Հեքիաթներ Խսրաթոռից

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԷ

Մի երիտասարդ տղամարդ միայնակ նստել էր ձեղնայարկում: Նա ցանկանում էր նկարիչ դառնալ: Բայց մի քանի դժուար բաներ կային դեռ յաղթայարելու եւ առաջինն այն էր, որ նա ձեղնայարկում հանգիստ էր ապրում: Մի քիչ մեծացաւ եւ սովորութիւն էր դարձրեց ժամերով նստել փոքր հայելու առջեւ եւ փորձի համար ինքն իրեն նկարել: Արդէն մի ամբողջ տետրակ լցրել էր նման գծանկարներով, եւ նրանցից մի քանիսը լիովին բաւարարում էին նրան:

– Նկատի ունենալով, որ ես դեռեւս ոչ մի դպրոց չեն յաճախել,- ասում էր ինքն իրեն,- այս նկարը շատ յաջող է: Ինչ էլ հետաքրքիր կնճիռ է քթի մօտ: Երեւում է, որ խորհողի կամ նման մի բան կայ իմ մէջ: Բերանի անկիւնը միայն մի քիչ պիտի ցած տանեմ, յետոյ մի իւրայատուկ արտայայտութիւն կը ստացուի, ուղղակի թախծոտ:

Բայց երբ որոշ ժամանակ անց կրկին նայում էր նկարներին, այլեւս չէր հաւանում: Այս երեւոյթը հաճելի չէր, սակայն դրանից եզրակացնում էր, որ ինքն առաջադիմում է եւ աւելի մեծ պահանջներ է ներկայացնում ինքն իրեն:

Իր ձեղնայարկում, որտեղ նա ապրում էր, իրեն շրջապատող իրերին բախտակից չէր համարում եւ կապուած չէր դրանց, բայց եւ այնպէս շատերի նման, անտարբեր էլ չէր նրանց նկատմամբ, որոնց, ի հարկէ, ինքը չէր հանդիպել եւ հազիւ թէ մի քանիսին ճանաչեր:

Երբ անգամ մի ինքնանկար չէր յաջողւում, ժամանակ առ ժամանակ գրքեր էր կարդում, որտեղ գրուած էր, թէ ուրիշները նման պարագաներում ինչ էին արել, որոնք որպէս բոլորովին անծանօթ եւ համեստ երիտասարդներ էին սկսել եւ յետոյ հռչակի հասել: Նա հաճոյքով էր նման գրքեր կարդում եւ դրանով իր ճակատագիրն էր ընթերցում:

Մի անգամ էլ այդպէս նստել էր տանը թախծոտ ու անվստահ եւ հոլանտացի մի յայտնի նկարչի մասին էր կարդում: Կարդում էր, որ նա` այդ նկարիչը, կրքոտ, աւելի ճիշդ` մոլեգնօրէն, ամբողջութեամբ կլանուած է եղել լաւ նկարիչ դառնալու մարմաջով: Երիտասարդը գտնում էր, որ ինքը որոշ նմանութիւններ ունի հոլանտացի նկարչի հետ: Շարունակելով ընթերցումը` նա ուրիշ բաներ էլ գտաւ, որոնք սակայն շատ քիչ առնչութիւն ունէին իր հետ: Այլ բաների կողքին նա կարդաց, որ այդ հոլանտացին վատ եղանակի պատճառով, երբ դրսում չէր կարողանում նկարել, անդրդուելի եւ կրքոտ, ամէն ինչ նկարել է, թերեւս նկատածի նուազագոյնը: Այսպէս նա մէկ անգամ մի զոյգ փայտէ ոտնամաններ է նկարել եւ մի այլ անգամ` մի ծուռ աթոռ` կոպիտ եւ անտաշ գիւղական աթոռ, սովորական փայտից, խսրից հիւսուած, բաւական լայն անցքերով նստելատեղով: Այս աթոռը, որին ոչ ոք նայել էր չէր ցանկանայ, այնպիսի սիրով ու հաւատարմութեամբ, նուիրուածութեամբ ու կրքով նկարեց, որ այն դարձաւ նրա ամենագեղեցիկ նկարներից մէկը: Գրողն էլ բաւական գեղեցիկ ու սրտառուչ բառեր էր գտել այդ խսրաթոռի մասին ասելու: Այստեղ նա կանգ առաւ եւ ուշքի եկաւ: Հիմա մի նոր բան կար, որ պիտի փորձէր: Անմիջապէս էլ որոշեց,- երիտասարդ էր եւ հապճեպ որոշումներով տարուած,- ընդօրինակել այդ մեծ նկարչին եւ կրկին փորձել անցնել դէպի ճանաչում տանող ճանապարհը:

Նա իր ծածկի տակի խցիկում մի հայեացք նետեց շուրջբոլորը եւ անդրադարձաւ, որ ինքը շատ քիչ ուշադրութիւն է դարձրել այն բոլոր իրերին, որոնց շրջապատում ապրում է: Խսրէ ծուռ աթոռ, հիւսուած նստելատեղով` նա ոչ մի անկիւնում չգտաւ, փայտէ ոտնամաններ էլ չկային, մի ակնթարթ կրկին տխրեց եւ կորցրեց քաջութիւնը, մի անգամ եւս պատահեց այն, ինչը պատահում էր յաճախ, երբ մեծ մարդկանց մասին կարդալիս կորցնում էր ինքնավստահութիւնը: Նա այնուհետեւ գտաւ, որ այն բոլոր մանրամասնութիւնները, մատնանշումները եւ հրաշալի զուգակցումները, որոնք ուրիշների կեանքում դեր էին խաղում, բացառւում էին իր դէպքում եւ ինքը զուր էր դրանց սպասում: Բայց շուտով հաւաքեց իրեն եւ ըմբռնեց, որ հռչակի հասնելու համար իր պարտականութիւնն է յամառօրէն շարունակել դժուարին ճանապարհը: Նա զննեց խցիկի բոլոր իրերն ու յայտնագործեց մի ծղօտէ աթոռ, որը կարող էր որպէս մոտել ծառայել:

Նա աթոռը ոտքով մի քիչ մօտ քաշեց, սրեց իր նկարչութեան մատիտը, նկարչատետրը դրեց ծնկներին ու սկսեց նկարել: Մի քանի թեթեւ ուրուագծեր` եւ նրան թուաց, որ գործն արդէն ձեւ է ստանում, եւ շուտով մի քանի գծերով ու հաստ գծիկներով ստացաւ նկարի շրջագիծը: Եռանկիւնաձեւ, խոր մի ստուեր անկիւնում հրապուրեց նրան, անցաւ դրան եւ այսպէս շարունակեց, մինչեւ մի բան սկսեց խանգարել:

Մի կարճ ժամանակ էլի շարունակեց գործը եւ տետրը պահեց հեռու ու սկսեց զննել նկարածը: Նկատեց, որ ծղօտէ աթոռը շատ սխալ է նկարել:

Ջղայնացած մի նոր գիծ աւելացրեց եւ զայրալից մի հայեացք նետեց աթոռի վրայ: Ինչ-որ բան ճիշդ չէր: Դա էլ նրան կատաղեցնում էր:

– Է՜յ, ծղօտէ աթոռի սատանայ,- գոչեց նա բարձրաձայն,- նման մի քմահաճ անասուն ես երբեւէ չեմ տեսել:

Աթոռը ճռճռաց մի քիչ եւ ասաց անվրդով.

– Մի քիչ նայիր ինձ, ես այն եմ, ինչ որ կամ եւ երբեւէ չեմ փոխուելու:

Նկարիչը ոտքի ծայրով բռնեց այն: Աթոռը յետ գնաց եւ բոլորովին այլ կերպարանք ստացաւ:

– Աթոռի յիմար տղայ,- ասաց երիտասարդը,- քո ամէն ինչը թեք է եւ ծուռ: Ծղօտէ աթոռը թեթեւ ժպտաց եւ ասաց.

– Սրա անունը հեռանկար է, լա՛ւ տղայ:

Երիտասարդը վեր թռաւ:

– Հեռանկար,- բղաւեց նա զայրացած,- հիմա էլ այս աթոռի տղայիկն է ինձ համար ուսուցչի դեր կատարել փորձում: Հեռանկարը իմ խնդիրն է, ոչ թէ քոնը, հասկացի՛ր:

Աթոռն այլեւս ոչինչ չասաց: Նկարիչը ծանր քայլերով մի քանի անգամ այս ու այն կողմ քայլեց, մինչեւ ներքեւի յարկից փայտի ծայրով սկսեցին զայրոյթով նրա յատակին խփել: Այնտեղ, ցածի յարկում մի ծեր գիտնական էր ապրում, որը աղմուկ տանել չէր կարողանում:

Նա նստեց եւ կրկին ձեռքն առաւ ինքնանկարը: Բայց դուր չեկաւ: Նա գտնում էր, որ ինքն իրականում շատ աւելի գեղեցիկ ու հետաքրքիր է, եւ դա այդպէս էր:

Հիմա էլ ուզում էր շարունակել գրքի ընթերցումը: Բայց այնտեղ դեռ շատ բան կար հոլանտական ծղօտաթոռի մասին եւ դա ջղայնացնում էր: Նա գտնում էր, որ այդ աթոռի մասին շատ մեծ աղմուկ է բարձրացուել եւ հիմնականում…

Երիտասարդն իր արուեստագէտի գլխարկը փնտռեց եւ որոշեց դուրս գնալ: Նա յիշեց, որ ժամանակներ առաջ մի անգամ նկարչութեան իրեն չբաւարարող իրականութիւնը գրաւել էր իր ուշադրութիւնը: Ոչ մի բողոք եւ յուսախաբութիւն չկար, եւ վերջապէս աշխարհի ամենայայտնի նկարիչն էլ միայն իրերի շատ հասարակ մակերեսն էր նկարել կարողացել: Իսկ սա մի մարդու համար, որ արմատական մօտեցում է սիրում, գործնական չէր: Եւ նա ինչպէս յաճախ, այս անգամ էլ կայացրեց մի որոշում` հետեւելով նախկինում ունեցած իր մի հակուածութեանը` գրող` դառնալուն: Ծղօտէ աթոռը մինակ մնաց ձեղնայարկում: Ցաւում էր, որ իր երիտասարդ տէրը հեռացել էր: Նա յոյս ունէր, որ վերջապէս մի մտերմիկ յարաբերութիւն կը ստեղծուի իրենց միջեւ: Նա սիրով դեռ մի քանի բառ էլ կ՛ասէր եւ գիտէր, որ երիտասարդին որոշ արժէքաւոր բաներ կարող էր սովորեցնել: Բայց, դժբախտաբար, դրանից ոչինչ դուրս չեկաւ:

 

Share this Article
CATEGORIES