Nulla Dies Sine Linea – Ոչ Մի Օր Առանց Գծի

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Եթէ մի օր Հայաստանում կամ Հայաստանի սահմաններից դուրս լսէք Կուկ անունը, ապա չշփոթուէք ու չզարմանաք: Մի գուցէ նրանք ոչ թէ խօսում են ծովագնաց Ճէյմս Կուկի, այլ Վահրամ Յարութիւնեանի մասին, ում շատերը ճանաչում են որպէս Կուկ:

Նկարիչ Վահրամ Յարութեանի խօսքը պարզ է ու մատչելի, նա արտայայտւում է այնպէս, որ հասկանալի լինի դիմացինին, նրա խօսքում չէք գտնի դժուար դիւանագիտական բառակապակցութիւններ ու անիմաստ բառերի կոյտեր. «Հիմա մարդիկ խօսում են ժամերով ու օգտագործում են այնպիսի եզրեր, որ թողնեն խելացի մարդու տպաւորութիւն: Ես խօսում եմ պարզ, խօսում եմ այնպէս, որ հետաքրքիր լինի դիմացինին ու խօսքս չհնչի ճոռոմ ու անիմաստ»:

Երբ որ նկարչի աչքերում տեսնում ես պարզութիւն, հասկանում ես, թէ ինչքան մաքուր, պարզ ու ազնիւ է նրա գործը, թէ ինչքան պարզութիւն ու անկեղծութիւն կայ նրա նկարներում, որոնք մի օր անպայման կը լուսաւորուն մութ հասարակութեանը:

Վահրամը անկեղծ է իր վրձնի հետ: Թողնում է, որպէսզի իր վրձինը ինքն իրեն որոշի այն ճանապարհը, որով անցնելու է ու դառնալու է մի պատկեր, կերտելու է դարեր շարունակ ապրող մի կերպար, միջավայր կամ էլ ընդամէնը մի գիծ, որը տեսնելու են տարբեր աչքեր, զգալու են տարբեր սերունդներ ու անգամ ծնկի են իջնելու, քանի որ այդ նկարներում են ապրում այն բոլոր զգացումներն ու զգացողութիւնները, որ նկարիչը այդ րոպէին զգացել է ու այնքան ուժեղ է գտնուել, որ կարողացել է այդ ամէնը արտայայտել. «Ի սկզբանէ նկարը նկարելուց պարտադիր չէ, ինչ սկսել ես, այն էլ աւարտես: Պէտք է հետեւես վրձնի ազատ շարժումներին ու թողնես, որ այն գնայ իր ուզած ճանապարհով: Եթէ վրձինն ուզում է շեղուել աջ կամ ձախ, ապա պէտք է լսես ու ենթարկուես: Պէտք է լինես այնքան համարձակ, որ ուժ գտնես քո ներսում ու ենթարկուես: Այդ ամէնում կայ կախարդական մի բան, որը զգալու պէս անմիջապէս կարող ես վախենալ: Եթէ զգաս այդ ամէնը ու ենթարկուես, ուրեմն բախտդ բերել է: Իմ ձեռքը զգում է այն, ինչ սիրտս է զգում եւ նկարն է թելադրում սրտիս արագութիւնը», ասում է Վահրամ Յարութիւնեանը:

Նկարիչը գիտի արուեստի այբուբենը, նա կարողանում է կարդալ նկարները ու բացատրել դրանց բուն իմաստը: Երբ որ նրան խնդրէք բացատրել իր նկարների իմաստը, նա կը բացատրի, բայց ի սկզբանէ խորհուրդ կը տայ նայել նկարին, հասկանալ ու զգալ այն ամէնը ինչ կտաւի վրայ է. «Իմ նկարչութիւնն այնպիսին է, որ ամէն մի դիտորդ իր ձեւով է այն աւարտում: Դա այնպիսի նկարչութիւն է, որ ամէն անգամ, կախուած տրամադրութիւնից, տարբեր վերջաբաններ ես ինքդ մտածելու: Ենթագիտակցականի, տարբեր ժամանակների հատումն է: Թւում է, թէ աւարտուած նկար է, բայց իրականում աւարտը դուք ինքներդ պէտք է մտածէք»:

Գծեր, պատկերներ, լոյս, ստուեր, դիմակներ ու կանայք… Վահրամ Յարութիւնեանի նկարներում են հատւում անցեալը, ներկան ու ապագան: Խաչւում են իրար ու միգուցէ եւ կերտում մի նոր ժամանակ, որը նման չէ ո՛չ անցեալին, ո՛չ ներկային, ո՛չ էլ ապագային, այն նոր է ու դեռ ոչ մէկը չի համարձակուել անուն տալ այդ ժամանակին, չնայած նկարիչը ունեցել է այդ համարձակութիւնը եւ կերտել է այն իր կախարդական վրձնի հարուածներով. «Իմ նկարչութիւնը տարբեր ժամանակների համադրում է: Դրանց մէջ միեւնոյն ժամանակ կայ եւ անցեալը, եւ ներկան եւ ապագան: Այսինքն տարբեր չափադրումների խառնուրդ է: Կայ մի փիլիսոփայութիւն, որ հիմա, այստեղ, այս քաղաքի տեղում կայ մէկ ուրիշ քաղաք, որտեղ մարդիկ մեզ պէս քայլում են, շնչում են, բայց մենք իրար չենք տեսնում: Իմ նկարչութիւնը ժամանակները խառնում է, այնպէս է անում, որ այդ աշխարհները հանդիպեն», ասում է նկարիչը:

Վահրամի նկարչութիւնը կախարդանք է: Նրա նկարները լեցուն են ուժային դաշտով:  Նկարիչը վստահ է, որ նրա նկարներն այնքան ուժ ունեն, որ վաղ թէ ուշ գտնելու են իրենց ուղին, յայտնուելու են այնտեղ, որտեղ որ սահմանուած էր նրանց ի վերուստ. «Նկարչութեան մէջ ինձ համար այդքան էական չէ գոյնը, թեման, ինչքան կարեւոր է, այն ուժականութիւնը, որ դնում ես նկարներում: Երբ վրձնահարուածներ ես իջեցնում կտաւի վրայ, դու ինքդ պէտք է զգաս այդ վրձնահարուածների ուժն ու ուժականութիւնը: Իսկ երբ նկարն արդէն պատրաստ լինի, այդ ամէնը կը զգայ նաեւ հանդիսատեսը: Եթէ լինի ուժականութիւն, ապա նկարը չի կորի, կը գտնի իր հասցէատիրոջը»:

Վահրամ Յարութիւնեանի նկարները ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, նկարչից հեռու ու առանց նրա ներկայութեան: Նրա ստեղծագործութիւնները պտտւում են յայտնի ցուցասրահներում ու դարձել են դեսպաններ` բարձր պահելով նաեւ հայի ու Հայաստանի անունը. «Ամէն արուեստագէտ իր երկրի դրօշն է արտասահմանում: Այսօր դաշտը ազատ է, ամէն մէկն էլ կարող է իրեն նկարիչ կոչել ու դրսում ունենալ ցուցահանդէսներ, բայց Հայաստանն էլ պէտք է այդ ամէնին հետեւի եւ իրական նկարիչներին արժանւոյնս ներկայացնի դրսում»:

Եթէ ոմանց համար գծի սահմանումը հետեւեալն է` երկու կէտերը միացնող ամենակարճ ուղին կոչւում է գիծ, ապա նկարչի համար գիծը ոչ այլ ինչ է, քան` մի աշխարհ, մի այլ միջավայր, մի միջոց, որը օգնում է կերտել նոր աշխարհներ: Գիծը կեանք է, կեանքի սկիզբն է, գիծը արուեստ է: Ոչ մի օր առանց գծի, ոչ մի օր առանց արուեստի: Ահա այս խօսքերն են, որ ապրում են նկարչի սրտում, մտքում ու իր խոր արմատներն են թողել անգամ հոգում:

«Եթէ Աստուած քո մէջ արուեստ է ծնել, պարտաւոր ես այն իրականացնել ու չխաբես արուեստին: Եթէ մէկ անգամ խաբես, փորձես արուեստի հաշուին փող աշխատել, ապա դու նկարիչ չես ու հաւասարազօր ես զերոյի: Նկարչութիւնը, արուեստը կախարդութիւն է: Եթէ թոյլ են տուել, որ դու այդ կախարդը լինես, իրաւունք չունես դու խաբէութեամբ զբաղուելու: Եթէ խաբեցիր, յետոյ քեզ են խաբելու»:  Վահրամը չի կրկնօրինակում, ինքնախաբէութեամբ չի զբաղւում, սիրում է իր աշխատանքը, այն արուեստը, որ երբեք չի թողնի, որ դառնայ արհեստ:

Նկարչի կարծիքով, եթէ նկարն ի սկզբանէ ունենում է նպատակ, ապա այն կորցնում է իր ուժը: Նկար նկարելիս պէտք չէ մտածել նպատակների մասին, արդիւնքում կը ստացուի, որ ապարդիւն աշխատանք էք կատարել. «Նկար նկարելիս ես չգիտեմ, թէ ինչո՛ւ եմ այս կամ այն մանրամասները օգտագործում, ինչո՞ւ եմ նրանց տեղաւորում աջ կողմում կամ ներքեւում, դրանք ինքնաբերաբար են ստացւում: Եթէ այդ ամէնը իմանայի, ապա նկարչութիւնը ինձ համար կը դառնար արհեստ: Նպատակ պէտք չէ լինի, թող լինի մի նոր բան կերտելու ցանկութիւն  ու զգացմունք»:

Եթէ խօսում էք նկարչի հետ ու տեսնում, որ նա մտովի ձեզ հետ չէ, ապա մի անհանգստացէք, ուղղակի լռէք ու մի՛ խանգարէք, քանի որ նկարիչը մտազբաղ է ու միգուցէ մտովի նկարում է մի նոր գլուխգործոց ու կերտում է նոր աշխարհներ: Մի՛ կտրէք այդ մտքի թելը կամ էլ կտաւի վրայ նկարուող նոր գիծը, որը միանալով միւս գծին, դառնալու է նկարչի յաջորդ ստեղծագործութեան առարկան:

«Ինչպէ՞ս է մարդը լաւ նկարիչ դառնում, երբ որ իմանում է, թէ ի՛նչ բան է վատ նկարչութիւնը: Երբ որ հասկանում ես վատը, սկսում ես մտածել ու գտնել լաւը»: Վահրամ Յարութիւնեանը բացայայտեց վատ նկարչութիւնը, երբ 1980 թուականին քննութիւն էր յանձնում Մանկավարժական հիմնարկ ընդունուելու համար: Նա այդ տարի կտրուեց քննութիւնից: Ու հիմա գոհ է, որ  այդ ժամանակ չընդունուեց ու վստահ է, որ եթէ ընդունուէր, ապա չէր դառնայ նկարիչ, այն էլ` ուժեղ նկարիչ, ինչպիսին հիմա է. «Առաջին տարին չընդունուելուց յետոյ իմ մաեսթրոն` Մելքոնեան Աշոտը ասաց, որ պէտք է աշխատասէր լինեմ ու կը դառնամ նկարիչ` լինելով իր իսկ ժառանգը: Իսկ կ՛ընդունուեմ, թէ չէ` երկրորդական հարց է: Յաջորդ տարի նոյնպէս դիմեցի ու թող չհնչի որպէս գովք, բայց ցոյց տուեցի լաւագոյն արդիւնքը»:

«Երբ ծիլը դրուած է, այն պէտք է ճիշդ ժամանակին ջրել: Եթէ չխնամես այն, ապա յետոյ ի՛նչ էլ անես, միեւնոյնն է` ծիլը կը չորանայ ու արդիւնք չի լինի», ասում է նկարիչը: Ճիշդ ժամանակին ճիշդ ընտրութիւն: Վահրամ Յարութիւնեանին յաջողուեց խնդիրը շրջանցել: Ըստ Վահրամի, կայ մի անտառ, որտեղ բոլորը հրէշներ են ու եթէ դու չկարողանաս գնալ այդ անտառի միջով, նրանք կ՛ուտեն քեզ: Եթէ դու տեղեակ չլինես, թէ անտառի ո՛ր հատուածով առաջանաս, ապա քեզ ոչ ոք չի սովորեցնի, քո վրայով կ՛անցնեն ու կը ճզմեն. «Ես կարծում եմ, որ եթէ ուզում ես այդ անտառի միջով համարձակ անցնել, ապա պէտք է լինես շատ աշխատասէր ու ամենակարեւորը` ազնիւ քո ներքին աշխարհի հետ»:

Վահրամ Յարութիւնեանը օրեր, ժամեր, վայրկեաններ է անցկացրել մաեսթրօ Աշոտ Մելքոնեանի արուեստանոցում. «Երբ առաջին անգամ մտայ այդ արուեստանոց, ինձ թուաց, թէ մշակոյթի եկեղեցի եմ մտնում: Արուեստանոցի պատին այդ օրը տեսայ մի գրութիւն Nulla dies sine linea, այսինքն` ոչ մի օր առանց գծի: Այդ օրուանից այդ միտքը ինձ հետ է: Ոչ մի օր առանց գծի, ոչ մի օր առանց արուեստի: Արուեստանոցում ես գտայ ինքս ինձ ու այդ նշանաբանը»: Երկու տարի է, ինչ մահացել է մաեսթրոն, բայց Վահրամի համար նա դեռ ողջ է, ու երբ պէտք է լինում, նկարիչը խորհրդակցում է մեծն մաեսթրոյի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վահրամ Յարութիւնեանը սիրում է ստեղծագործել տանը, քանի որ այդպէս երբ ցանկութիւն, կարիք ու միտք ունենայ, կարող է վայրկենապէս յանձնել այդ ամէնը կտաւին. «Արուեստագէտը պէտք է նկարի այն վայրում, որտեղ ապրում է կամ հակառակը կարող եմ ասել, պէտք է ապրի այնտեղ, որտեղ ստեղծագործում է:  Երբ նոր մտայղացում ես ունենում, դա այն պահն է, որ եթէ բաց թողնես, միգուցէ էլ չկարողանաս ետ բերել ու այդ միտքը կը մեռնի: Եղել են պահեր, որ ես անգամ ինքնաթիռում եմ որոշ նկարների էսքիզներ արել, որովհետեւ ուրիշ հնարաւորութիւն չունէի: Ժամանակ կար, որ երբ վերադառնում էի արուեստանոցից, յաջորդ օրն իսկ ինքս ինձ հարց էի տալիս, թէ ի՛նչ էի երէկ նկարում, ի՞նչ պէտք է այսօր անեմ, այսինքն կապը կտրւում էր, իսկ հիմա այդպիսի խնդիր չունեմ, քանի կայ հնարաւորութիւն ապրելու եւ միեւնոյն ժամանակ ստեղծագործելու մէկ վայրում, որտեղ կարող եմ ամբողջ օրը գործ անել` առանց մէկ վայրկեան կորցնելու»:

Վահրամ Յարութիւնեանի նկարները դիտելիս կարող էք ունկնդրել նաեւ նրա վրձնի երաժշտութեանը: Վահրամը պարտադիր ստեղծագործում է երաժշտութեան ներքոյ: Կը լինի դա Փինկ Ֆլոյտ, Մոցարթ, թէ այլ երաժշտութիւն, կարեւոր չէ, քանի որ, ըստ Վահրամի, այդ երաժշտութեան մեղեդիները չեն գտնում իրենց տեղը նրա նկարներում ու չեն ունենում ոչ մի ազդեցութիւն: Ազդեցութիւն կարող է ունենալ միայն նկարչի ներքին ձայնը. «Եթէ այդ երաժշտութիւնը ունենայ ազդեցութիւն, ապա կը ստացուի, որ ես արտատպել եմ Մոցարթի արդէն վաղուց գրուած նոթաները: Նկարելու ընթացքում լսուած երաժշտութիւնը ուղղակի ապահովում է տրամադրութիւն»:

Վահրամը իր ստեղծագործութիւնները համեմատում է աղջկայ կամ տղայի հետ, որոնց չես կարող փակել մի սենեակում ու արգելել շփուել այլ մարդկանց հետ. «Երբ գալիս է ժամանակը, նկարն էլ պէտք է գտնի իր տիրոջը, գտնի իր ընտանիքին ու ամուսնանայ: Ինչպէս ճշմարիտ սէրն է գտնում իր տեղը, այնպէս էլ իմ նկարներն են գտնում իրենց հարազատ զոյգերին: Գործեր ունեմ, որ շատ եմ սիրում, բայց խնդիր չեմ տեսնում վաճառելու մէջ, չնայած երբեմն կինս չի թողնում: Իմ գործերը նուիրել չեմ սիրում, բայց երբ տեսնում եմ, որ այս կամ այն գործը իրօք գտել է իր տիրոջը, կապուել է այդ մարդը նկարի հետ, ապա նուիրում եմ առանց վարանելու»:

Արուեստը շատ փափուկ ու քաղցր, բայց միեւնոյն ժամանակ դաժան է: Արուեստը օրէնքներ չունի:  Արուեստը անսահման է: Ու երբ այդ անսահմանութեան մէջ նկարիչը սկսում է իրեն կրկնել, ուրեմն նա, որպէս նկարիչ, հաւասար է զերոյի: Նկարիչը պէտք է այդ անսահման աշխարհում ապրի նոր բացայայտումներով, նոր գծերի ու մանրամասների յայտնաբերումներով: Եթէ լինեն այդ բացայայտումները, նկարչի արուեստը կ՛ապրի ու կը շարունակի զարմացնել նորանոր հանդիսատեսների: Ներշնչանքն էլ օգնում է նորանոր բացայայտումների, իսկ ներշնչանքի աղբիւր ամէնը չէ որ կարող է դառնալ:

Նկարչի կողքին պէտք է լինի այնպիսի կին, ով կը ներշնչի նկարչին, ով կը լինի յարմարուող ու ամենակարեւորը` արուեստից հասկացող. «Երբ ես ծանօթացայ կնոջս հետ, նրան սովորեցրել եմ նկարչութիւն, նրան բացատրել եմ, թէ ի՛նչ ասել է նկարիչ լինել ու առաւել եւս` նկարչի կին լինել: Ես կարող եմ մի քանի ամիս բացակայել տնից, մասնակցել տարատեսակ արտասահմանեան ցուցահանդէսների ու այդ ամէնին պէտք է քո կողակիցը պատրաստ լինի, այլապէս դու խնդիրներ կ՛ունենաս անձնական կեանքում, որն էլ խնդիրներ կ՛առաջացնի քո արուեստում»: Վահրամը նկարիչներին խորհուրդ է տալիս ամուսնանալ սիրելով: Երբ սիրում ես կնոջդ, ամէն ինչ ընկնում է իր ճիշդ տեղը, եթէ չսիրես, դա մեծ խնդիր է լինելու ու քեզ հնարաւորութիւն չի տալու ստեղծագործել ու կուլ է տալու այն տաղանդը, որն ի վերուստ է նկարչին տրուած:

Վահրամ Յարութիւնեանի անդրանիկ անհատական ցուցահանդէսը կայացել է  Լեհաստանում, 1987 թուականին, ապա նրա նկարների շքերթը պտտուել է աշխարհէ աշխարհ` Զուիցերիա, Աւստրիա, Մեծն Բրիտանիա, Գերմանիա, Քանատա, Միացեալ Նահանգներ: Ամենախելացի հանդիսատեսին Վահրամը հանդիպել է Միացեալ Նահանգներում. «Նրանք ունեն այն կրթութիւնը, որը թոյլ է տալիս նայել նկարին ու հասկանալ, նայել ու ներթափանցել այդ նկարի մէջ: Նրանք գիտեն նկարչութեան տառերն, գիտեն ստորակէտերի ու վերջակէտերի տեղերը, ինչպէս են տողադարձում նկարչութեան մէջ, այսինքն նրանք վարժ տիրապետում են նկարչութեան լեզուին: Նրանք նայում են քո նկարին ու հասկանում են, որ դա նոր պատմուածք է, կարդում են ինքնուրոյն ու հասկանում: Այդ կողմից, ինչ խօսք, ամերիկացիները շատ գիտակ են, ինչը չեմ կարող ասել մեր հանդիսատեսի մասին: Այսօրուայ մեր երիտասարդները գեղեցիկ են, խելօք են, արտայայտում են խելացի եւ ճիշդ մտքեր, բայց չգիտեն, թէ ինչ ասել է նկար նայելու արուեստ: Նրանց 90 տոկոսը հեռու են արուեստից, որովհետեւ չեն սովորել նկարչական արուեստ ո՛չ մանկապարտէզում, ո՛չ դպրոցում եւ ո՛չ էլ համալսարանում: Հայաստանում ամէն ինչ գլխիվայր շուռ է եկած, ամէն ինչ սովորեցնում են, բայց մոռանում են հիմնականի ու կարեւորի մասին: Շատ յաճախ ցուցահանդէսների ժամանակ գալիս ու կանգնում են մի նկարի առջեւ, որն իրականում ամենաչստացուածն է, ու ասում են` ի՜նչ լաւ նկար է: Չեն հասկանում, թէ ի՛նչ են տեսնում: Նրանք գիտակից մարդիկ են, բայց ամաչում են խոստովանել, որ չեն տիրապետում նկար նայելու արուեստին: Բայց գոնէ կան որոշները, որ համարձակւում են ընդունել իրենց թոյլ կողմը ու խնդրում են իրենց սովորեցնել այդ արուեստը»:

Լինել զարգացած մարդ, բայց լինել արուեստից հեռու, նշանակում է ունենալ տխուր կեանք: Ահա այսպիսի բնորոշում է տալիս Վահրամ Յարութիւնեանը: Եթէ մարդը արուեստից հեռու է, ապա նա դաժան ու չար մարդ է, միշտ նրա ուղեղում վատ մտքեր են պտտւում եւ նա ուզում է վատութիւն անել, եթէ նրա մէջ չկայ արուեստ, ուրեմն նա փորձանք է այս աշխարհի համար. «Այն մարդը, ով գիտի նկարել, նա անպայման առաջին տեղում է իր գործի մէջ, վառ օրինակ է առաջնորդ Հիթլերը, ով նկարում ու ստեղծագործում էր: Կամ երբ բժիշկ ես, բայց նաեւ գիտես նկարել, դու արդէն մէկ աստիճան բարձր ես, քան` միւս բժիշկները»: Այդ առիթով արուեստագէտը ունի խնդրանք` ուղղուած մայրիկներին ու տատիկներին, ովքեր ամէնից շատն են անհանգստանում, երբ երեխան կեղտոտում է ձեռքերը, դէմքը ու առաւել եւս` հագուստը: Խնդրանքը ունի հետեւեալ բովանդակութիւնը. «Տատիկներին ու մայրիկներին խնդրում եմ, որ երեխաներին չխանգարեն ու նրանց վրայ չջղայնանան այն ժամանակ, երբ նրանք նկարում են ջրաներկերով, ինչ է թէ ջրաներկը կեղտոտում է շուրջբոլորը: Մի՛ փակէք այդ աշխարհի դռները նրանց համար, թողէք` երեխաները գտնեն իրենց այդ աշխարհում ու բացայայտեն այն, ինչ կայ նրանց ներսում կամ միգուցէ եւ չկայ: Հակառակ դէպքում` նրանք մեծանում են ու հեռու են լինում արուեստից ու այդ ժամանակ էլ դառնում են չոր ու կոպիտ մարդիկ»:

Վահրամ Յարութիւնեանը ազատ ու անկախ արուեստագէտ է, նա ստեղծում է իրեն հոգեհարազատ աշխարհները ու այդ աշխարհները նուիրում է իրական աշխարհին: Նրա գործերում հերոսները երբեմն դիմակներով են, որն արուեստագէտը բացայայտում է այսպէս. «Դէմքը ինքնին դիմակ է: Դիմակը սիրուն է, թէ տգեղ, կարեւոր չէ: Կարեւորն այն է, թէ ուղեղն ի՛նչ է մտածում եւ սիրտն ի՛նչ է զգում»:

Վահրամ Յարութիւնեանը ընդդիմադիր արուեստագէտ է, նա համամիտ չէ այն մտքին, որ արուեստագէտը պէտք է զբաղուի միայն իր գործով` հեռու մնալով քաղաքականութիւնից. «Եթէ դու զգում ես քո երկիրը, եթէ ստեղծագործում ես քո երկրի արիւնով, ապա պէտք է նաեւ զգաս քո երկրին հասցուող վնասները: Երբ արձագանգում ես այդ ամէնին, դառնում ես ընդդիմադիր: Եթէ գիտես, որ այսօր քո երկրից արտագաղթում է աւելի քան 100,000 մարդ, ապա ինչպէ՛ս չես դառնայ ընդդիմադիր: Դու սուտ արուեստագէտ ես, եթէ քեզ չի հետաքրքրում քո երկրի վիճակը: Հիմա պատմութեան էջեր են գրւում, լաւ, թէ վատ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մենք այդ տողերի մէջ ենք: Ու ես զարմանում եմ, երբ տեսնում եմ որ որոշ արուեստագէտներ շարունակում են նստած մնալ իրենց աթոռի վրայ ու հանդէս են գալիս որպէս դիտորդ այս ամէնի: Այն արուեստագէտն է ուժեղ, որը վերարտադրում է ի վերուստ ստացած ուժ` ընդդիմադիր, հեռուն գնացող մտքերով…»:

Նկարիչ Վահրամ Յարութիւնեանը, հէնց ինքը` Կուկը, այսօր ձեզ հետ հաղորդակից եղաւ իր ոչ ընդդիմադիր մտքերով, այլ` բարի ու դրական զգացումներով, բայց յուսով եմ, որ կը գայ մի օր եւ դուք հաղորդակից կը լինէք նաեւ նրա նկարներին, որոնք լի են ուժականութեամբ, դրական յոյզերով ու սիրով: Ու այդ ժամանակ դուք ձեզ համար անձամբ կը բացայայտէք իսկական ու չկեղծուած նկարչի կերպարը:

Յ.Գ. Կարող էք այցելել նաեւ նկարչի www.artistvahram.com

 

Նիւթը տպագրուել է ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրում

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )