Հունգարա-Ազրպէյճանական Գործարքի Իրաւա-Քաղաքական Կողմերը Եւ Ազրպէյճանի Սադրանքներից Զգուշանալու Անհրաժեշտութիւնը

ՌՈՊԵՐԹ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Ազրպէյճանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ազրպէյճան փոխադրուելն ու ապա Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից ներման ու տարբեր տեսակի պարգեւների արժանանալը ցասում ու զայրոյթ է պատճառել հայ ժողովրդին: Հայ ժողովրդի զաւակները Հայաստանում եւ սփիւռքում հանրահաւաքներ ու տարբեր միջոցառումներ կազմակերպելով` դատապարտում են հունգարա-ազրպէյճանական ամօթալի գաղտնի գործարքը: Միեւնոյն ժամանակ, այդ ամօթալի գործարքը կնքած Հունգարիան ու Ազրպէյճանը դրա բացայայտումից եւ համատարած դատապարտման ու քննադատութեան արժանանալուց յետոյ փորձեցին դրան սոսկ իրաւական տեսք տալով` հանրային կարծիքը շեղել քուլիսներում տեղի ունեցած բանակցութիւններից ու համաձայնութիւններից: Արդեօք, ինչպէս պնդում են Հունգարիան ու Ազրպէյճանը, հարցն ունի միայն իրաւակա՞ն կողմ, թէ՞ դրա հիմքում ընկած են քաղաքական ու տնտեսական կեղտոտ խաղեր, որոնց բողոքարկելուց բացի` նաեւ պիտի զգուշանալ դրանց իրական նպատակներից եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

Գործի Իրաւական Կողմը

Հունգարիան ու Ազրպէյճանը պնդում են, թէ 2004 թուականին Պուտափեշտում հայ սպայ Գուրգէն Մարգարեանին քնած վիճակում կացնահարած եւ ապա ցմահ ազատազրկման դատապարտուած ազրպէյճանցի սպայ Ռամիլ Սաֆարովի Ազրպէյճանի իշխանութիւններին յանձնուելը տեղի է ունեցել 1983 թուականին վաւերացուած «Դատապարտեալների փոխանցման մասին համաձայնագրի»-ի համաձայն:

Այստեղ հարկ եմ համարում փակագիծ բացելով` յիշեցնել, որ այս օրերում յաճախ հնչող «արտայանձնում»-ը իրաւական տարբեր աքթ է, որի մասին համաձայնագիրը Եւրոպան ընդունել է աւելի վաղ` 1957 թուականին: «Արտայանձնում»-ը (Extradition) իրաւական աքթ է, որի ընթացքում իր սեփական հայրենիքում յանցանք գործած եւ պատժից խոյս տալու համար այլ երկիր ապաստանած մեղադրեալը իր պատկան երկրի պահանջով յետ է վերադարձւում (արտայանձնւում է)` իր երկրում դատուելու եւ համապատասխան պատիժ ստանալու համար, մինչդեռ Գուրգէն Մարգարեանի գործում ուրիշ երկրի քաղաքացին (ազրպէյճանցի Ռամիլ Սաֆարովը) մի այլ երկրի սահմաններում (Հունգարիա) յանցանք է գործել եւ միջազգային քրէական իրաւունքի համաձայն դատուելով այն երկրի դատարանում, որտեղ տեղի է ունեցել յանցանքը, դատապարտուել է ազատազրկման եւ պատժի ութ տարիները կրել է այդ երկրի բանտում:

Նման պարագաներում Եւրոպայում գործող 1983 թուականի «Դատապարտեալների փոխանցման մասին համաձայնագիր»-ն (Convention on the Transfer of Sentenced Persons) թոյլատրում է, որ դատապարտեալը իր պատիժը կրի իր սեփական հայրենիքում, որի համար, ի հարկէ, համաձայնագիրը ճշդում է ըստ ձեւի եւ ըստ բնոյթի մի շարք պայմաններ, որոնց յարգումը պարտադիր է (1):

Մեղադրեալների արտայանձնումն ու դատապարտեալների փոխանցումը, հակառակ իրենց իրաւական էութեան, յաճախ շաղախւում են մարդասիրական դրդապատճառներով քողարկուած քաղաքական եւ առեւտրա-տնտեսական գաղտնի գործարքներով: Այս ուղղութեամբ, Ռամիլ Սաֆարովի գործը կարելի է համեմատել լիպիացի ահաբեկիչ Ապտուլպասեթ Ալմեղրահու գործի հետ, որը 1988 թուականին Սկովտիայի Լոքըրպի քաղաքի երկնքում «Փանամերիքըն» օդանաւային ընկերութեան պատկանող ինքնաթիռում տեղի ունեցած ռմբադրութեանը մասնակցութիւն ունենալու մեղադրանքով այդ երկրի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտուել: Ալմեղրահին 2009 թուականին Լիպիայի բռնապետ Մոամմար Քազզաֆու եւ Անգլիայի ժամանակի իշխանութիւնների միջեւ նաւթի ու կազի պայմանագրերի շուրջ կայացած գործարքի արդիւնքում` ազատ արձակուեց եւ Լիպիա վերադառնալով` հերոսի նման դիմաւորւեց Քազզաֆու կողմից (ի հարկէ, ի տարբերութիւն Սաֆարովի` Ալմեղրահին ամբողջ դատաքննութեան ընթացքում չընդունելով իրեն հասցուած մեղադրանքը` ընդգծեց իր անմեղութեան վարկածը: Ի դէպ, նրա` Լիպիային յանձնուելը պատճառաբանուեց առաջացած քաղցկեղով, ինչից տառապում էր Ալմեղրահին եւ երեք տարի անց` 2012 թուականի մայիսին, մահացաւ նոյն հիւանդութեան պատճառով (2):

Նոյնիսկ եթէ տեղի ունեցած աքթին միայն իրաւական դիտանկիւնից նայենք, պարզ կը դառնայ Հունգարիայի կողմից թոյլ տրուած եթէ չասենք իրաւական խախտումը, առնուազն` դիւանագիտական եւ միջպետական յարաբերութիւններին հակասող անյարիր քայլը: Գուրգէն Մարգարեանի սպանութեան գործում կայ մի ուշագրաւ հանգամանք, որը կարող էր բացառել մարդասպան Ռամիլ Սաֆարովի պարագայում Սթրազպուրկի համաձայնագրի լիարժէք գործադրումը: Բացառութիւնը կայանում է նրանում, որ սպանութեան աքթը կատարուել է երրորդ երկրի քաղաքացու հանդէպ, որը քաղաքացիական որեւէ կապի մէջ չի եղել Հունգարիայի հետ եւ ժամանակաւորապէս այդ երկրում է գտնուել հիւրի հանգամանքով: Միջազգային իրաւունքի կանոններն ու միջպետական յարաբերութիւնները յուշում են այն մասին, որ Հունգարիային թոյլատրուած չի եղել միայնակ որոշում կայացնել Ռամիլ Սաֆարովին Ազրպէյճան փոխադրելու հարցի կապակցութեամբ: Այլ խօսքով` դատապարտեալի փոխանցման հարցում Հունգարիան եթէ ոչ իրաւական, գոնէ դիւանագիտական ու բարոյական պարտականութիւն է ունեցել ստանալ տուժող կողմի իրաւայաջորդը համարուող Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների տեսակէտն ու համաձայնութիւնը, ինչը Հայաստանի իշխանութիւնների հաւաստմամբ` չի իրականացուել` Հունգարիայի իշխանութիւններին կանգնեցնելով դիւանագիտական լուրջ պատասխանատուութեան դիմաց:

Գուրգէն Մարգարեանի սպանութեան գործը բացառւում է նաեւ մի այլ հանգամանքով: Մարդասպան Ռամիլ Սաֆարովի դատարանում տուած ցուցմունքների համաձայն, Գուրգէն Մարգարեանի սպանութիւնը կատարուել է միանշանակ ազգային ատելութեան հողի վրայ: Յիշեալ պարագան գործին տալիս է իւրայատուկ բնոյթ` նրան տարբերելով սովորական սպանութիւններից, որոնց պարագայում կարելի է աւելի հեշտ համակերպուել դատապարտեալների իրենց հայրենիք փոխադրուելու եւ հաւանական ներման արժանանալու գաղափարի հետ: Ինչ խօսք, որ Եւրոմիութիւնը խիստ է մօտենում ազգային, ցեղային ու կրօնական ատելութեան հրահրմանը: Նոյն սկզբունքից ելնելով` Եւրոմիութեան Ներքին գործերի նախարարները 2007 թուականին կայացած նիստում պայմանաւորուել են յանցագործութիւն ճանաչել ազգային, ցեղային ու կրօնական ատելութեան հրահրումը եւ դրա համար սահմանել են համապատասխան պատժաչափ (3):  Եթէ Եւրոմիութեան անդամ երկրներում եւ ի շարս նրանց` Հունգարիայում ազգային ատելութեան հրահրումը յանցագործութիւն է համարւում, ապա ինչպէ՞ս կարելի է բացատրել ոչ թէ ազգային ատելութիւն հրահրած, այլ նոյն ատելութեան հողի վրայ յանցագործութեան դիմած մարդասպանին իր հայրենիք փոխադրելը, որտեղ նա յանցագործութիւնը թոյլ տուած օրից իսկ ոչ միայն հասարակութեան, այլեւ մինչեւ իսկ իշխանութեան ներկայացուցիչների կողմից բացայայտ կերպով որպէս հերոս է ներկայացուել, ինչը գրեթէ կանխատեսելի էր դարձնում փոխանցմանը յաջորդող բեմագրութիւնը: Թւում է, թէ Ազրպէյճանի արդարադատութեան փոխնախարարի նամակը, որտեղ երաշխիքներ է ներկայացրել առ այն, որ Սաֆարովը շարունակելու է իր պատիժը կրել Ազրպէյճանում, սոսկ ձեւական բնոյթ է ունեցել` հետագայում հասարակական կարծիքի մօտ արդարանալու առիթ տալով Հունգարիային:

Գործի Քաղաքական Կողմը

Ինչպէս վերը նշուեց, դատապարտեալների փոխանցման նման աղմկայարոյց դէպքերի հիմքում ընկած են լինում առեւտրա-տնտեսական շահերն ու քաղաքական դրդապատճառներ: Ռամիլ Սաֆարովի Ազրպէյճան փոխադրուելու եւ ապա ներման արժանանալու գործարքի երկու կողմերում կանգնած Հունգարիան ու Ազրպէյճանը նման համաձայնութեան գալով` հետապնդել են իրենց իւրայատուկ շահերն ու նպատակները:

Գործարքը կայանալուց գրեթէ անմիջապէս յետոյ, առաջինը հունգարական մամուլը արձագանգեց կատարուածին եւ փորձեց բացայայտել հարցի թաքուն ծալքերը: Նոյն հունգարական մամուլի բացայայտումներից պարզ դարձաւ, որ ամիսներ շարունակ Թուրքիայի միջնորդութեամբ տեղի ունեցած բանակցութիւնների արդիւնքում` Ազրպէյճանը իր համաձայնութիւնն էր յայտնել` գնելու շուրջ 3 միլիառ եւրօ արժող Հունգարիայի պետական պարտատոմսերը: Բնականաբար Ազրպէյճանի այդ ներդրումը մեծ նշանակութիւն կարող է ունենալ Եւրոմիութեան կառոյցում հարցեր ունեցող եւ Եւրոպայում տարածուող տնտեսական ճգնաժամից մտահոգուած ու խոշոր պարտքեր ունեցող Հունգարիայի իշխանութիւնների համար եւ նրանց թոյլատրելու է ձերբազատուել Արժոյթի միջազգային հիմնադրամի սաստկացող ճնշումներից (4):

Իսկ այստեղ մեզ աւելի շատ պիտի հետաքրքրի ոչ թէ Հունգարիայի տնտեսական-ֆինանսական շահը, այլ` Ազրպէյճանի իշխանութիւնների հետապնդած քաղաքական ու մինչեւ իսկ ռազմական նպատակները:

Եթէ ամենասկսնակ ու անփորձ քաղաքագէտի ու դիւանագէտի համար նոյնիսկ դժուար չէր կանխատեսել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուն ու  պարգեւատրելուն յաջորդող արձագանգներն ու հակազդեցութիւնները, ինչպէ՞ս կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւի պէս խորամանկ ու փորձուած դիւանագէտն ու նրան շրջապատող խորհրդատուները առանց հետագայ զարգացումները հաշուարկելու` նման քայլի գնային, որի արդիւնքում` այսօր Ազրպէյճանը յայտնուել է «ռինկ»-ի անկիւնում եւ ամէն կողմից տարբեր աստիճանի դատապարտանքի ու քննադատութեան է արժանանում: Միացեալ Նահանգների նախագահ Օպաման առաջինը արձագանգեց կատարուածին: Նրան յաջորդեցին միջազգային ու եւրոպական կառոյցները: Մինչեւ իսկ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը անտարբեր չգտնուեց, իսկ «մեծ եղբայր» Թուրքիան, որ նման պարագաներում միշտ էլ առաջինն է պաշտպան կանգնում «փոքր եղբօր»-ը, թէեւ որեւէ պաշտօնական դիրքորոշում չընդունեց, սակայն տեղի ունեցած գործարքին իր մասնակցութեան մասին լուրերը հերքելով` փորձեց ձեռքերը լուանալ ու ինչ-որ կերպով հեռու մնալ դրա հետեւանքներից:

Նման գործարքի մէջ մտնելու Ազրպէյճանի հիմնական դրդապատճառների մասին վերջին օրերում ներկայացուել են բազմաթիւ մեկնաբանութիւններ ու վերլուծութիւններ, որոնք երբեմն 180 աստիճանով տարբերւում են միմեանցից:

Այդ ուղղութեամբ հետաքրքիր վերլուծութիւններից մէկը գործարքը կապում է Հայաստանի ազգային անվտանգութեանը: Արցախի պատերազմի հերոս զօր. Արկադի Տէր Թադէոսեանը (Քոմանտոս) համոզուած է, որ եթէ մինչեւ այսօր Ալիեւի քարոզչամեքենային պէտք էր «կենդանի» Սաֆարովը, ահա նրան ամէն կարգի պատուի արժանացնելուց յետոյ` այսուհետեւ Ալիեւին պէտք է գալու «մեռած» Սաֆարովը: զօր. Արկադի Տէր Թադէոսեանը մտահոգութիւն է յայտնում այն մասին, որ Սաֆարովը կարող է սպաննուել, որի մեղքը Ազրպէյճանի իշխանութիւնները, բնականաբար, բարդելու են Ազրպէյճան ներթափանցած Հայաստանի գաղտնի ծառայութիւնների վրայ եւ դա պատրուակ են ծառայեցնելու Հայաստանի դէմ ռազմական ծաւալուն գործողութիւնները պատճառաբանելու համար (5):  Հետաքրքիր կերպով Սաֆարովի ազատ արձակմանը յաջորդեցին հայկական որոշ կազմակերպութիւնների կողմից սպառնալի զգուշացումներ ու հաղորդագրութիւններ ստացուելու մասին Ազրպէյճանի իշխանութիւնների յաւակնութիւնները, որոնք բոլորն էլ հերքուեցին: Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից կազմակերպուած նման շտապ քարոզարշաւը գալիս է վկայելու այն մասին, որ զօր. Արկադի Տէր Թադէոսեանի վերլուծութիւնը ինչ-որ տեղ կարող է մօտ լինել իրականութեանը: Նոյնիսկ ռազմական ծաւալուն գործողութիւնների տարբերակը բացառելով`  հաւանական այդ բեմագրութիւնը կարող է միջոց ծառայեցուել բանակցային գործընթացում հայկական կողմի վրայ ճնշումներ գործադրելու եւ նրան ինչ-որ զիջումներ պարտադրելու ուղղութեամբ:

Միւս վերլուծութիւնը գործարքին տալիս է լիովին ներքաղաքական նշանակութիւն եւ  նրան համարում է Ազրպէյճանի նախագահական ընտրութիւնների սեմին Ալիեւի կողմից վերցուած քարոզչական քայլ:

Առաջիկայ տարի Ազրպէյճանում նախագահական ընտրութիւններ են սպասւում: Սահմանադրական արգելքները վերացնելուց յետոյ` Ալիեւը երրորդ անընդմէջ անգամը լինելով` յաւակնում է այդ պաշտօնին: Միեւնոյն ժամանակ, վերջին շրջանում մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան, ինչպէս նաեւ խօսքի եւ հիմնարար ազատութիւնների տեսակէտից Ազրպէյճանը բազմաթիւ քննադատութիւնների թիրախում է յայտնուել, ինչից ելնելով` առաջիկայ նախագահական ընտրութիւնների ընթացքը յայտնուելու է եւրոպական ու միջազգային կառոյցների ուշադրութեան կենտրոնում` նուազագոյնի իջեցնելով ընտրախախտումների հնարաւորութիւնը: Ներքին քաղաքական ու տնտեսական խնդիրների եւ հասարակական ծաւալուն դժգոհութիւնների պատճառով Ալիեւի համար աւելի է բարդանալու դէպի նախագահական պալատ տանող ուղին: ԼՂՀ-ի հարցը յօգուտ Ազրպէյճանի կարգաւորելու հարցում Ալիեւի կտրուկ անյաջողութիւնը աւելի է ծանրացնում իրավիճակը: Նման պայմաններում Սաֆարովը կարող է լաւագոյն միջոցը լինել ԼՂՀ-ի հարցում Ալիեւի ձախողումներից դժգոհ ազգայնական խաւերին գոհունակութիւն պարգեւելով` նրանց ձայները շահելու եւ դրան զուգահեռ` զօրաշարժի ենթարկելու քաղաքական յստակ կողմնորոշում չունեցող հասարակ խաւերին:

Միեւնոյն ժամանակ, նկատի առնելով ուժանիւթային գործօնը եւ առջեւում գտնուող ցուրտ եղանակը, ինչպէս նաեւ Եւրոպայում ծաւալուող տնտեսական ճգնաժամը, Ազրպէյճանի իշխանութիւնները ենթադրում են, թէ կարճ ժամանակ «ռինկ»-ի անկիւնում յայտնուելու կարգավիճակը հանդուրժելուց յետոյ կը կարողանան ձերբազատուել քննադատութիւնների ճնշումներից եւ նաւթային պաշարների ու տոլարների հաշուին վերագտնել նախկին դիրքերը:

Նման պայմաններում բոլորիս (թէ՛ ՀՀ իշխանութիւնների եւ թէ՛ սփիւռքի) պարտականութիւնն է բողոքի ցոյցերին ու հանրահաւաքներին զուգահեռ` յստակ ռազմավարութիւն ու դիրքորոշում մշակելով ու որդեգրելով` նախ  կանխել Ալիեւի մշակած հաւանական բեմագրութիւնների գործադրումը եւ ապա օգտագործելով ստեղծուած բացառիկ առիթը` քայլեր ձեռնարկել` վերականգնելու համար մեր իրաւունքները` ընդհուպ մինչեւ Արցախի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչում:

«Ալիք»

 

1) – http://www.coe.am/docs/ratified/112arm.pdf
2) – http://en.wikipedia.org/wiki/Abdelbaset_al-Megrahi
3) – http://www.panarmenian.net/arm/news/21880/
4) – http://news.am/arm/news/119195.html
5) -http://www.armtown.com/news/am/htq/20120904/18141/

Share this Article
CATEGORIES