«Հայաստանի Ազատ Ձայն»-Ի Հարցազրոյցը «Ա-ԻՆՖՕ» Լրատուական Գործակալութեան Տնօրէն Արտակ Գաբրիէլեանի Հետ. Եթէ Այսպէս Շարունակուի, Ջաւախքում Հայ Չի Մնայ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Այսօր խօսելու ենք ջաւախահայի խնդիրների մասին: Մեր հիւրն է Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող, «Ա-Ինֆօ» լրատուական գործակալութեան տնօրէն Արտակ Գաբրիէլեանը, ով բացի թուարկելուց խնդիրները` նաեւ մատնանշում է խնդրի լուծման իրատեսական տարբերակներ, որոնք հիմնականում կապուած են վրացական իշխանութիւնների փոխհամաձայնութեան հետ:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խնդրեմ` ասացէք, ի՞նչ հիմնական խնդիրներ ունի ջաւախքցին:

Արտակ Գաբրիէլեան

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Ջաւախքում վիճակը վատ է` մի քանի առումներով ու մի քանի ոլորտում: Մի քանի հիմնադրոյթներ առանձնացնենք: Առաջինը` կրթական հիմնախնդիրներն են, որոնք շատ կարեւոր են: Ամէն տարի հայոց լեզուի դասաժամերը կրճատւում են, հայկական դպրոցները կոչւում են` հանրային: Հայոց լեզուն պահպանելու խնդիրը շատ մտահոգիչ է: Ամէն տարի իրավիճակը բարդանում է, եւ լուծման ճանպարհը կարծես թէ սահմանափակ է: Եթէ 5-6 տարի առաջ այդ վտանգը չկար, ապա վերջին 2-3 տարում արդէն կայ: Երկրորդ հիմնախնդիրը ընկերային-տնտեսական խնդիրներն են, որոնք հանդիսանում են արտագաղթի թափ առնելու պատճառ: Գիւղմթերքների արտահանումը եւս մեծ խնդիր է:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Թուարկեցիք խնդիրները, բայց չառանձնացրիք եւս մի կարեւոր խնդիր: Արդեօ՞ք ոտնահարուած չեն Ջաւախքում ապրող հայի իրաւունքները:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Վերջին շրջանում` կապուած ընտրութիւնների հետ, ոչ միայն Ջաւախքում, այլեւ ողջ Վրաստանում ոտնահարուած են իրաւունքները: Եթէ տուեալ անձը կապուած է ընդդիմութեան հետ, ինքնաբերաբար զրկւում է աշխատանքից, ճնշումների է ենթարկւում, սառեցւում դրամատնային հաշիւները: Իսկ Ջաւախքում միշտ է ոտնահարուած մարդու իրաւունքերը` անկախ նրանից ընտրութիւննե՞ր են, թէ՞ ոչ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խօսենք յառաջիկայ ընտրութիւններից: Հայերը ո՞ր քաղաքական ուժին են սատարում: Հայաստանցիները ո՞ր քաղաքական ուժի կողքին են կանգնած այստեղի ընտրութիւնների ժամանակ:  Թէեւ հարցը նման է, բայց ես կարծում եմ, որ տարբեր հարթութիւններ են: Մի՞թէ Ջաւախքում առաւել շատ չէ վախի մթնոլորտը:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Ի հարկէ, վախի մթնոլորտ կայ: Այսօր ջաւախահայութեան մի ստուար զանգուած դէմ է տեղի իշխանութիւններին, պատճառն այն է, որ տեղի իշխանութիւնների օրօք են առաջացել այս խնդիրները: Թէ առաջիկայում ինչ դիրքորոշում կը բռնի ջաւախահայութիւնը, կապուած է այն բանի հետ, թէ որ քաղաքական ուժը կը լուծի, կամ կը խոստանայ լուծել ջաւախահայութեան խնդիրները: Թող խոստանայ իշխանութիւնը, մենք էլ մեր ձայնը տանք իշխանութեանը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Կա՞յ մի քաղաքական ուժ, որը սատարում է ջաւախահայութեանը:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Դեռեւս չկայ ոչ մի քաղաքական ուժ, որի հետ մենք կարողանանք համագործակցել: Ե՛ւ իշխանութիւնը, ե՛ւ ընդդիմութիւնը չեն փոխում համագործակցելու իրենց դիրքորոշումը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Իսկ Հայաստանի իշխանութիւնները որեւէ քաղաքական աջակցութիւն ցուցաբերո՞ւմ են:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Բացարձակապէս` ոչ: Հայաստանի իշխանութիւնների համար կայ միայն վիրահայութիւն: Հայաստանի իշխանութիւնների կողմից ոչ մի քաղաքական աջակցութիւն չի եղել: Շատ թեթեւ տարբեր նախարարութիւնների կողմից թեթեւ քայլեր են եղել: Հասարակական հիմունքներով մէկ-մէկ օգնութիւն է եղել, մի քանի գիրք եւ այլն:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խօսենք Վրաստանում հայկական եկեղեցիների, խաչքարերի պղծման գործընթացների մասին, որոնք սկիզբ են առել շատ վաղուց: Արդեօ՞ք այդ գործընթացը շարունակական է:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Կարծես թէ վերջին շրջանում կանգ են առել նման քայլերը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Ի՞նչ կ՛ասէք, վրացական իշխանութիւնների կողմից վարուող հայաթափման քաղաքականութեան մասին: Երկար տարիներ դա այդպէս է, ըստ ձեզ, արդեօ՞ք հիմա էլ են բոլոր քայլերն այդ ուղղութեամբ տարւում:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Այդ քաղաքականութիւնը վարւում է դեռեւս 90-ականներից: Հիմա կարողանում են իրենց քաղաքականութիւնը ծառայեցնել նպատակին: Եթէ այսպէս շարունակուի, Ջաւախքում հայ չի մնայ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խնդրեմ` ասացէք, ինչպէ՞ս է իրեն զգում Ջաւախքում ապրող հայը: Արդեօ՞ք հոգեպէս ընկճուած է:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Այո՛, ընկճուած է: Նա երաշխաւոր է փնտռում: Ու Հայաստանը նրա համար երաշխաւոր չի կանգնում:

 

Share this Article
CATEGORIES