«Սեւ Օրից Յետոյ» Ծնուած Պապիկի Պատմութիւնը
Թուրքական «Զաման» օրաթերթի լրագրող Լէյլա Իփեքչին տպագրել է ընկերներից մէկի պապիկի` Փարաւոնի պատմութիւնը` Հայոց ցեղասպանութեան մասին:
«Փարաւոն պապիկի` ցաւ պատճառող պատմութիւնն անցեալ դարում այս հողերում ապրած, իր ազդեցութիւնը մեր օրերի եւ ապագայի վրայ թողած հազարաւոր պատմութիւններից մէկն է: Այսօրուայ խորհրդին համահունչ մի պատմութիւն է սա, հայի պատմութիւն: Երբեւէ դաժան չեղած, դաժանութիւններ չգործած, սակայն անարդարացիօրէն բռնութիւնների ենթարկուած միլիոնաւոր մարդկանց պատմութիւններից մէկը: Ոչ մի կերպ չաւարտուող, չվերջացող մի պատմութիւն, որ գուցէ մեզնից միայն ճանաչում է խնդրում: Հիմա մենք գիտենք, մեր մէջ հետք թողած այս պատմութիւնների միւս ծայրը հասնում է մինչեւ մէկ դար առաջ եւ արտացոլում է նաեւ` ցաւերով լի մեր պատմութիւնը»,- գրել է Իփեքչին:
Նա պատմել է, որ երբ մօտ 100-ամեայ պապիկին հարցնում էին, թէ երբ է ծնուել, պատասխանում էր` «սեւ օրից յետոյ»: Տեղահանութեան օրերին նա էլ մօր, եղբայրների եւ այլ ազգականների հետ բռնել է գաղթի ճանապարհը: Հայրն արժանացել է շատ հայ տղամարդկանց ճակատագրին` նախ զօրակոչուել է օսմանեան բանակ, ապա Սարիղամիշի զինուորներից շատերին նման, նրանից որեւէ տեղեկութիւն չի ստացուել:
Գաղթի ճանապարհին թուրք մի զինուոր նրանց շարք է կանգնեցրել, որ սպաննի, սակայն այն ժամանակ մէկ տարեկան Փարաւոնի ճիչը շարժել է զինուորի գութը: «Կորէք աչքիցս», ասել է նա:
Աւելի ուշ Փարաւոնն ու ընտանիքը կարողանում են վերադառնալ Անատոլիա: 1933-ին աքսորի նոր ալիք է սկսւում:19-ամեայ Փարաւոնն այս անգամ գնացքով, Պոլսի պատրիարքարանի միջնորդութեամբ տեղափոխւում է Սամաթիա եւ վերջնականապէս հաստատւում այստեղ:
Տարիներ անց` Բ. Համաշխարհային պատերազմի ընթացքում զոհւում է Փարաւոնի եղբայրը եւ նրա մարմինն ամփոփում են Զմիւռնիայում: Սակայն եղբօրը սիրտը չի դիմանում հեռաւորութեանը:
«Գուցէ հօր անյայտ գերեզմանն էր պատճառը, գուցէ հայերի` աշխարհով մէկ սփռուած, հայրենիքից հեռու գտնուած ոսկորները… բայց նա որոշում է Սամաթիա տեղափոխել եղբօր մարմինը: Մի օր, գիշերով, փորում է գերեզմանը եւ երկար պայքարից յետոյ կարողանում է տեղափոխել եղբօր ոսկորները:
Այսօր անյայտ շատ ոսկորներ կան, իսկ մենք մեր անձնական պատմութիւններով ենք զբաղուած: Բայց հողի տակից մեր երեսին նայող «Մեծ պատմութեանը» արդէն ծանօթ ենք, գոնէ…»,- գրել է Իփեքչին:
«ԹԵՐԹ»

