Մերձաւոր Արեւելքում Հասունանում Է «Քրտական Գարուն». Անկախ Քրտստանը Հաշուի Չի Առնելու Ո՛չ Անգարային, Ո՛չ Պաղտատին, Ո՛չ Դամասկոսին: Այն Ամէնն Ինչ Պէտք Է, Նա Կ՛ունենայ Նաւթ` Մերձաւոր Արեւելքի Ամենակարեւոր Առաւելութիւնը

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ՍԱՀԱԿԵԱՆ

«Արաբական գարուն»-ը աստիճանաբար վերափոխւում է «քրտական գարնան»: Այսպէս, յամենայն դէպս, կարելի է բնորոշել վերջին ժամանակներս աւելի յաճախակի դարձած Սիրիայում եւ, որոշ չափով Իրանում բնակուող միացեալ քրտական ժողովրդի բախումները թուրքական կանոնաւոր բանակի հետ: Քրտերն ակնյայտօրէն զգացել են, որ Մերձաւոր Արեւելքում տիրող խառնաշփոթը կարող է նրանց օգնել` ստեղծելու անկախ Քրտստանը եւ այդ կերպ վերահսկել նաւթի հոսքը ոչ միայն Իրաքից, այլ նաեւ` Սիրիայից:

Իրաքի մէջ

Իրադարձութիւնների նման զարգացման անթոյլատրելիութեան հարցում գլխաւոր դերը խաղում է Թուրքիան, որի համար քրտական հարցը արդէն մի քանի տասնամեակ անլուծելի է համարւում: Թուրքական կանոնաւոր բանակի` ՔԱԿ-ի քիւրտ գրոհայիններին ոչնչացնելու բոլոր փորձերը անյաջող են աւարտւում: Քրտական ճամբարները ոչնչացնելու պատրուակով ինքնիշխան Իրաքի տարածք մշտական ներխուժումները ոչնչի չյանգեցրին, այժմ հերթը սիրիական քրտերինն է, որոնք միաւորուած են Քրտական ժողովրդավարական կուսակցութեան (ՔԺԿ) ներքոյ, որն էլ սերտ կապերի մէջ է Քրտական աշխատաւորական կուսակցութեան հետ: Այս ամէնին գումարւում են նաեւ Իրանում արգելուած «Փեժակ» քրտական կուսակցութիւնը եւ քիւրտ գրոհայինների այլ ստորաբաժանումներ, որոնք չեն մտնում որեւէ կազմակերպութեան մէջ, սակայն, այնուամենայնիւ, Թուրքիային լուրջ վնասներ են հասցնում:

Սուրիոյ մէջ

Ահմեթ Տաւութօղլուի «Հարեւանների հետ ոչ մի խնդիր» ձախողուած քաղաքականութիւնը յանգեցրեց նրան, որ Թուրքիայի ղեկավարող բարձրագոյն մարմիններում սկսել են խօսել նրա պաշտօնաթողութեան մասին, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը «խնդիր է դարձել գրեթէ բոլոր հարեւանների հետ»: Այստեղ տեղին է նկատել, որ ՔԺԿ-ն գաղտնի համաձայնութիւն է կնքել Ասատի հետ եւ Սիրիայի հիւսիս-արեւելքում վերահսկում է կարեւորագոյն շրջանները: Եթէ քրտական ստորաբաժանումները միաւորուեն, իսկ դա հաւանական է, ապա Անգարայի համար իսկական մղձաւանջ կը սկսուի` որպէս Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի տարածքներում անկախ Քրտստանի ստեղծում: Սիրիայում գործում է նաեւ 11 կուսակցութիւններից բաղկացած Քրտական ազգային խորհուրդը, որը, ընդհանուր առմամբ, տարաձայնութիւններ չունի Ասատի հետ, առաւել եւս` իրաքեան քրտերի:

«Հիւրրիյէթ» պարբերականի թուրք տեսաբան Էրթողրուլ Օզկոկը բաւականին տրամաբանական հարց է առաջադրում. «Եթէ մենք չենք կարողանում վերահսկել քրտերի հետ 400 քմ ձգուող սահմանը, ապա ինչպէ՞ս կարող ենք վերահսկել 1200 քմ: Արաբները պայքարում են, քրտերը` յաղթում: Քրտերը եւս մէկ քայլ են անում անկախ պետութեան ստեղծման ճանապարհին: Բացի այդ, նրանք կարող են դրան հասնել առանց հրաձգութեան: Ինչո՞վ է զբաղուած Թուրքիայի արտաքին գործերի նախարարը»:

Եւ ի հարկէ նաւթը` Քերքուքից Ճէյհան տանող երկու ռազմավարական նաւթակազատարերը: Սա այն քարտէզն է, որը բաւականին մեծ յաջողութեամբ կարող են շահարկել քրտերը, եւ, ամենայն հաւանականութեամբ, ամէն ինչ յանգում է հէնց դրան: Անկախ Քրտստանը հաշուի չի առնելու ո՛չ Անգարային, ո՛չ Պաղտատին, ոչ Դամասկոսին: Այն ամէնն ինչ պէտք է, նա կ՛ունենայ` նաւթ` Մերձաւոր Արեւելքի ամենակարեւոր առաւելութիւնը: Չկայ նաւթ, ուրեմն պէտք է ինչ-որ մէկին յարմարուել: Իսկ երբ կայ, բոլորը մեծ ուրախութեամբ կը սկսեն յարմարուել քեզ:

Թուրքիոյ մէջ

Մինչ այդ Թուրքիայի իշխանութիւնները սպառնացել են Սիրիային միջամտութեամբ` յայտարարելով, որ թոյլ չեն տայ քիւրտ անջատողականներին օգտագործել այդ երկրի տարածքը որպէս իրենց խարիսխ: Թուրքիան շարունակում է զօրքեր տեղակայել Սիրիայի հետ սահմանից 900 քմ հեռաւորութեան վրայ: Թուրքիայի կառավարութիւնն անհանգստացած է նրանով, որ սիրիական քրտերը շարունակում են իրենց վերահսկողութեան տակ առնել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում տեղակայուած բնակավայրերը, մինչդեռ երկրի այլ շրջաններում սիրիական կառավարութիւնը շարունակում է պայքարել ապստամբների դէմ:

«Մենք թոյլ չենք տայ, որ մեր սահմանի մօտակայքում ձեւաւորուի ահաբեկչական կառոյց», յայտարարել է Ահմեթ Տաւութօղլուն` հադէս գալով թուրքական հեռուստատեսութիւնում: «Մենք մեզ նման իրաւունք վերապահում ենք, ո՛վ ուզում է լինի` Քայիտան, թէ ՔԱԿ-ը: Մենք սա համարում ենք ազգային անվտանգութեան հարց եւ կը ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները»: Համանման յայտարարութեամբ նախորդ շաբաթ հանդէս էր եկել երկրի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Քրտական անջատողականութիւնը կրկին գլուխ է բարձրացրել, բազմաթիւ թուրք զօրավարներ ձերբակալուած են, եւ Թուրքիայի համար նման գործողութեան ռիսքերը գնալով աւելանում են:

«Փան Արմինիըն»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )