Սերժ Սարգսեանը Հրաւիրուել Է Մոսկուա. Բարդ Ընտրութիւն. Դէպի Եւրասիակա՞ն, Թէ՞ Եւրոպական Միութիւն
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Նախագահի պաշտօնում վերընտրուելուց յետոյ տեղի է ունենալու Վլատիմիր Փութինի եւ Սերժ Սարգսեանի առաջին հանդիպումը: Օգոստոսի 8-ին Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկուա: Այն իրողութիւնը, որ այցը տեղի է ունենում Սարգսեանի արձակուրդի օրերին, ենթադրել է տալիս, որ ռազմավարական գործընկեր պետութիւնների առաջնորդների հանդիպման նախաձեռնողը ռուսական կողմն է: Աւելի յստակ` Սերժ Սարգսեանը կարեւոր հարցերով հրաւիրուել է Մոսկուա:
Քրեմլինի պաշտօնական կայքը հաղորդել է, որ Փութին-Սարգսեան հանդիպման ընթացքում կը քննարկուեն քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում երկկողմ համագործակցութեան առանցքային հարցեր, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցութեան հարցը եւրասիական գործընթացներում, մասնաւորապէս` ԱՊՀ (Անկախ պետութիւնների համագործակցութիւն) եւ ՀԱՊԿ (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն) շրջանակներում, ինչպէս նաեւ` տարածաշրջանային, միջազգային օրակարգի խնդիրներ, իրավիճակը Հարաւային Կովկասում: Քրեմլինի պաշտօնական կայքը յիշեցրել է, որ 2012 թուականի յունուար-մայիս ամիսներին Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծաւալը գերազանցել է 2.8 միլիառ տոլարը, իսկ Հայաստան-Ռուսաստան երկկողմ առեւտրաշրջանառութիւնը կազմել է շուրջ 435 միլիոն տոլար:
Երկկողմ յարաբերութիւններում երկրորդական չեն առաջնորդների անձնական յարաբերութիւնները: Սերժ Սարգսեանի եւ Վլատիմիր Փութինի յարաբերութիւնները բարդացան, երբ վերջինս Ռուսաստանի վարչապետն էր: Տարիներ առաջ, երբ Երեւան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Սերժ Սարգսեանը պարգեւատրեց շքանշանով, դա շատ զայրացրեց Փութինին, ով հրապարակաւ չի թաքցնում իր ատելութիւնը Սահակաշվիլիի հանդէպ` նրան երբեմն անուանելով յանցագործ:
Մի քանի տարի շարունակ, այն ժամանակ վարչապետ Փութինը, հրաժարւում էր հանդիպել Սարգսեանին, երբ վերջինս յաճախակի այցերով մեկնում էր Ռուսաստան: Աւելի՛ն. Փութինը այդ ընթացքում առիթը բաց չէր թողնում հանդիպելու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի հետ, երբ վերջինս մասնաւոր այցերով լինում էր Մոսկուայում: Այս իրողութիւնը, անկասկած, որոշակի անյարմարութիւն էր ստեղծում Սարգսեանի համար:
Օգոստոսի 8-ին Մոսկուայում կայանալիք Փութին-Սարգսեան հանդիպման ընթացքում առանցքային են լինելու մի շարք հարցերի քննարկումները, որոնք առաջին հերթին Հայաստանի համար ունեն կենսական նշանակութիւն: Կարելի է առանձնացնել նման երեք հարց: Առաջին` Ռուսաստանը Հայաստանին տրամադրելո՞
ւ է մինչեւ մէկ միլիառ տոլար վարկ: Երկրորդ` 2013 թուականին որքանո՞վ է ռուսական կազը թանկանալու Հայաստանի համար: Երրորդ` Հայաստանը ի՞նչ դիրքորոշում ունի Եւրասիական Միութիւն ստեղծելու Փութինի ծրագրի հանդէպ: Ընդ որում, երրորդ հարցին Հայաստանի պատասխանը կապուելու է առաջին երկուսի հետ:
Նախ հասկանանք, թէ ի՞նչ է Եւրասիական Միութիւնը: 2011 թ. հոկտեմբերին Փութինը Մոսկուայի «Իզվեսթիա» թերթում մի յօդուած հրապարակեց «Նոր համարկման նախագիծ Եւրասիայի համար. ապագայ, որը ծնւում է այսօր» խորագրով: Արեւմուտքում այդ յօդուածը ընկալուեց Խորհրդային Միութիւնը վերականգնելու Փութինի ձգտում: Իրականում ի՞նչ էր գրել Փութինը այդ յօդուածում: «Այս կամ այն կերպով Խորհրդային Միութիւնը վերականգնելու մասին խօսք անգամ չկայ: Միամտութիւն է կարծել, թէ հնարաւոր է վերականգնել կամ նմանակել անցեալում մնացած որեւէ երեւոյթ: Միւս կողմից` տնտեսական, քաղաքական եւ արժեհամակարգային հիմքի վրայ սերտ համարկումը ժամանակի հրամայականն է», գրել էր Փութինը:
Նախագահ Փութինի կարծիքով, ապագայում ստեղծուելիք Եւրասիական Միութեանը նախ պէտք է անդամակցեն Ռուսաստանը, Ղազախստանը եւ Պիելոռուսիան, իսկ աւելի ուշ` Տաճիկստանը եւ Խըրխզստանն: «Մենք ողջունում ենք այլ պետութիւնների, առաջին հերթին` ԱՊՀ անդամների ընդգրկումն այս նախագծում: Որեւէ պետութեան, սակայն, չենք շտապեցնելու կամ այդ քայլին դրդելու նպատակ չունենք: Եւրասիական Միութեանը մաս կազմելու որոշումը պէտք է լինի ամէն մի պետութեան ինքնուրոյն որոշումը, որը թելադրուած կը լինի տուեալ պետութեան երկարաժամկէտ ազգային շահերով», իր տեսակէտներն էր շարադրել Փութինը:
Վերջին շաբաթներին Հայաստան ժամանեցին Ռուսաստանի խորհրդարանի` Պետական Տումայի երկու պալատների նախագահները` Վալենթինա Մեթվիենքոն եւ Սերգեյ Նարիշքինը: Այցերի ընթացքում շատ խօսուեց Հայաստանի` դեռեւս չստեղծուած Եւրասիական Միութեանը անդամակցելու հեռանկարի մասին: Թէեւ Հայաստանը երբեք յստակ եւ միանշանակ չի արտայայտուել Եւրասիական Միութեանը անդամակցելու իր նպատակների եւ ցանկութիւնների մասին, սակայն Նարիշքինը, ով Փութինի մերձաւորագոյն շրջապատից է, Երեւանում յայտարարեց, որ Հայաստանի ղեկավարութիւնը «ուշադրութեամբ հետեւում է, թէ ինչպէս է զարգանում եւրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում, գիտակցելով, որ եւրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առեւտրատնտեսական յարաբերութիւնները զարգացնելու տեսանկիւնից»:
Օգոստոսի 8-ին Մոսկուայում կայանալիք Փութին-Սարգսեան բանակցութիւններին եւ հայ-ռուսական յարաբերութիւններին կ՛անդրադառնանք այլ յօդուածով: Այսօր փորձենք հասկանալ, թէ Հայաստանին ի՞նչ հեռանկարներ կարող է խոստանալ Փութինի կողմից նախաձեռնուած Եւրասիական միութեան ծրագիրը եւ արդեօք Հայաստանի հնարաւոր անդամակցութիւնը այդ կառոյցին չի՞ վտանգի Երեւան-Պրիւքսել, այսինքն` Հայաստան-Եւրոպական Միութեան համագործակցութեան ծրագրերը:
Առաջին. անկասկած, շրջապատուած լինելով թշնամական տրամադրութիւնները չթաքցնող Ազրպէյճանով եւ Թուրքիայով, որոնք արդէն երկու տասնամեակ շրջափակում են իրականացնում, Հայաստանը պէտք է փորձի համագործակցել այնպիսի երկրների եւ կազմակերպութիւնների հետ, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու անվտանգութեան յուսալիութիւնը բարձրացնելուն: Այս իմաստով, Ռուսաստանը եւ Ռուսաստանի կողմից նախաձեռնուող նախագծերը շարունակում են մնալ կարեւորագոյն գործընկերներ Հայաստանի համար եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական ոլորտներում:
