«Կեանքում Ամենակարեւորը Բարութիւնն Է». Հարցազրոյց Նկարչուհի Զարուհի Թովմասեանի Հետ
Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Զարուհու նկարների մէջ այնքան վառ են գոյները, ինչպէս իր ներաշխարհն է: Նրա ստեղծագործութիւններում ասելիքը երբեմն խտանում է, պոռթկում, ընդվզում, բայց միեւնոյն ժամանակ այն լցուած է լինում անսահման սիրով ու պայքարով… Զարուհու հետ մեր զրոյցն սկսեցինք նրա մանկութիւնից…
ԶԱՐՈՒՀԻ ԹՈՎՄԱՍԵԱՆ.- Ես նկարել սկսել եմ մանկութիւնից` 3 տարեկանից: Այն ժամանակ Երեւանից տեղափոխուել էի Էջմիածին: Մանկութիւնս անցել է հեքիաթների մէջ: Ծնողներս արուեստասէր են եղել, թէեւ հայրս իրաւաբան էր, մայրս` մանկաբարձ: Մեր օճախում մշտապէս հիւրընկալւում էին յայտնի արուեստագէտներ, ինչպէս օրինակ, Երուանդ Քոչարը, որն այն ժամանակ քանդակում էր Կոմիտասի քանդակը: Մենք ամէն օր միասին էինք ճաշում նրա հետ: Ես ինքս արմատներով Արեւմտեան Հայաստանից եմ` մշեցի եմ: Նախահայրերս Եղեռնից վերապրածներից են: Կարծում եմ` իմ նկարչութեան մէջ կան նաեւ Արեւմտեան Հայաստանից ծինային կերպով եկած գոյներ: Հետաքրքիրն այն է, որ մինչ օրս իմ վաղ մանկութեան նկարած փոքրիկ նկարները պահպանուել են: Դեռեւս այն ժամանակ ծնողներս զարմանում էին, թէ փոքրիկ երեխային որտեղից այդքան երեւակայութիւն, ով ակվարելի գոյները խառնում էր, նկարում էր հայկական տարազով կանանց կամ, օրինակ, գեղասահքի մրցոյթ էի պատկերել, որտեղ հանդիսատեսը ծաղիկների փոխարէն մրգեր էր նետում յաղթողների կողմ: Սիրում էի նկարել վառ գոյներով, եւ հեքիաթի հերոսներին պատկերել իմ երեւակայութեամբ:
Հ.- Եւ այդ երեւակայական աշխարհն սկսեց տարանջատուել, այլ կերպ ասած` ի յայտ եկան արուեստի տարբեր ուղղութիւններ, որոնք քո նկարչութեան մէջ արթնացրեցին նաեւ իրական աշխարհը:
Զ. Թ.- Հետաքրքիրն այն է, որ նոյնիսկ մանկութեան տարիներին ես նկարում էի իրատեսական:
Հ.- Այսինքն` ըստ ձեզ, արուեստը պէտք է պատկերի գեղեցի՞կը:
Զ. Թ.- Արուեստը նախեւառաջ ոչ միայն գեղեցիկի զգացողութիւն է, այլեւ հոգու ինքնաարտայայտումը: Ի զուր չեն ասել, որ արուեստը կը փրկի աշխարհը: Արուեստը նաեւ մաքրում է աշխարհը չարիքից, եւ հէնց արուեստի միջոցով պէտք է պայքարել չարիքի դէմ: Մանկութեանս տարիներին, չէի գիտակցում, թէ ի՞նչ է արուեստը. միթէ արուե՞ստ եմ նկարում, որովհետեւ պարզապէս սիրում էի նկարել: Յաճախ էի ցուցահանդէսներ այցելում, եւ շատերն էին զարմանում, թէ փոքր հասակում ինչպէս էի կարողանում տարբերել յայտնի արուեստագէտների ձեռագրերը: Նկարելը հոգու ինքնաարտայայտման միջոց է եղել ինձ համար:
Հ.- Մեր օրերում արուեստի ընկալումը փոխուել է նաեւ արուեստագէտների մօտ, ըստ որոնց` արուեստը պէտք է պատկերի ոչ թէ գեղեցիկը, այլ իրականութիւնը:
Զ. Թ.- Ինձ մօտ եկաւ մի ժամանակ, երբ նաթիւրմորթներ եւ պեյզաժներ նկարելուց անցայ, եւ ձեւաւորուեց փիլիսոփայական գաղափար: Ինչպէս կարելի է սէրը, սրտի տրոփիւնը, ընդվզումն արտայայտել ծառով կամ բնութեամբ, եւ դա է պատճառը, որ ես անցայ վերացական, ապսթրաքթ արուեստի: Եւ եթէ իմ կտաւը դիտողը հասկանում է այն, ինչ ես փոխանցել եմ, եւ լսում է այն երաժշտութիւնը, որ առկայ է իմ ստեղծագործութեան մէջ, համարում եմ, որ իմ ստեղծագործութիւնը յաջողուել է: Կարեւոր է այն, որ հոգում կուտակուածը դուրս յորդի, ոչ թէ այն, ինչ շատ յաճախ տեսնում ենք ժամանակակից արուեստում, որտեղ պարզապէս խծբծում են, եւ չկայ այդ ներշնչանքի պայթիւնը, եւ չկայ էքսփրեսիա: Դուք հնարաւոր է ընկալէք ինձ այլ կերպ, մինչդեռ ես այդպիսին չեմ, իմ ներաշխարհն աւելի շատ արտայայտում եմ իմ կտաւներում: Ընդհանրապէս, շատ բարդ է զգացմունք նկարելը:
Հ.- Ձեր երաժշտութեան մէջ ճազը շատ է լսւում: Յաճախ էք ճազ երաժշտութեան ուղեկցութեամբ նկարում:
Զ. Թ.- Այո՛, ես նկարում եմ երաժշտութեան տակ եւ յետոյ գալիս է մի պահ, երբ պէտք է արտայայտես քո երաժշտութիւնը: Ճիշդ է, ապսթրաքթ ստեղծագործութիւնները նկարում եմ ճազ երաժշտութեան տակ: Եւ նաեւ բաւական խորը գիտելիքներ եմ ձեռք բերել ճազ երաժշտութեան ուղղութեան մէջ: Նկարչութեան մէջ առկայ է ե՛ւ պոեզիա, ե՛ւ երաժշտութիւն:
Հ.- Իսկ որքանո՞վ են անդրադառնում տեղեկատուական տեխնոլոգիաներն արուեստի վրայ: Արուեստի ընկալման փոփոխութիւն նկատո՞ւմ էք:
Զ. Թ.- Գիտէք, այսօր բաւական զարգացած է համակարգչային կրաֆիկայով նկարելը, եւ ես սովորել եմ այդ ծրագիրը: Սակայն կարծում եմ` ապակու միջոցով ստեղծագործելն այն ազդեցութիւնը չի հաղորդում ստեղծագործողին, ինչպէս իւղաներկով աշխատելը, երբ զգում ես իւղաներկի հոտը: Սովորաբար չեմ սիրում, երբ ինձ խանգարում են ստեղծագործելիս: Համակարգչով ստեղծագործելը չի կարող հաղորդել այն հոգեւոր պահը, որ ապրում է ստեղծագործողը: Իսկ համակարգչով կարելի է տիզայնի աշխատանքներ անել: Ամէն նիւթ թելադրում է իր ասելիքը: Երբեմն ինձ ասում են, որ իմ աշխատանքները քուպիստական են, բայց ես համամիտ չեմ դրան, քանի որ քուպիզմը վայրենի տարրեր է պարունակում, այնինչ իմ արուեստում դա բացակայում է: Իսկ իմ արուեստում կայ զգացմունք` սէր, ցաւ… Ամէն զգացողութիւն:
Հ.- Ըստ ձեզ` ո՞ւր է գնում արուեստը:
Զ. Թ.- Սխալ է, երբ ասում են, թէ արուեստը փակուղում է գտնւում: Հայաստանում արուեստն աճում է, եւ դա կարող են փաստել այն ցուցահանդէսները, որոնք կազմակերպւում են Հայաստանում: Ինքս հետեւում եմ այդ զարգացմանը, եւ տեսնում եմ երեւակայութեան աննախադէպ աճ: Արուեստը յետընթաց չի ապրում, հակառակը` այն առաջընթաց է ապրում: Իւրաքանչիւր ժամանակաշրջանում արուեստն ունեցել է իր առաջընթացը եւ ասելիքը: Մեր օրերի ասելիքը տարբերւում է միւս ժամանակաշրջանների ասելիքից: Սակայն բոլոր դէպքերում արուեստի գործը յաջողուած է համարւում, երբ հանդիսատեսն ապրում է այն, ինչ կտաւի միջոցով փոխանցել է արուեստագէտը, եւ նրա մէջ վերարթնանում են զգացմունքները: Ամենակարեւորը դա է: Նոյն երեւոյթն առկայ է արուեստի բոլոր ճիւղերում: Եւ ամենակարեւորն այն է, որ արուեստագէտն իր ասելիքը հասցնի հանդիսատեսին:
Հ.- Իսկ ո՞րն է մարդու ապրելու իմաստը:
Զ. Թ.- Դա պայմանաւորուած է մարդու տեսակով: Կան մարդիկ, որոնց համար երջանկութիւնը լաւ հագնուելն է, լաւ սնուելը, այլ կերպ ասած` այդ մարդիկ ապրում են ի հաշիւ, իսկ կան մարդիկ, ովքեր ապրում են ի բանիւ, ինչպէս մտաւորականները: Աւետիք Իսահակեանն իր բանաստեղծութիւններից մէկում ասել է, որ կը գայ ժամանակ, երբ առատ սեղանների մօտ կը լինի հոգու սով: Ցաւօք, հիմա դա է մեզ մօտ: Մեր օրերում նիւթապաշտութիւնը շատացել է: Մարդկային կարեւոր արժանիքները քչանում են: Այսօր անգամ պակասում է բարեկամական վերաբերմունքի ջերմութիւնը: Ես ինքս կորուստներ ունեցել եմ կեանքում, բայց դա երբեւէ պատճառ չի դարձել իմ հարազատների, ընկերների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսեւորման: Ես ինքս ապրում եմ արուեստով, եւ ներդաշնակութիւն եմ ապրում այդտեղ: Արուեստը ներդաշնակութիւն է, որտեղ մարդ գտնում է խաղաղութիւն: Կեանքում ամենակարեւորը բարութիւնն է, մարդ պէտք է անի այն, ինչ ցանկանում է, որ իրեն անեն: Դա իմ նշանաբանն է: Բաւական է նիւթի գերի դառնալ, կուռք դարձնել ռեստորանները: Մարդ կարիք ունի հոգեւոր երաժշտութեան, հոգեւոր սննդի: Ինչպէս Ռիչըրտ Պախի Ճոնաթան Լիվինկսթոն ճայն էր սիրում անընդհատ բարձրանալ, այդպէս էլ մարդ պէտք է հոգու վերելք ապրի: Եթէ Աստուած հոգի է տուել մարդուն, ապա մարդ պէտք է կատարելագործի այն: Եթէ մարդ դադարում է սովորել, ուրեմն` նա սկսում է պարզապէս գոյատեւել…
Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

