Յոբելեանը Առիթ` Խօսելու Լրատուական Դաշտի Խնդիրներից

ՆՈՒՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

22 օգոստոսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ տեղի ունեցաւ «Ազդակ»-ի հիմնադրութեան 85-ամեակին նուիրուած ձեռնարկ մը:

Ստորեւ կը ներկայացնենք այս ձեռնարկին անդրադարձներէն մին` լոյս տեսած «Ազատ Արցախ» պաշտօնաթերթին մէջ:

Օգոստոսի 22-ն Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարեանը հրաւիրել էր մամուլի ասուլիս, որի հիմնական շարժառիթը լիբանանահայ «Ազդակ» թերթի 85-ամեակն էր եւ իր` յուլիսին Պէյրութ կատարած այցելութիւնը: Միջոցառմանը հրաւիրուած էին հանրապետութեան լրատուամիջոցների  եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` Գ. Բաղդասարեանը շեշտեց, որ սփիւռքում լոյս տեսնող թերթերը հայապահպանութեան կարեւոր գործ են կատարում, այդ պատճառով դրանք մշտապէս Հայաստանի եւ Արցախի լրագրողների ուշադրութեան կենտրոնում պէտք է լինեն: Նա նշեց նաեւ, որ սփիւռքահայ թերթի յոբելեանին նուիրուած միջոցառումը փորձ է` դուրս գալու արցախեան տեղեկատուական դաշտի շրջանակներից եւ արցախեան զանգուածային լրատուամիջոցների զարգացումը դիտարկել համահայկական տեղեկատուական դաշտի համապատկերի մէջ:  Խորհրդանշական է, որ թերթի  85-ամեակի տօնակատարութիւնների մեկնարկը տրւում է Արցախում: Սա պատահական չէ, այս մասին  պայմանաւորուածութիւն կայ «Ազդակ»  թերթի խմբագիր Շահան Գանտահարեանի հետ, շուտով յոբելեանը կը նշուի նաեւ Երեւանում եւ սփիւռքի ամենախոշոր գաղթօճախներում», ասաց Գ. Բաղդասարեանը:  Բանախօսը նշեց, որ վերջերս Պէյրութ է մեկնել հէնց այդ թերթի խմբագրի հրաւէրով` տեղում ծանօթանալու խմբագրակազմին ու նրանց աշխատելաոճին: Գ. Բաղդասարեանի խօսքերով` 85-ամեայ «Ազդակ»-ի օրինակով կարելի է հասկանալ, թէ ինչ դեր կարող է խաղալ հայութեան կեանքում տպագիր մամուլն ընդհանրապէս: «Ազդակ»-ը Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի պաշտօնաթերթն է, բայց վաղուց դուրս է եկել ոչ միայն Լիբանանի, այլեւ մերձաւորարեւելեան շրջանակներից եւ դարձել համահայկական տեղեկատուական դաշտի ամենաընթերցուող պարբերականը: «Ազդակ» այն քիչ թերթերից է, որը, լինելով կուսակցական, դարձել է տեղեկատուական ամենակարեւոր աղբիւրներից մէկը եւ հաւասարաչափ լուսաբանում է ամենատարբեր քաղաքական ուժերի գործունէութիւնը, բաւականաչափ տեղ  յատկացնում ինչպէս հայկական միւս կուսակցութիւններին, այնպէս էլ կրօնական յարաբերութիւններին` Առաքելական եկեղեցուն, Կաթողիկէ եկեղեցուն եւ Աւետարանչականին»,  ասաց Գ. Բաղդասարեանը: «Այն լոյս է տեսնում շաբաթական 6 օր, կազմուած է 10 էջից, տպագրւում է 3500 տպաքանակով: Կարծում եմ` աւելորդ է խօսել, թէ Լիբանանի 150-հազարանոց հայ համայնքի կեանքում ինչ դերակատարութիւն ունի այդպիսի թերթը: «Ազդակ»-ը մշտապէս անդրադառնում է թէ՛ հայաստանեան, եւ թէ՛ արցախեան կարեւոր իրադարձութիւններին, ինչի շնորհիւ դարձել է այն թերթը, որին ամէնից յաճախ են յղումներ անում աշխարհի հայ լրագրողները»: Գ. Բաղդասարեանը տեղեկացրեց նաեւ,  որ Պէյրութում հանդիպել է գրեթէ բոլոր հայկական լրատուամիջոցների ղեկավարների հետ (այնտեղ գործում են նաեւ «Արարատ» եւ «Զարթօնք» թերթերը), հանդէս եկել դասախօսութիւններով: Նրա համար յատկապէս տպաւորիչ էր այն հանգամանքը, որ «Ազդակ»-ում գործում է նաեւ «Փիւնիկ» կենտրոնը` որը դարձել է իւրայատուկ հաւաքատեղի` բացառիկ քաղաքական ու մշակութային քննարկումների համար: Սա կարող է օրինակ ծառայել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի լրատուամիջոցների համար` նշեց նա: Գ. Բաղդասարեանը  ներկայացրեց նաեւ վերջերս «Փիւնիկ» հիմնադրամի աջակցութեամբ լոյս տեսած «Գէորգ Գանտահարեան` ամէնուն ուսուցիչը» գիրքը, որը նուիրուած է «Ազդակ» թերթի խմբագրի հօրը` նշանաւոր ուսուցիչ, վաստակաշատ մանկավարժ, խմբավար, մշակութային եւ հանրային գործիչ Գէորգ Գանտահարեանին: Սփիւռքում այսօր բաւական շատ է խօսւում հայերիս բազմազանութեան մասին. Շահան Գանտահարեանի հետ մենք բազմիցս զրուցել ենք այդ մասին եւ եկել այն համոզմունքին, որ մեր բազմազանութիւնն իսկապէս մեր հարստութիւնը կարող է լինել` եթէ մենք ծառայում ենք մի նպատակի: Այս իմաստով լաւ միտք է ասել Գէորգ Գանտահարեանը` Միասնականութիւնը միապետութիւն չէ»:

Ասուլիսի ընթացքում  ներկայացուեց նաեւ տեսաֆիլմ, որն «Ազդակ»-ի անցած ճանապարհի համառօտ պատմութիւնն էր:  Թերթն առաջին անգամ լոյս է տեսել 1927 թուականի մարտի 25-ին` որպէս մասնաւոր հրատարակութիւն, սակայն առաջին օրուանից եղել է Դաշնակցութեան պաշտօնաթերթը: Սկզբում լոյս է տեսել երկօրեայ, ապա եռօրեայ, իսկ տարիներ անց եւ մինչ օրս` ամէնօրեայ պարբերականութեամբ: Հակառակ լիբանանեան քաղաքացիական կռիւների` ծաւալուել է եւ ունեցել ութ, հիմա արդէն` 10 էջ: 1994 թուականից թերթն ունի իր տպարանը: Վերջին ժամանակներս «Ազդակ»-ը լոյս է տեսնում նաեւ արաբերէն ելեկտրոնային տարբերակով: Տարին 2 անգամ`  Ամանորին եւ ապրիլի 24-ին, թողարկւում են «Ազդակ» բացառիկները: Յայտնի լրագրող Շահան Գանտահարեանի ղեկավարած թերթն այսօր էլ շարունակում է ներկայացնել երկրի հայ համայնքի այսօրուայ կեանքը, անդրադառնում համաշխարհային կարեւորութեան քաղաքական եւ մշակութային իրադարձութիւններին:

Օգտագործելով «Ազդակ»-ի յոբելեանն իբրեւ առիթ, ներկաները խօսեցին համահայկական տեղեկատուական դաշտի խնդիրների մասին: Նշուեց, որ վերջին տարիներին բազմաթիւ փորձեր են ձեռնարկուել համահայկական լրատուական դաշտի ձեւաւորման ուղղութեամբ: Գ. Բաղդասարեանը կարծիք յայտնեց, որ Ստեփանակերտում կազմակերպուած` լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը զուտ խորհրդանշական բնոյթ ունէր: «Վաղուց ժամանակն է մտածելու այնպիսի ձեւաչափի մասին, որը կը նպաստի հայկական լրատուամիջոցների իրական ու ռեալ համագործակցութեանը: Մէկ համընդգրկուն նախաձեռնութեամբ համահայկական տեղեկատուական դաշտ ստեղծելն իրատեսական չէ, հնարաւոր չէ բոլոր լրագրողներին հաւաքել մէկ տանիքի տակ եւ փորձել համագործակցել», ասաց նա: Ըստ նրա` տարբեր լրագրողական կազմակերպութիւններ կարող են հանդէս գալ նախաձեռնութիւններով, ստեղծելով կոնկրետ ձեւաչափեր, որոնց հիման վրա կարող է ձեւաւորուել համահայկական դաշտ: Լեռնային Ղարաբաղի ժուռնալիստների միութեան նախագահ Կիմ Գաբրիէլեանն առաջարկեց հայաստանեան, սփիւռքահայ եւ արցախեան զանգուածային լրատուամիջոցների ղեկավարների մասնակցութեամբ կազմակերպել Հայաստան-Արցախ-սփիւռք թեմայով օնլայն քննարկումներ, ինչը եւս կը նպաստի համահայկական լրատուադաշտի կայացմանը:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )