Մեր Խաղի Ժամանակը

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ

… 2012 թուական, ամառ… Սիրիայում օր օրի վիճակը ծանրանում է, զոհուած ու առեւանգուած հայերի թիւը` գնալով աճում: Երեւանի փողոցներում յաճախ են հանդիպում սիրիահայեր` շուարած, շփոթուած կատարուածից:

Հարցումների, զրոյցների թեման գրեթէ ամէն օր նոյնն է. ի՞նչ կայ Հալէպից, հայկական թաղամասերին հոյ բան չի՞ պատահել… մխիթարւում ենք, որ զոհուած, առեւանգուած հայերի թիւը չի աւելացել… Բայց հոյ լաւ գիտենք, որ մխիթարանքը անցողիկ է, ժամանակաւոր…

Քսան տարի առաջ Հալէպից եկած ու Երեւանում մշտապէս հաստատուած ընկերոջս` Վազգէնի խանութը դարձել է հալէպահայերի հաւաքատեղին..

Այդ օրը ընկերոջս հիւրը պատկառելի տարիքով, խնամուած արտաքինով մի հալէպցի էր: Կռահեցի, որ հին գործընկերներ են եղել: Որոշեցի նրանց առանձին թողնել, նոյնիսկ ներողութիւն խնդրեցի զրոյցը ընդհատելու համար, բայց Վազգէնը կանխեց.

– Նստիր, չես խանգարում, ընդհակառակը, գուցէ մի խորհուրդ էլ դու տաս:

– Խորհուրդ տուողները հիմա շա՜տ են:

– Նայած` ով…

Երբ նորից ծայր առաւ զրոյցը` Սիրիայի դէպքերի, հայերի, թուրքերի նենգ պահուածքի եւ միւս-միւս բաների մասին, ընկերոջս հիւրը փորձեց գլխաւոր մեղաւորներին ուրիշ տեղ փնտռել.

– Այս ամէնը հրեայի խաղն է,- ասաց:

– Է՜, հրեաները քեզ ըսին` նստիր, սպասիր, մինչեւ դանակը ոսկորի՞ն հասնի… մոռցա՞ր` ինչ ձեւով անոնք դուրս եկան Սուրիայէն պատերազմէն առաջ,- Վազգէնը նկատի ունէր անցեալ դարի արաբ-իսրայէլական պատերազմը ու շարունակեց,- մի գիշերուայ մէջ, անաղմուկ, դատարկ գրպաններով:

– Դատա՞րկ,- զարմացած հարցրի ես:

– Անոնք իրենց ունեցածը վաղուց ոսկեղէնի, գոհարեղէնի, հին իրերի կապել էին ու ղրկել, ուր որ հարկն է… հրեան այս խաղը հինգ հազար տարի առաջ է սկսել ու մինչեւ հիմա կը խաղայ…

– Ամէն ազգ իր խաղն ունի,- եզրակացրեց հիւրը:

– Մեր խաղը ո՞րն է Յակոբ (հիւրի անունը Յակոբ էր), կրնա՞ս բացատրել… մեր խաղը ուրիշներուն շէնացնե՞լն է, մեր խաղը ուրիշներին հաւատարիմ ծառայե՞լն է, մեր խաղը ուրիշների օրէնքները յարգե՞լն է, ուրիշների ոտքերու տակ գորգի պէս փռուե՞լն է մեր խաղը… հրեայի խաղն է կ՛ըսես. համաձայն եմ, թող հրեայի խաղը ըլլայ, մե՞զ ինչ… Մե՜ր, մեր խաղալու ժամանակը չեկաւ՞…,- Վազգէնի ձայնի մէջ վիրաւորանք կար, բարկութիւն, ցաւ, ափսոսանք… յետոյ անսպասելի դիմեց Յակոբին.

– Որքա՞ն վճարեցիր Հալէպ – Երեւան տոմսակին:

– Մի՛ հարցուր, թալան է,- դժգոհեց հիւրը:

– Հրեա՞ն ըսաւ` թալանիր: Քեզի համար, որ թալան է, հապա կօշկակար Պօղոսը՞ ինչ ըսէ, սրճեփ Ասատուրը, վարժարանի օրիորդ Շաղիկը, գրագէտ Յակոբը… կ՛ուզե՞ս անունները շարունակեմ… Հրեան… հրեա՜ն իր կօշկակար Աբրահամին, սրճեփ Աբրահամին, օրիորդ Սառային համար տոմսակները առաջնահերթ, անաղմուկ արդէն գնած կը լինէր…

Հիւրը լսում ու ոչնչով չէր առարկում: Ես ինքնախարազանման պէս մի բան էի ապրում. ծանր, օրհասական պահերին մենք միշտ փնտռում ենք մեզ փողոցից – փողոց, հիասթափւում մեր սնանկ վիճակից, բարեգործական երթուղիների տէրերից…

Դրա փոխարէն Հալէպ-Երեւան մի-մի տոմս գնէիք` սուսուփուս, անաղմուկ… այդ ճանապարհը, ախր, երկնքով է անցնում` Աստծուն մօտ…

Այս մտքերով տարուած` մի պահ չէի նկատել, թէ ինչպէս էր սուրճի երեք գաւաթ դրուել սեղանին ու Հալէպի անուշաբոյր սուրճի հոտը բռնել էր սենեակը:

– Հալէպից է, Կարոյի քովէն առի,- ժպտալով ասաց հիւրը` հասկացնելով, որ ինքն է բերել:

– Նշխարքի պէս վայելենք ուրեմն,- բազմանշանակ ասաց Վազգէնը ու ծխախոտը վառեց:

Առանձնայատուկ բոյր ունի Հալէպի սուրճը` կարօտի, յիշողութեան բոյր: Մտքով հասայ Կարոյի խանութ, կողքինը` անուշավաճառ Պօղոսի խանութն է, յետոյ սանդուիչ Կարոն է… ոսկերիչ Մանոն, լումայափոխ Նշանը, իսկ հէնց փողոցի անկիւնադարձին` Յակոբի մանկական հագուստի խանութը… փողոց ասածն այստեղ նեղլիկ մի բան է, որի մի մայթն անցնելու համար մի քայլն էլ բաւական էր… տաքու՜կ, մեղուի փեթակ յիշեցնող բարի մի թաղամաս` մի պճեղ Հայաստան…

Թէեւ լուռ, կում-կում վայելում էինք Հալէպի անուշաբոյր սուրճը, բայց ամէն մէկս մեր մէջ զրոյցը շարունակելու ելք էինք փնտռում: Վազգէնը բանալին գտաւ` հարցնելով Յակոբին.

– Ներսի շուկայի Ահմետին կը յիշե՞ս:

– Շատ լաւ, – վստահ պատասխանեց հիւրը:

– Ի՞նչ ազգ էր, գիտէի՞ր..

– Արաբ չէ՞ր..

Ընկերս խորամանկ ժպտաց.

– Ի՜նչ արաբ, ի՜նչ չերքեզ, ի՜նչ թուրք… Հրեայ էր, հրեա՜յ…

Դեռ Գամիշլիից գիտէի…տասնչորս երեխայ ունէր, բոլորին մէկ-մէկ Հրեաստան ղրկեց` բեռով, բարձով… Ինքը տեղափոխուեց Հալէպ. ներսի շուկայում հնավաճառի գործ կ՛ընէր…

Վազգէնը մի պահ լռեց, յետոյ շարունակեց խորհրդաւոր հրեայի պատմութիւնը.

– Չեմ յիշեր, քսան եւ աւելի տարի առաջ էր, գործով Ներսի շուկայ ելայ… Հէնց մուտքի մօտ տեսնեմ ո՞վ` Ահմետը, ապրանք կը ծախէր… աչքերուս չհաւատացի: Քիչ կանգնելուց, զննելուց յետոյ, համոզուելով, որ ինքն է, անունը տուի… Գործը թողեց, եկաւ. փաթթուեցանք, համբուրուեցանք, յիշեցինք Գամիշլին, զաւակներին… Կարճ տեւեց մեր զրոյցը: Ահմետը գործի մարդ էր… քամի էր, մարդ չէր… դրամը անոր ետեւէն կը վազէր, իսկ հայը դրամին ետեւէն կը վազէ… Բռնիր նայիմ, կը բռնուի՞… Չեմ մոռնար հրաժեշտին ըսած անոր խօսքը.

– Ձեր ելնելու ժամանակն էլ մօտ է,- ասաց:

Ասել կ՛ուզէ` մեր խաղի ժամանակն է:

 

 

 

 

Share this Article
CATEGORIES