Խորհրդարանական Ընտրութիւններին Ընդառաջ` Դիմում Ջաւախքի Ժողովրդին
Ստորեւ կը ներկայացնենք Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդի կոչ-դիմումը ջաւախահայութեան` նախքան Վրաստանի մէջ այսօր տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւնները:
Երկու օրից, հոկտեմբերի 1-ին, Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ: Սահմանադրական բարեփոխումների հիման վրայ առաւել լիազօրութիւններ ստացող օրէնսդիր մարմնի` խորհրդարանի համար առաջին ընտրութիւնները անցկացւում են երկրում քաղաքական լարուածութեան եւ սպառնալիքների, հալածանքների եւ բռնութիւնների մթնոլորտում: Դարձեալ առկայ է կեղծիքներով ընտրութիւններ անցկացնելու վտանգը:
Խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին, Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը շաբաթներ առաջ նամակներով դիմեց Վրաստանի քաղաքական հիմնական ուժերին, առաջարկելով հանդիպումներ խորհրդի ներկայացուցիչների եւ հիմնական քաղաքական ուժերի համապատասխան անձանց հետ, տեղեկանալու համար նրանց դիրքորոշմանը երկրամասի բնակչութեան խնդիրների մասին: Այս տեղեկութեան հիման վրայ էլ խորհուրդը ճշդելու էր իր քաղաքական դիրքորոշումը խորհրդարանական ընտրութիւններին մասնակից քաղաքական ուժերի նկատմամբ:
Քաղաքական հիմնական երկու ուժերը` իշխող Միացեալ ազգային շարժում կուսակցութիւնը եւ ընդդիմադիր Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան դաշինքը չընդառաջեցին Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի դիմումներին:
Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը հաշուի առնելով, որ`
Ա) Միացեալ ազգային շարժում կուսակցութեան գլխաւորած իշխանութիւնները անցած տարիների ընթացքում, ընդհանրապէս երկրում եւ յատկապէս մեր երկրամասում իրենց կիրառած քաղաքականութեամբ ոչ միայն չեն նպաստել Սամցխէ-Ջաւախքի հայ ազգաբնակչութեան կրթական, մշակութային, հոգեւոր եւ քաղաքական խնդիրների կարգաւորմանը, այլեւ` խորացրել են այդ խնդիրները: Մեր երկրամասում ստեղծել են հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտ սարքովի եւ ուռճացուած մեղադրանքներով ձերբակալելով, բանտարկելով, աշխատանքից ազատելով բազմաթիւ անհատների` քաղաքական-հասարակական ծանօթ գործիչներից սկսած մինչեւ իր հանապազօրեայ հացի խնդիրը լուծող սովորական քաղաքացուն: Նոյնիսկ նախընտրական քարոզարշաւի ընթացքում, այս կուսակցութիւնը մեր երկրամասում ամբողջութեամբ անտեսել է այս խնդիրները եւ կենտրոնացել ընկերային-տնտեսական խնդիրների վրայ, ինչի ուղղութեամբ այս կուսակցութեան իշխանութիւնը անցած տարիներին տարել է որոշ աշխատանք, սակայն, այդ բնագաւառներում եւս առկայ է եղել երկրամասի բնակչութեան մեծամասնութիւն հանդիսացող հայութեան նկատմամբ խտրական վերաբերմունքը:
Բ) Գործող իշխանութիւններին գլխաւոր մրցակից հանդիսացող Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան դաշինքը իր նախընտրական ծրագրերում եւ քարոզարշաւի ժամանակ անդրադարձել է ինչպէս երկրի տարբեր շրջանների, այնպէս էլ մեր երկրամասի բնակչութեանը վերաբերող նաեւ քաղաքական ու կրթական-մշակութային մի շարք խնդիրների, նրանց համար առաջարկելով հաւասարակշռուած լուծումներ: Այդուհանդերձ, դաշինքի ներսում ընդգրկուած են նաեւ այնպիսի քաղաքական շրջանակներ, որոնց կողմից այդ սկզբունքների նկատմամբ հաւատարմութիւնը խիստ կասկածելի է, ինչը հրապարակուեց նոյնիսկ քարոզարշաւի ժամանակ: Աւելի՛ն, դաշինքը եւս, իշխող կուսակցութեան նման, չընդառաջեց Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդի դիմումին` պաշտօնական հանդիպման միջոցով քաղաքական դիրքորոշումները քննարկելու նպատակով:
Առ այդ`
1) Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը յայտարարում է, որ ինք չի աջակցում այս քաղաքական ուժերից եւ ոչ մէկին:
2) Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը աջակցում է որպէս մեծամասնական ընտրակարգի թեկնածու առաջադրուած իր կազմում ընդգրկուած կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, ովքեր լինելով Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի կազմում, կիսում են երկրամասի խնդիրների նկատմամբ Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի տեսակէտներն ու դիրքորոշումները:
3) Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կոչ է անում երկրամասի բնակչութեանը աշխուժ մասնակցութիւն ցուցաբերել ընտրութիւններին եւ դրանով խոչընդոտել կեղծիքների կիրառմանը: Երկրի քաղաքական ուժերին պէտք է ցոյց տալ, որ Ջաւախքի հայութիւնը տէր է կանգնում իր իրաւունքներին եւ օգտագործում քաղաքական բոլոր հնարաւորութիւնները` այդ իրաւունքների լիակատար պաշտպանութեան համար:
ՍԱՄՑԽԷ – ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 սեպտեմբեր, 2012
Ախալքալաք