«Ֆորէյն Փոլիսի». «Կասպից Ծովի Նոր Ծովահրէշները»

 «Յետխորհրդային տարածաշրջանում վերջերս յայտնաբերուած քարիւղի հանքերի շուրջ մրցակցութեան պատճառով բարձր խաղադրոյքներով սպառազինութիւնների մրցավազք է սկսուել», արձանագրել է «Ֆորէյն Փոլիսի» ամերիկեան հանդէսը` տարածաշրջանի դիտարկմամբ:

Ըստ «Ֆորէյն Փոլիսի»-ի գնահատականի` «Հերթական ծաղկում ապրող սպառազինութիւնների վազքի յետեւում նորից քարիւղային քաղաքականութիւնն է. այս անգամ` երկար ժամանակ աչքաթող արուած Կասպից ծովում: Հինգ առափնեայ պետութիւններ այժմ մրցում են դրա խոստացած ածխաջրածնի նկատմամբ իրենց իրաւունքի համար: Մի տարածաշրջանում, որտեղ աւանդաբար գերիշխել են Իրանն ու Ռուսաստանը, նախկին խորհրդային երկրներ` Ազրպէյճանը, Ղազախստանը եւ Թուրքմենիստանը իրենց սեփական ռազմական հզօրութիւնն են հաստատում: Արդիւնքը` փոխադարձ անվստահութեան տարօրինակ համադրութիւն, հազուադէպ համագործակցութիւն եւ առաւել քան թեթեւ լարուածութիւն»` նկատելով, որ` «Ռուսաստանը երկար ժամանակ Կասպից ծովին վերաբերուել է որպէս իր բակի լողաւազանի, սակայն գլուխ բարձրացնող ռազմածովային տէրութիւններ կան, որոնք եւս այդ ջրերում թաթախում են իրենց ոտքերը»:

«Ռուսաստանն ընդդէմ Իրանի` երեք նախկին խորհրդային երկրներով հանդերձ, իսկ մէջտեղում` թրիլիոնաւոր քարիւղային տոլարներ». այսպիսին է «Ֆորէյն Փոլիսի»-ի գնահատականը:

Ըստ յօդուածագրի, սպառազինութիւնների աճող մրցավազքում փորձագէտներն առաջին անգամ տեսան, երբ Ռուսաստանն ու Ղազախստանը համատեղ զօրավարժութիւններ անցկացրին Կասպից ծովում: Ռուսաստանի բացատրութեամբ, դա նախապատրաստութիւն էր «Աֆղանստանից ՕԹԱՆ-ի ուժերի դուրս բերուելուց յետոյ անկայունութեան արտահանմանը»: Սակայն «Մոսկովսկի Քոմսոմոլեց»-ը հրապարակել էր իր տրամադրութեան տակ յայտնուած նոյն զօրավարժութիւնների քարտէսը, որից պարզ էր դառնում, որ դրանց բուն նպատակը Ղազախստանի նաւթահանքերը Էֆ-4, Էֆ-5 եւ Սու-25 կործանիչներից ու ռմբակոծիչների յարձակումից պաշտպանելն է: Իսկ ենթադրեալ յարձակուողը Իրանն է եղել:

«Ազրպէյճանը, Ղազախստանը եւ Թուրքմենիստանը իրենց նորայայտ հարստութիւնները պահպանելու համար հապճեպ նոր նաւատորմեր են ստեղծում, Ռուսաստանն ու Իրանը ամրացնում են արդէն ունեցածը. այդ ամէնը վեր է աճում մի բանի, որ նախկինում ոչ ոք չի տեսել Կասպից ծովում, այն է` սպառազինութիւնների մրցավազքի: Այս աճի հիմնական պատճառը կարող է լինել անվստահութիւնը, սակայն դա միակ բանը չէ. աւելի փոքր երկրներն էլ են անհանգստանում այն բանից, թէ Ռուսաստանի նաւատորմային գերիշխանութիւնը ինչպէս է Մոսկուային թոյլ տալիս տնօրինել իրենց ուժանիւթային քաղաքականութիւնը: Իրանն ու Ռուսաստանը, միեւնոյն ժամանակ, վախենում են Կասպից ծովում ամերիկեան եւ եւրոպական յայտնութիւնից», գրել է «Ֆորէյն Փոլիսի»:

Յօդուածագրի գնահատականով` եկել է ժամանակը, երբ մարտահրաւէր է նետւում Ռուսաստանի համար մի տեսակ կարգախօս դարձած Պետրոս Մեծի խօսքին, որը գրուած է Նաւատորմի կենտրոնական գրասենեակում. «Մեր շահերը երբեք թոյլ չեն տայ որեւէ այլ պետութեան յաւակնութիւն ունենալ Կասպից ծովի նկատմամբ»:

Կասպիական ուժանիւթային պաշարների փորձագէտ Սթիւ Լեւայնի գնահատականով,  ծովը շուրջ 40 միլիառ տակառ քարիւղ «ունի»` գրեթէ ամբողջը` երեք երկրների վերահսկման շրջաններում: «Սակայն այն, թէ ով ի՛նչ է վերահսկում, բարդ հարց է. մի-երկու երկիր իրար միջեւ երկկողմ համաձայնագրեր են կնքել, որոնցով ծովը բաժանում են միմեանց միջեւ, իսկ որոշ սահմաններ` հիմնականում Իրանին վերաբերող, անորոշ են մնում: Պարզ չէ նաեւ ստորջրեայ Անդրկասպեան կազամուղի օրինականութեան հարցը (ինչպէս ցանկանում է Թուրքմենիստանը` Ազրպէյճանով դէպի Եւրոպա բնական կազ արտածելու համար), իսկ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Իրանը դէմ են նախագծին»:

Ամէն բան հարթ չէ նաեւ «դաշնակից երկրների» միջեւ. այսպէս` Անդրկովկասեան կազամուղի բերումով գործընկերներ` Ազրպէյճանն ու Թուրքմենիստանը վերջերս սուր մեղադրանքներ են փոխանակել քարիւղի վիճելի հանքի շուրջ:

Իրանը եւս վերջերս յայտնել է խոշոր` մօտ 10 միլիառ տակառ քարիւղի պաշարների յայտնաբերման մասին, սակայն դեռ չի նշել յստակ տեղը: Ենթադրւում է, որ դա ազրպէյճանական ջրերում է: Իր հերթին, Ազրպէյճանը դեռ չի ստացել Իսրայէլից իր հականաւային հրթիռները:

Չնայած Ռուսաստանի նաւատորմն ամենահզօրն է Կասպից ծովում, այդ երկիրը ջանք չի խնայում իր «անմրցունակ» մրցակիցների հետ մրցելու համար. այս տարի Սեւ ծովից Կասպից ծով կը տեղափոխուի ռուսական մէկ մարտանաւ: Իսկ մինչեւ 2020-ը Ռուսաստանը նախատեսում է 16 նաւ աւելացնել իր Կասպեան նաւատորմում:

Իրանը երկրորդն է Կասպից ծովում. իր նաւատորմը ստեղծել է խորհրդային շրջանում` գրեթէ ոչնչից: Այսօր ունի մօտ 100 հրթիռային նաւ: Յայտնել է նաեւ, որ «խորտընկեց» է կառուցում, որը լինելու է իր Կասպեան նաւատորմի ամենամեծ նաւը:

Միւս երեք երկրների նաւատորմերի հիմքում խորհրդային ժամանակներից մնացած նաւեր են եւ ամերիկեան նուիրատուութիւններ` հսկողութեան նաւեր: Սակայն, օրինակ` Թուրքմենստանը առափնեայ Թուրքմենպաշի քաղաքում ռազմածովային խարիսխ եւ ակադեմիա է կառուցում եւ ռուսական երկու հրթիռային ռազմանաւ է գնել:

Ղազախստանն այս տարի թողարկել է տեղական առաջին հրթիռային ռազմանաւը: Եւս երկուսը գնելու ծրագիր ունի:

Ազրպէյճանին «Ֆորէյն Փոլիսի» «դանդալոշ» է անուանում, որը իր պում  ապրող պաշտպանական պիւտճէի համարեա ամբողջ պիւտճէն կենտրոնացրել է ցամաքային եւ օդային ուժերի վրայ` «Լեռնային Ղարաբաղը վերանուաճելու համար»: Սակայն այդ երկիրն էլ վերջերս աւելի շատ կասպեան անվտանգութեան վրայ կենտրոնանալու նշաններ է դրսեւորել` հականաւային հրթիռներ գնելով Իսրայէլից:

«Մի քանի մարտանաւ այս կողմ, մի քանի մարտանաւ այն կողմ, դեռ չի նշանակում, թէ Կասպից ծովը Հարաւ-չինական ծովն է, բայց միտումը վտանգաւոր է. սա կարող է յանգեցնել աւերիչ հակամարտութեան, այն դէպքում, երբ երկրներից ոչ մէկը իրականում դա չի ցանկանում: Այս երկրներն իրենց մրցավազքը արդարացնում են պայքարով` ահաբեկչական յարձակման կամ ծովահէնութեան դէմ, չնայած որ առայժմ գրեթէ չի եղել նման բաների հնարաւորութիւն», դիտել է տուել յօդուածագիրը:

«Իրականում Կասպից ծովը անվտանգութեան երկսայրաբանութեան դասական դէպք է, երբ պաշտպանական քայլերը հարեւանները կարող են յարձակողական ընկալել», արձանագրել է ամերիկեան հանդէսը: Եւ այս առնչութեամբ մէջբերում Պաքուի Ռազմավարական ուսումնասիրութիւնների կենտրոնի վերլուծաբան Ռեշատ Քարիմովին. «Եթէ [տարածաշրջանում] ոեւէ մէկը չափազանց ապահով է, ապա ոչ ոք ապահով չէ»:

Share this Article
CATEGORIES