Ինչպէս Է Ղեկավարւում Թուրքիան

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
«Ալիք»

Ըստ Թուրքիոյ սահմանադրութեան, հանրապետութեան նախագահն ընտրւում է եօթ տարուայ համար եւ չի կարող ընտրուել երկրորդ անգամ:

Հանրապետութեան նախագահը համարւում է պետութեան գլուխը, իսկ վարչապետը` կառավարութեան: Հանրապետութեան նախագահը Թուրքիոյ Հանրապետութեան եւ թուրք ժողովրդի միասնութեան ներկայացուցիչն է: Հանրապետութեան նախագահը աւելի ձեւական բնոյթ ունի եւ հիմնականում երկիրը ղեկավարում է վարչապետը: Հանրապետութեան նախագահին ընտրում է խորհրդարանը` երեսփոխանների  երկու երրորդի քուէով եւ ոչ թէ ժողովրդի ուղղակի քուէով: Հանրապետութեան նախագահը պէտք չէ անդամ լինի որեւէ կուսակցութեան:

Թուրքիայի ներկայ հանրապետութեան նախագահն է Ապտիւլլա Կիւլը, որը նախագահ է  ընտրուել 2007 թուականին` եօթ տարուայ համար (այսինքն` մինչեւ 2014 թ.): Նրա ընտրութեան շուրջ բաւական քաշքշուկներ ու տագնապներ տեղի ունեցան երկրի զինուորականների ու ներկայ կուսակցութեան գլուխ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան  (ԱԲԿ) պատասխանատուների, խորհրդարանի ու դատական ուժի պատասխանատուների միջեւ, բայց վերջապէս ընտրուեց Կիւլը. նա եղաւ Թուրքիոյ Հանրապետութեան առաջին նախագահը, որ ունէր իսլամական-կրօնական հակումներով անցեալ (Թուրքիոյ Հանրապետութեան հիմնադրման օրուանից երկիրն ունեցել է աշխարհիկ կարգեր, այսինքն կրօնը եւ քաղաքականութիւնը անջատ հարցեր են եւ բանակն ու զինուորականները աւանդաբար իրենց պատասխանատու են համարել` պահելու այդ կարգերը. ի հարկէ, վերջերս արդէն այդ դիմագիծը խախտուած է երկրում` շնորհիւ ԱԲԿ-ի վարած քաղաքականութեան, որը կապտել է բանակի ու զինուորականների ուժը):

Ինչեւէ Կիւլի ընտրուելուց (2007) շատ չանցած` երկրում տեղի ունեցաւ մի հանրաքուէ, ըստ որի, սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցուեցին, եւ կրկին ըստ որի, հանրապետութեան նախագահի շրջանը լինելու է հինգ տարի, եւ նախագահը կարող է ընտրուել երկրորդ անգամը լինելով (սահմանադրութեան օրէնքի յօդուածներ 101-ից  106-ը վերաբերում են հանրապետութեան նախագահութեանը, որը բացատրեցի յօդուածիս սկզբում):

Այդ օրուանից երկրում շփոթ կար, թէ նախագահը եօթ տարուայ համա՞ր է, թէ՞ հինգ տարուայ համար, մինչեւ որ անցեալ ուրբաթ (երբ լրացաւ Կիւլի հինգ տարին) երկրի բարձրագոյն դատարանը, այսինքն` սահմանադրական դատարանը, որոշում ընդունեց, որ Կիւլը մնայ իր պաշտօնին եօթ տարուայ համար (մինչեւ 2014 թ.) եւ կարող է նաեւ ընտրուել երկրորդ անգամը լինելով:

Սրանից մի քանի շաբաթ առաջ Թուրքիոյ  ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը այս դատարանից պահանջել էր նախագահութեան շրջանն աւարտուած համարել, եւ երկրում տեղի ունենայ նոր ընտրութիւն, որը մերժուեց դատարանի այս որոշումով:

Այս բոլորի կողքին, հետաքրքիր են վարչապետ Ռեճեփ  Թայիփ Էրտողանի տեսակէտները. նա արդէն երրորդ անգամը լինելով` դարձել է վարչապետ, յայտնի է իր կրօնական հակումներով ու զինուորականների դէմ մղած պայքարով, նա լրիւ կերպով դէմ է ներկայ կարգերին (կարգեր, որ դրուել են Թուրքիոյ Հանրապետութեան հիմնադրման օրուանից եւ պահպանուել աշխարհիկ  զինուորականների միջոցով): Ըստ Էրտողանի, երկիրը պէտք չէ լինի խորհրդարանական կարգերով, ուր նախագահին ընտրում է խորհրդարանը, այլ նախագահը պէտք է ընտրուի ժողովրդի ուղղակի քուէներով, եւ այն, որ նախագահը պէտք է իրաւունք ունենայ ընտրուելու երկրորդ անգամը լինելով, եւ վերջապէս այն, որ նախագահը պէտք է որեւէ կուսակցութեան անդամ լինի. այսպիսով, երկիրը կ՛ունենայ շատ ուժեղ հանրապետութեան նախագահ, որը, ըստ Էրտողանի, աւելի ժողովրդավարական է:

Ըստ թուրք քաղաքական փորձագէտների, Էրտողանը փորձում է օգտուել առիթից եւ պատրաստւում է, որ առաջիկայ հանրապետութեան նախագահը դառնայ եւ Կիւլն էլ դառնայ վարչապետ, այն, ինչ որ պատահում է Ռուսաստանում: Էրտողանը շատ էլ մտահոգուած չէ, որ երկրում տիրեն ժողովրդավարական կարգեր, այլ նրա մտահոգութիւնը ուժի մէջ մնալն է:

 

 

Share this Article
CATEGORIES