Վահագն Տատրեան, Թաներ Աքչամ, «Դատավճիռ Ստամպուլում: Հայոց Ցեղասպանութեան Առնչուող Դատավարութիւնները». Համառօտ Ակնարկ

Գիրքը նուիրուած է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանը` ըստ այդ գործում ընդգրկուած յանցագործների դէմ օսմանեան յատուկ ռազմական դատարանի քրէական վարոյթի փաստաթղթերի: Յետպատերազմեան շրջանում օսմանեան յատուկ ռազմական դատարանի նպատակը այդ ոճրագործութեան կազմակերպիչների բացայայտումն ու պատժումն էր: Ինչպէս դատարանը բացայայտեց մօտ երեք տարիների ընթացքում (1919-1922), ցեղասպանութեան կազմակերպման գործում ռազմականացած մի քաղաքական կուսակցութեան մի քանի առաջնորդների` երիտթուրքերի խունթայի խաղացած գրեթէ ամենազօր դերը իրենց կառավարական ենթակաների հետ միասին, դարձաւ միանգամայն ակնյայտ: Այդ կուսակցութեան անունն էր «Իթթիհատ վէ թերաքքը» կամ «Միասնութիւն եւ առաջընթաց»:

Ուսումնասիրութիւնը գրեթէ ամբողջապէս խարսխուած է բնօրինակների եւ վաւերացուած պաշտօնական փաստաթղթերի վրայ: Փաստաթղթերում ընդգրկուած վկայութիւնը բացարձակապէս սովորական վկայութիւն չէ, այլ այնպիսինն է, որ իրաւականօրէն բնութագրւում է որպէս հիմնաւոր ապացոյց:

Ամէնից կարեւորն այն է, որ դատավարութիւնների փաստաթղթերը որակուել են որպէս անվիճելի եւ ստուգելի` ռազմական դատարանի կողմից ընդունուած յատուկ իրաւական ընթացակարգի միջոցով. գլխաւոր մեղադրեալները վկայի կարգավիճակով հրաւիրուել էին քննուելու եւ հաստատելու բազմաթիւ գաղտնի եւ յոյժ գաղտնի փաստաթղթերի վաւերականութիւնը, որոնք կրում էին իրենց ստորագրութիւնները: Այս փաստաթղթերից շատերն ապահովուել եւ վաւերացուել էին մինչ դատավարական նախաքննութեան շրջանում ներքին գործերի եւ արդարադատութեան նախարարութիւնների պաշտօնեաների կողմից: Օգտագործուած վաւերականացման բանաձեւը հետեւեալն էր. «Համապատասխանում է բնօրինակին»:

Գիրքն իրենից ներկայացնում է նորոյթներ (նախընթացներ) մի քանի առումներով.

1. Առաջին անգամն է, որ դատական վարոյթների ամբողջական յայտնի փաստաթղթերը ներկայացւում են անգլերէնով: Ուսումնասիրութիւնը հիմնուած է թուրքական բնօրինակների վրայ, որոնք օսմանեան կառավարութիւնը ստիպուած էր տրամադրել դատավարութիւնների ընթացքում: Դրանք ներառում են օսմանեան բարձրաստիճան պաշտօնեաների անձնական, ականատեսների վկայութիւններ, որոնք տրուած են երդման տակ` հայերի դէմ կիրարկուած յանցագործութիւնների հսկայական ծաւալների մասին: Մեղադրական եզրակացութիւնները, վկայութիւնները եւ դատավճիռները յստակօրէն ապացուցում են նոյնահպատակ հայ քաղաքացիների նկատմամբ ցեղասպանութիւն իրագործելու երիտթուրքերի կառավարութեան կենտրոնացուած ծրագրումը եւ դիտաւորութիւնը:

2. Առաջին անգամն է, որ դատավարութիւնների վերականգնման նպատակով օգտագործուել են այդ ժամանակաշրջանի օսմանեան թերթերը, որոնց հաւաքման, թուայնացման, խմբագրման, տառադարձման եւ թարգմանութեան գործը հովանաւորուել է «Զօրեան» հիմնարկի կողմից` «Գիտելիքի համընդհանուր կենտրոնի ստեղծում» երկարաժամկէտ ծրագրի պարունակում:  Մինչ պաշտօնական կառավարական գրառումները նշում են միայն տասներկու դատավարութիւններ, օսմանեան թերթերը մանրամասներ է ներկայացնում վաթսուներեքի մասին: 2001-2004 թուականների ընթացքում մի քանի հետազօտողներ շրջել են Թուրքիայի տարբեր քաղաքների գրադարաններում` 1919-1921 թուականներին գործող օսմանեան տասնեօթ թերթերում դատավարութիւնների վերաբերեալ յօդուածները գտնելու եւ թուայնացնելու նպատակով: Անչափ կարեւոր էր ծրագրի դիտաւորութեան մասին պաշտօնեաներին չյայտնելը, քանի որ մուտքը արխիւներ եւ գրադարաններ կարող էր սահմանափակուել կամ արգելուել: Արդիւնքում, «Զօրեան»-ն այժմ ունի դատավարութիւնների մասին օսմանեան թերթերում տպագրուած հարիւրաւոր յօդուածների գրեթէ ամբողջական հաւաքածուն: Այս յօդուածները թարգմանուել են ժամանակակից թուրքերէնի, իսկ յօդուածների վերնագրերը թարգմանուել են նաեւ անգլերէն: Այս թերթերի թուային պատկերները պահպանւում են «Զօրեան»-ի արխիւներում:

3. Առաջին անգամն է, որ ազգային դատարանը յաջողութեամբ քննել է սեփական քաղաքացիների նկատմամբ զանգուածային բարբարոսութեան այսպիսի դէպք: «Մարդկութեան դէմ յանցագործութիւնների» իրաւական սկզբունքը, որ ձեւաւորուեց այս դատաքննութեան ընթացքում, հեռահար ազդեցութիւններ է ունեցել եւ տեղ է գտել Նիւրեմպերկի կանոնակարգում, Թոքիոյի կանոնակարգում, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի ցեղասպանութեան հռչակագրում:

4. Սա Հայոց ցեղասպանութեան երկու միջազգայնօրէն ամենայայտնի գիտնականների` ազգութեամբ հայ Վահագն Տատրեանի եւ ազգութեամբ թուրք Թաներ Աքչամի առաջին միացեալ հրատարակութիւնն է:

Պատերազմական շրջանի նախարարների դահլիճը, երիտթրքական կուսակցութեան ղեկավարները, ինչպէս նաեւ շատ ուրիշներ ենթարկուել էին դատաքննութեան` ռազմական դատարանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմին Թուրքիայի մասնակցութիւնն ապահովելու եւ հայերի բնաջնջումն իրագործելու համար: Շատերին առաջադրուել էին մեղադրանքներ եւ համապատասխան պատժաչափեր` ծանր պայմաններով աշխատանքային գաղութներում բանտարկութիւնից մինչեւ մահապատիժ: Թալէաթը, Էնվերը, Ճեմալը եւ տոքթ. Նազըմը հեռակայ կարգով դատապարտուել էին մահուան:

1921թ.-ի յունուարի 13-ին յատուկ ռազմական դատարաններն ամբողջութեամբ լուծարուեցին` իրենց լիազօրութիւնները զիջելով սովորական ռազմական դատարաններին: Մինչ կ՛ենթարկուէին դատական պատասխանատուութեան` Միասնութիւն  եւ առաջընթաց կուսակցութեան գրեթէ բոլոր անդամները փախուստի ճամբով յաջողութեամբ լքել էին Թուրքիան: Կուսակցութեան մի շարք այլ առաջնորդներ հեռակայ կարգով դատապարտուեցին մահուան կամ ազատազրկման: Այնուամենայնիւ, սրանցից շատերը խուսափեցին պատասխանատուութիւնից կամ ազատ արձակուեցին, քանի որ Դաշնակից ուժերը չափազանց դանդաղ էին դատավարութիւնների իրագործման հարցում, մշտապէս քարկոծում էին միմեանց, եւ ի վերջոյ դուրս բերեցին իրենց ուժերը Թուրքիայից` միաժամանակ ազատ արձակելով տասնեակ հազարաւոր ռազմագերիների, ովքեր պատրաստակամօրէն միացան քեմալական ապստամբութեանը: 1923 թ.-ի յուլիսի 24-ի Լոզանի պայմանագիրը թուրքերի շատ յամառ պնդումների պատճառով ձեւակերպուել էր այնպէս, որպէսզի խուսափէր պատերազմի յանցագործութիւնների եւ ջարդերի թեմայի քննարկումից: Համաներման մասին 8 յայտարարութեամբ  եւ պայմանագրին կից արձանագրութեամբ, եւ քանի որ քեմալականութիւնն ստացել էր առաջնային նշանակութիւն եւ վերջ էր տուել Օսմանեան կայսրութեանը, հայերի համար արդարադատութեան հետապնդումն աւարտուեց:

Ինչպէս նշուել է իրաւաբան Ռաֆայէլ Լեմքինի կողմից, ով առաջինն է շրջանառութեան մէջ դրել «ցեղասպանութիւն» եզրը, հայերի ցեղասպանութիւնն իրենից ներկայացնում է ցեղասպանութեան պատմական առաջին դէպքը, երբ կառավարութիւնը փորձել է վերացնել իր իսկ քաղաքացիներ հանդիսացող էթնիկապէս եւ կրօնականօրէն ճանաչելի մարդկանց մի խումբ, եւ որը հանդիսանում է մի շարք գիտնականների կողմից այսօր որպէս «արդի ցեղասպանութիւն» ճանաչուած երեւոյթի նախատիպը: Սա այն դէպքի դասական օրինակն է, թէ ինչպէս մի յանցանքի անպատիժ մնալը կարող է յանգեցնել նոր յանցանքի, ինչպէս Ատոլֆ Հիթլերն յայտնի կերպով արդարացնում էր իր ծրագիրը` 1939թ.-ին հարցնելով իր զօրավարներին, թէ` «Ո՞վ է այսօր յիշում հայերի ջարդը»:

«Դատավարութիւնը Ստամպուլում: Հայոց ցեղասպանութեան դատավարութիւնները» գիրքը նոր հեռանկար է առաջարկում ցեղասպանութեան պատմական ու բարոյական ուսումնասիրութիւնների շուրջ եւ ներկայացնում է քրէական դէպքի մը իրաւական ուսումնասիրութիւնը: Այն կարեւորագոյն նշանակութիւն ունի այսօր` հաշուի առնելով ժամանակակից միջազգային հետաքրքրութիւնը ցեղասպանութեան եւ յատկապէս Հայոց ցեղասպանութեան եւ դրա ժխտման հարցերի շուրջ:

Գրքի ուրուագծին ծանօթանալու համար տես Բովանդակութիւնը ստորեւ:

Հեղինակների Մասին

Վահագն Տատրեանի մասնագիտացման բնագաւառը ցեղասպանութիւնն է ընդհանրապէս եւ Հայոց ցեղասպանութիւնը` մասնաւորապէս: Մի քանի տարիներ նա ղեկավարել է ցեղասպանութեան ուսումնասիրութեան մի մեծ ծրագիր, որը հովանաւորւում էր Հ. Գ. Կուկնհայմ ֆոնտի կողմից: Ծրագրի առաջին հիմնական ձեռքբերումը մի ընդգրկուն հատորի տպագրութիւնն էր, այժմ հինգերորդ ընդլայնուած հրատարակութեամբ, որ վերնագրուած է «Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը. ազգային հակամարտութիւնը Պալքաններից մինչեւ Անատոլիա եւ Կովկաս» (Օքսֆորտ եւ Փրովիտենս, Ռիչմոնտ, 1995): Այս աշխատանքը հրատարակուել է ֆրանսերէնով (Փարիզ, երկրորդ տպագրութիւնը) եւ յունարէնով (Աթէնք) ինչպէս եւ թուրքերէնով, սպաներէնով, իտալերէնով եւ հայերէնով: Փրոֆէսէօր Տատրեանի մէկ այլ կարեւոր աշխատանքն է «Գերմանիայի պատասխանատուութիւնը Հայոց ցեղասպանութեան հարցում. Գերմանիայի մասնակցութեան պատմական վկայութեան ակնարկ» գիրքը, որ տպագրուել է 1996-ին (Քեմպրիճ, Մասաչուսեց) եւ այժմ երրորդ հրատարակութեան մէջ է: Նրա երրորդ գիրքը` «Ցեղասպանութեան երաշխիքը. հայ-թուրքական հակամարտութեան կարեւորագոյն տարրերը», լոյս է տեսել 1999-ին (Լոնտոն եւ Նիւ Պնարսուիք, Նիւ Ճըրզի): Հեղինակի վերջին գիրքը վերնագրուած է «Հայոց ցեղասպանութեան թուրքական մերժման կարեւորագոյն տարրերը» (Քեմպրիճ, Մասաչուսեց եւ Թորոնթօ, 1999): Այս գիրքը թարգմանուել է սպաներէն Պուէնոս Այրեսում (2002): Բացի նշուած մենագրութիւններից, Տատրեանը տպագրել է մի շարք յօդուածներ աշխարհի տարբեր գիտական ամսագրերում: Հրատարակութիւնների իր ընդարձակ շարքը ներառում է մի քանի յօդուածներ Հրէական ողջակիզման եւ ամերիկեան հնդկացիների հետապնդումների մասին: 2005թ.-ին հեղինակն արժանացել է չորս տարբեր մրցանակների` ցեղասպանութեան ուսումնասիրութիւններում ունեցած ներդրումների համար: Ներկայումս փրոֆեսէօր Տատրեանը «Զօրեան» հիմնարկի ցեղասպանութեան հետազօտութիւնների տնօրէնն է:

Թաներ Աքչամը ծնուել է Թուրքիայի հիւսիս-արեւելքում, Արտահանի շրջանում, եւ վաղ հասակից հետաքրքրուել է թուրքական քաղաքականութեամբ: Որպէս քաղաքական ամսագրի գլխաւոր խմբագիր` 1976-ին ձերբակալուել եւ դատապարտուել է տաս տարուայ ազատազրկման: Մէկ տարի անց, փախչելով բանտից, յայտնուել է Գերմանիայում որպէս քաղաքական փախստական: Աքչամը հրատարակել է հետեւեալ գրքերը. «Երկխօսութիւնը միջազգային բաժանարար գծի երկայնքով. ակնարկներ թուրք-հայկական երկխօսութեան մասին» (2001), «Կայսրութիւնից դէպի հանրապետութիւն. թուրքական ազգայնականութիւնը եւ Հայոց ցեղասպանութիւնը» (2004): «Ամօթալի արարք. Հայոց ցեղասպանութիւնը եւ թուրքական պատասխանատուութիւն» մենագրութիւնը լոյս է տեսել 2006թ.-ի նոյեմբերին եւ թարգմանուել է հոլանտերէն, ֆրանսերէն, իտալերէն, լեհերէն եւ սպաներէն: Նա առաջին ազգութեամբ թուրք գիտնականն է, որ ուշադրութեան է դարձրել Հայոց ցեղասպանութեան պատմականութեան վրայ, եւ  որի համար ենթարկուել է թուրքական պետութեան հալածանքներին: 2006թ.-ի ապրիլին Մասաչուսեցի նահանգային կառավարութեան կողմից պարգեւատրուել է ականաւոր մրցանակով` մարդու իրաւունքներին եւ ցեղասպանութեան ժխտման դէմ պայքարին նուիրուած իր կարկառուն աշխատանքի համար: Ներկայումս Քլարք համալսարանի պատմութեան փրոֆեսէօր է եւ միաժամանակ ղեկավարում է Ողջակիզման եւ ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների կենտրոնի Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների Գալուստեան/Մուգար ամպիոնը:

Բովանդակութիւն

Օսմաներէն-թրքերէն բառեր եւ անուններ xi

Ներածութիւն 1
Վահագն Տատրեան եւ Թաներ Աքչամ

ՄԱՍ I. Դատավարութիւնների պայմանները
Գլուխ 1. Թուրք-հայկական հակամարտութեան պատմութիւնը 13
Վահագն Տատրեան

Գլուխ 2. Ռազմական պարտութիւնը եւ յաղթողների` պատժիչ արդարադատութեանն մղումը 19
Վահագն Տատրեան

Գլուխ 3. Յատուկ ռազմական դատարանների նախապատրաստութիւնները 78
Վահագն Տատրեան

Գլուխ 4. Յատուկ ռազմական դատարանների ձեւաւորումը 93
Վահագն Տատրեան

Գլուխ 5. Զարգացող քեմալիզմը եւ յատուկ ռազմական դատարանները 101
Վահագն Տատրեան

Գլուխ 6. Հիմնական դատավարութիւնների շարքը եւ առնչուող դատավճիռները. «Տեղահանութեան», «քաղաքացիական պատերազմի» եւ «միջհամայնքային բախումների» փաստարկների կեղծարարութիւնը 108
Վահագն Տատրեան

Գլուխ 7. Իրաւական վարոյթները որպէս հայեցակարգային պարունակ 126
Վահագն Տատրեան

Գլուխ 8.  Դատավարութիւնների շուրջ առկայ պայմանների ամփոփում 154
Վահագն Տատրեան

Գլուխ 9. Որոշ գլխաւոր յանցագործների դատական լուծարումը Միասնութիւն ե՛ւ առաջընթացի ե՛ւ քեմալիստ իշխանութիւնների կողմից, եւ այլ մեղսակիցների փնտռման աւարտը 177
Վահագն Տատրեան

ՄԱՍ II. Դատավարութիւններէ անդին
Գլուխ 10. Ստամպուլի ռազմական դատարանի կողմից սահմանուած մահապատիժները 195
Թաներ Աքչամ

Գլուխ 11. Դատավարութիւնների լուսաբանումը Ստամպուլի թուրքական մամուլում 200
Թաներ Աքչամ

Գլուխ 12. Օսմանական ռազմական դատարանների ձեւաւորումն ու գործառնութիւնը 251
Թաներ Աքչամ

Գլուխ 13. Մեղադրական եզրակացութիւնների  եւ դատավճիռների ամբողջական տեքստերը անգլերէնով 271
Թաներ Աքչամ

Յաւելուած 333
Եզրերի բառարան 335
Արխիւային, դատական եւ խորհրդարանական փաստաթղթեր 337
I. Օսմանեան կայսրութիւնը եւ Թուրքական հանրապետութիւնը 337
II. Կայսրական Գերմանիան եւ գերմանական պաշտօնական գրառումները 342
III. Կայսրական Աւստրօ-Հունգարիան 344
IV. Մեծ Բրիտանիան 345
V. Ամերիկայի Միացեալ Նահանգները 346
VI. Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնը 346
VII. Ֆրանսիան եւ ֆրանսիական արխիւները 346
VIII. Հայկական արխիւային փաստաթղթերը 346

Երկրորդային աղբիւրների գրականութեան ցանկ 348
Գրքեր 348
Թուրքերէն 348
Անգլերէն 350
Գերմաներէն 351
Ֆրանսերէն 351
Հայերէն 351
Յօդուածներ 352
Թուրքերէն 352
Անգլերէն 352
Գերմաներէն 353
Հայերէն 353

Թերթեր  354
Թուրքական  354
Ֆրանսական 354
Ամերիկեան 354
Բրիտանական 355
Քանատական 355
Աւստրալական 355
Հայկական 355
Ինդեքս ցուցակ 356

«ԶՕՐԵԱՆ» ՀԻՄՆԱՐԿ

Share this Article
CATEGORIES