Մերօրեայ Կարսը Շարունակում Է Ջերմացնել Հայերի Կարօտած Հոգին
Ճանապարհորդեց ԱՐԱՔՍ ԿԱՍԵԱՆԸ
Հայաստանի 10-րդ մայրաքաղաք Կարսը, չնայած այն հանգամանքին, որ արդէն շուրջ մէկ դար գտնւում է թուրքերի տիրապետութեան տակ, միեւնոյնն է, չի դադարում իր մօտ կանչել հայերին: Կարսի արդէն թուրքական դարձած շէնքերի ու փողոցների կողքին զգացւում է հայկականութեան շունչը:
«Արմէնփրես»-ի թղթակիցը շրջագայել է Արեւմտեան Հայաստանում, այցելել Արեւմտեան Հայաստանի քաղաքներ ու կիսուել տպաւորութիւններով:
«Երբ մեր մեքենան անցնում էր Կարսի փողոցներով, մենք հիւանդագին հետաքրքրութեամբ կանգ էինք առնում այն տների մօտ, որոնց արտաքին տեսքը յիշեցնում էր Գիւմրիի նմանատիպ քարէ տները: Հայկական շէնքերին նայելիս երկակի տպաւորութիւն ու զգացողութիւններ էին պատում: Սկզբում ուրախանում էիր, որ երկրում հայի շունչը դեռեւս պահպանւում է, բայց յետոյ հոգիդ ճնշւում էր` տեսնելով թուրքերի ու քրտերի միջավայրում անհայ մնացած հայկական շինութիւնները:
Առջեւում մեզ էր սպասում Կարսի բերդը: Միջնադարում կառուցուած բերդն այսօր էլ չէր կորցրել իր անառիկ տեսքը: Պահպանուել էին բերդի զինանոցը, ձիերի համար նախատեսուած ախոռները: Բայց բերդի գագաթին ծածանուող թուրքական դրօշը, կողքին Աթաթուրքի նկարը, հրապարակում կանգնեցրած թնդանօթը շարունակ յիշեցնում էին այն մասին, որ երբեմնի հզօր հայկական բերդն այլեւս մերը չէ:
Քաղաքի բնակիչները, որոնք մեծամասամբ քիւրտ էին, տեսնելով հայերին` շարունակ պտտւում էր նրանց շուրջը, իսկ տասը տարին նոր բոլորած երեխաները վազում էին եւ զբաղւում իրենց քոչուոր ապրելակերպին բնորոշ զբաղմունքով` գողութեամբ: Միջնաբերդից ներքեւ գտնւում էր Կարսում կանգուն մնացած միակ եկեղեցին` Ս. Առաքելոցը, որը, սակայն, 2008 թուականից ի վեր գործում է որպէս մզկիթ:
Առաջին իսկ հայացքից նողկանք ես ապրում` տեսնելով թուրքական ստոր մտքի հերթական «թռիչքը»: Կրկնակի տհաճ է, երբ ստիպում են մտնել եկեղեցի միայն կօշիկներդ հանելուց եւ գլխաշոր կրելուց յետոյ, ճիշտ այնպէս, ասես մտնում ես ինչ-որ շարքային մզկիթ: Բայց չնայած եկեղեցու գմբէթին քրիստոնէական խաչի փոխարէն դրուած մահիկի` միեւնոյնն է, եկեղեցու վրայ արուած առաքեալների պատկերները եւ խաչերն անձայն աղաղակում էին այն մասին, որ եկեղեցին հայկական է եւ ոչ մի մահիկ չի կարող նրան ինքնութիւնը փոխել: Երեւի հէնց այս փաստի գիտակցումն է պատճառը, որ իրենց բարեպաշտ համարող մուսուլմանները երբեք այստեղ աղօթք չեն անում: Նման պահին չես էլ հասկանում` արդեօք պէտք է տխրե՞լ, թէ՞ ուրախանալ, որ գոնէ մզկիթի տեսքով թուրքերը պահպանել են հայկական ճարտարապետութեան հերթական գլուխգործոցը:
Կարսում հայկականութեան միւս վկաները մինչ օրս պահպանուած հին հայկական բաղնիքներն էին` թէպէտ դրանց կողքին դրուած ցուցականակներում ոչ մի խօսք անգամ չէր յիշատակւում հայերի մասին: Քաղաքից դուրս գալիս անցանք Վարդանի կամրջով, որից մի քանի մեթր հեռաւորութեան վրայ գտնւում էր տունը, որը, ուզում ես հաւատալ, որ մեծանուն Չարենցինն է` տունը` շինած անտաշ քարով, բայց ծայրաստիճան անմխիթար վիճակում, թէեւ անհիմն չեն նաեւ պնդումներն այն մասին, որ Չարենցի տունն արդէն գոյութիւն չունի:
Երբ սկսում ես քայլել մերօրեայ Կարսով, այնպիսի տպաւորութիւն ես ստանում, որ դու Գիւմրիում ես: Եւ միայն ամէն քայլափոխի հնչող թուրքերէնը քեզ յիշեցնում է, որ մեր Կարսն այսօր մերը չէ: Այդուհանդերձ որքան էլ ներկայիս իրականութիւնը տարբեր լինի մեր երազածից, միեւնոյնն է, սեփական արմատներիդ փնտռտուքները մշտապէս ստիպում են քեզ վերադառնալ դէպի յետ, դէպի պատմական հայրենիք, դէպի Արեւմտեան Հայաստան»:
«Արմենփրես»







