Ամուսիններ

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

Առեւտրի ընդհանուր վիճակն այնքան վատ է, որ երբեմն գրասենեակում ժամանակ եմ գտնում, նմուշների պայուսակը դնել թեւիս տակ ու անձամբ գնալ այցի գնորդներիս: Ի միջի այլոց, երկար ժամանակ էր ինչ մտադրուել էի մի անգամ Ն.-ին այցելել, ում հետ անցեալում առեւտրական հաստատուն կապի մէջ եմ եղել, բայց անցեալ տարի ինձ անյայտ պատճառներով համարեա թէ խզուել էին այդ առնչութիւնները: Նման ընդհատման համար, ճիշդն ասած, պատճառների անհրաժեշտութիւն էլ չկայ, այսօրուայ խախուտ յարաբերութիւններում որոշիչը կարող է տրամադրութիւնը կամ ոչինչ էլ չլինել եւ նոյնութեամբ էլ կարող է մի ոչինչը կամ մի խօսքն ամէն ինչ կրկին վերականգնել: Բայց Ն.-ին հասնելը մի քիչ էլ հանգամանքներից է կախուած եւ այնքան էլ դիւրին գործ չէ: Նա տարիքն առած մարդ է, վերջին ժամանակներս խիստ էլ հիւանդ է, եւ եթէ մինչեւ օրս էլ առեւտրական գործերը դեռ իր ձեռքում է պահում, ապա անձամբ ինքը շատ հազուադէպ է մտնում խանութ, ու եթէ մէկը նրա հետ խօսել է ցանկանում, պէտք է գնա նրա տուն, եւ նման առեւտրական գործերը մարդ սիրով է յետաձգում:

Յամենայնդէպս, անցեալ օրը, երեկոյեան ժամը վեցից յետոյ ճամբայ ընկայ, կարծես արդէն պարզապէս այցելութեան ժամ չէր, բայց խնդրին պէտք է ոչ թէ հասարակական, այլ առեւտրական դիտանկիւնից նայել: Բախտս բերեց: Ն.-ն, ինչպէս ինձ նախասենեակում ասացին, տանն էր, հէնց նոր էր իր տիկնոջ հետ վերադարձել զբօսանքից եւ գտնւում էր իր տղայի սենեակում, որն անառողջ էր եւ անկողին էր ընկած: Ինձ էլ առաջարկեց այնտեղ գնալ: Նախ մի քիչ յապաղեցի, յետոյ սակայն այդ անտանելի այցելութիւնը հնարաւորինս արագ գլուխ բերելու ձգտումն աւելի զօրեղ գտնուեց, եւ ես համաձայնեցի ու հէնց այդպէս, գլխարկով, վերարկուով եւ նմուշների պայուսակը թեւիս տակ, մի մութ սենեակով անցնելուց յետոյ աղօտ լոյսով լուսաւորուած մի ննջասենեակ առաջնորդուեցի, որտեղ մարդկանց մի փոքրիկ խումբ կար:

Միանգամայն բնազդաբար` նախ հայեացքս ընկաւ ինձ քաջածանօթ առեւտրական կազմակերպութեան մի ներկայացուցչի վրայ, որը եւ որոշ չափով իմ մրցակիցն էր: Նա ինձնից առաջ էր ներս սողոսկել: Հանգիստ տեղաւորուել էր հիւանդի մահճակալի մօտ, ասես բժիշկը լինէր, եւ քիթը ցցած, խաւով վերարկուի կոճակներն արձակած, փառահեղ բազմել էր ոտքը ոտքին գցած: Նրա լպիրշութիւնը անգերազանցելի էր, նման մի բան էլ կարող էր հիւանդը մտածել, որ ջերմութիւնից մի քիչ շիկնած այտերով պառկել էր անկողնում ու երբեմն նայում էր նրա կողմը: Տղան, որ այլեւս երիտասարդ չէր, կարճ եւ հիւանդութեան հետեւանքով փարթամ բայց մի խառը մօրուքով, երեւի իմ տարիքին կը լինէր: Ծերունի Ն.-ն յաղթանդամ, լայն ուսերով մի տղամարդ, բայց վերահաս վշտից, ի զարմանս ինձ, բաւական նիհարած, կուզը դուրս եկած ու անվստահ, հէնց այնպէս ինչպէս ներս էր մտել, դեռ մնում էր կանգնած` մորթէ մուշտակը հագին եւ ինչ-որ բան էր մրմնջում` տղային ուղղուած: Նրա փոքրամարմին կինը, նուրբ սեթեւեթանքով, աշխուժ շարժումներով ջանում էր ամուսնուն, որը կարծես չէր նկատում ներկաներիս, օգնել հանելու մուշտակը, ինչը դժուար էր անել հասակների տարբերութեան պատճառով: Բայց վերջապէս յաջողուեց: Գուցէ իսկական պատճառն այն էր, որ Ն.-ն շատ անհամբեր էր եւ անհանգիստ, ափլփելով թիկնաթոռն էր փնտռում, որն էլ, երբ մուշտակը հանուած էր, կինը արագօրէն նրա կողմը հրեց: Ապա վերցրեց մուշտակը, որի տակ ինքը համարեա չէր երեւում, եւ տարաւ դուրս:

Վերջապէս ինձ թուաց, թէ եկել է իմ ժամը, կամ աւելի շուտ, չի եկել եւ երբեք էլ չի գալու: Ուրեմն, պիտի փորձէի անմիջապէս գործի անցնել: Զգացւում էր, որ առեւտրական գործերով պայմանաւորուելու նախադրեալները գնալով նուազում էին եւ ես կարող էի նստած էլ մնալ, ինչպէս ըստ երեւոյթին մտադրուել էր այդ ներկայացուցիչը, իսկ դա ինձ յարիր չէր: Ի դէպ, ես չէի էլ ցանկանում նրա ներկայութիւնից դոյզն ինչ ճնշուել: այդպէս էլ, առանց երկար ու բարակ մտածելու, սկսեցի ասելիքս արտայայտել, չնայած զգացի, որ Ն.-ն այդ պահին ուղղակի ցանկանում է մի քիչ տղայի հետ զրուցել: Դժբախտաբար գրգռուած խօսելիս ես սովորութիւն ունեմ, եւ դա կատարւում է շատ արագ եւ այստեղ հիւանդի այս սենեակում աւելի շուտ կատարուեց, քան երբեւէ,- վեր եմ կենում եւ խօսելիս սկսում եմ դեսուդեն քայլել: Սեփական գրասենեակում դա շատ լաւ յատկութիւն է, բայց ուրիշի բնակարանում մի քիչ տհաճ բան է: Չէի կարողանում տիրապետել ինձ, յատկապէս, որ ծխախոտն էլ պակասում էր: Ինչ անենք, ամէն մարդ իր գէշ սովորութիւններն ունի. այստեղ ես գովերգում եմ իմ սովորութիւնները` այդ առեւտրական ներկայացուցիչի սովորութիւնների հետ համեմատելով: Օրինակ, ի՞նչ կարելի է ասել, երբ նա ծնկին դրած գլխարկը դանդաղ պտտցնում է աջուծում էր ծոծրակին, ներքեւի շրթունքը կախուել էր եւ երեւում էին լնդերը, ծնօտն անկամ կախ էր ընկել: Դէմքը լրիւ այլայլուել էր: Չնայած ծանր, բայց դեռ շնչում էր, յանկարծ, կարծես նրան բաց թողեցին, հետ ընկաւ բազկաթոռին, աչքերը փակեց, դէմքը մի պահ լարուեց եւ այլեւս վերջ: Արագ ցատկեցի նրա կողմը եւ բռնեցի անկեանք, կախ ընկած, սառած, ամբողջ մարմինս սարսռացնող ձեռքը, այնտեղ զարկերակն այլեւս չէր խփում: Ամէն ինչի վերջն էր: Պարզ է, մարդը տարիքն առել էր: Մեր մահն էլ թող աւելի դժուար չլինի: Բայց հիմա որքան բան կար անելու եւ այս աճապարանքի մէջ ի՞նչ պէտք էր անել ամէնից առաջ: Ես օգնութիւն գտնելու համար դեսուդեն նայեցի, բայց տղան ծածկոցը քաշել էր գլխին եւ հեծկլտում էր առանց դադարի: Ներկայացուցիչը` գորտի նման սառը, նստել էր բազկաթոռին, երկու քայլ Ն.-ից հեռու, նրա դիմաց եւ ակնյայտօրէն որոշել էր ոչինչ չանել, բացի դէպքերի ընթացքին հետեւելուց: Ես, ուրեմն, միայն ես էի մնում, մի բան եւ ինչու չէ ամենադժուար բանը անելու: Ամենաանյարմար, աշխարհում նախորդը չունեցող ձեւով` բօթը տիկնոջը հասցնել: Եւ ահա, կողքի սենեակից ականջիս հասաւ աշխուժ քայլերի ձայնը:

Նա դեռ դրսի հագուստով էր, ժամանակ չէր ունեցել փոխուելու, վառարանի վրայ տաքացրած մի գիշերանոց էր բերել, որն ուզում էր հագցնել ամուսնուն:

– Քուն է մտել,- ասաց նա ժպտալով եւ գլուխը տարուբերեց, երբ մեզ այդպէս լուռ տեսաւ: Եւ անմեղի անվերջանալի վստահութեամբ բռնեց նոյն ձեռքը, որ ես քիչ առաջ, դժկամութեամբ ու վեհերոտ պահել էի ափերիս մէջ, համբուրեց, ինչպէս ամուսնական կեանքում են սովորաբար համբուրում,- եւ մենք` մնացած երեքս, ինչ տեսնենք,-Ն.-ն շարժուեց տեղում, յօրանջեց բարձրաձայն, թողեց, որ գիշերանոցը հագցնեն, բարկացոտ, հեգնական հայեացքով դիմացաւ երկար զբօսանքի յոգնեցուցիչ լինելու վերաբերեալ կնոջ արած նուրբ յանդիմանանքներին, եւ իր ննջելուն ամբողջովին այլ բացատրութիւն տալով, տարօրինակ կերպով իրեն պատած ինչ-որ ձանձրոյթի մասին խօսեց: Ապա, որպէսզի մի այլ սենեակ գնալիս չմրսի, ժամանակաւորապէս մտաւ իր տղայի անկողինը եւ գլուխը դրեց տղայի ոտքերի մօտ կնոջ փութով դրած երկու բարձերին: Պատահածի մէջ ես ոչ մի արտառոց բան չգտայ: Յետոյ էլ նա երեկոյեան լրագիրը պահանջեց, ձեռքն առաւ` առանց հիւրերին ուշադրութիւն դարձնելու, բայց դեռ չկարդաց, աչքի անցկացրեց եւ առեւտրականի իր զարմանալի դատողութեամբ մեր առաջարկների մասին մի քանի տհաճ դիտողութիւն արեց, ազատ ձեռքով էլ անընդհատ «հեռացէք»-ի նշաններ էր անում, լեզուն չպչպացնում, ասես մի առեւտրական թեմաներով բերանում տտիպ համ էր: Ներկայացուցիչը չկարողացաւ զսպել իրեն եւ մի քանի անտեղի նկատողութիւն արեց: Նա իրեն այնպէս կոպիտ էր պահում, ասես կատարուածի համար հատուցում էր պահանջում, բայց նրա այդ ցանկութեան մասին ոչ ոք չէր մտածում: Ես անմիջապէս հրաժեշտ տուեցի: Ես երախտապարտ եմ ներկայացուցչին: Առանց նրա ներկայութեան, այդքան ուժ չէի գտնի իմ մէջ անմիջապէս հեռանալու: Նախասենեակում հանդիպեցի տիկին Ն.-ին եւ նրա խղճալի կազմուածքին նայելով` ասացի, որ մի քիչ իմ մայրիկին է յիշեցնում: Եւ որովհետեւ նա լռեց, ես աւելացրի. «Ո՞վ ինչ կ՛ուզի, թող ասի, մայրիկս կարողանում էր հրաշքներ գործել, այն, ինչ մենք փչացնում էինք, նա նորոգում էր: Ես նրան դեռ մանուկ հասակում եմ կորցրել»: Ես միտումնաւոր չափազանց դանդաղ ու պարզ էի խօսում, ախր գուշակում էի, որ պառաւը ծանր է լսում: Բայց նա կատարեալ խուլ էր, որովհետեւ անմիջապէս հարցրեց.

– Իսկ ամուսնուս արտաքի՞նը:

– Հրաժեշտի մի քանի բառերի փոխանակումից յետոյ ես հասկացայ, որ ինձ շփոթել է ներկայացուցչի հետ: Հաւատում եմ, այլապէս աւելի սիրալիր կը վարուէր: Այնուհետեւ ես աստիճաններով իջայ, իջնելն աւելի դժուար էր, քան բարձրանալը, որն այնքան էլ դիւրին չէր եղել: Ա՜խ, ինչպիսի անյաջող փորձեր են արւում առեւտրի մէջ, եւ մարդ պէտք է դեռ իր գործը շարունակի:

Թարգմ.` ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ

Share this Article
CATEGORIES