Բանակի Վերաբերեալ Ընկերային Դիրքորոշումների Ձեւաւորումը Տպագիր Մամուլի Միջոցով (Ա. Մաս)

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔԵԱՆ

2011թ. տուեալներով, Հայաստանում տպագրւում է մօտ 45 տպագիր թերթ1: Ըստ Կովկասեան հետազօտական ռեսուրս կենտրոններ – Հայաստանի (Caucasus Research Resource Centers-ARMENIA) 2011թ. հրատարակած «Հայաստան – 2011, Զանգուածային լրատուամիջոցներու (ԶԼՄ)  մասին հասարակական կարծիքի ու նախընտրութիւնների հետազօտութեան» (Armenia 2011 Media Public Opinion and Preference Survey)2` Հայաստանում թերթ կարդում է քաղաքային բնակչութեան մօտ 40 եւ գիւղական բնակչութեան 25%-ը, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերային դիրքորոշումների ձեւաւորման հարցում թերթերն ունեն որոշակի նշանակութիւն: Ըստ վերոնշեալ կենտրոնի 2007-2008թթ. իրականացրած հետազօտութեան, Հայաստանում հասարակութեան կողմից ամենամեծ վստահութիւն վայելող, ամենաբարձր վարկանիշ ունեցող հաստատութիւնը բանակն է3 (Աղիւսակ 1):

 

Հաստատութիւններ Անվստահութիւն Վստահութիւն
Խորհրդարան 20% 4%
Ոստիկանութիւն 17% 7%
Գործադիր իշխանութիւն 14% 7%
Իրաւական համակարգ 14% 5%
Նախագահ 12% 13%
Դրամատուներ 11% 10%
Հասարակական կազմակերպութիւններ 11% 3%
Լրատուամիջոցներ 10% 6%
Կրթական համակարգ 8% 11%
Առողջապահական համակարգ 7% 12%
ՄԱԿ 7% 7%
Օմբուդսմեն 7% 8%
ԵՄ 7% 7%
Եկեղեցի 3% 36%
Բանակ 3% 40%

 

Քանի որ Հայաստանը հարեւանների հետ ներքաշուած է մի շարք «ակտիւ» եւ «պասիւ» հակամարտութիւնների մէջ («ակտիւ» ասելով նկատի ունենք հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը, իսկ «պասիւ»-ը` հայ-թուրքականն է եւ որոշ առումներով, յատկապէս տեղեկատուական դաշտում` հայ-վրացականը), բանակը վերածւում է հայկական ամենակարեւոր ընկերային հաստատութիւններից մէկի, եւ հայկական բանակի վերաբերեալ լրատուական քաղաքականութեամբ դրական կամ բացասական ընկերային դիրքորոշումների ձեւաւորումը կարող է լուրջ ազդեցութիւն ունենալ պատերազմական իրավիճակում գտնուող երկրի անվտանգութեան կազմակերպման գործի վրայ: Բանակի նկատմամբ հասարակութեան անվստահութիւնը կարող է հիմք հանիսանալ հայ-ազրպէյճանական/թուրքական հակամարտութիւններում Հայաստանի դիրքերի թուլացման, հետեւաբար` ռազմաքաղաքական ոլորտում զիջումների համար:

Դրա հետ մէկտեղ, մամուլում եւ հասարակական որոշակի շրջանակներում վերջերս նկատուեց բանակի վերաբերեալ բացասական խորքով քննարկումների աճ, որոնք աշխուժացան անկախ բանակում իրավիճակի իրական բացասական փոփոխութիւնից: Նման քննարկումներն առկայ են նաեւ տպագիր մամուլում: Քանի որ պատերազմական իրավիճակում գտնուող Հայաստանի համար կարեւոր դեր ունի բանակի մասին հանրային կարծիքը, բանակի վերաբերեալ ընկերային դիրքորոշումների ձեւաւորման համատեքստում ուսումնասիրել ենք տպագիր մամուլի որոշ օրինակներ: Ստորեւ ներկայացնում ենք միջին տպաքանակ ունեցող երկու անկախ համարուող թերթեր («Առաւօտ» եւ «Հրապարակ»)` հայկական բանակի վերաբերեալ ընկերութեան  դիրքորոշումների ձեւաւորման տեսանկիւնից:

Բանակի վերաբերեալ «Առաւօտ» եւ
«Հրապարակ» թերթերի ձեւաւորած
ընկերային դիրքորոշումները

2010-2011թթ. սկսած` հաղորդամիջոցների դաշտում նկատուեց բանակի վերաբերեալ քննադատութիւնների սրացում, որոնք երբեմն ստանում էին ծայրայեղ դրսեւորումներ` հակաբանակային ատելութեան քարոզի տեսքով: Քանի որ բանակի հետ այս կամ այն կերպ առնչւում են Հայաստանի Հանրապետութեան գրեթէ բոլոր քաղաքացիները, բանակի վերաբերեալ անպատշաճ լուսաբանումները կարող են խնդիրներ ստեղծել հասարակութեան գրեթէ բոլոր շերտերում:

Հետազօտութեան առարկայ են հանդիսանում միջին տպաքանակ ունեցող հայկական երկու օրաթերթերի` «Առաւօտ»-ի (տպաքանակը` 3000) եւ «Հրապարակ»-ի (տպաքանակը` 3200) 2011թ. բոլոր համարները:

Հաշուի առնելով, որ հետազօտութեան նպատակն է ուսումնասիրել նշուած ժամանակահատուածում բանակին անդրադարձող յօդուածների բովանդակային ուղղուածութիւնը, ուսումնասիրութիւնն իրականացուել է «փաստաթղթերի վերլուծութեան» մեթոտով4: Փաստաթղթերի վերլուծութիւնը թոյլ է տալիս յստակ ժամանակահատուածում շօշափելի  չափանիշներով տպագիր յօդուածների դիտարկման արդիւնքում հասկանալ նրանց ազդեցութեան օրինաչափութիւնները: Ուսումնասիրելով բանակի վերաբերեալ թերթերում տեղ գտած տեղեկատուութիւնը` փորձել ենք բացայայտել, թէ բանակի վերաբերեալ ընկերային ինչ դիրքորոշումների ձեւաւորման կարողականութիւն ունեն մեր ուսումնասիրութեան նիւթ հանդիսացող պարբերականները:

Հետազօտութեան առարկայ են «Առաւօտ» եւ «Հրապարակ» օրաթերթերի` 2011թ. ընթացքում հայկական բանակի մասին հրապարակած այն բոլոր նիւթերը, որոնցում առկայ են «բանակ», «պաշտպանութեան նախարարութիւն» (ՊՆ), պաշտպանութեան բանակ (ՊԲ), «զինուոր» բառերը: Յօդուածներն ուսումնասիրուել են բանակի վերաբերեալ դրական, բացասական եւ չէզոք լուսաբանումների տեսանկիւնից, ինչպէս նաեւ առանձնացուել են բանակի վերաբերեալ թեմաների ընդհանրացուած իմաստային խմբերն ու տեղեկատուութեան աղբիւրների հաւաստիութիւնը:

Հետազօտութիւնն իրականացնելիս մեր առջեւ խնդիր է դրուել.

1.- գտնել 2011թ. ընթացքում «Առաւօտ» եւ «Հրապարակ» թերթերում «բանակ», «ՊՆ», «ՊԲ», «զինուոր» բառերը պարունակող բոլոր յօդուածները,

2.-որոշել, թէ այդ յօդուածներում բանակը դրական, բացասական, թէ չէզոք երանգաւորումով է ներկայացւում,

3.- մէկ տարուայ կտրուածքով ուսումնասիրել, թէ բանակի վերաբերեալ ի՛նչ ընդհանուր իմաստային խմբերով են կառուցում իրենց նիւթերն ընտրուած պարբերականները,

4.- հետազօտութեան արդիւնքում հասկանալ, թէ բանակի վերաբերեալ ընկերային ի՞նչ դիրքորոշումների ձեւաւորմանն են միտուած «Առաւօտ» եւ «Հրապարակ» օրաթերթերը,

5.նշուած ժամանակահատուածում բանակի վերաբերեալ տեղեկատուութիւնն առանձնացնել ըստ հետեւեալ բաժանումների` «դրական անդրադարձ», «բացասական անդրադարձ», «բանակին անդրադարձող չէզոք յօդուած, տեղեկատուութիւն», «տեղեկատուութեան անյայտ աղբիւրի վրայ յղումով յօդուած, լուր», «տեղեկատուութեան յայտնի աղբիւրների վրայ յղումով յօդուած, լուր», «բանակի վերաբերեալ պիտակները. դրական երանգաւորումով պիտակներ, բացասական երանգաւորումով պիտակներ»:

Ստորեւ ներկայացնում ենք այն հիմնական հասկացութիւնները, որոնք օգտագործելու ենք հետազօտութեան ընթացքում: «Դրական անդրադարձ (բանակի դրական կողմերը լուսաբանող յօդուած)»` յօդուածներ, որտեղ ներկայացւում են բանակի ձեռքբերումները, յաջողութիւնները, զարգացումն ու ընդհանրապէս` դրական երանգաւորումով հաղորդագրութիւնները: «Բացասական անդրադարձ (բանակի բացասական կողմերը լուսաբանող յօդուած, արտակարգ պատահարներ)»` յօդուածներ, որտեղ ներկայացւում են բանակում տեղի ունեցած դժբախտ պատահարները, անարդարութիւնները, թերացումները եւ այլն: «Բանակին անդրադարձող չէզոք յօդուած, տեղեկատուութիւն»` յօդուածներ, որտեղ ներկայացւում է «չոր» տեղեկատուութիւն, առանց դրական կամ բացասական երանգաւորման: «Անյայտ տեղեկատուական աղբիւրի վրայ յղումով յօդուած, լուր»` յօդուածներ, որտեղ տեղեկատուութեան աղբիւրը յստակ չի նշւում. օրինակ` «ըստ հաւաստի աղբիւրների», «ըստ աղբիւրի, որը չցանկացաւ ներկայանալ» եւ այլն: «Յայտնի տեղեկատուական աղբիւրների վրայ յղումով յօդուած, լուր»` յօդուածներ, որտեղ յստակ նշւում է տեղեկատուութեան աղբիւրը: «Բանակին կպցուող դրական խորքով պիտակներ»` պիտակներ, որոնք ունեն դրական երանգաւորում եւ օգտագործւում են որեւէ երեւոյթի դրական կողմերը բնորոշելու համար: «Բանակի վերաբերեալ բացասական խորքով պիտակներ»` պիտակներ, որոնք ունեն բացասական երանգաւորում, օրինակ` «արիւնարբու բանակ»:

«Առաւօտ» օրաթերթում 2011թ. հայկական բանակի վերաբերեալ դրական, բացասական եւ չէզոք բովանդակութեամբ տեղեկատուութիւնն ունի Նկար 1-ում ներկայացուած պատկերը.

Նկար 1

 

 

«Առաւօտ»-ում 2011թ. ընթացքում հայկական բանակի դրական կողմերի վերաբերեալ յօդուածները 11% են կազմում` բացասական երանգաւորումով յօդուածների 52%-ի դիմաց: Այսպիսով` «Առաւօտ» օրաթերթում 2011թ. ընթացքում աւելի շատ հանդիպում ենք բանակի վերաբերեալ բացասական բովանդակութեամբ լուսաբանումների, յետոյ գալիս է չէզոքը, ապա` դրական անդրադարձը: Յիշեցնենք, որ բանակի մասին բացասական անդրադարձերի տոկոսը մեծ է նաեւ այն պատճառով, որ այդ խմբի մէջ ներառուած են նաեւ բանակային արտակարգ պատահարները, որոնք, որպէս կանոն, լայն լուսաբանման են արժանանում:

Ընդհանուր առմամբ, «Առաւօտ»-ում թէ՛ դրական, թէ՛ բացասական խորքով յօդուածներում լրագրային նիւթի կանոնները պահպանւում էին, սակայն երբեմն հանդիպում ենք յօդուածների, որոնք բացայայտ հակաբանակային զգացմունքային ազդեցութեան խնդիր էին լուծում: Օրինակ` 2011թ. դեկտեմբերի 16-ին տպագրուած «Սա՞ է բանակի դէմքը» յօդուածից յստակ զգացւում է յօդուածագրի հակաբանակային տրամադրուածութիւնը, ինչը նա բացայայտ արտայայտում է. «Ամօթ է խոստովանելը, բայց ես եսասիրաբար  երջանիկ եմ, որ որդի չունեմ: Ես չէի կարող դիմանալ, չբողոքել, չաղմկել, եթէ յանկարծ որդուս հետ «ոչ կանոնադրական յարաբերուէին»: Իսկ դա` իմ աղմկելը, կարող էր յանգեցնել նրան, որ որդուս այլեւս չտեսնէի»,- գրում է յօդուածագիրը: Ըստ յօդուածի տրամաբանութեան` բանակում ծառայելիս վտանգներն այնքան մեծ են, որ աւելի լաւ է տղայ չունենալ, քան տղաներին ուղարկել բանակ: Միեւնոյն ժամանակ, յօդուածում այս տեսակէտը չի ամրապնդւում որեւէ վիճակագրական կամ վերլուծական հիմնաւորմամբ: Նման զգացմունքային արտայայտութիւններ առկայ են ողջ յօդուածի ընթացքում, ինչի արդիւնքում յօդուածը լրագրողական արհեստավարժութեան ցածր մակարդակի պահպանման արդիւնքում վերածւում է բացայայտ հակաբանակային քարոզչութեան` դուրս լրագրողական որեւէ կանոնից:

Դրա հետ մէկտեղ, «Առաւօտ»-ում առկայ էին յօդուածներ, որոնք ներկայացնում են բանակը որպէս կարեւոր պետական կառոյց: Օրինակ` 2011թ. մարտի 18-ին հրատարակուած «Հայոց բանակը 19 տարեկան է» յօդուածում հեղինակը նշում է. «Բանակը այս ժամանակահատուածում ոչ միայն արդարացրել է իրեն, այլեւ իր ունեցած յաղթանակներով, յաջողութիւններով կատարել սպասուածից աւելին: Համոզուած եմ, որ առաջիկայում բարեփոխումները կը շարունակուեն աւելի արագ թափով»:

«Առաւօտ»-ում յօդուածների 37%-ը չէզոք խորք էր պարունակում եւ ներկայացնում էր բանակի առօրեան կամ բանակի հետ կապուած իրադարձային յօդուածներ: Օրինակ` 2011թ. դեկտեմբերի 13-ին հրատարակուած «Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանն այցելել է հանրապետական կենտրոնական հաւաքակայան» յօդուածում լրագրողական լուրի կանոններով ներկայացւում են նախարարի այցի մանրամասները: «Առաւօտ»-ում բազմաթիւ էին նաեւ ՊՆ ու ՊԲ պաշտօնական հաղորդագրութիւնները:

Եթէ ընդհանրացնենք բանակի վերաբերեալ «Առաւօտ»-ում տեղ գտած յօդուածների բովանդակութիւնն ըստ իմաստային խմբերի, կը ստանանք Նկար 2-ում ներկայացուած պատկերը:

Նկար 2

 

 

Ըստ վերոնշեալ իմաստային խմբերի էլ կարելի է ենթադրել, թէ բանակի վերաբերեալ ընկերային ինչ դիրքորոշումների ձեւաւորմանն է միտուած տուեալ պարբերականների բովանդակային քաղաքականութիւնը:

«Բանակում ծառայելն աւելի անվտանգ է, քան ներկայացնում են» թեզին համապատասխան նիւթերից է, օրինակ, «Երեք զինուոր` մէկ մայր» (12.13. 2011) յօդուածը, որտեղ երեք զինուորների մայրը պատմում է բանակի մասին իր դրական տպաւորութիւններն ու որդիների ծառայութեան ընթացքը. «Ես շատ հանգիստ էի, նոյնիսկ այն ժամանակ, երբ բանակային կեանքի մասին սարսափելի պատմութիւններ էի լսում, համոզուած էի, որ պետութիւնը հոգում է տղաներիս մասին, զարմանում էի, երբ մարդիկ փնովում էին համակարգը»:

«Կոծկուած սպանութիւններ, բռնութիւններ` պաշտօնեաները չեն ուզում բացայայտել սպանութիւնները» թեզին համապատասխան յօդուածներից մէկում («Սպանութի՞ւն, թէ՞ ինքնասպանութիւն», 2011.01.26) նորից կարդում ենք հարցազրոյց զինուորի մօր հետ, բայց այս անգամ արդէն հարցազրոյց տուողը զոհուած զինուորի մայրն է: «Նրան տարան հարուստներից մէկի լակոտի տեղը: Տարան աշխարհի ծայրը` Ճիպրայիլ, գայլի բերան է, որտեղ էրեխեքի գլուխներն ուտում են, որի դիակը տալիս են, որինն էլ` չէ: Ո՞վ էր տեսել, որ սնկային վարակիչ հիւանդութեամբ էրեխին բանակ զօրակոչէին, պարզ է, ես պահանջուած 8000 տոլար հախը չունէի, դրա համար էլ տարան` գլուխը կերան»: Քանի որ ողջ նիւթը կառուցուած է միայն զոհուած զինուորի մօր եւ եղբօր հարցազրոյցի հիման վրայ, նիւթում միակողմանի, հակաբանակային զգացմունքայնութեամբ ներկայացւում է տուժող կողմի կարծիքը դէպքերի վերաբերեալ:

«Օրինախախտումներ բանակում» խորագրի ներքոյ յայտնուած յօդուածներից է «Անպատժելիութիւն եւ ամենաթողութիւն է» (2011.09.07) յօդուածը, որտեղ «ընդդիմադիր գործիչ» ներկայացուած Երջանիկ Աբգարեանին խնդրել են մեկնաբանել բանակային խնդիրները (յօդուածից պարզ չէ, թէ ինչի հիման վրայ հարցուողը կարող է մեկնաբանել բանակի թեման): Հարցուողը բանակի մասին նշում է. «Այնտեղ սպանութիւնների եւ զինուորներին բռնութեան, բռնաբարութեան ենթարկելու, ընդհանրապէս` խեղելու դէպքերը հիմնականում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում տեղակայուած զօրամասերում, եւ բռնութիւն կիրառողներն էլ հիմնականում սպայական եւ ենթասպայական կազմի ներկայացուցիչներն են, «որոնք սատիստական հակումներ ունեն, ու զինուորի նկատմամբ ֆիզիքական ուժ կիրառելը այդ յանցագործների համար ընդունուած եւ բնական բան է»»: Ինչպէս տեսնում ենք, հարցուողը բանակում տեղի ունեցող դէպքերի մասին եզրայանգումներ է անում («խեղելու դէպքերը հիմնականում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում տեղակայուած զօրամասերում, եւ բռնութիւն կիրառողներն էլ հիմնականում սպայական եւ ենթասպայական կազմի ներկայացուցիչներն են»)` իր խօսքը ոչ մի փաստով, վիճակագրութեամբ չհիմնաւորելով: Նման յօդուածները վկայում են կամ լրագրողի ոչ արհեստավարժութեան, կամ էլ հեղինակի, խմբագրութեան հակաբանակային տրամադրուածութեան մասին:

Ըստ յաջորդ բաժանման, մենք ուսումնասիրել ենք բանակի վերաբերեալ տեղեկատուութեան աղբիւրի հաւաստիութիւնը: «Առաւօտ» օրաթերթը մեր ուսումնասիրած ժամանակահատուածում հիմնականում պահպանել է լրագրողական բարոյագիտութեան կանոնները եւ բանակի մասին գրեթէ չի ներկայացրել որեւէ տեղեկատուութիւն, որի աղբիւրը ոչ յստակութեան, անորոշութեան պատճառով կարելի է հաւաստի չհամարել:

«Առաւօտում» մէկ տարուայ ընթացքում հանդիպել ենք հայկական բանակի` բացասական երանգաւորմամբ միայն մի քանի պիտակաւորման: Օրինակ, մի դէպքում բանակին անդրադառնալիս հեգնանքով օգտագործւում էր «փառապանծ բանակ» արտայայտութիւնը (2011.06.08 «Մեղադրեալ չներգրաւեցին»):

 

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔԵԱՆ

ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի
ռազմավարական հետազօտութիւնների բաժնի գիտաշխատող
«Գլոբուս» վերլուծական հանդէս, թիւ 7, 2012

 

* Բ. մասը վաղը` չորեքշաբթի 8 օգոստոսին

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )