Առի-ի Ներդրումով Յակարիի Ափին Գիւղ Է Կառուցուելու. Լիբանանահայ Գործարարները` Արցախի Հիւսիսում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յարութիւն Խաչատրեանը այն հազարաւոր հայերից մէկն է, ով աւելի քան քսան տարի առաջ ստիպուած է եղել թողնել հայրենի տունը Շահումեանի շրջանի Էրքեջ գիւղում: 1991 թուականին խորհրդային զօրքերը ազրպէյճանական ոստիկանական ջոկատների հետ միասին բռնութիւններով ու ջարդերով տեղահանեցին Հիւսիսային Արցախի հայկական բնակչութեանը: Խաչատրեանը  տարիներ առաջ է հաստատուել Նոր Շահումեանի (Քարվաճառ) շրջանի Նոր Էրքեջ գիւղում: Երբ արցախեան ուժերը 1993-ի գարնանը վերահսկողութեան տակ առան Քարվաճառի շրջանը, տունուտեղը կորցրած շահումեանցիների ու գետաշէնցիների մի մասը 1990-ական թթ. վերջերից հաստատուեցին Թարթառ գետի ափին գտնուող բնակավայրերում` դրանք վերանուանելով Նոր Էրքեջ, Նոր Գետաշէն, Նոր Շահումեան…

«Հողը միայն նուաճելով չեն պահում, այլ` այդ հողի վրայ ապրելով ու արարելով», ասաց Խաչատրեանը` դիմելով Դադիվանքում հաւաքուած լիբանանցի գործարարների պատուիրակութեանը: «Ես ԱՌԻ ընկերութիւնից ստացել եմ 1.5 միլիոն դրամ գիւղատնտեսական վարկ: Յաջորդ անգամ ձեր Արցախ ժամանելու ընթացքում միասին կը ճաշակենք այն բերքն ու բարիքը, որ ես ստեղծում եմ», խոստացաւ նա:

ԱՌԻ (Artsakh Roots Investment) ընկերութեանը մաս են կազմում 86 հայազգի գործարարներ, ովքեր կա՛մ բնակւում են Լիբանանում, կա՛մ ծնունդով Լիբանանից են: Այս ընկերութիւնը երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքով եւ առանց գրաւի վարկեր է տրամադրում Քաշաթաղի եւ Նոր Շահումեանի շրջանների բնակիչներին:

ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանի խօսքերով` շնորհիւ ԱՌԻ-ի, Քաշաթաղի եւ Նոր Շահումեանի շրջաններում հարիւրաւոր ընտանիքներ օգտուել են տրամադրուող վարկերից եւ լուծել իրենց ընկերային խնդիրները, իսկ եւս հարիւրաւոր ընտանիքներ սպասում են վարկ ստանալու իրենց հերթին: «Դժուար է 86 մարդու համախմբել մէկ գաղափարի շուրջ: Դուք կարողացել էք համախմբուել այս հրաշալի գաղափարի շուրջ», ասաց Յարութիւնեանը լիբանանահայ գործարարների հետ Ստեփանակերտում հանդիպման ընթացքում:

Արցախ այցելութեան ընթացքում ԱՌԻ-ին մաս կազմող մի քանի տասնեակ գործարարներ այցելեցին Քաշաթաղի եւ Նոր Շահումեանի շրջաններ, տեղերում հանդիպեցին այն գիւղացիների հետ, որոնք վարկ են ստացել անասնապահութիւնը, գիւղատնտեսութիւնը եւ մեղուաբուծութիւնը զարգացնելու նպատակով:

ԱՌԻ-ի ներկայացուցիչներից Մասիս Ալեքսանդրեանի խօսքերով` լիբանանահայ գործարարների պատուիրակութեան շրջապտոյտը երկու հիմնական նպատակ էր հետապնդում: Առաջին` գործարարները, ովքեր մաս են կազմում ԱՌԻ-ին, գալ եւ սեփական աչքերով տեսնել իրենց ներդրումների արդիւնքները գետնի վրայ, երկրորդ` ԱՌԻ-ի կազմում ներգրաւել նոր գործարարների: «Մենք Արցախի, Հայաստանի եւ սփիւռքի գաղութներին կոչ ենք անում ներգրաւուել ԱՌԻ-ի գործում», ասում է Ալեքսանդրեանը:

Արմէն Պրազեանը բնակւում է Դադիվանքում: Մեղուաբուծութիւնը զարգացնելու նպատակով նա ԱՌԻ-ից ստացել է 1.5 միլիոն դրամ վարկ: Նա Դադիվանքի միջնադարեան վանական համալիրում հաւաքուած լիբանանահայ գործարարներին եւ Նոր Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավարութեանը պատմում էր մեղուաբուծութեան մէջ իր ունեցած յաջողութիւնների եւ Քարվաճառի ներդրումային միւս հնարաւորութիւնների մասին: Չարեքտար գիւղի բնակիչներից Մխիթար Կարապետեանը ասաց, որ ինքը ԱՌԻ-ի վարկառուներից չէ, սակայն իր հարեւանների առօրեան ցոյց է տալիս, որ ներդրումները որոշ չափով թեթեւացրել են մարդկանց կեանքը եւ հնարաւորութիւն տուել զարգացնել անասնապահութիւնը:

Քարվաճառը անասնապահութեան եւ մեղուաբուծութեան համար բարենպաստ պայմաններ ունի: Նոր Շահումեանի շրջանի վարչակազմի գիւղատնտեսութեան բաժնի վարիչ Խաչիկ Գալստեանը նշում է, որ ԱՌԻ-ի վարկերի շնորհիւ մէկ տարուայ ընթացքում շրջանում խոշոր եղջերաւոր անասունների թուաքանակը աւելացել է 600-ով:

ԱՌԻ-ի վարկատուներից Բենիամին Պչաքճեանի խօսքերով` բարեսիրութեամբ հողատարածք չի վերաբնակեցուի եւ տնտեսութիւն չի զարգանայ: «Հէնց այդ պատճառով էլ որոշեցինք ներդրումներ կատարել: Դա եղաւ Արցախի կառավարութեան հետ համագործակցութեան շնորհիւ: Մենք կարողացանք լիբանանցի գործարարներին համոզել, որ փոխանակ օտար ափերի` ներդրումներ կատարեն հայրենիքում: Մեր նպատակն էր գիւղատնտեսութիւնը զարգացնելը, որի ուղղութեամբ աշխատանքները կը շարունակենք», ասում է նա:

ԱՌԻ-ի եւ ԼՂՀ իշխանութիւնների երկու տարիների համագործակցութիւնը ցոյց է տուել, որ Արցախի 12 հազար քառակուսի քիլոմեթր հողը մշակելու համար անհրաժեշտ է ողջ սփիւռքի գործարարների ներգրաւումը: Քանի որ ԼՂՀ-ն միջազգայնօրէն ճանաչուած չէ, ինչպէս նաեւ այն համարւում է ռիսքային գօտի ներդրումների առումով, օտարերկրեայ ընկերութիւնները խուսափում են ներկայութիւն ունենալ: Հետեւաբար միայն հայկական պիզնըսի վրայ պիտի դնել յոյսը:

Նախագահ Բակօ Սահակեանի հետ հանդիպմանը ԱՌԻ-ի ներկայացուցիչներից 82-ամեայ Յակոբ Չիլինկիրեանը ասաց, որ ներդրումների իմաստով Արցախը շատ աւելի ապահով վայր է, քան` այլ երկրներ: Նա նկատեց, որ ընդամէնը մի քանի տարի առաջ ապահով համարուող Սուրիան այսօր արիւնալի պատերազմի մէջ է եւ, հետեւաբար, աշխարհի ամենառիսքային երկրներից: «Քաջ եւ լաւատես լինենք: Այստե՛ղ, մեր հողի վրայ գործ անենք», յորդորեց Չիլինկիրեանը:

Վարչապետ Արա Յարութիւնեանի եւ ԱՌԻ-ի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում կարեւորուեց սփիւռքի այլ գաղութների ներգրաւումը Արցախում ներդրումներ կատարելու գործում: ԱՌԻ-ի գործադիր տնօրէն Սուրէն Սարգսեանը ասաց, որ ժամանակն է դուրս գալ Լիբանանի սահմաններից եւ ներգրաւել սփիւռքի միւս գաղութները, կուսակցութիւններն ու  համայնքային կառոյցները:

Առաջիկայում Պէյրութում տեղի է ունենալու ԱՌԻ-ի ընդհանուր ժողովը, որին մասնակցելու հրաւէր ստացաւ նաեւ նախագահ Բակօ Սահակեանը: Այդ հանդիպման ընթացքում, ինչպէս նշեց ԱՌԻ-ի ներկայացուցիչներից Սիւզի Սեմերճեանը, նպատակ է դրուել հաւաքագրել յաւելեալ շուրջ 800 հազար տոլար եւ այն եւս ուղղել Քաշաթաղի եւ Նոր Շահումեանի շրջանների վարկաւորմանը: ԱՌԻ-ի ռազմավարական նպատակների մէջ է մտնում ինչպէս Հայաստանի եւ Արցախի գործարարների, այնպէս էլ Ծոցի երկրների, Ռուսաստանի եւ Իրանի հայ գործարարների ներգրաւումը:

ԱՌԻ-ն առաջիկայում ներգրաւուելու է նաեւ Արցախի բնակարանաշինութեան ոլորտում: ԼՂՀ  վարչապետի առաջարկով, Բերձոր քաղաքի հարեւանութեամբ` Յակարի գետի հարթավայրային հատուածում, կառուցուելու է նոր գիւղ: «Առաջին փուլում նախատեսւում է կառուցել 50 տուն: Հետագայում եւս 50 տուն պիտի կառուցուի Յակարիի միւս ափին: Դպրոցը, միւս վարչական եւ կենցաղային շէնքերը պիտի կառուցի պետութիւնը: ԱՌԻ-ին վարկերը պիտի  տրամադրի բնակարանաշինութեանը` աւելի երկար` 5-7 տարի մարման ժամկէտով: Սա լինելու է մոտել գիւղ` եւրոպական չափանիշներին համապատասխան», ասում է Պեն Պչաքճեանը:

Արցախ այցելութեան հինգ օրերից մէկը լիբանանահայ գործարարների խումբը անցկացրեց ԼՂՀ հիւսիսային հատուածում` լինելով Գանձասարի միջնադարեան վանական համալիրում, Դրմբոնի «Base Metals» լեռնահումքային գործարանում եւ Դադիվանքում: «Base Metals»-ը տարիներ շարունակ եղել է ԼՂՀ խոշորագոյն հարկատուն եւ ապահովել է շուրջ հազար աշխատատեղ: Դրմբոնից հանքանիւթը վերամշակւում եւ ուղարկւում է Ալավերդի քաղաք, որտեղ պղնձաձուլարանում ստացւում է սեւ պղինձ եւ առաքւում Եւրոպա: Դրմբոնի հանքաքարը կը բաւարարի եւս երկու-երեք տարի, որից յետոյ «Base Metals»-ը կը շահագործի Կաշէնի հանքավայրը: Այն գտնւում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ եւ Ներքին Հոռաթաղ գիւղերի տարածքում: Կաշէնի հանքավայրի պաշարները գնահատւում են 26 միլիոն թոն: Կաշէնում կառուցուելու է հարստացուցիչ նոր գործարան: Նախատեսւում է վերանորոգել նաեւ Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը, որը Հայաստանը Արցախին կապող երկրորդ հիմնական ուղին է: ԼՂՀ իշխանութիւնները ակնկալում են, որ Կաշէնի հանքավայրի շահագործումը առաջիկայ տասնամեակների համար կ՛ապահովի հարիւրաւոր աշխատատեղեր, ինչպէս նաեւ կը զարգացնի Քարվաճառի ենթակառուցուածքները:

 

Բերձոր-Ստեփանակերտ-Դադիվանք

Share this Article
CATEGORIES