Շնորհաւորելով Հայ Ժողովուրդը Անկախութեան Վերականգնման 21-ամեակին Առիթով. «Մենք Տարեցտարի Եւ Օր Օրի Կայացնում Ենք Որակապէս Նոր Երկիր» Յայտարարեց Նախագահ Սարգսեան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան երէկ ներկայ գտնուեցաւ Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ Հայաստանի անկախութեան վերականգնման 21-ամեակին առիթով կազմակերպուած պաշտօնական ընդունելութեան: Այս առիթով ան հայ ժողովուրդին ուղղեց հետեւեալ շնորհաւորական ուղերձը.

Հայաստանի Հանրապետութիւնն արդէն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնոյթ ճգնաժամերի ու փորձութիւնների միջով: Անցանք արժանապատուօրէն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները եւ չդաւաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին:

Կորուստներով եւ սխալներով հանդերձ` մենք անցած տարիներին արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ եւ՛ պետական, եւ՛ հասարակական հատուածներում, ինչպէս նաեւ մարդկանց մտածողութեան ու հոգեբանութեան մէջ:

Անցած 21 տարիները ցոյց տուեցին ոչ միայն հայոց պետականութեան կենսունակութիւնը, այլեւ բարդագոյն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողութիւնը: Մեր երկրի համեստ միջոցների եւ շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսութիւն զարգացնել: Մենք կարողացանք զսպել Ազրպէյճանի օրէցօր մեծացող ախորժակը: Կարողացանք ձեւաւորել մեր երկրի ժողովրդավարական հաստատութիւնները, որոնք, ի հարկէ՛, դեռ ամրացման կարիք ունեն: Եւ՛ տնտեսութեան զարգացումը, եւ՛ անվտանգութեան ապահովումը, եւ՛ ժողովրդավարութեան խորացումը միանուագ գործողութիւններ չեն: Դրանք մեր բոլորի ամենօրեայ աշխատանքն են, որ պահանջում են սրտացաւութիւն եւ հետեւողականութիւն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց դարաւոր երթը շարունակւում է պատմական նոր հանգրուանում: Այո՛, սա բարդ շրջափուլ է, բայց ե՞րբ է այն պարզ եղել մեզ համար: Դժուար է յիշել:

Ժամանակակից աշխարհում գրեթէ չկայ մի երկիր, որ չդիմակայի մարտահրաւէրների: Տարբեր տարածաշրջանների եւ երկրների համար բնականաբար դրանք տարբեր են: Մենք նոյնպէս յանձնում ենք մեր բաժին քննութիւնը: Անկախութեան տարիների փորձը, որ երբեմն դառն էր, երբեմն` հաճելի, ամէն դէպքում ուսանելի է: Հէնց այդ փորձն է մեզ յուշում, որ խնդիրների լուծումները կան, եւ մենք դրանք գտնում ենք: Մենք արդէն գիտենք, որտեղ փնտռել այդ լուծումները, իսկ դա արդէն գործի կէսն է:

Մեր արտաքին քաղաքական թիւ մէկ մարտահրաւէրը շարունակում է մնալ արցախեան հիմնահարցի խաղաղ կարգաւորումը: Որքան էլ դժուար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղուած բանակցութիւնների շարունակութեան համար մենք պէտք է ճանապարհներ փնտռենք: Եթէ Մինսքի խմբի համանախագահների ջանքերը մինչեւ հիմա չեն պսակուել մեծ յաջողութիւններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն եւ, առաւել եւս, ոչ էլ միջազգային այդ ձեւաչափը, ինչպէս յաճախ փորձում են ներկայացնել մեր հարեւանները: Մեղաւորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցութիւնների ընթացքն ու տրամաբանութիւնը: Վերջին սադրանքն այն նոյն նողկալի իրադարձութիւններն էին, որոնք յանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը: Եւ՛ մենք, եւ՛ միջազգային հանրութիւնը աւելի քան յստակ արտայայտել ենք մեր դիրքորոշումն այս կապակցութեամբ: Ընդունում եմ, որ շատ դժուար է այս պայմաններում մեր հասարակութեանը տրամադրել հաշտեցման եւ նոյնիսկ պատրաստել խաղաղութեան, բայց նաեւ գիտեմ, որ դա ճիշդ ճանապարհն է: Պատրաստուել խաղաղութեան` ամենեւին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի եւ ինքնապաշտպանութեան: Ասուածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժութեամբ, չզոմպիացնել երիտասարդներին, ովքեր կեանք ունեն ապրելու եւ երկիր ունեն շէնացնելու: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգեւոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժէ: Գաղտագողի սպանութիւնը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելութիւնն է մեծացնել ազատ, գրագէտ ու խիզախ զաւակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրաւունք չունենք դաւաճանելու ինքներս մեզ:

Անցած տարիները, եթէ փորձենք բնորոշել մէկ բառով, հաւատարմութեան տարիներ էին: Հաւատարմութիւն մեր ժողովրդի ընտրութեանը, ազատութեանն ու ժողովրդավարութեանը, հաւատարմութիւն մեր դաշնակիցներին եւ գործընկերներին, հաւատարմութիւն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին: Դրա շնորհիւ մենք շատ բանի ենք հասել եւ դեռ հասնելու ենք: Հասնելու ենք, որովհետեւ մենք ընտրել ենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքը եւ ոչ այլատեացութեան ճահիճը: Հասնելու ենք, որովհետեւ դրա համար ունենք բաւականաչափ քաղաքական կամք, անցած ճանապարհ եւ մեր աշխատանքով ստեղծած համապատասխան նախադրեալներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի անկախութեան հռչակման 21-րդ տարեդարձի առթիւ: Այսօր մեծ տօն է մեր երկրում, մեծ տօն է նաեւ աշխարհի բոլոր հայերի համար: Այս տօնական օրը մեր բոլորի սրտերն ու աղօթքները Սուրիայի մեր հայրենակիցների հետ են, իսկ մեր պետութիւնն իր հնարաւորութիւնների սահմաններում փորձում է սատար լինել փորձութեան մէջ յայտնուած հայորդիներին:

Մենք տարեցտարի եւ օր օրի կայացնում ենք որակապէս նոր երկիր: Պատմութեան տարբեր ժամանակահատուածներում հայկական պետականութիւններ եղել են, եւ նրանցից իւրաքանչիւրն անկրկնելի էր` ունենալով զարգացման ուրոյն ընթացք: 21-ամեայ Հայաստանի Հանրապետութիւնն էլ անկրկնելի է: Մենք ընթանում ենք չտրորուած ճանապարհով. գուցէ ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք, բայց գնում ենք հաստատ քայլերով եւ որ ամենակարեւորն է` ճիշդ ճանապարհով:

Հայաստանի Հանրապետութիւնն իր բոլոր քաղաքացիների եւ համայն հայութեան իղձերի մարմնաւորումն է եւ բոլորիս երազանքների իրականացման գրաւականը:

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

Share this Article
CATEGORIES