Հեռուստամարաթոն` Սիրիահայութեան Համար. Հայաստանի Կեցուածքը Սիրիայի Հարցում Արդար Է Եւ Հաւասարակշիռ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սիրիայի եւ նրա նախագահ Պաշշար Ասատի միջազգային մեկուսացումը աւելի է խորանում: Օրեր առաջ Իսլամական համագործակցութիւն կազմակերպութիւնը, որը ներառում է մուսուլմանական 57 պետութիւններ, Սէուտական Արաբիայում կայացած գագաթաժողովում  որոշեց դադարեցնել Սիրիայի անդամակցութիւնը: Աւելի վաղ` 2011-ի նոյեմբերին, նմանօրինակ որոշում կայացրել էր Արաբական երկրների լիգան: Բազմաթիւ երկրներ փակել են Դամասկոսում իրենց դեսպանատներն ու Հալէպում հիւպատոսութիւնները: Այս եւ բազմաթիւ այլ փաստեր հաստատում են, որ միջազգային հանրութիւնը, անշուշտ որոշ բացառութիւններով (նախ եւ առաջ` Իրան, Ռուսաստան, Չինաստան), անելու է հնարաւորը, որպէսզի նախագահ Ասատը իշխանութիւնից հեռացուի կամ հեռանայ:

Երբ Սէուտական Արաբիայի, Քաթարի, Թուրքիայի եւ Արեւմուտքի ֆինանսական, ռազմական ու դիւանագիտական աջակցութիւնը վայելող սիրիական ընդդիմութիւնը որոշակի յաջողութեան հասաւ մասնաւորապէս Հալէպում ու Թուրքիային սահմանակից մի շարք սիրիական բնակավայրերում, թուաց, թէ նախագահ Ասատի օրերը հաշուըւած են: Սակայն վերջին շրջանում սիրիական կառավարական զօրքերը վերահսկողութեան տակ առան աւելի վաղ Սիրիական ազատ բանակի եւ ռազմականացուած ծայրահեղական խմբաւորումների կողմից գրաւուած բնակավայրերը: Թւում է, սիրիական ճգնաժամը դեռ երկար է շարունակուելու, քանի որ ընդդիմադիրները այնքան զօրեղ չեն եւ միասնական, որպէսզի տապալեն նախագահ Ասատին, իսկ վերջինս այնքան զօրեղ չէ, որպէսզի լռեցնի ընդդիմադիրներին:

Իրադարձութիւնների ահա այսպիսի բարդ եւ անկանխատեսելի պայմաններում պաշտօնական Երեւանը Սիրիայի եւ նրա շուրջ զարգացումների հարցում որդեգրել է արդար եւ հաւասարակշիռ կեցուածք: Հայ դիւանագէտները եւ քաղաքական գործիչները հիմնականում զգուշաւոր են արտայայտւում, երբ խօսքը Սիրիային ու սիրիահայութեանն է վերաբերում: Զգուշաւորութիւնը, չէզոքութիւնը, ինչու չէ` նաեւ լռելը, երբեմն աւելի ճիշտ դիրքորոշում է: Հայաստանի ոչ քաղաքական-դիւանագիտական կշիռը եւ ոչ էլ միջազգային հեղինակութիւնն այնպիսին չեն, որ նա իրեն շռայլութիւններ թոյլ տայ: Այսօրուայ Հայաստանի եւ սիրիահայ համայնքի դրական  չէզոքութիւնը սիրիական ճգնաժամի ամէն մի հանգուցալուծման դէպքում թոյլ են տալու բնականոն յարաբերութիւններ ունենալ Դամասկոսի ներկայ եւ ապագայ իշխանութիւնների հետ:

