը, ժառանգութիւնն ու «Ազատ դեմոկրատները»: Եւ մինչ ՀՀԿ վերնախաւը  յամառօրէն լռութիւն էր պահպանում  վայրագաբար կատարուած յանցագործութեան ու ողբերգական աւարտ ունեցած միջադէպի վերաբերեալ, մամուլում  արագօրէն լուրեր յայտնուեցին այն մասին, որ Ռուբէն Հայրապետեանի թիկնապահները այս անգամ էլ դաժանաբար ծեծի էին ենթարկել 81 համարի երթուղային թաքսու վարորդներից մէկին: Զուտ  այն պատճառով, որ թաքսու վարորդը փորձել էր «փախցնել» իր մեքենան` տրոլեյբուսին չհարուածելու համար: Յանցագործութիւն` յանցագործութեան ետեւից, իսկ թէ ովքե՞ր են այս ամենաթողութեան ու  համատարած յանցագործութեան պատասխանատուները, եւ մինչ ե՞րբ է մեր երկրում  շարունակուելու այս բարդակը, «Չի»-ին  հարցադրում արեց դաշնակցական նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանին, որն էլ իր խօսքում նշեց.

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Այս ամէնը խօսում է այն մասին, որ մեր իրականութեան մէջ բռնութեան մշակոյթը խորը արմատներ ունի, այն կեանքի կանոն է դարձել` իր բոլոր երեսներով: Մեր երկիրն այն երկիրը չէ, ինչպիսին ամրագրուած է սահմանադրութեան մէջ: Մենք ապրում ենք մի իրականութեան մէջ, որտեղ սահամանդրութեամբ ամրագրուած` իրաւական, ընկերային, ժողովրդավարական երկրի հաստատումը իրականութեան հետ  առնչութիւն չունի: Ամենաթողութեան, անպատժելիութեան, շնականութեան, բռնութեան աւանդոյթները գնալով խորանում են: Երբ օրէնքն ու իշխանութիւնը չեն ուզում կամ անկարող են գործել, խաղի մէջ ինքնիրաւչութիւնն է մտնում, կամ ժողովրդի ասած անցնում են «սամասուդի»: Իր պարունակից դուրս հանուած` «Ուժն  է ծնում իրաւունք» յայտնի ասոյթը որոշների համար դարձել է կենսակերպ ու քաղաքական վարքագիծ: Մեր երկրում մարդը պարզապէս արժէք չունի, պաշտպանուած չի. իւրաքանչիւր վայրկեանի կարող ես բռնութեան զոհ դառնալ:  Այն, ինչ տեղի ունեցաւ մեր զինուած ուժերի սպաների հետ, եթէ սոսկ քրէական մի դէպք լինէր, գուցէ միայն իրաւական գնահատական պահանջէինք, եւ մեր պահանջներն էլ իրաւական դաշտում լինէին: Բայց սա այլեւս  մեր համբերութեան բաժակի վերջին կաթիլն է:  Հասարակական ընդվզումների ալիքը, որ արդարացիօրէն  բարձրացել է, արդարացի է, երբ պահանջում է երեւոյթի քաղաքական, իրաւական եւ բարոյական գնահատականները: Վերջապէս պէտք է հասկանալ, որ այս իրավիճակը ուղիղ առնչութիւն ունի Հայաստանում կարծրացած քաղաքական վարքագծի, աւադոյթների ու մշակոյթի հետ: Հայաստանի Հանրապետութեան նախագահը` մեր իրաւունքների երաշխաւորը,  պարտաւոր է հասարակութեանը համոզել, որ սա խալիֆութիւն չէ, արեւելեան քլանային երկիր չէ: Սա երկիր է, որտեղ պէտք է օրէնքներն ու հաստատութիւնները գործեն, ոչ թէ բռնութեամբ ու հաշուեյարդարներով  խնդիրներ, յարաբերութիւններ լուծուեն: Երբ պաշտպանութեան նախարարութեան փոխգնդապետն է  անցնում ինքնիրաւչութեան, սա արդէն խօսում այն մասին, որ սպառուել են քաղաքակրթական, իրաւական մեր բոլոր գործիքները, սպասումները: Հասարակութիւնը խորը հիասթափութեան մէջ է, անկումային բարոյահոգեբանական կացութեան մէջ, աստիճանաբար կորսուող արժէքները խեղդում են պետութիւնը:

ՀԱՐՑՈՒՄ.- Այսօր  մեծ ու փոքր քաղաքական գործիչները, ինչպէս նաեւ Հայրապետեանի  սրտացաւ կուսակիցները փորձում են հասարակութեանը  համոզել,  թէ Հայրապետեանը  մեղաւոր չէ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադէպի համար: Շատերն անգամ ժողովրդական բանահիւսութեանն են ապաւինում, ասելով.«Ընկածին չեն խփում»: Ձեր մեկնաբանութիւնը:

Լ. Գ.- Ես անձերի հարց չեմ դնում, ես խօսում եմ երեւոյթի մասին: Մենք առհասարակ  արդարութեան  ու պատասխանատուութեան խնդիր ունենք: Այս 20 տարիների ընթացքում պատասխանտուութեան հաստատութիւնը մեր միջավայրում չի աշխատել: Մենք անընդհատ բախւում ենք թիկնապահների «դատաստանների» հետ, զօռպայութեան, օրէնքից դուրս բարգաւաճող քրէասակաւապետական համակարգի հետ: Պարզ է, որ հասարակ  քաղաքացին երբեք թիկնազօրերով չի շրջում: Եւ հէնց այնպէս չէ, որ թիկնապահ երեւոյթը սակաւապետի հետ է նոյն կապւում, որն էլ իր հերթին  իշխանութեան հետ է նոյն կապւում:  Բողոքի ալիքի մէջ «Վահէ Աւետեանը ես եմ» պաստառով քայլող իւրաքանչիւրը համոզուած  է, որ յաջորդն ինքն է լինելու.այո՛, մենք պաշտպանուած չենք: Այս ողբերգութիւնը հեռու չի ոչ ոքից` ինձնից, ձեզանից, բոլորից:

Հ.- Աւելի յստակ, «Հարսնաքարի» ողբերգական միջադէպի մէջ,  Հայրապետեանը իր մեղքի բաժինը ունի՞, թէ՞ ոչ: Այն դէպքում, երբ Վահէ Աւետեանին մահուան դուռը հասցրեց նրա անձնական թիկնապահը:

Լ. Գ.- Ի հարկէ ունի պատասխանատուութեան իր բաժինը: Երբ որ դու ՀՀԿ կարկառուն դէմքերից ես, հրապարկային անձնաւորութիւն ես,Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահն ես հանրային մարդ ես, պարտաւոր ես, քո միջավայրում մարդկային, քաղաքակիրթ  խաղի  կանոններ սահմանել: Նախ`  քո վարքագծով պէտք է դառնաս օրինակելի, պիտի խնայես քո կուսակցութեանը, պետութեանը, հասարակութեանը, որովհետեւ ուզես, թէ ոչ, նոյնացւում ես քո կուսակցութեան հետ: Այս դէպքում` ՀՀԿ-ի,  ճիշդ այնպէս, ինչպէս  ես`  ՀՅԴ-ի: Երկրորդ` Ռուբէն Հայրապետեանը սեփականատէր է, որին պատկանում է  «Հարսնաքար» ճաշարանային համալիրը: Նշանակում է նա բաւարար կառավարում չի իրականացրել.բաւարար անվտանգութեան միջոցներ չի սահմանել, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կարողանան  իրենց այնտեղ անվտանգ զգալ: Հայաստանում օրէնքների իշխանութիւնը  չի աշխատում, մինչդեռ Հայաստանի Հանրապետութեան նախագահը պարտաւոր է երաշխաւորել մեր իրաւունքներն ու ազատութիւնները: Ողբերգութեան արդիւնքում  տուժողները շատ են` հասարակութիւն, պետութիւն ‘ ամենակարեւորը` Աւետեանների ընտանիքը, որ զրկուեց առողջ ապրելու հնարաւորութիւնից, եւ ո՞վ պիտի այս ամէնի համար պատասխան տայ ու հատուցի:   Երեւոյթին համակողմանի գնահատական պիտի տալ: Այսօր Հայաստանի քաղաքացին ինչու՞ է լքում Հայաստանը, ոչ այնքան, որ սոված է, այլ յատկապէս, որ անպաշտպան է ու նուաստացած: Քաղաքական մեծամասնութիւնը  պատասխանատուութիւն է կրում ամէն ինչի համար, ներառեալ` բարոյահոգեբանական մթնոլորտի ու երկրի կառավարման որակների համար:

Հ.- Այսօր օրակարգում  դրուած է Ռուբեն Հայրապետեանին ՀՖՖ նախագահի լիազօրութիւնները դադարեցնելու մասին հարցը: Ի՞նչ էք կարծում,արդեօք արդարութեան  համար պայքարողների այդ մեծ բանակին կը յաջողուի՞ արդիւնքի հասնել: Երբ խօսքը գնում է մի մարդու մասին, ով ըստ էութեան, այսօր պետութիւնից վեր է կանգնած:

Լ. Գ.- Երանի այս ամէնը իշխանութեան համար  դաս դառնայ: Պիտի չունենայինք, չստեղծէինք այնպիսի միջավայր, ու  այս  տեսակը կենսունակ ու ամենակարող լինէր: Բայց մեր  երկրում անպատժելիութիւնը դարձել  է վարքագիծ: Եթէ այս վարքագծով ու փիլիսոփայութեամբ պիտի շարունակենք,  կը նշանակի  մոռացել ենք Սոդոմ-գոմորի եւ այն մասին, որ անբարոյականութիւնը կործանեց  Անի մայրաքաղաքը: Անբարոյականութիւնն այսօր էլ է  խեղդում Հայաստանը:  Կարող ենք գիտակցել, սթափուել, արգելակել այս կործանարար ընթացքը…. մենք բոլորս նոյն շղթայից ենք կախուած:

Share this Article
CATEGORIES