Վրացական Երազանք. Վրաստանում Կատարուեց Խաղաղ Իշխանափոխութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Այս յօդուածը գրելուց առաջ ես կրկին կարդացի այն յօդուածը, որ գրել էի 2003-ի նոյեմբերի 22-ի երեկոյեան (Թիֆլիսի իմ ժամանակաւոր բնակարանում), երբ Վրաստանում եկաւ Էդուարդ Շեւարտնածէի դարաշրջանի մայրամուտը: «վրաց ժողովուրդը ցնծութեան մէջ է: Քչերին է հետաքրքրում, որ Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան փաստացի անկախ են: Նրանք այսօր երջանիկ են, որ այլեւս չկայ Շեւարտնածէն: Քչերին է հետաքրքրում, թէ դրսի ուժերից յատկապէս ո՞վ օժանդակեց Շեւարտնածէի տապալմանը, ի՞նչ դիրք է գրաւելու Ռուսաստանը եւ բազում այլ հարցեր: Թերեւս այս հարցերին պատասխանելու ժամանակներն էլ կը գան», այսպէս էի աւարտել իմ յօդուածը:

Մօտ մէկ շաբաթ Վրաստանում անցկացնելուց եւ 2012-ի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրութիւնները լուսաբանելուց յետոյ ես հիմա գրում եմ յօդուած` «վրացական դասերի» մասին եւ վստահաբար կարող եմ վերեւի մէջբերումը կրկնել` պարզապէս փոխելով անուն ազգանուն: Այո, 2012-ի հոկտեմբերի 1-ի կէս գիշերին վրաց ժողովուրդը կրկին ցնծութեան մէջ էր: Այն խանդավառութիւնը, որ կար Թիֆլիսի Ռուսթաւելու պողոտայում եւ Ազատութեան հրապարակում, բառերով աննկարագրելի են:

Վրաստանում, փաստօրէն, տեղի ունեցաւ իշխանափոխութիւն սահմանադրական ճանապարհով` ընտրութիւնների միջոցով: Ընդդիմադիր «վրացական երազանք» դաշինքը, որի հիմնադիրը աշխարհի ամենահարուստ վրացին` Պիծինա Իվանիշվիլին է, ստացաւ քուէների գրեթէ 55 տոկոսը, իսկ իշխանական «ազգային միացեալ շարժում»-ը` աւելի քան 40 տոկոսը: 150 տեղանոց խորհրդարանում «վրացական երազանք»-ը կ՛ունենայ պարզ մեծամասնութիւն, ինչը հնարաւորութիւն կը տայ ձեւաւորել նոր կառավարութիւն:

Թէ ինչ է տալու «վրացական երազանք»-ը Վրաստանին ու նրա քաղաքացիներին, ժամանակն է միայն ցոյց տալու: Բայց կարեւոր է, որ Միխայիլ Սահակաշվիլին ու նրա «ազգային միացեալ շարժում»-ը չեն կեղծում ընտրութիւնները եւ չեն վերարտադրւում: Նախագահ Սահակաշվիլու նախագահութեան ութ տարիների ընթացքում, եթէ կարճ գրենք, Վրաստանը գրանցեց թռիչքային առաջընթաց: Վրաստանը, կարելի է ասել, յետխորհրդային տարածքի պետութիւններից (բացառութեամբ պալթեան երկրները) միակն ու առաջինն է, որ հրաժարուեց Խորհրդային Միութեան յոռի գրեթէ բոլոր բարքերից: Եւ ահա սա է Սահակաշուիլու նախագահութեան տարիների ամենաարժէքաւոր ու շօշափելի նուաճումը: Վրաստանում մտածողութիւն է փոխուել:

Հայաստանում մտածողութիւն չի փոխւում, քանի որ իշխանութիւնները 1990-ական թուականների կէսերից  պարբերաբար կեղծում են ընտրութիւնները եւ վերարտադրւում են: Ինչպէ՞ս եւ ո՞վ պիտի փոխի այդ մտածողութիւնը: Հայաստանի նախագահ (իմ կարծիքով` չընտրուած) Սերժ Սարգսեանը, ով համայնավարների ժամանակ համայնավար էր, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ-ական, իսկ Հանրապետականների ժամանակ` ՀՀԿ-ական: Սերժ Սարգսեանը մտածողութիւն փոխող չէ, այլ` կուսակցութիւն փոխող: Աւելի՛ն. նա ու նրա իբր նժդեհական խմբակն իր մտածելակերպով, եւ որ ամենավտանգաւորն է հայկական պետականութեան համար` իր գործելակերպով, խորհրդային ժամանակների մարմնաւորողն է: Իմ ու հարիւր հազարաւոր հայաստանցիների համար, ուրեմն, չկայ հայկական երազանք:

Է՞լ ինչ է փոխուել Վրաստանում:

Վրաստանի իշխանութիւնները չգնացին ընտրակեղծքիների: Սահակաշվիլին ու նրա կուսակցութիւնը ութ տարիների ընթացքում «խելքի բերեցին» «ձախողուած պետութիւն» (failed state) պիտակը կրող Վրաստանը: Յաջողութիւնները ակնյայտ էին անգամ վրացատեացների համար: Բայց այսօր պարզւում է, որ վրաց ժողովուրդը աւելին է պահանջում, քան կարող է տալ Սահակաշվիլին եւ այդ պատճառով ընտրում է Պիծինա Իվանիշվիլուն (գուցէ նրա միլիառները) եւ «վրացական երազանք»-ին: Այո, ընտրում է:

Մենք Հայաստանում ընտրութիւն չունենք: Օրինակ, Սերժ եւ Տիգրան Սարգսեանները Հայաստանը տնտեսապէս հետ են շպրտել 13 տարի, բայց նրանց կուսակցութիւնը 2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրութիւններում փառահեղ (պաշտօնապէս) յաղթանակ է տանում: Ընդ որում, այդ փառահեղ յաղթանակը յատկապէս գրանցւում է Հայաստանի այն վայրերում, որտեղ ժողովուրդը աւելի շատ է հարստահարւում ու կեղեքւում, որտեղ ժողովուրդը ամենավատն է ապրում:

Անշուշտ, Վրաստանի ու Հայաստանի միջեւ էլի շատ տարբերութիւններ կան, բայց ուզում եմ հիմնական երրորդ տարբերութիւնը եւս նշել: Սահակաշվիլին ընդունեց իր ու իր կողմի պարտութիւնը եւ յայտարարեց, որ դառնում է ընդդիմութիւն: Աւելի՛ն. իշխող կուսակցութիւնն ու «Վրացական երազանք»-ը ձեւաւորեցին պատուիրակութիւններ, որոնք պէտք է անցկացնեն խորհրդակցութիւններ` իշխանափոխութիւնը սահուն փոխանցելու նպատակով:

Դո՛ւ, յարգելի ընթեցող, պատկերացնում ե՞ս Սերժ կամ Տիգրան Սարգսեանին ընդդիմութիւն: Նրանց քաղաքական անցեալը ցոյց է տալիս, որ նրանք երբեք չեն դառնայ ընդդիմութիւն: Նրանք կը փոխեն եւս երեք կուսակցութիւն, բայց չեն դառնայ ընդդիմութիւն: Այն օրը, երբ նրանք դառնան ընդդիմութիւն, ես թունելի վերջում լոյս կը տեսնեմ ու կը գրեմ յօդուած «հայկական երազանք» վերնագրով:

Իսկ թէ ինչո՛ւ Սահակաշվիլին, որ, կրկնեմ, ութ տարիների ընթացում Վրաստանը աւազակապետութիւնից վերածեց կարգին պետութեան, պարտութիւն կրեց հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրութիւններում, մէկ այլ յօդուածի նիւթ է:  Նշենք նաեւ, որ հայաբնակ Ջաւախքում յաղթել է Սահակաշվիլու կուսակցութիւնը` ստանալով քուէների շուրջ 80 տոկոսը: Ըստ նախնական արդիւնքների` վրացական նոր խորհրդարանում հայերը կ՛ունենան երկու պատգամաւոր` Հենզել Մկոյեանը (Նինոծմինտա) եւ Սամուէլ Պետրոսեանը (Ախալքալաք): Երկուսն էլ ընտրուել են մեծամասնական ընտրակարգով: Չի բացառւում, որ խորհրդարան անցնեն եւս երկու հայեր կուսակցական ցուցակներով:

Թիֆլիս
Յատուկ  «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES