Լիբանանի Կռփամարտի Նոր Ֆետերասիոնը Ընտրուեցաւ Առանց Մրցակից Թեկնածուներու Գոյութեան
Լիբանանի կռփամարտի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը կը հաղորդէ, որ նոր ֆետերասիոնին ընտրութիւնները կայացան եւ եօթը անձեր ընտրուեցան առանց մրցակիցի գոյութեան` չորս տարուան նստաշրջանի մը համար:
Այս ընտրութիւններուն ութ անձեր առաջադրած էին իրենց թեկնածութիւնը` եօթը աթոռի համար:
Սակայն, նկատի ունենալով, որ Ֆիթիան Սայտայի թեկնածուն` Զէյնապ Հարիրի յետս կոչեց իր թեկնածութիւնը, նոր ֆետերասիոնը ընտրուեցաւ առանց մրցակիցի:
Ընտրութենէն ետք տեղի ունեցաւ պաշտօններու բաժանում` հետեւեալ ձեւով. Մահմուտ Հաթապ (նախագահ), Ռաֆիք Իսա (փոխնախագահ), Մոհամետ Խալիլի (ընդհանուր քարտուղար), Պըշարա Ապպուտ (գանձապահ), Մոհամետ Խալետ (հաշուապահ), Մանալ Սըլման եւ Հասան Տիպ Նասրալլա (խորհրդականներ):
Նշենք, որ այս ընտրութիւններուն ներկայ գտնուեցաւ երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարութեան ներկայացուցիչը:
Իսկ ընտրութիւններուն ներկայ էին հետեւեալ ինը ակումբներուն ներկայացուցիչները, կը նկատուին օրինական. Սամի Քըպլաուի (Շոկան), Ամալ Աուարըքի (Ֆըթուա Շարքիէ), Մազեն Քպայսի (Տիֆահ Ղըպէյրի), Ահմետ Մասրի (Ֆիթիան Սայտա), Մուսթաֆա Զէյնօ (Շաապի Սայտա), Հասան Պըշարա (Պըշարա), Օմար Մասրի (Լիուա Սայտա), Ապպաս Ապպաս (Օլիմփի) եւ Մոհամետ Խալետ Աթթար (Թայկըր):