Երկրորդ. ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ Ռուսաստանը փորձել է իր վերահսկողութեան ուղեծրում պահել նախկին խորհրդային հանրապետութիւնները, որոնց թւում նաեւ` Հայաստանը: Եւրասիական Միութիւն ստեղծելու մտադրութիւնը, թւում է, ուղղուած է այդ նպատակին` իր վերահսկողութեան ոլորտում պահել նախկին խորհրդային հանրապետութիւնները, որոնք օրը օրին խորացնում են յարաբերութիւնները Եւրոպական Միութեան եւ Միացեալ Նահանգների հետ:
Երրորդ. Հայաստանը Ռուսաստանի եւ վերջինիս բարեկամ երկրների` Պիելոռուսիայի ու Ղազախստանի հետ չունի ընդհանուր սահման, հետեւաբար Հայաստանը չի կարող տնտեսական լուրջ ակնկալիքներ ունենալ Եւրասիական Միութեանը անդամակցութիւնից: Աւելի՛ն. Հայաստանը Ռուսաստանից անջատուած է Վրաստանով եւ Ազրպէյճանով, որոնցից առաջինը թշնամական յարաբերութիւններ ունի Ռուսաստանի, երկրորդը` Հայաստանի հետ:
Չորրորդ. Եւրասիական Միութեանը անդամակցութեան դէպքում կը դանդաղի Հայաստան-Եւրոպական Միութիւն եւ Հայաստան-Միացեալ Նահանգներ համագործակցութիւնը: Հայաստանը մաս է կազմում Եւրոպական Միութեան Արեւելեան գործընկերութեան ծրագրին, որը ենթադրում է նաեւ ազատ առեւտրի գօտու ստեղծում Եւրոպայի հետ եւ Հայաստանի քաղաքացիների` աւելի դիւրացուած կերպով այցեգրերի ստացում եւրոպական երկրների ճանապարհորդելու դէպքում:
Հինգերորդ. Եւրասիական Միութեանը անդամակցելու են երկրներ` Ռուսաստան, Պիելոռուսիա, Ղազախստան, աւելի ուշ` Տաճիկստան, Խըրխզստան, որոնք ունեն ոչ ժողովրդավարական` ամբողջատիրական վարչակարգեր, ոչ այնքան ազատ տնտեսութիւններ: Հետեւաբար, երկարաժամկէտ առումով, Հայաստանի համար ցանկալի չէ մաս կազմել նման ոչ ժողովրդավար երկրներից կազմուած միութիւններին ու ակումբներին:
Սակայն պիտի նաեւ հասկանալ, որ Հայաստանը այնքան խորը եւ ամուր թելերով է կախուած ու կապուած Ռուսաստանից, որ պաշտօնական Երեւանի համար դժուար կը լինի միանշանակ «ոչ» ասել Եւրասիական Միութեանը անդամակցելու կամ խորացուած համագործակցելու Մոսկուայի հնարաւոր առաջարկին: Հայաստանի տնտեսութիւնը մեծապէս գտնւում է Ռուսաստանի պետական կամ մասնաւոր հատուածի վերահսկողութեան տակ: Հայաստանում է տեղակայուած միակ օտարերկրեայ ռազմակայանը` Գիւմրիի 102-րդ ռուսական ռազմահանգրուանը, իսկ Հայաստան-Թուրքիա սահմանին կանգնած են ռուս սահմանապահներ` հայ սահմանապահների հետ մէկտեղ:
Բացի այդ, այսօր Հայաստանին եւ անձնապէս Սերժ Սարգսեանին խիստ անհրաժեշտ է Ռուսաստանի եւ ամենազօրի համարում ունեցող Փութինի բարեացակամութիւնը: Ընդամէնը հինգ ամիս անց` 2013 թ. փետրուարին Հայաստանում կայանալու են նախագահական ընտրութիւններ, որի ընթացքում Սերժ Սարգսեանը փորձելու է պահել նախագահի աթոռը: Շատ դժուար է ոեւէ հայ գործչի համար ընտրուել նախագահի պաշտօնում կամ պահել այդ պաշտօնը առանց բարեացակամ Ռուսաստանի: Հայաստանին այսօր օդի ու ջրի պէս անհրաժեշտ է մինչեւ մէկ միլիառ տոլար նոր վարկ, ինչպէս նաեւ` համեմատաբար էժան կազ: Հայաստանի ղեկավարութիւնը չի կարող ակնկալել ռուսական նոր վարկեր եւ մատչելի գներով ռուսական «երկնագոյն վառելիք»` փոխարէնը չտալով որեւէ բան: Այդ «որեւէ բանը» կարող է լինել հէնց Եւրասիական Միութեանը անդամակցելու Հայաստանի խոստումը:
Յատուկ «Ազդակ»-ի համար