Գերեզմանաշինութիւնից` Քաղաքաշինութիւն
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Տարիներ առաջ, երբ Թումանեան-Տէրեան խաչմերուկին յարող հատուածում պատրաստւում էին բացել երջանկայիշատակ Դաւիթ Բեջանեանի հեղինակած Առնօ Բաբաջանեանի արձանը, մամուլի միջոցներով մեծ աղմուկ բարձրացուեց:
Աղմուկն այն ժամանակ (աւելի ճիշդ կը լինի այն անուանել` վայնասուն) այնքան մեծ էր, որ քանդակագործն իր կամքին հակառակ, ստիպուած, արձանը որոշ փոփոխութիւնների ենթարկեց: Ըստ իս, համոզուած եմ նաեւ` ըստ Դաւիթ Բեջանեանի, Առնօ Բաբաջանեանի արձանը այդ փոփոխութիւններից յետոյ տուժեց: Միտք պակասեց, որ դրուած էր արձանի ստեղծման հիմքում: Սակայն, նոյնիսկ առկայ փոփոխութիւններով հանդերձ, նրա կերտած Առնոն վաղուց դարձել է Երեւանի զարդը, եւ իւրաքանչիւր երեւանցու համար քաղաքի այդ հատուածը դարձել է Երեւանի տեսարժան վայրերից մէկը: Այն ժամանակ թէ՛ Դաւիթ Բեջանեանը եւ թէ՛ արձանի ճարտարապետը պայքարեցին, որ տուրք չտրուի կիսագրագիտութեամբ տառապողների կարծիքներին, եւ շատ արուեստագէտներ, իրենց արհեստավարժ կարծիքներով, կանգնեցին մեծ քանդակագործի կողքին: Ի հարկէ, եղան նաեւ նախանձողներ եւ չհանդուրժողներ, ովքեր իւղ էին լցնում կրակին, բայց, փառք Աստծոյ, յաղթեցին բանականութիւնն ու ճաշակը:
Ճաշակով եւ յատկապէս` արուեստի գործ համարուող արձաններ Երեւանում շատ կան: Դրանց մասին չէ, որ ուզում եմ գրել, այլ` այն բանի, որ վերջին շրջանում Երեւանը, կարծես, դարձել է յուշանուէրների խանութ: Յիշո՞ւմ էք` նման խանութներ կային խորհրդային տարիներին, որտեղ գաճէ արձանիկներ էին վաճառում, իսկ շուկայում նոյնիսկ դրանց կաղապարները կարող էինք գնել: Այդ արձանները կամ արձանիկները ոչ մի արժէք չունէին, բայց մարդկանց մի խաւ կար, որ ուզում էր տանն ունենալ ասենք` Սայաթ Նովայի, պալէի պարուհու կամ ջղային դէմքով ծովահէնի արձանները: Էլի ճաշակի հարց է, ոչինչ չես ասի, յատկապէս երբ մարդը, դրանք գնելով, զարդարում էր իր սեփական բնակարանը: Ըստ էութեան, իւրաքանչիւր ոք իր բնակարանի ե՛ւ ճարտարապետն է, ե՛ւ ձեւաւորողը:
Ասում են` Երեւանը մեր տունն է: Մեր ասելով` չգիտեմ` ում նկատի ունեն, բայց որ այդ տունը գնալով ռաբիս տարածքի է վերածւում, դա փաստ է: Ահաւասիկ` վերջին արձանները, որ տեղադրուեցին քաղաքում: Շատ կ՛ուզէի իմանալ այն ճարտարապետի անունը, ով ստորագրել է արձանների տեղադրման թոյլտուութեան տակ: Անձամբ ես դէմ չեմ, որ մեր քաղաքում մեր մեծերի արձանները տեղադրուեն: Աւելի՛ն. ուրախ կը լինեմ: Բայց հիմա տխուր եմ, որովհետեւ ես մեր մեծերին այդպէս չեմ պատկերացրել: Ինձ համար Մհեր Մկրտչեանը շարքային հարբեցող չէ, եւ ոչ էլ Եղիշէ Չարենցը այնպիսին, ինչպէս նստած է Երեւան հիւրանոցի մուտքի մօտ: Իսկ Հրանդ Մաթեւոսեանի արձանը նման տեսքով պատրաստելը (քանդակել դրան չի կարելի ասել) ուղղակի զաւեշտի է նմանւում: Ես հասկանում եմ, որ այս տողերը կարդալիս կը լինեն շատերը, ովքեր կը մեղադրեն ինձ նման կերպ արտայայտուելու համար: Բայց ես չեմ կարող այս մասին չխօսել, երբ բոլորը միաբերան փառաբանում են նախաձեռնութիւնը եւ փնովում նրանց, ովքեր փչացնում են դրանք: Ի հարկէ, վանտալիզմը պէտք է դատապարտուի, բայց արդեօ՞ք վանտալիզմ չէ նման արձաններով մայրաքաղաքը լցնելը: Ինչո՞ւ ես` բնիկ երեւանցիս, պէտք է ամաչեմ եւ իմ հիւրերին այդ կողմերով չառաջնորդեմ: Ինչո՞ւ ես պարտաւոր եմ զգուշ քայլել այդ արձանների կողքով, որ յանկարծ չսայթաքեմ եւ, արձաններին կպնելով, չվնասեմ դրանք: Ինչո՞ւ ես պարտաւոր եմ իմ հիւրին բացատրել, որ արձանները գաճից են, եւ քանդակագործն էլ «ցեխ» է դրել եւ ձրի «ծեփում» է ում պատահի եւ ոնց պատահի: Ինչո՞ւ ես` որպէս երեւանցի, պէտք է տարբերութիւն չզգամ գերեզմանոցային եւ քաղաքային ճարտարապետութեան միջեւ: Եւ վերջապէս, ինչո՞ւ էք ստեղծել այնպիսի մթնոլորտ, երբ մեր մեծերի արձանները նպաստելու են մարդկանց ձերբակալմանը, եւ դեռ հպարտօրէն էլ յայտնում էք, թէ տեսախցիկներն արդէն տեղադրուած են:
Մեր մեծերը ըմբոստ են եղել, մտաւորական են եղել, ստեղծագործել են եւ ժառանգութիւն են մեզ թողել: Մի՛ դարձրէք նրանց «գործ տուողներ»: Մրցոյթ յայտարարէք, թող արժանաւորների կերտած պղնձաձոյլ արձանները տեղ գտնեն այդ նոյն վայրերում, հակառակ դէպքում` ես ինձ իրաւունք կը վերապահեմ մի նստարանի վրայ էլ նստեցնել երջանկայիշատակ պապիս արձանը, ով մեր թաղամասում անյայտ դէմք չի եղել:

