Տապալուեց Եւս Մի Կաղնի. (Էդուարդ Միրզոյեան Ոչ Եւս Է…)

ԱՍԱՏՈՒՐ ԿԻՒԶԵԼԵԱՆ

Էդուարդ Միրզոյեան

Խոր վշտով իմացայ վաղեմի ընկերոջս` երաժշտահան Էդուարդ Միրզոյեանի մահուան գոյժը:  Միրզոյեանի մահով հայ ժողովուրդը ո՛չ միայն կորցրեց իր մեծատաղանդ երաժիշտներից մէկին, այլ նաեւ մարդկային ազնիւ զգացումներով, բարձր իտէալներով, անբեկանելի սկզբունքներով եւ մաքրամաքուր հայրենասիրութեամբ հարուստ եզակի մի հայ մարդու:  Էդուարդ Միրզոյեանը ամէնից առաջ մեծատառով ՄԱՐԴ էր եւ ոսկետառով ՀԱՅ: Նրա մէջ մարդն ու հայը միաձուլուել էին այնպէս, որ անկարելի էր մէկը միւսից բաժանել: Միրզոյեանի համար լաւ հայ լինելու նախապայմանը լաւ մարդ լինելն էր: Նրա հասկացողութեամբ վատ մարդը լաւ հայ չէր կարող լինել:

Կան մարդիկ, որոնք ամբողջ մի կեանք  ջերմութիւն, սէր, ժպիտ եւ ուրախութիւն են բաշխում իրենց շրջապատին, օգնութեան ձեռք են երկարում տկարին ու չքաւորին, օժանդակում են բոլոր նրանց, ովքեր օգնութեան կարիք ունեն, բարձրացնում են անկեալին, բաժանում են ընկերոջ վիշտն ու մասնակից դառնում նրա ուրախութեան: Ահա այդպիսին էր Էդուարդ Միրզոյեանը, որի նկարագրի բնորոշ գծերը եղան անկեղծութիւնը, անմիջականութիւնը, մարդասիրութիւնը, կենսասիրութիւնն  ու սրամտութիւնը :

Բացի երաժշտական տաղանդից` Միրզոյեանն օժտուած էր նաեւ կազմակերպչական ունակութիւններով: Պատահական չէ, որ ամբողջ երեսուն հինգ տարի նրան վստահուեց Հայաստանի Կոմպոզիտորների միութեան նախագահի պատասխանատու պաշտօնը. պաշտօն` որը նա վարեց բոլորանուէր աշխատանքով ու նուիրուածութեամբ, որին իբրեւ արդիւնք` հայ երաժշտութիւնը արձանագրեց աննախընթաց վերելք: Միրզոյեանի նախագահութեան տարիներին էր, որ Ա. Բաբաջանեանի, Ա. Յարութիւնեանի, Ղ. Սարեանի, Ա. Խուդոյեանի եւ այլ երաժշտահանների ստեղծագործութիւններով մեծապէս հարստացաւ հայ երաժշտութիւնը:

Էդուարդ Միրզոյեանին անձնապէս ճանաչեցի 1963  թուականի օգոստոսին, երբ կրթական նախարարութեան հրաւէրով, առաջին անգամ այցելեցի Հայաստան` մասնակցելու, սփիւռքահայ այլ կրթական մշակների հետ, Ուսուցիչների կատարելագործման հիմնարկի դասընթացներին: Այդ տարիներին պաշտօնավարում էի Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում: Երբ սփիւռքահայ ուսուցիչներն առաջին անգամ հանդիպեցին Միրզոյեանին, վարպետն իր կենսախիդ ժպիտով, անկրկնելի զուարճախօսութեամբ, անմիջական ու  առինքնող բնաւորութեամբ գրաւեց բոլորի սրտերը եւ արժանացու նրանց հիացմունքին:

Դեռ 1960 թ.ին ծանօթացել եւ բարեկամական կապեր էի հաստատել Բաբաջանեանի հետ, Կալկաթայում, նրա Հնդկաստան այցելութեան առիթով: Այդ հանգամանքը պատճառ դարձաւ, որ Առնոյի միջոցով բարեկամանամ նաեւ Էդուարդ Միրզոյեանի, Ալեքսանդր Յարութիւնեանի, Ադամ Խուդոյեանի եւ Երաժիշտների միութեան ֆոնտի նախագահ Բաբգէն Սոսեանի հետ: Իմ Հայաստան գտնուած օրերին, ապրումներով եւ յուզումներով առլեփ մեր հանդիպումները, յատկապէս Դիլիջանի երաժշտահանների ամարանոցում անցկացրած օրերի քաղցր յիշատակը, միշտ կը մնան վառ իմ յիշողութեան մէջ:

Էդուարդ Միրզոյեան Ա. Կիւզելեանի հետ

Մեր առաջին հանդիպումից անցան տարիներ, բայց ժամանակը չկարողացաւ թուլացնել մեր բարեկամութեան  կամուրջը: Ընդհակառակը` հետագայ տարիներն աւելի եւս ամրապնդեցին այդ կամուրջի սիւները յաճախակի մեր հանդիպումների շնորհիւ: Ամէն անգամ Երեւան այցելելիս, պարտադիր լինում էի վարպետի մօտ: Նա ինձ միշտ էլ ընդունում էր եղբայրական ջերմութեամբ,  իրեն յատուկ «չարաճճի»`  բայց սիրալիր ժպիտով եւ միրզոյանական զուարճախօսութեամբ:

Ինչպէս նշեցի, Էդուարդ Միրզոյեանն  օգնութեան ձեռք էր երկարում բոլոր նրանց, ովքեր օգնութեան կարիք ունէին: Նա յատկապէս օժանդակում էր պատանիներին եւ երիտասարդներին,  որպէսզի նրանք հնարաւորութիւն ունենան զարգացնելու իրենց տաղանդը: Բնութագրելու համար հանգուցեալի մարդասիրական ոգին` գրութիւնս ուզում եմ աւարտել անդրադառնալով հեռաձայնային մի խօսակցութեան, որը տեղի ունեցաւ Միրզոյեանի եւ իմ միջեւ:

Մօտ երկու տարի առաջ էր,  երբ Միրզոյեանը հեռախօսեց ինձ եւ խնդրեց, որպէսզի  հայկական բարեսիրական կազմակերպութիւնների եւ իմ ընկերների օժանդակութեամբ կրթաթոշակ ապահովեմ,  իր խօսքերով` «մի շատ տաղանդաւոր երգչուհու համար»:

Բնական է, չէի կարող մերժել վարպետին: Միրզոյեանի խնդրանքը «հրահանգ»-ի համազօր էր ինձ համար: Երիտասարդ երգչուհու անունը  Անուշ Յովհաննիսեան էր: Նա աւարտել էր Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցը եւ ընդունուել` «Կլասկօ»-ի Արքայական երաժշտական ակադեմիան: Անհրաժեշտ էր ապահովել Անուշի առաջին տարուայ կրթաթոշակը, որը  ինը հազար անգլիական ֆունտ էր : ՀԲԸ Միութեան Լոնտոնի մասնաճիւղի եւ մի քանի ընկերների օժանդակութեամբ ինձ յաջողուեց հարկ եղած գումարը ապահովել:

Կարճ ժամանակում Անուշ Յովհաննիսեանը լի ու լի արդարացրեց իր տաղանդի հանդէպ  Միրզոյեանի ունեցած վստահութիւնը: Նա շահեց մի քանի մրցանակներ` արժանանալով քննադատների բարձր գնահատանքին: Անուշ Յովհաննիսեանը, Էդուարդ Միրզոյեանի «շատ տաղանդաւոր երգչուհին», այսօր կանգնած է արդէն համաշխարհային համբաւի շեմին:

Տաղանդաշատ գրող եւ սրտակից մի ընկերոջ մահուան առիթով գրել եմ հետեւեալ տողերը, որոնք վերաբերում են նաեւ քեզ, սիրելի Էդիկ: «Մեծութիւնները մեռնում են, բայց չեն մահանում»: Մահանում են նրանք, ովքեր իրենց կեանքում ո՛չ մէկ պտղաբեր ծառ չեն տնկել հետագայ սերնդների  իմացական ու հոգեկան աւիշ ապահովելու հաշուին, ո՛չ մի ներդրում չեն արել ի շահ մարդկութեան մտաւոր ու բարոյական բարօրութեան»:

Էդիկ, իմ թանկագին ընկեր, դու չես մահացել, այլ  մեկնել ես մի ուրիշ աշխարհ, որտեղ միայն անմահներն են ապրում: Այդ աշխարհը կոչւում է Յաւերժութիւն, որի քաղաքացիութիւնը դու  վաղուց վաստակեցիր այս աշխարհում` քո աշխատանքով եւ ստեղծագործութեամբ :

Նման տխուր առիթներով միշտ յիշում եմ  Յաւերժութեան մի այլ քաղաքացու` Յովհաննէս Թումանեանի իմաստուն խօսքերը: Դէպի յաւերժութիւն քեզ բարի ճանապարհ մաղթելու համար հուսկ բանքը տալիս եմ «Ամենայն հայոց բանաստեղծին»:

«Մենք ամէնքս հիւր ենք կեանքում
Մեր ծննդեան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցաւոր աշխարհից:

Անց են կենում սէր ու խնդում,
Գեղեցկութիւն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լաւ իմացէք,
Որ խօսւում է դարէ դար,
Երնէկ նրան, որ իր գործով
Կ՛ապրի անվերջ, անդադար»:

Հողը թեթեւ թող գայ վրադ, իմ թանկագին ընկեր:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

 

7 հոկտեմբեր, 2012
Լոնտոն

Share this Article
CATEGORIES