Պաշտօնական Երեւանը երկու անգամ ՄԱԿ-ում «ձեռնպահ» է քուէարկել շրջանառութեան մէջ դրուած բանաձեւերին: Փետրուարի կէսերին ՄԱԿ-ի Գլխաւոր Վեհաժողովում քուէարկութեան էր դրուել ոչ պարտադիր մի բանաձեւ, որով միայն նախագահ Ասատի վարչախմբին էր պատասխանատու համարել Սիրիայում ամիսներ շարունակուող արիւնահեղութեան համար: Բանաձեւը պահանջում էր նաեւ Ասատի հրաժարականը: Բանաձեւին «կողմ» էին քուէարկել ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 137-ը, «ձեռնպահ»` 17-ը, «դէմ»` 12-ը, իսկ 27 երկիր չէր մասնակցել քուէարկութեանը: Եթէ մենք Սիրիայում չունենայինք հայութիւն, եթէ անգամ Երեւան-Դամասկոս յարաբերութիւնները բնականոն չլինէին, ապա միեւնոյնն է` Հայաստանի «ձեռնպահ» քուէարկութիւնը աւելի արդար է, քանի որ սիրիական արիւնահեղութեան մէջ միայն Ասատին ու կառավարական ուժերին մեղադրելը մօտ չէ իրականութեանը: Այն տեսանիւթերը, որ մեզ են հրամցնում արեւմտեան լրատուամիջոցները, անկասկած ազդու են: Յատկապէս ազդեցիկ են երեխաների ու կանանց սպանութեան մասին պատմող տեսանիւթերը: Բայց արդեօք սիրիական ընդդիմութիւնը բարբարոսաբար չի՞ սպաննում կառավարական ուժերի ներկայացուցիչներին:

Դիւանագիտական առումով եւս Հայաստանը ճիշտ քուէարկութիւն կատարեց: Հայաստանի  դաշնակից Ռուսաստանը, ով «դէմ» էր քուէարկել բանաձեւին, իրաւունք չունի կշտամբելու Երեւանի դրական չէզոքութիւնը: Երեւանին կշտամբելու իրաւունք չունեն նաեւ Հայաստանի արեւմտեան դաշնակիցները ի դէմս Միացեալ Նահանգների ու Եւրոպական Միութեան երկրների, որոնք սիրիական ճգնաժամի հարցում որեւէ հաւասարակշռութիւն չեն պահպանում: Նրանք իրենց առաջ դրել են գերնպատակ. տապալել Ասատին:

Հայաստանը «ձեռնպահ» արտայայտուեց նաեւ ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի` օգոստոսի 3-ի  բանաձեւի քուէարկութեան ընթացքում, որը մշակել էր Սէուտական Արաբիան: Ի միջի այլոց յիշեցնենք, որ Սէուտական Արաբիան Ազրպէյճանի, Թուրքիայի եւ Փաքիստանի հետ ՄԱԿ-ի անդամ այն չորս  պետութիւններից է, որը Հայաստանի հետ չի հաստատում դիւանագիտական յարաբերութիւններ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում Երեւանը չի գնում այնպիսի զիջումների, որոնք կը բաւարարէին Ազրպէյճանի նուազագոյն պահանջները: Եւս իմիջայլոց նշենք, որ Սէուտական Արաբիան ազատ խօսքը, ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքները, յատկապէս կանանց իրաւունքները ոտնահարելու հարցում հաւանաբար հաւասարը չունի աշխարհում: ՄԱԿ-ի Գլխաւոր Վեհաժողովի օգոստոսի բանաձեւում Սիրիայի արիւնահեղութեան հարցում կրկին դատապարտւում էր միայն Սիրիայի կառավարութեանը, եւ պահանջւում էր քաղաքական իշխանութեան փոփոխութիւն Սիրիայում` անցում դէպի «ժողովրդավարական, բազմակարծիք քաղաքական համակարգի»: Այս անգամ բանաձեւին «կողմ» էր քուէարկել 133 պետութիւն, «ձեռնպահ»` 31, իսկ  «դէմ»` 12, ինչպէս նախորդ քուէարկութեան ընթացքում:

Վերջին ամիսներին եւ շաբաթներին, յատկապէս երբ Դամասկոսում սպաննուեցին նախագահ Ասատի մերձաւորագոյն շրջապատի մի քանի ազդեցիկ դէմքեր, իսկ ընդդիմութիւնը մասնակի վերահսկողութիւն հաստատեց Հալէպում ու մի շարք այլ բնակավայրերում, Հայաստանի քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում շրջանառւում էր այն տեսակէտը նաեւ, թէ ժամանակն է, որ ինչպէս սիրիահայութիւնը, այնպէս էլ պաշտօնական Երեւանին մօտ կանգնած անձինք շփումներ հաստատեն սիրիական ընդդիմութեան հետ: Գուցէ այս տեսակէտը եւս գոյութեան իրաւունք ունի, սակայն հիմնական մարտահրաւէրն այն էր, որ այդ ընդդիմութիւնը գերազանցապէս գործում էր Թուրքիայի տարածում` թուրքերի կատարեալ վերահսկողութեան տակ: Արեւմտեան մամուլում արդէն յայտնւում են յօդուածներ, որոնցում բացայայտ կերպով գրւում է, որ այլեւս անիմաստ է ֆինանսական եւ այլ օգնութիւն տրամադրել ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդին: Այսպէս, Մեծ Բրիտանիան արդէն յայտարարել է, որ հինգ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողութեան «ոչ ռազմական» օգնութիւն է տրամադրելու սիրիական ընդդիմութեանը, պայմանով, որ ընդդիմադիր խմբերը լինեն Սիրիայի ներսում: Սիրիայի ազգային խորհուրդը, ինչպէս յայտնի է, գործում է Թուրքիայում եւ արդէն հասցրել է պառակտուել ու առաջ բերել Արեւմուտքի հիասթափութիւնը:

Սիրիայի ներսի ընդդիմադիր խմբաւորումները եւս միանշանակ չեն ընդունւում Արեւմուտքում: Մի կողմից արեւմտեան երկրները փորձում են տապալել Ասատին, միւս կողմից մտահոգութիւն ունեն, որ այն իշխանութիւնը, որը կը գայ Ասատից յետոյ, կարող է զէնքերն ուղղել Արեւմուտքի դէմ: Տասնամեակներ առաջ այդպէս եղաւ Աֆղանստանում, երբ Արեւմուտքի կողմից ընդդէմ Խորհրդային Միութեան զինուած Ուսամա Պըն Լատենն ու միւս ահաբեկիչները հեռագայում զէնքերն ուղղեցին Ուաշինկթընի դէմ:

Ի տարբերութիւն արեւմտեան տէրութիւնների ու բազմաթիւ արաբական երկրների, որոնք բաւական երկար ժամանակ է իրենց դիւանագիտական առաքելութիւնները փակել են Սիրիայի տարածքում եւ իրենց երկրներից արտաքսել սիրիացի դիւանագէտներին, Հայաստանը շարունակում է բաց պահել իր դեսպանութիւնը Դամասկոսում եւ հիւպատոսութիւնը Հալէպում: Երեւանում Սիրիայի դեսպանութիւնը եւս բնականոն գործում է: Այս հարցում էլ Հայաստանը ճիշտ կեցուած է ընդունել: Միայն այն իրողութիւնը, որ շուրջ եօթ հազար հայութիւն ունենք Դամասկոսում, 30 հազար` Հալէպում, իսկ ամբողջ Սիրիայի տարածքում` աւելի քան 50 հազար, արդէն իսկ բաւարար է, որպէսզի հայ դիւանագէտները մնան այդ երկրում մինչեւ այն պահը, երբ կը թելադրի հայութեան եւ Հայաստանի շահը:

Հայաստանեան լրատուամիջոցներում քիչ չեն հրապարակումները, համաձայն որոնց` Երեւանը բաւարար չափով հոգ չի տանում սիրիահայութեան հանդէպ: Գուցէ Հայաստանը պէտք է եւ պարտաւոր է անել աւելին, սակայն յանուն արդարութեան պիտի նշել, որ իր կարելիութիւնների սահմաններում Հայաստանը փորձում է օժանդակել սիրիահայութեանը: Նախագահ Սերժ Սարգսեանի առաջարկով «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացուել է առանձին դրամատնային հաշիւ` սիրիահայութեանն օժանդակելու նպատակով: Գումարներն ամբողջութեամբ կը փոխանցուեն Սիրիայում հայ համայնքի ազգային իշխանութեանը: Բացի այդ, Սիրիան ու սիրիահայութիւնը արդէն բաւականին ժամանակ գտնւում են Հայաստանի ղեկավարութեան եւ լրատուամիջոցների ուշադրութեան կիզակէտում: Սիրիահայերին իրենց օգնութիւնն են փորձում բերել նաեւ Արցախի իշխանութիւններն ու շարքային քաղաքացիները: Հաւանաբար արդարացուած կը լինի, եթէ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկայ հեռուստամարաթոնը նուիրել սիրիահայութեանը` հանգանակուած ողջ գումարը ուղղելով նրանց կարիքներին:

Յատուկ «Ազդակ»-ի  համար
Երեւան

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )