Զուգադիպութի՞ւն
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
1453-ի գարունն էր: Թուրք սուլթան Մեհմեթ Բ.ի 80 հազարանոց բանակը գրեթէ երկու ամիս պաշարել էր Կոստանդնուպոլիսը` ոչ միայն Բիւզանդիայի, այլեւ ամբողջ արեւելաքրիստոնէական աշխարհի վերջին յենարանը:
Քաղաքը պաշտպանում էր մի ոչ մեծաթիւ կայազօր` ընդամէնը եօթը հազար յոյներ, իտալացիներ եւ հայեր: Բայց նրանք կենաց-մահու կռիւ էին տալիս, դիմադրում` բոլոր ուժերով, նոյնիսկ այն ժամանակ, երբ մահացու վիրաւորուեց պաշտպանութեան ղեկավարը` Ճովանի Ճուստինիանին: Մէկը միւսի հետեւից նրանք յետ էին մղում թուրքերի բոլոր գրոհները, շատ հնարաւոր է, որ կը պահէին քաղաքը, եթէ…
Պատմութեան մէջ նոյնիսկ պատահական զուգադիպութիւնները հազուադէպ են պատահական թւում: Հունգարացի մի ճարտարագէտ` Օրպան անունով (հէնց այդպէս է նաեւ Հունգարիոյ այսօրուայ վարչապետի ազգանունը), ով սովորել էր գերմանացի վարպետներից, իսկ յետոյ` ծառայութեան անցել թուրք սուլթանի արքունիքում, նոր տէրերի համար մի հսկայական հրանոթ էր ձուլել: Նա դա արել էր փողով: Մեծ գումարով: Նրա հրանոթի արկերը ճեղքեցին Կոստանդնուպոլսի պաշտպանական պատը, քաղաքի սակաւաթիւ պաշտպանները կայսր Կոնստանդինի հետ պայքարեցին մինչեւ վերջ, բոլորը զոհուեցին:
… եւ 15-րդ դարաշրջանին, այլ Օրպանի մը պատրաստած ծանր թնդանօթը, որուն պատճառով Թուրքիոյ զօրքերը ներխուժեցին Կոստանդնուպոլիս Թուրք բարբարոսները ներխուժեցին քաղաք` սկսուեց կոտորածը: Եւ մարդասպանների ճանապարհը բացեց հունգարացի Օրպանը:
Հունգարիայի վարչապետ Վիքթոր Օրպանն այս պատմութիւնը միգուցէ չգիտի: Նրա նախասիրութիւնը ոչ թէ պատմութիւնն է, այլ ֆութպոլը: Չնայած Հունգարիայի հարեւան երկրների նորօրեայ պատմութիւնը նա կարծես թէ բաւականին լաւ գիտի: Յամենայն դէպս այդ պատմութիւնը վերաշարադրելու իր արտառոց փորձերով նա բազմիցս ցնցել է սերպ, ռումանացի, սլովաք հարեւաններին, ինչպէս նաեւ` ամբողջ ազատական Եւրոպայի վերնախաւին: Ինչ-որ առումով դա ինձ նոյնիսկ դուր է գալիս, չնայած շատերի կարծիքով այդ վարքագծի պատճառը երկու համաշխարհային պատերազմներում Հունգարիայի` նրա դաշնակիցների կրած ջախջախիչ պարտութիւնների պատճառով առաջացած որոշակի բարդոյթն է, ես այնուամենայնիւ ազգային ինքնութեան պահպանման համար ազգային հպարտութիւնն անհրաժեշտ պայման եմ համարում:
Բայց հպարտութեան զգացումը (ցանկացած, բայց յատկապէս` ազգային) նման է մեծահոգութեանը, այն չի կարելի շփոթել փառասիրութեան յագեցուածութեան հետ: Ու եթէ որեւէ երկրի առաջնորդի մտքով յանկարծ անցնում է, որ յանուն ազգային հպարտութեան բարձրացման` կարելի է նահանջել այն սկզբունքներից, որոնց վրայ այդ հպարտութիւնը յենուել է հարիւրամեակներ շարունակ, դա վկայում է հասարակական խոր ճգնաժամի մասին: Եթէ կալվինիստական ընտանիքում դաստիարակուած քրիստոնէական առաջնորդն ի վիճակի է ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելք գտնել իր երկրի` ցայսօր չաղտոտուած արժանապատուութեան վաճառքի հաշուին, ապա դա նրա գործն է:
Մերօրեայ Օրպանը եւ նրա խմբակն ազատ արձակեցին վախկոտ մարդասպան թուրքին: Նրանք եւս դա արեցին փողով: Շատ մեծ գումարով: Իսկ մարդասպան թուրքին (կամ ազրպէյճանցուն, ի՛նչ տարբերութիւն) հայրենիքում անմիջապէս ազգային հերոս դարձրին: Դէ, հասկանալի է, այդ երկրում կայ նաւթ, իսկ հերոսներ չկան, այդ պատճառով քնած մարդուն սպաննողը եւս յարմար է այդ դերին: Եւ հիմա իրաւունքի, արդարութեան, մարդասիրութեան սկզբունքների, անկաշառ արդարադատութեան համամարդկային արժէքների գերակայութեան մասին եւրոպական բոլոր ճամարտակութիւնները իմաստազրկուեցին:
Մենք ի՞նչ պէտք է անենք: Ես մտադիր չեմ նման բաները քննարկել թերթի էջերում: Բայց պակաս կարեւոր չէ հասկանալ, թէ ի՛նչ դասեր ենք քաղելու կատարուածից: Մի՞թէ միայն այն պարզունակ դասը, որ պատիւն ու ազնուութիւնը միշտ զիջում են շահին ու հետաքրքրութիւններին: Դա սխալ դաս է, մեզ օտար է, այն հակասում է մեր ազգային ոգուն, հայերն արդէն երկու հազար տարի է` չեն կարողանում այն սերտել: Եւ պէտք էլ չէ:
Միայն կուշտ լինելով` հասարակութիւնն ինքնին չի երջանկանում. ազգային պատուից ու արժանապատուութիւնից բարձր ոչինչ չկայ. եթէ ինչ-որ երկրների առաջնորդներ կարող են իրենց թոյլ տալ առուծախ անել նման արժէքներով` յանուն վայրկենական ու նոյնիսկ ցնորական շահերի, ապա մեզ ոչ մի դէպքում չի կարելի նման բան անել: Մեզ չի կարելի թէկուզ մէկ քայլ նահանջել Արցախի հարցում, մեզ չի կարելի նահանջել ազգային ոտնահարուած իրաւունքները վերականգնելու ձգտումից: Ես ամենեւին էլ անիրագործելի նպատակներ իրականացնելու կոչ չեմ անում, ուզում եմ պարզապէս յիշեցնել, որ անիրագործելի նպատակներ չեն լինում, լինում է միայն անվստահութիւն` սեփական ուժերի հանդէպ: Բոլոր նպատակները, որոնք ունի մեր ժողովուրդը, իրագործելի են, պարզապէս պէտք է հաւատալ դրանց ու այդ նպատակների ապագայ իրագործումը չբարդացնել քաղաքական բարեհոգութեամբ վտանգաւոր փաստաթղթերի տակ դրած անզգուշ ստորագրութիւններով:
Յ. Գ.- Իսկ այն առաջին Օրպանին թուրքերը սպաննեցին Կոստանդնուպոլիսը գրաւելուց յետոյ: Տարեգիրներն ասում են, որ նրա հսկայական հրանօթի ուժն ընդամէնը բաւականացրեց դատապարտուած քաղաքի վրայ արուած մի քանի ճակատագրական կրակոցներին: Յետոյ այն ճաք տուեց: Դէ, թուրքերն էլ նրան պատժեցին: Բացառուած չէ` կացնով: Բայց հետաքրքիր է, իսկ ի՞նչ եղաւ այն փողը, որ ստացել էր Օրպանը:



