Խմբագրական «Ալիք»-ի. Ոչ Յանձնառուների Շարժումը` Նոր Դերակատարման Հեռանկարով…

Սոյն թուականի օգոստոսի 30-31-ին Թեհրանում կայանալու է Չմիաւորուած (Ոչ յանձնառու)  երկրների գագաթաժողովը` աւելի քան 100 անդամ-պատուիրակութիւնների մասնակցութեամբ: Մինչ այդ, ահա, առաջին երկօրեայում կայացել են այսպէս ասած` նախապատրաստական-փորձագիտական նիստերը, իսկ այսօր ու վաղը կայանալու է կրկին երկօրեայ, անդամ երկրների արտաքին գործերի նախարարների կամ համապատասխան գերատեսչութիւնների ժողովը:

Այս նախնական նիստերը քննարկելու, նախանշելու են գագաթաժողովի հիմնական օրակարգերը` որոնք յստակ տեսքի գալով սոյն ժողովում, ամրագրուելու են կազմակերպութեան 16-րդ համաժողովի բուն փաստաթուղթ-հռչակագրում:

Այսպիսով` առաջին հերթին հիւրընկալ կազմակերպիչ երկրի` Իրանի հաշուին քաղաքական, ինչու ոչ նաեւ քարոզչական վարկ ու հեղինակութիւն է գրանցուելու` պատկառելի համաժողովի թէ՛ քանակական, թէ՛ որակական-բովանդակային ակնկալուող ձեռքբերումներին ի տես:

ՄԱԿ-ից յետոյ` քանակով ու աշխարհագրա-քաղաքական ծաւալով համաշխարհային երկրորդ կազմակերպութիւն համարուող շարժումը (այդպէս է կոչւում Չմիաւորուած (Ոչ-յանձնառու) երկրների կազմակերպութիւնը, որը 2-րդ համաշխարհայինի արդիւնքում ձեւաւորուած աշխարհի երկբեւեռ համակարգին (Միացեալ Նահանգներ – Խորհրդային Միութիւն) իրեն հաշուետու եւ յանձնառու չհամարելով ու դեռ 1950-ականներին տեսականօրէն ձեւաւորուելով` հիմնադրուեց 1961 թուականին ի դէմս Նեհրուի (Հնդկաստան), Թիթոյի (Եուկոսլաւիա) եւ Ապտել Նասերի (Եգիպտոս), որոնք ձգտում էին անկախ ու ինքնիշխան երկրների համախմբման: Եւ թէպէտ այսօր այլեւս գոյութիւն չունի երկբեւեռ համակարգը, բայց եւ այնպէս` շարժումը հիմնադրման օրից իսկ որդեգրել է բազմաբեւեռ աշխարհի ձեւաւորման-կայացմանը միտող քաղաքականութիւն, որն էլ դեռեւս կիրառելի է համարւում այսպէս ասած միաբեւեռ ներկայիս աշխարհում:

Ինչպէս վերում նշուեց, համաժողովը, հիւրընկալ երկրի` Իրանի համար քաղաքական ու քարոզչական մեծ նշանակութիւն է ունենալու, իսկ պարզ է` դա նոյնինքն Իրանին քաղաքա-տնտեսական շրջափակման-պատժամիջոցների ենթարկած պլոքին` Միացեալ Նահանգների գլխաւորութեամբ Արեւմուտքին, ձեռք չի տալիս, ուստիեւ հակաքարոզչութիւնները դառնում են անխուսափելի… Զորօրինակ` արեւմտեան եւ առանձնապէս իսրայէլական հակաիրան քարոզչամեքենան  «հիմնաւորելով» թէ` «բնաւ յարմար վայր չէ Իրանը` նման գագաթաժողովների համար», «յորդորում էր» համաժողովին ի պաշտօնէ հրաւիրուած ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Քի Մունին, որպէսզի նա հրաժարուի թեհրանեան համաժողովին մասնակցելուց. կամ նոյն լրատուացանցերը կանխատեսում էին, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուրսին չի մասնակցելու ժողովին, մինչդեռ պարզւում է, որ Պան Քի Մունը Թեհրան չայցելելու ոչ մի յայտարարութիւն չի արել, իսկ Մուրսին էլ հանդիսանալու է առաջին նախագահը, որն 33 տարի անց (Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ) «բարեկամական Իրան» է այցելելու:

Շուրջ 120 երկրների ներկայացուցիչ-պատուիրակներից բացի (նրանցից մօտ 30-ը նախագահի մակարդակով)` լինելու են նաեւ «յատուկ հրաւիրեալներ», որոնք թէպէտ շարժման անդամ չեն, բայց որպէս շրջանային դերակատար կամ անդրշրջանային ազդեցիկ երկրներ (Թուրքիա, Ռուսաստան), հրաւիրուել են համաժողովին` դիտորդի կարգավիճակով:

Իսկ միմիայն այն հանգամանքը, որ Հնդկաստանի վարչապետը Թեհրան է այցելելու իր գլխաւորութեամբ 250-հոգանոց տնտեսական պատուիրակութեամբ, խօսում է այն մասին, որ համաժողովին կից ձեւակերպուելու են Իրանում առեւտրա-տնտեսական ներդրումների լայն աշխատանքներ, որոնք ինչ խօսք` անուղղակիօրէն շրջանցելու են արեւմտա-ամերիկեան «համաշխարհային» պատժամիջոցները, որոնք խորքում միտուած են Իրանին յաչս աշխարհի` մեկուսացուած-շրջափակուած ներկայացնել…

Յատկանշական մի այլ իրողութիւն է նաեւ այն, որ շարժման անդամ ստուարաթիւ երկրների հետ Իրանն ունի աւելի քան 40 միլիառ տոլարին համարժէք ոչ նաւթային առեւտրա-տնտեսական ներդրումային շրջանառութիւն, իսկ առեւտրային տուեալ ծաւալը բազմապատկւում է, յատկապէս այն պարագայում, երբ նկատենք, որ շարժման դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների հետ (Չինաստան, Ռուսաստան, Պրազիլ, Ղազախստան, Արժանթին, Մեքսիքա, Հոլանտա, Սերպիա, Ուքրանիա…) եւս Իրանը լայն առեւտրական գործարքներ է մշակում-կնքում: Իսկ այս խորհրդաժողովի ընթացքում պատեհ առիթներ են  ստեղծուելու, որպէսզի արդիւնաբերական-տնտեսական փոխյարաբերութիւնների ծաւալն առաւել բարձր ցուցանիշերով օժտուի:

Միւս կողմից, նկատի ունենալով միջազգային ու մասնաւորապէս տարածաշրջանային տնտեսական ու աշխարհագրա-քաղաքական ճգնաժամ-մարտահրաւէրների առկայութիւնը եւ այդ գործընթացների օրաւուր վտանգաւոր տարողութիւն թեւակոխուելը, ուստի` շարժման առջեւ ինքնըստինքեան նորովի ու համարժէք դերակատարման հեռանկարներ ուրուագծելու լայն հորիզոն է բացւում:

Այս ուղղութեամբ, ահաւասիկ, Իրանը սոյն համաժողովում, որը որպէս այդպիսին` խոշորագոյնն է իր քաղաքական պատմութեան մէջ, մտադիր է բարձրաձայնել տուեալ դերակատարման կարեւորութեան ու անհրաժեշտութեան մասին, որով, ինչպէս հէնց մեկնարկային ելոյթում յայտարարեց արտաքին գործերի նախարարը` «շարժումը պէտք է լրացնի այն անարդարանալի բացը, որը ցաւօք, այսօր արեւմտեան մեծապետական ուժերի քմահաճոյքի պատճառով` առգոյ է ՄԱԿ-ում եւ Անվտանգութեան խորհրդում»:

Իսկ այդ դերակատարումը, ըստ արտաքին գործերի նախարարի, անհրաժեշտութիւն է` միջազգային ներկայիս բարդ յարաբերութիւններում ներգործունութեամբ հանդէս գալու համար:

Համաժողովը հիւրընկալող եւ շարժման գալիք եռամեան նախագահող Իրանը, սակայն, նոր ու հիմնաւոր առաջարկներ է ներկայացնելու գագաթաժողովին, զորօրինակ`

1- Անդամ երկրների միջեւ միջազգային դրամատնային, դրամական ու ելեւմտական համակարգի ստեղծում,

2- Միջազգային խաղաղարար ուժի ստեղծում` շարժման անդամ երկրների մասնակցութեամբ,

եւ

3- Համաժողովի հռչակագրում հաստատուած նպատակների իրագործման համար համապատասխան գործադիր հաստատութիւնների ստեղծում…

Ինչեւէ, Չմիաւորուած, Ոչ յանձնառուների շարժման 16-րդ համաժողովը, գէթ խօսքերի ու յայտարարութիւնների եւ որ կարեւոր է` միջազգային քաղաքական նոր վերիվայրումների առումներով, կարծես թէ մտադիր է ի համեմատ իր նախորդ համաժողովների, աւելիով ներգործօն ու հաշուառելի միաւորի վերածուել` աշխարհագրա-քաղաքական ու տնտեսական օրըստօրէ բարդացուող պայմաններում, որոնք ինչ խօսք` շարունակուելու դէպքում աւելիով են առեղծուածային ու անկանխատեսելի իրավիճակների առջեւ կանգնեցնելու միջազգային եւ ինչու ոչ` համաշխարհային ընտանիքին:

 

28 օգոստոս, 2012

Share this Article
CATEGORIES