50 Տարի Առաջ ( 20 Սեպտեմբեր 1962 )

Հեռուից Երեւում Է Անին

Թողնում ենք Վաղարշապատ, Հոկտեմբերեան, Արաքս կայարանները: Ինքնաշարժում հինգ հոգի ենք եւ բոլորիս միտքը մէկ է` Անին: Գնում ենք տեսնելու այն, տեսնելու մօտից, թէկուզ եւ աւերուած, բայց երբեմնի փառահեղ Անին:

Արտենիի մօտով անցնելիս ուղեկիցներիս ուշադրութիւնն եմ հրաւիրում այս նորակառոյց աւանի վրայ, որ կառուցուել է նոր ճանապարհի հետ: Տարիներ առաջ այստեղ ամայի անապատ էր, հիմա այգեստան է: Այնպէս եմ ուրախանում, կարծես ամէն ծառ ես եմ տնկել, ջրել, աճեցրել: Անցանք Արտենին: Ճանապարհը մի չերեւացող կծիկ է, որ անընդհատ բացւում է մեր առաջ: իջնում ենք ինքնաշարժից:

Ցածում Ախուրեանն է հանդարտ հոսում, անձայն ու անտարբեր: Նրա ափին կանգնած է Անին, տեսիլքի նման հրաշալի, բայց` երազի պէս անշօշափելի, անմատչելի:

Արեւը ողողել է ողջ սարահարթը, ուր կանգնած է քաղաքը` հայ մտքի հանճարեղ կոթողներով: Անին կառուցուած է դեղին գոյնի տուֆից եւ արեւի տակ ոսկուն է տալիս:

Հուրհրում է քաղաքը յուլիսեան արեւի տակ, հեքիաթի ոսկէ քաղաքի պէս քար կտրած` կարծես սպասում է կախարդական գաւազանի հարուածին, նորից կենդանանալու, ապրելու, ինչպէս` դարեր առաջ:

Կանգնած ենք քանդուած կամրջի գլխին, նայում ենք նրա հզօր պատերին, կամարի կախուած մասին: Այնպիսի արուեստով է շարուած այս կառուցուածքը, որ կարծես հին վարպետները նոր են իջել վրայից: Այնքան մաքուր է տաշուած քարը, անաղարտ շարուած, որ թւում է, թէ դա մի հոծ զանգուած է` ծածկուած քարագոյն ծեփով:

Ընկերներիցս Վարազդատը, որ յատկապէս Անիի ճարտարապետութեամբ է զբաղւում: կանգնած աւերուած կամրջի գլխին` «հին տնեցու» նման մէկ առ մէկ ցոյց է տալիս եկեղեցիներն ու պալատները, հայեացքով թափառում քաղաքի աւերակների մէջ, փողոցների անուններ տալիս, պատմում` չերեւացող կառուցուածքների մասին:

Մենք մտովի շրջում ենք Անին բոլորող պարիսպների տակ, որին հին վարպետները տուել են արուեստի շունչ եւ խիստ գործական ռազմական այդ շինութիւնները դարձրել ճարտարապետական բարձրարուեստ ստեղծագործութիւն: Հայեացքս կանգ է առնում Կարսի դրանը, վրան Անի քաղաքի զինանշանը` քայլող առիւծ: Փնտռում եմ այն աշտարակները, որտեղից հերոսուհի Այծեմնիկը, անեցիներին կռուի կոչ է արել: Մտովի թափառում եմ քաղաքով, փնտռում խուցերը` հին գրիչների ու պատմագիրների, բրուտագործների, զինագործների արհեստանոցները:

Անին մեզ հասել է որպէս մի հազուագիւտ, անաղարտ միջնադարեան քաղաք` չաղաւաղուած հետագայ դարերի վերակառուցումներով, աւելացումներով, ինչին ենթակայ են եղել բոլոր քաղաքները, որ գոյութիւն ունեն: Եւ Անին պահպանուել է այնպէս, ինչպիսին նա եղել է եօթը դար առաջ, միայն թէ` աւերուած:

Դէմս երեւացող ճանապարհով, որ կաթողիկէի ճիշդ տակից դուրս է գալիս, ես մտովի իջնում եմ ցած, դէպի աւերուած կամուրջը, որ մի ժամանակ եղել է մարտակառքերի, սայլերի, կարաւանների եւ մարդկանց ուղի:

Ճանապարհը եղել է սալարկուած, իջնելով ձորը` նա ոլորներով բարձրացել է վեր, յենապատերով բարձրացել է վեր, յենապատերով ամրացուել: Յենապատերը չեն քանդուել, ես տեսնում եմ դրանք:

Բնութիւնը ամէն դարուն կանաչով եւ ծաղիկներով է ծածկում տնեցիների պատրաստած ուղին, բայց ճանապարհն այլեւս բանուկ չէ, տնեցին եօթը հարիւր տարի է էլ չի անցնում այդ ճանապարհով: Խոտով եւ ծաղիկներով ծածկուած հին, ամայի ճանապարհը հասել է կամրջին ու այդտեղ էլ կիսատ խօսքի նման ընդհատուել: Մեծ էր կամուրջը, քարակոփ ու վեհ, իսկ այժմ` քանդուած:

Քայլում ենք քարերի միջով. բարձրանում ժայռերի վրայ, փնտռում` նոր տեսարաններ, որ ամբողջ ժամանակ մեր առջեւ ունենանք մայրաքաղաքի աւերակները:

Ոտքերնիս տակ փայլում են կլորիկ, ողորկ քարիկները: Վերցնում եմ երկու քար, շօշափում: Օպսիտիէն է` սատանի եղունգ, ինչպէս ժողովուրդն է ասում: Նայում եմ շուրջս, այս քարերը սեւ ծաղկի նմանի ցրուել են ամէնուրեք: Սեւ ծաղիկներ, սեւ քարեր: Յիշում եմ նետերի սլաքները, առաջին գործիքները` այդ քարերից պատրաստուած: Ահա սրանցով է մարդ բռնել մեծ մշակոյթի ճամբան ու հասել Անիի պալատների բարձր արուեստին, հասել` մեր օրերի թռիչքին: Երկու փոքրիկ քար դնում եմ գրպանս: Միակ յիշատակը` դէմս փռուած հնամեայ քաղաքից: Այրող արեւի տակ նստում եմ քարին ու իմ ստուերը ընկնում է պապակած հողին եւ յանկարծ…

Արեւի՞ց էր, քո՞ւն է վայրկեանական, երա՞զ…

Դէմի ճանապարհին, որ ճիշդ Կաթողիկէի տակից է իջնում ու ծածկուած է կուսական կանաչով, երեւում են մարդիկ, նրանք շատանում են ու շարան-շարան իջնում ձորը, քայլում ճանապարհի ոլորներով, իջնում ու գալիս դէպի կամուրջը: Ձայներ կա՞ն, թէ՞ ոչ, չեմ հասկանում: Աչքիս առաջ ամէն ինչ զարմանալիօրէն պարզ է երեւում, կամուրջն են կառուցում, կապում տախտակները: Իսկ վերեւից, Կաթողիկէի ճիշդ տակից դուրս եկող ճանապարհով գալիս են, գալիս շինարարներն ու բանուորները, քար կտրողները, ջուր կրող կանայք, հաց բերող հարսները ու շարում են, կառուցում կամուրջը, կապում ծիածան կամարը, եւ այս բոլորը` անշշուկ: Սառը լռութիւն է իշխում ամէնուրեք: Ահա այս լռութիւնն է միայն, որ իրաւ սուր ցաւի նման յիշեցնել է տալիս, որ դէմս անմարդաբնակ, դարերով անկենդան Անիի աւերակներն են, ու ոչ ոք չկայ, որ քայլի ճիշդ Կաթողիկէի տակից դուրս եկող ճանապարհով դէպի կամուրջը:

Մեր խումբը դանդաղ հեռանում է` թողնելով Անին եւ հին ճանապարհը, մօտենում է կպրուղիի վրայ մեզ սպասող ինքնաշարժին:

Իսկ ես դեռ նայում եմ դէմս ճիշդ Կաթողիկէի տակից դուրս եկող ճանապարհին, օր գալիս, ոլորներով հասնում է քանդուած կամրջին ու կանգ առնում:

Հին, դարերի ուղի անցած ճանապարհ: Անցել են ու անցել մարդիկ եւ այս, եւ այն կողմը:

Համոզուած եմ, որ այս ճանապարհով գրեթէ մէկ անգամ գոնէ անցել է նաեւ… հաւատացէք, ես ճարտարապետ եմ եւ համոզուած եմ, որ երբ աւարտուել է շինարարութիւնը, Տրդատը, հանճարեղ ճարտարապետը, ինչպէս Զաքարէ զօրապետը, բանակի գլուխն անցած, միայն թէ շինարարների բանակի պաշարողների, քար կտրողների, քանդակագործների, ջուր ու կիր կրողների, բանուորների, հանդիսաւոր իջել է այս ճանապարհով, բարձրացնել Ախուրեանի ձախ ափը, կանգնել ուղիղ մեր տեղում, Կաթողիկէի դիմաց, դիտելու նորակառոյց հրաշքը, այն հեռուից տեսնելու, ողջ քաղաքի հետ, նրա բարձր աշտարակների ու այլ բարձրաշէն կառուցուածքների հետ մէկտեղ ընկալելու համար: Դիտել է երկար, լսել իր վարպետներին, զննել ու քննել ամէն ինչ, տեսել շատ բաներ, որ մենք չենք նկատում: Տեսնել, լսելու յիշել է մեծ վարպետը, որ յետոյ իր նոր գործերում, մի գուցէ եւ Մարմաշէնում, ամէն ինչ լինի առաւել կատարեալ, առաւել փայլուն:

Թող որ կիսաւեր է այսօր մեծ Տրդատի գործը, քանդուած է ողջ Անին, բայց եկաւ մեր օրերի Տրդատը` մեծ Թամանեանը, իր բազում ժառանգներով, ու Տրդատի հանճարը նորից փայլեցրեց հայոց կապոյտ երկնքի տակ, մեր հողի վրայ, մեր ժողովրդի աննկուն հոգով վերականգնուած:

Պատը կարող է քանդուել, կամարը փուլ գալ, բայց նրա մէջ դրուած շունչը անցնում է նոր քարերի շարուածքին, առաւել կռփածոյ, հուժկու ու զօրեղ շարուածքին: Այդ է ցոյց տալիս մեր շինարար երկիրը: Այդ մասին է խօսում հայ ժողովրդի այսօրուայ շինարար մեծ կեանքը, նրա նորակառոյց մայրաքաղաքը, այդ մասին են ասում մեր նոր, երիտասարդ, քարակոփ, ծաղկազարդ քաղաքները` լի կեանքով, ստեղծարար ժողովրդի աշխատանքով:

Ռ. ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

Share this Article
CATEGORIES