«Եւ Սէրը Կը Ծաղկի Որպէս Օրհնութիւն…»
Վերջին տասնամեակներուն մարդու բանական էակ ըլլալու անուրանալի արժէքը, այս պարագային` ինքնասիրութիւնը, սկսած է աւելի ու աւելի մեծ թափով անտեսուիլ ու ոտնահարուիլ ամէնուրեք` աշխարհի չորս ծագերուն: Այդ մէկը մենք ազգովին մեր մորթին վրայ կը զգանք շատ յաճախ թէ՛ սփիւռքի եւ թէ՛ հայրենիքի մէջ հաւասարապէս:
Տաղանդաւոր դերասանուհի, թատերագիր ու նաեւ արձակագիր Աննա Պետրոսեանին մէկ պատմուածքը` «Կը հանդիպինք Էլդորադոյում» կը խօսի այս ցաւոտ հարցի մասին, որ նուիրուած է «Ազատ հանրապետութիւն ոսկեզօծ տէրերին»: Յիշեալ պատմուածքը հրատարակուած է առանձին գրքոյկով «Էկո մատենաշար No 2» համարի տակ:
Ստորեւ կու տանք վերջին բաժինը` ընդհանուր գաղափար մը տալու համար խիստ մտահոգիչ ու խոցելի երեւոյթի մասին:
… Եւ հրաշագեղ ձայնը երկար ու հանգամանօրէն բացատրեց, որ գթասիրական մի կազմակերպութիւն վարձել է մի սրահ, որտեղ օրը մէկ անգամ անվճար տաք ապուր է բաժանում ամենա-ամենա-ամենա կարիքաւորներին: Հրաշագեղ ձայնը ամենա-ամենա-ամենա բառը գեղգեղաց միամիտ պարզութեամբ եւ քիչ դադար առնելուց յետոյ շարունակեց.
«Մեզ ձեր մասին ձեր հարեւաններից մէկն է ասել: Մենք ստուգեցինք եւ տեսանք, որ փաաստերը համապատասխանում են իրականութեանը…»:
Զգաց, որ արեան յանկարծակի յորդումից քունքերը տրոփում էին այնքան կատաղի, որ թւում էր հիմա կը պայթեն, իրենցից դուրս ցայտելով արեան շիթեր: Ուրեմն իր ողջ ջանքը… հպարտ եւ անկախ երեւոյթ ունենալու իր ողջ ջանքը հաւասարւում է զրոյի, եթէ թէկուզ ինչ-որ մէկը գլխի է ընկել իր պահուածքի փուչ լինելը:
Իսկ կանացի հրաշագեղ ձայնը դեռ գեղգեղում էր այն մասին, թէ որքան բարի են գթասիրական կազմակերպութեան տիկիններն ու պարոնները եւ որքան գոհ պէտք է լինի Պերճուհի Յովակիմեանը` ծանօթանալով միւս ամենա-ամենա-ամենա կարիքաւոր ծերերի ու ծերուհիների հետ, որոնք եթէ նոյնիսկ ցանկանան աշխատել, նրանց ոչ ոք չի վերցնի աշխատանքի, որովհետեւ շատ-շատ-շատ են ծեր արդէն յիսուն եւ նոյնիսկ յիսունն անց մարդիկ…
Յետոյ աշխարհում երբեւէ լսուած ամենասքանչելի ձայնը արթնացած քաղաքի աղմուկների միջից զատուելով նրան` ամենայն մանրամասնութեամբ բացատրում էր, թէ որտեղ է գտնւում գթասիրական կազմակերպութեան ճաշարանը եւ յատկապէս որ ժամին պէտք է ներկայանայ Պերճուհի Յովակիմեանը եւ յատկապէս ինչ փաստաթղթեր պէտք է ունենայ իր հետ. անձագիր, թոշակի գրքոյկ, լիազօրից տեղեկանք, որ ապրում է մենակ եւ թոշակից բացի ուրիշ եկամուտ չունի:
Այնքան սովորական է ամէն ինչ: Անհետաքրքիր, անարժան պատմելու պատմութիւն: Գտնուել են մարդիկ, որոնք սովեալներին մի ափսէ ապուր տալով, ապահովում են իրենց տեղը դրախտում:
Այո, այո, փաստաթուղթ է պէտք, որ նա սովեալ է, ապա թէ ոչ, ինչ իմանաս, մէկ էլ տեսար եկամուտ ունեցող մէկը սողոսկեց գթասիրական ապուրը խփշտելու: Ինչպէ՞ս կարելի է:
«Ես յուսով եմ, որ մենք կը հանդիպենք, անպայման կը հանդիպենք, հէնց այսօր, սիրելի տիկին Յովակիմեան», վերջին անգամ գեղգեղաց աշխարհի ամենա-ամենա-ամենա սքանչելի ձայնը եւ լռեց:
Կարճ ազդանշանները լսափողից ցաւագնօրէն հարուածում էին քունքերին, արձագանգում գլխում…
«Տու-տու-տու…»:
«Մենք կը հանդիպենք Աւետեաց Երկրում…»:
«Տու-տու-տու…»:
«Թախծոտ ու տխուր այն հեռու երկրում…»:
Վերջապէս լսափողը դրեց լծակին: Յետոյ ուզեց պառկել եւ այլեւս վեր չկենալ: Երկար-երկար պառկել անկողնում, երկար-երկար պտտուել աշխարհի հետ համաչափ, համընթաց, մինչեւ ինչ-որ մի պահի կը դադարեն պտտուելուց ինքն ու աշխարհը, հին բանեցուած, հազար-հազար տեղերից ճաքեր տուած, վիրաւոր, խոցոտուած աշխարհը… Յետոյ ինքն ու աշխարհը կը յայտնուեն ուրիշ մի աշխարհում, որտեղ կ՛ապրեն հանգիստ ու խաղաղ ոգու ծիրերում… աշխարհին ու ինքը առանց պտոյտի, գլխապտոյտի…
Նա ուզում էր լաց լինել, բայց դրա համար եւս ուժ էր պէտք: Քաղցից ուժասպառ մարմինն անզօր էր իրենից դուրս քամել որեւէ արտակարգ վիճակ: Նրա ուղեղում դեռ աղմկում էր անծանօթ կնոջ ամենասքանչելի ձայնը կրկնելով այն հասցէն, որտեղ ամենասքանչելի բարեգործները ամենասքանչելի տուեալներին բաժանում են ամենասքանչելի ապուրը:
Եթէ նորից անկողին մտնի, ապա այլեւս չպիտի կարողանայ վեր կենալ… իսկ ինչո՞ւ ինքը չպէտք է ճաշակի գթասիրական ապուրը… Ինքն ուզում է ճաշակել… Երեւի մեծ ափսէներով կը բաժանեն եւ հետը, անպայման, մի մեծ կտոր հաց կը տան, աւելի մեծ կտոր, քան պահարանում պահուած հացի վերջին կտորն է: Հարկաւոր է հագնուել… Ինքն ու այդ մի ափսէ ապուրը պիտի հանդիպեն… Ուրիշ ինչպէ՞ս մի՞թէ այդ… ամենասքանչելի բարեգործներն ի զուր են ջանացել…
Պէտք է հանգնուել, դանդաղ, առանց շտապելու… Նա նայեց հեռախօսի մօտ դրուած զարթուցիչին: Ժամը 11-ն էր: Ապուրը բաժանելու են ժամը 2-ին: Կը հասցնի, եթէ նոյնիսկ բոլորովին չշտապի: Փառք Աստուծոյ, այնտեղ, որտեղ ապուր են բաժանում, այնքան էլ հեռու չէ ընդամէնը մի քանի կանգառ… եթէ մի քիչ լաւ զգայ, կարող է նոյնիսկ ոտքով գնալ…
Նա զգում էր, որ ոգեւորւում էր:
Իսկ պահարանում ապահովաբար պահուած հացը այսօր կը մնայ անձեռնմխելի:
Անձեռնմխելի՜… Գեղեցիկ բառ է: Պատկերացրեց, թէ ինչպէս այդ բառը կը գեղգեղար քիչ առաջ զանգահարող կինը եւ ժպտաց:
… Մենք կը հանդիպենք Աւետեաց Երկրում… որտեղ տիրակալները ոտից գլուխ թաթախուած են ոսկու փոշու մէջ… որտեղ բարի եւ ազնիւ տիրակալները… ապուր են բաժանում հպատակներին: Սրբազան գետի ափերին ապրող… այն տիրակալները Աւետեաց Երկրի… Տխուր ու թածոտ Աւետեաց Երկրի…
Եթէ հիմա նորից ընկնի պատրանքների աշխարհը` հագնուելու փոխարէն մտնելու է անկողին եւ այլեւս բացառուած է վեր կենալու հնարաւորութիւնը… Աստուած գիտէ, թէ այս անգամ ինչպէս կ՛աւարտի այդ երեւակայական ճամբորդութիւնը…
Նա սկսեց հանգուել… Երկար-երկար, դանդաղ-դանդաղ… Յետոյ երկար-երկար ու դանդաղ-դանդաղ քայլեց մինչեւ կանգառ եւ նստեց տրամուայ…
Տրամուայը երկար-երկար, դանդաղ-դանդաղ սողում էր Աւետեաց Երկրի ճանապարհներով ու տեղ չէր հասնում…
Տրամուայը գնում էր սովորական իր ճանապարհով, սովորական արագութեամբ, սովորական ուղեւորներին հասցնելով այնտեղ, որտեղ նրանց պէտք էր… Տրամուայը չգիտէր, որ գնում է երկար-երկար, դանդաղ-դանդաղ եւ մի ուղեւոր չի կարողանում հասնել այնտեղ, ուր անհրաժեշտ է…
Տրամուայը, բարի, սքանչելի տրամուայը չէր գուշակում, որ երբեմն-երբեմն վերածւում է կարուսելի: Դանդաղ պտտուող կարուսելի… Բայց քանի որ այս աշխարհում ամէն բան վերջ ունի, աւարտուեց նաեւ տրամուայ-կարուսելի շարժում-պտոյտը: Եւ կինը, որ գնում էր վայելելու հիւրասիրութեան ուրախութիւնը, դեռ պտտուող գիտակցութեան մէջ առաւ տրամուայավարի քաղաքավարի յայտարարութիւնն այն մասին, որ ուղեւորուհին հասել է ճիշդ այնտեղ, ուր պէտք է իջնի եւ մի քայլ գցելուց յետոյ պիտի հասնի այնտեղ, ուր Աւետեաց Երկրի բարեգութ տիրակալները…
Լա՛ւ: Ուշադրութիւն: Կարուսելը կանգնել է, բայց չէ որ իներցիայի ուժ գոյութիւն ունի: Ահա, այդ իներցիայի ուժով դեռ պտտւում է գլուխը…
«Դուք վա՞տ էք զգում,- հարցրեց երիտասարդ մի կին, բռնելով նրա թեւը,- թոյլ տուէք ձեզ մինչեւ մայթ ուղեկցել»…
«Շնորհակալութիւն… Ես… մի քիչ գլուխս պտտուեց… ես երբ.. հիմա լաւ եմ զգում… շնորհակալութիւն… Դուք շատ, շատ բարի էք… Ես սիրում եմ ձեզ…»:
«Ի՞նչ…»:
«Ես սիրում եմ բոլոր բարիներին: Ցտեսութիւն…»:
«Ցտեսութիւն…»:
Քիչ էլ գնաց օրօրուող աշխարհի միջով ու հասաւ այնտեղ, ուր հրաւիրել էին նրան շքեղ պարահանդէս-դիմակահանդէսի…
Անուղղելի երազող… Հիմա կ՛որոտայ նուագախումբը կը բացուեն շքեղ ապարանքի դռները… Նրան ընդառաջ կը գայ Աւետեաց Երկրի տիրակալը, կը համբուրի ձեռքը եւ տալով իր աջը` կ՛առաջնորդի հսկայ, սիւնազարդ սրահ, ուր բիւրեղապակեայ, ոսկեզօծ լուսացնցուղի մէջ պարում են բոլոր հրաւիրեալները…
Եւ իրօք`
Դրան մօտ նրան դիմաւորեց պատկառելի արտաքինով մի տղամարդ` բացառիկ քաղաքավարի շարժուձեւով եւ հմայիչ ժպիտով, նրան հրաւիրեց երկար, կիսախաւար միջանցքով մինչեւ դիմացի դուռը: Երբ վերջապէս հասաւ դրանը եւ այն բացուեց` տարակուսած, երկմտած կանգնեց դրան շէմին` չկարողանալով ոչ առաջ գնալ եւ ոչ ետ դառնալ:
Տասնեակից աւելի ճերմակ սփռոցներով սեղանների մօտ նստած էին չորսական, բացառապէս տարեց մարդիկ:
Սենեակն իրօք լուսաւոր էր, մաքուր, սակայն ինչ-որ անծանօթ, հազիւ ըմբռնելի տհաճ հոտ կար… Սրահի պատուհանի ապակիները լուացուած էին եւ շողշողում էին ցերեկուայ արեւի պայծառութեամբ: իսկապէս, ամէն ինչ շատ կարգին էր:
… Բացի սեղանների մօտ նստածներից, սենեակում բաւական շատ մարդիկ կային, որոնք, երեւում էր, այստեղ չէին եկել մի աման ապուրի համար… Երեք, թէ չորս երիտասարդներ ուսերին դրուած կինոխցիկներով ջանասիրաբար նկարահանում էին սեղանների մօտ նստած ապուր խփշտող սովեալներին: Մի երկուսն էլ, միջին տարիքի տղամարդիկ եւ կանայք, ժպտացող շուրթերով ինչ-որ բան էին պատմում երբեմն կինոխցիկների առջեւ, երբեմն ինչ-որ ջահելների, որոնք տենդագին գրի էին առնում նրանց անշուշտ բարի եւ անշուշտ իմաստուն շատ կարեւոր խօսքերը…
… Յետոյ նրա ականջի տակ գեղգեղաց աշխարհի ամենասքանչելի ձայնը.
«Տիկին Պերճուհի Յովակիմեան… Դո՛ւք էք… Այդ ես էի ձեզ զանգահարողը…»:
«Այո՞, շնորհակալութիւն….»:
Կինը բարձրահասակ էր, շատ գեղեցիկ, արժանի իր գեղգեղուն ձայնին:
«Եկէք այստեղ,- կանչեց կինոխցիկը ուսած երիտասարդներից մէկին,- եկէք, թող այս սքանչելի տարեց տիկինը լինի ձեր ապագայ հաղորդումներից մէկի հերոսուհին… Նա արժանի է դրան…»:
Նկարահանող երիտասարդներից մի երկուսն անմիջապէս նետուեցին դէպի դռների մէջ մոլորուած տարեց կինը, որը եկել էր վայելելու բարեգործական ապուրը բարեգործների հմայիչ ներկայութեամբ շրջապատուած:
Յետոյ նրա հետ լուսանկարուեցին բոլոր ներկայ բարեգործ տիկիններն ու պարոնները… Լուսանկարիչն անընդհատ նրանից խնդրում էր ժպտալ, եւ նա վերջապէս կարողացաւ ժպտալ…
Լուսանկարիչն անչափ գոհ նրա ժպիտից` խօսեցաւ, որ բարեգործների հետ նրա պատկերն անպայման կը տպագրուի արտասահմանեան մի շատ կարեւոր ամսագրի կազմին:
… Վերջապէս նրան ուղեկցեցին սեղաններից մէկի մօտ եւ փառաւորապէս բազմեցրին միակ ազատ աթոռին: Սեղանի միւս երեք անդամները, առանց ուշադրութիւն դարձնելու նորեկի վրայ` վայելում էին իրենց բաժին ապուրը…
Անկիւնում, պատուհանի մօտ դրուած սեղանի մօտ նստած ծերունին նման էր հեռու օրերի այն մտաւորականներին, որոնք նոյնքան խնամքով էին վերաբերւում իրենց արտաքինին որքան իրենց գիտական թեզերին… Կինը հայեացքը չի կարողանում կտրել ծերունուց: Ծանօթ էր թւում, որտե՞ղ էր տեսել…
… Յետոյ նրա առջեւ դրեցին մի մեծ ափսէ ապուր եւ մի մեծ կտոր հաց… կրկնակի մեծ, քան իր պահարանում պահուած հացի կտորն էր…
Ապուրն իրօք հրաշալի էր բուրում… Նա շատ էր ուզում ուտել այն, բայց ինչ-որ բան խանգարում էր վերցնել գդալը: Անկիւնի սեղանի մօտ նստած խնամքով հանգնուած ծերունին նոյնպէս նայում էր իրեն եւ նրա հայեացքում նոյն կասկածանքն էր. ճանաչո՞ւմ է, թէ՞ չի ճանաչում:
Ի՞նչ կարեւոր է. աշխարհում այնքան մարդիկ կան, որ ճանաչում են միմեանց եւ ինչ որ պահի էլ չեն ճանաչում: Կարեւո՞ր է հիմա պրպտել մղկտացող յիշողութիւնը… Ինքը տասնեակ տարիներ գրադարանավարուհի է եղել, ով ասես չի օգտուել իր ծառայութիւնից… Գուցէ սա էլ դրանցից մէկն է…
Վերջ: Եթէ կարողանայ յաճախել ապուր ուտելու, ուրեմն մինչեւ թոշակի օրը ապահովուած կը լինի… Գուցէ թոշակն ստանալուց յետոյ էլ գայ… ինչո՞ւ չէ… Ի հարկէ՛:
Հարկաւոր է արհամարհել անկիւնում նստած մարդու հայեացքը, վերցնել գդալը եւ ուտել ախորժակաբեր ապուրը…
… Նա նկատեց յանկարծ, որ բոլոր նկարահանող խցիկաւորները եւ ֆոտոապարատաւորները հաւաքել են իրենց սեղանի մօտ, ճիշդ իր դիմաց եւ սպասում են, թէ երբ է նա վերցնելու գդալը, խոթելու ապուրի մէջ եւ տանելու դէպի բերանը:
Նա երկու ափով փակեց դէմքը:
Նրա հոգում նախ հաչեց իրենց բակի շներից մէկը: Շան մրսած, խռպոտած ձայնը իր կարկամած հոգու լռութեան մէջ ներխուժեց արագ, անսպասելի, միանգամից: Այդ մենաւոր, խռպոտ հաչոցին անմիջապէս հետեւեցին ուրիշները, եւ քիչ անց շնային համանուագը դարձաւ կատարեալ:
Ինքը միշտ արհամարհել է այն փիլիսոփաներին, որոնք պնդում են, թէ մարդու մտածողութիւնն անցնում է որկորի միջով… Այս դէպքում, ահա, քաղցից յօշոտուող էութեան միջով, եւ կուտակւում գիտակցութեան մէջ: Կեանքը մի բան էր, իր վերամբարձ ռոմանթիզմը այլ բան: Այդ անծանօթ փիլիսոփաները, որոնց ինքն արհամարհել է, հիմա վրէժ են լուծում իրենից: Այո: Ինքը հիմա ինչո՞ւ է վատ զգում, որ ապուր ուտելիս, հացը ծամելիս` պէտք է ժպտերես, ուրախ տղաները նկարեն: Դա նրանց գործն է: Բարեգործներն ինչպէս ապացուցեն աշխարհին, որ իրաւունք ունեն բախելու դրախտի դռները: Քրիստոսն ի՞նչ էր ասում. եթէ աջ ձեռքդ բարիք է գործում, թող ձախը չիմանայ… կամ մօտաւորապէս այսպէս: Ինչո՞ւ յիշեց Քրիստոսին… Մի՞թէ Քրիստոսն ուրախ չէ, որ բարեգործները կերակրում են իր քաղցած զաւակներին: Անտեղի էր Քրիստոսին յիշելը: Այն անկիւնից էլ մեծ արժանապատուութեամբ իր մաշուած կոստյումը նիհար ուսերին քաշուած տարեց մարդն է ապշած նայում իրեն… Վստահ է. կոստյումի վրայ անգամ մի հատիկ փոշի չկայ… Որքան է խոզանակել մինչեւ հանգնելը… Կարծես դրանից կարող է հինը նոր դառնալ:
Ախորժաբերն բուրող ապուրը, մեծ կտոր հացը իրենն են, իր սեփականութիւնը, իրենից այն ոչ ոք չի կարող խլել…
… Նա ձեռքերը ետ քաշեց դէմքից: Ժպիտը դեռ ծուարած մնացել էր այնտեղ, ինչպէս երբ ֆոտոնկարչի պահանջով ժպտացել էր: Կինոխցիկաւորները եւ ֆոտոապարատաւորները գոհ համարեցին իրենց գործիքները…
Նա դանդաղ, ձեռքերը հենելով սեղանին` բարձրացաւ նստած տեղից… Աշխարհի պտոյտի հետ համաչափ, հանգիստ պտտւում էր նաեւ նա… Այդ պտոյտը հիմա նրան դուր է գալիս… Կարուսել է, ինքը մանուկ աղջնակ, պտտւում է կարուսելի ուրախ պտոյտի հետ:
Նա հեռացաւ սրահից, չնայած սքանչելի ձայնի տէր գեղեցիկ կինը փորձում էր պահել նրան եւ համոզում, որ ընդունի բարեգործների նուէր կերակուրները, որպէս երկնային մանանայ…
«Հանգստացիր աղջիկս, ամէն բան լաւ է…»:
Դէմքին դաջուած ժպիտով փողոց ելաւ, նստեց տրամուայ, հասաւ տուն, պառկեց բազմոցին: Բայց մինչ այդ հասցրեց մի պահ կանգնել հայելու առջեւ… Դէմքի մկանները ցաւում էին: Ուզում էր տեսնել մարդկանց համար այդքան կարեւոր իր ժպիտը: Նայեց հայելուն եւ եթէ ուժ ունենար կը ծիծաղէր: Դէմքի մկանների անկենդան խաղը կարելի էր ընդունել եւ որպէս ծիծաղ եւ որպէս լաց… Բարեգործները շփոթել էին իր լացն ու ծիծաղը… Նա փորձեց դէմքը խաղաղ, անտարբեր վիճակի բերել բայց դա նրան չյաջողուեց:
… Յետոյ պառկեց բազմոցին:
Գիտակցութեան վերջին մարմրող առկայծումները նրան նետում էին յիշողութեան այս ու այն անկիւնը, ուր նա երբեմն անձայն ծիծաղում եւ երբեմն անձայն հեկեկում էր: Փորձում էր Ռուսաստանի խորքերում գտնել տղային եւ հաղորդել, որ բնակարանն ազատ է, որ…
Երկնքից թափւում էր գարնան տաք, առատ անձրեւը, սակայն մեղմօրէն շոյող… Գարնան անձրեւը լուանում էր երկիրը ձմեռուայ ընթացքում այնտեղ կիտուած աղտեղութիւնից…
Նա նայում էր պատուհանի ապակիները մեղմօրէն թակող անձրեւի շիթերին եւ մտածում, որ լաւ ժամանակ է հեռանում, քանի որ անձրեւից յետոյ շուտով փայլելու է արեւը:
Նա փակ աչքերով շօշափելիօրէն զգում էր երիտասարդ տղամարդու ներկայութիւնը, որը ժպտում էր նրան, ինչպէս հին օրերի աղջամուղջում… «Մենք կը հանդիպենք Աւետեաց Երկրում: Սէրը կը ծաղկի որպէս օրհնութիւն թախծոտ ու տխուր այն հեռու երկրում…»:
Մարմրող գիտակցութեան վերջին առկայծումները նրան յիշեցրին, որ պահարանում դեռ մնացել է երրորդ կտոր հացը, եւ երբ ինքը հեռանայ մեծ ու կարեւոր ճամբորդութեան, մարդիկ չեն մտածի, թէ քաղցն է եղել պատճառը…
Այս գիտակցումը նրան անչափ մխիթարեց…
Յետոյ նա տեսաւ, որ անձրեւը փոխուել է արեւային անձրեւի… Այնքան գեղեցիկ էր արեւի եւ անձրեւի միատեղ լինելը:
Երիտասարդ տղամարդը, որը մի օր յանկարծ ձեռքը տարաւ սրտին եւ մեռած վայր ընկաւ` թեւերն առաջ պարզած գալիս էր իրեն ընդառաջ եւ ծիծաղում արեւային անձրեւի ծիծաղով:
Քիչ էլ ու` նրանք կը հասնեն միմեանց, եւ Սէրը կը ծաղկի որպէս օրհնութիւն թախծոտ ու տխուր այն հեռու երկրում…
Ո՞վ Է Աննա Պետրոսեանը
Աննա Պետրոսեանը ժամանակակից հայ գրականութեան աւագ սերնդի հետաքրքիր եւ բեղուն գրողներից է: Երեւանի տրամաթիքական թատրոնի բեմում եւ հեռուստաթատրոնում նա յաջողութեամբ զուգահեռել է թատերագէտի, դերասանի եւ բեմադրիչի մասնագիտութիւնները:
Իննսունականներից առ այսօր Աննա Պետրոսեանը ամբողջովին հայոց պատմութեան հետ է, դրուագ առ դրուագ փորձում է հասկանալ այդ պատմութեան տրամաբանութիւնը, փիլիսոփայութիւնը, հայոց բնաւորութեան ճշմարիտ ակունքները: Հրատարակել է ժամանակակից եւ պատմական թեմաներով վէպեր, թատրերգութիւններ, վկայագրքեր:
Կոթողային է «Բոլոր ժամանակների Հայաստանը» որի եօթ հատորներնում բազում աղբիւրներից հաւաքած վկայութիւնները ի մի բերելով` գրողին վայել պատումով մեզ համար կրկին ու կրկին բացայայտում է այնքան անծանօթ, թէպէտ` թւում է, թէ` ծանօթ, մեր պատմութիւնը:
Գրողի գրական աշխարհի վերլուծութիւնը Լուսեա Մեհրաբեանի «Ես արդէն վաղուց ծնուած էի» գրքում նոյնպէս մտորումների հարուստ նիւթ է պարունակում:
Բազմաէջ այդ գրքերի կողքին` ահա մի գողտրիկ պատմուածք իննսունականների թոհուբոհում յայտնուած հայ կնոջ մասին:


