«Ապառաժ»-ի Խմբագրական. Դասականը Եւ Տեղականը
Ձեւաւորուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութեան նոր կազմը: Մինչ կառավարութեան ձեւաւորումը` կառավարութեան ղեկավարի կողմից նշուել է, որ լուրջ բարեփոխումներ են լինելու, որի անհրաժեշտութիւնն ակնյայտ է: Անցած կառավարութեան գործունէութեան` թերեւս ամենախոցելի կողմը մարդուժի խնդիրն էր: Մարդուժի քաղաքականութիւնը բոլոր երկրների պետականութեան ամրութեան, ճիշդ ռազմավարութեան եւ քաղաքականութեան հիմքն է: Լինում են օրինակներ, երբ երկիրը չունի անհրաժեշտ մարդուժի հիմք եւ երկիրը ղեկավարւում է անկանխատեսելի, իսկ լաւագոյն դէպքում` «չարեաց փոքրագոյնի» սկզբունքով: Կան նաեւ օրինակներ, երբ առկայ մարդուժի պաշարը չի օգտագործւում, կամ էլ ճիշդ եւ արդիւնաւէտ չի օգտագործում: Երկու պարագան էլ անարդիւնաւէտ է: Մեր երկրի դէպքում երկու օրինակներն էլ մասնակիօրէն առկայ են: Ասել, որ ունենք անհրաժեշտ մարդուժի հիմք մեր երկրում` սխալ կը լինէր: Ասել, որ առկայ մարդուժը ընդգրկուած է երկրի պետական կառավարման համակարգում եւ ճիշդ իր տեղն է զբաղեցնում` կրկին սխալ կը լինէր:
Անդրադառնանք առաջին խնդրին: Որպէսզի ունենանք անհրաժեշտ մարդուժի հիմք, պէտք է կրթութիւնը լինի բացարձակ արժէք թէ՛ իշխանութիւնների, թէ՛ հանրութեան շրջանում: Կրթութիւնը հիմքն է բացառապէս բոլոր ոլորտների: Այն ազգային անվտանգութեան խնդիր է, ինչը ռազմավարական նշանակութիւն ունի բոլոր ազգերի եւ պետութիւնների համար: Սակայն մեզ մօտ, ցաւօք սրտի, այնքան էլ այդպէս չէ: Սա գոնէ պէտք է լինի այն ոլորտը, որտեղ տեղ պիտի չգտնի «խնամի-ծանօթ-բարեկամ» հանրայայտ համակարգը: Երկրում իրական բարեփոխումներ կատարելու համար պէտք է սկսենք կրթութեան համակարգի բարեփոխումից` համապատասխանեցնելով այն մեր երկրի պահանջներին, ինչն ինքնըստինքեան բարեփոխումներ կը մտցնի առողջապահական, ընկերային-տնտեսական, մշակութային, գործարար եւ միւս բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արմատապէս բարեփոխումներ կատարել կրթութեան ասպարէզում` վերանայել մինչ այժմ արուող կրթական քաղաքականութիւնը:
Անդրադառնանք միւս խնդրին` մարդուժի ճիշդ եւ արդիւնաւէտ օգտագործման քաղաքականութեանը: Ակամայից յիշեցնում է իրական մի պատմութիւն: Դպրոցի առաջին դասարանից մի աղջիկ դիմել է դպրոցի տնօրէնին, ով նաեւ դպրոցի պատմութեան ուսուցիչն էր, ասելով. «Ես ուզում եմ պատմութեան ուսուցչուհի դառնալ»: Դպրոցի տնօրէնը ժպտալով հարցրել է, թէ որն է փոքրիկ աշակերտուհու ցանկութեան պատճառը, քանի որ նա դեռ պատմութիւն էլ չի ուսանում, աշակերտուհին անկեղծօրէն պատասխանել է. «Որովհետեւ ուզում եմ դպրոցի տնօրէն դառնալ»: Փաստօրէն, դպրոցի տնօրէն դառնալու ճանապարհն աշակերտուհու պատկերացմամբ` պատմութեան ուսուցիչ դառնալն էր: Նրա համար «յստակ» էր իր նպատակների, առաջընթացի ու վերելքի ճանապարհը: Իսկ որն է մեր նպատակների իրական ճանապարհը: Ահա այս է այն հակասութիւնը, որն առկայ է եւ մեր, ինչու չէ` նաեւ այլ երկրներում, երբ չգիտես, թէ որն է նպատակին հասնելու իրական ճանապարհը: Իսկ եթէ ոչինչ էլ պէտք չէ ծրագրել… հնարաւոր է` մի գեղեցիկ օր դառնաս, օրինակ, նախարար: Իսկ ինչպէս պէտք է ընտրել ճիշդ մարդուժ, եւ, ընդհանրապէս, որն է մարդուժի հիմքին տիրապետելու ճանապարհը: Հէնց այս խնդիրը լուծում են քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպութիւնները, որոնց գործունէութեան ընթացքում ի յայտ են գալիս ընդունակ, արհեստավարժ եւ գործին բանիմաց մասնագէտներ: Եւ, առհասարակ, կազմակերպութիւնները հանդիսանում են յարմար դաշտ, որտեղ անհատներն ընդգրկուած չլինելով պետական կառավարման այս կամ այն օղակում, կարողանում են ազատ գործել եւ նպաստել որեւէ ոլորտի զարգացմանը: Այս դէպքում` բաւականին մեծ է քաղաքական կուսակցութիւնների դերը: Կուսակցութիւնը մի դպրոց է, որտեղ կոփւում եւ կատարելագործւում է անհատը, դառնում պիտանի եւ արհեստավարժ` հետագայում պետական կառավարման համակարգում ստանձնելիք իր դիրքի համար:
Կուսակցութիւնը մի միջավայր է, որտեղ քաղաքական գործիչը կարողանում է ինքնադրսեւորուել, եւ հանրութիւնը կարողանում է ճանաչել տուեալ գործչին` իր ընդունակութիւններով եւ կենսագրութեամբ հանդերձ: Եւ եթէ կուսակցական գործիչը յանձն է առնում որեւէ ոլորտի պատասխանատուութիւն, ապա նախ եւ առաջ հանրութիւնը եւ այդ ոլորտի միւս պատասխանատուները, ճանաչելով նրան եւ նրա գործունէութիւնը, կարող են կանխատեսել տուեալ ոլորտի ապագան: Եւ` ոչ միայն. կուսակցական գործչի ղեկավարման ոճի, արդիւնաւէտութեան համար պատասխանատուութիւն է կրում նաեւ կուսակցութիւնը: Հակառակ դէպքում` երկրի ամենապատասխանատու ոլորտները յաճախ դառնում են փորձադաշտ մի քանի տարով` որոշակի ժամանակահատուածով խաչ քաշելով համապատասխան ոլորտի առաջընթացի վրայ: Եւ այսպէս կարող է կրկնուել մի քանի անգամ:
Ի զուր չէ, որ աշխարհի առաջադէմ եւ զարգացած երկրների կառավարման համակարգը կուսակցականացուած է: Մեզ մօտ եւս աստիճանաբար, բնականոն կերպով պէտք է անցնել այս համակարգին:

