Հայաստան, Համաշխարհային Սննդի Տագնապ, «Ինչու»-ներ

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Երբ աներս` Հենրիկ Յովհաննիսեանը, մօտ 2 տասնամեակ առաջ ինքնակամ լքեց երկարամեայ ճարտարապետ-շինարարի իր պաշտօնը (եւ դրա հետ էլ նաեւ` մասնագիտութիւնը), բոլորս խիստ զարմացանք, թէ ինչո՞ւ այս արհեստավարժ մարդը միանգամից այսպիսի որոշում ընդունեց: Միայն այժմ է պարզւում, թէ մարտավարական ինչպիսի քայլ նա որդեգրեց, երբ Հայաստանի շրջաններից մէկում 3 հեկտար հող գնեց եւ որոշեց զբաղուել հողագործութեամբ:

Աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիւ մասնագիտութիւնների տէր մարդիկ վերջին մի քանի տարիներին որոշում են ընդունել իրենց համար նոր այս մասնագիտութիւնն ընտրել եւ դրա համար պարարտ հող է հանդիսանում համաշխարհային լրատուութեան տարածած տեղեկութիւններն այն մասին, թէ մօտ ապագայում մարդկութիւնը ստիպուած կը լինի ուտելիքի պաշարների ճգնաժամ դիմագրաւել:

ՄԱԿ-ի սննդի եւ գիւղատնտեսութեան յանձնաժողովի հրապարակած վերջին մի հաղորդագրութեան համաձայն, անցեալ 11 տարիներից 6-ի ընթացքում աշխարհի բնակչութիւնը աւելի շատ կերել է, քան ուտելիք է արտադրել: Սա նշանակում է, թէ հարիւրաւոր երկրներ ստիպուած են եղել բացել ուտելիքի իրենց ռազմավարական պաշարների ամբարները, որպէսզի կարողանան բաւարարել իրենց բնակիչներին ամենաանհրաժեշտ սնունդով: Վերոյիշեալ ցուցանիշի պատճառը եղանակի կտրուկ տատանումներն են եղել, որն էլ անդրադարձել է սննդարդիւնաբերութեան վրայ:

Այս տարուայ սկզբին Միացեալ Նահանգները վերջին յիսունամեակի ամենադաժան երաշտը տեսան, իսկ Ռուսաստանի սեւծովեան շրջանում աննախադէպ տօթի պատճառով երկրի կառավարութիւնը ստիպուած էր վերանայել սննդի արտադրանքի իր նախապէս կատարած կանխատեսումները` կտրուկ նուազեցնելով յայտարարուած ցուցանիշները: Սեպտեմբերին սննդի ընդհանուր արժէքներն աշխարհում աճեցին աւելի քան մէկուկէս տոկոսով, իսկ անցեալ յուլիսին այդ արժէքները 6 տոկոսի աճ էին գրանցել: Բանն այն է, թէ սննդի պահանջարկը ինչ-որ տեղ կարելի է կանխատեսել, բայց դրա արտադրութեան կանխատեսումը գնալով աւելի մեծ խնդիր է դառնում:

Որոշ ցուցանիշների համաձայն, սննդի արտադրութիւնն այնքան էլ խնդրայարոյց չէ` համեմատած սննդի մատակարարման ճանապարհների սղութեան հետ: Այս ուսումնասիրութեան արդիւնքում նշւում է, թէ աշխարհում աղբը թափուած ուտելիքով 8 միլիառ մարդ կարելի է կերակրել` տարեկան:

Սննդի արժէքների նմանօրինակ կտրուկ բարձրացումը անխուսափելիօրէն բերում է հասարակական ընդվզումների, որի պատճառով ժողովուրդը փողոց է դուրս գալիս` բողոքի ձայնն արտայայտելու: 2008 թուականին ափրիկեան եւ միջինարեւելեան երկրներում հացի գնի բարձրացման պատճառով մարդիկ բողոքի հզօր ցոյցերի դուրս եկան, որոնց իբրեւ հետեւանք` բազմաթիւ աւերածութիւններ գրանցուեցին: Անցեալ տարի Հնդկաստանի բնակչութիւնը դուրս եկաւ բողոքի ցոյցի, երբ կարմիր սոխի արժէքը քառապատկուեց շուկայում` իր հետ բարձրացնելով այլ բանջարեղէնների արժէքները: Իսկ Չինաստանի կառավարութիւնը վերջին շրջանում կրկնապատկել է իր քայլերը` ուտելիքի պաշարներն աւելացնելու առումով: Այս տարի չինական կառավարութիւնը մրցանշային չափով աւելացրել է սոյայի իր տարեկան գնումները, միաժամանակ փորձում է Աւստրալիայում, Նոր Զելանտայում, Հարաւային Ամերիկայում եւ այլուր հողեր գնել` գիւղատնտեսական եւ անասնապահական նպատակներով:

Ուաշինկթընում գործող «Ըրթ փոլիսի ինսթիթիութ» կազմակերպութեան տուեալների համաձայն, սննդի հետ կապուած խնդիրների պատճառով պետութիւնների տարաձայնութիւնների հաւանականութիւնը կտրուկ աւելացել է: Այս կազմակերպութեան ներկայացուցչի խօսքերով «իւրաքանչիւր պետութիւն պարտաւոր է ինքը ապահովել սննդի իր պաշարները, եւ ոչ մի խոչընդոտ չկայ, որ ամէն պետութիւն իր գլխի ճարը տեսնի»:

Հետաքրքրական է Սինկափուրի օրինակը: Աշխարհի ամենահարուստ երկրներից մէկը հանդիսանալով` այս պետութիւնը ընդամէնը 700 քառակուսի քիլոմեթր տարածք ունի, մօտ 5 միլիոն բնակչութեամբ: Երկնաքերերի այս նոր մեքքան իր սպառած սննդի 90 տոկոսը ներկրում է Մալեզիայից, անհատ ձեռներէցներից եւ Չինաստանից: 60-ականների Սինկափուրը աւելի քան 20 հազար տնտեսութիւն ունէր, որոնք զբաղւում էին գիւղատնտեսութեամբ, եւ երկիրը ամբողջութեամբ ինքնաբաւ էր:  Այսօր Սինկափուրի հողերի միայն 2 տոկոսն է այս նպատակով շահագործւում, սակայն երկրի առաջնորդները որոշել են շտկել իրենց մարտավարութիւնը` անհատ հողագործների եւ փոքր խմբերի համար նպաստաւոր պայմաններ ստեղծելով, դրամ տալով եւ այլ խրախուսական միջոցներով նրանց յորդորելով, որ հողագործութեամբ եւ անասնապահութեամբ է պէտք զբաղուել: Բարենպաստ պայմաններ են ստեղծուել անհատ ձեռներէցներից պետութեան գնումները նպաստաւոր հիմքերի վրայ դնելու համար անհատի դրամապանակն աւելի շատ միջոց լցնելով, որպէսզի վերջինս շահ եւ հետաքրքրութիւն ունենայ գիւղատնտեսութեամբ զբաղուելու: Սինկափուրը նոյնպէս երկար տարիների պայմանագրերով վարձակալել է օտարերկրեայ հողատարածքներ, որտեղից արտադրուած ուտելիքը սահուն ճանապարհով ներկրւում է երկիր: Մեծ ուշադրութեան են արժանացել տնամերձ հողատարածքները, որոնց մշակման համար պետութիւնը դրամ է յատկացնում անհատներին:

Վերադառնանք Հենրիկ Յովհաննիսեանին:  Բարձրագոյն շինարարական կրթութեան տէր, աւելի քան 7 տասնամեակ ապրած այս մարդը ամէն օր զարթնում է, լուացւում ու վաղ առաւօտեան լծւում աշխատանքի, մշակում է իր ձեռքով տարիներ առաջ ստեղծած մրգատու այգիներն ու բանջարանոցները: Բայց իր մերձաւորներից բացի, ոչ ոքի չի հետաքրքրում նրա արտադրանքը, եւ յաճախ եմ լսել, թէ ինչպէս է տրտնջացել, որ իրավիճակից ելնելով` ստիպուած է եղել ինքնարժէքից աւելի ցածր գնով վաճառել սնունդը, կամ էլ պարզապէս ոչնչացրել է մատակարարման ուղիների պակասի պատճառով: «Մեր ընտանիքը կերակրւում է,- հպարտութեամբ ասում է Հենրիկը` նկատի ունենալով իր ազգականներին ու ընկերներին,- բայց շատ աւելին կարելի էր անել», ու թւում է ջրի, արտադրանքի մշակման, դրա իրացնելու եւ այլ բազմաթիւ հոգսերը:

Ընկերս` Վաչէն, ասում է, թէ որքան մեծ է սիրիահայերի փորձը ցորենի արտադրութեան յատուկ եղանակների իմացութեան առումով: Ինչո՞ւ նրանց յատուկ պայմաններ, միջոցներ, յատուկ վարկեր չի տրամադրւում Հայաստանում հացի խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ համապատասխան պայմաններ չեն ստեղծւում Հայաստանում, որպէսզի մարդիկ շահ ունենան քաղաքից գիւղ տեղափոխուելու համար: Բազմիցս կարդացել եմ, որ հայրենիքում օրէցօր աւելանում է լքուած գիւղերի թիւը, իսկ գիւղացին իր հայեացքը նետում է դէպի հիւսիս` Ռուսաստան, որտեղ նրան բնակարան, աշխատանք եւ դրամ են խոստանում, ասենք` շինարարութեամբ զբաղուելու համար: Այս գիւղացիներից քանի՞սը կը վերադառնան: Իմ լրագրողական գործունէութեան ընթացքում ինձ համար ուղեցոյց եմ ընտրել` «Եթէ չես կարող ուղին ցոյց տալ, ապա մի քննադատիր» կոչը, սակայն լռելով էլ բան դուրս չի գալիս: Արդեօք այս յօդուածը կը կարդա՞ն այնտեղ, որտեղ այն կարող է թէկուզ մի փոքր հարց բարձրացնել: Եւ եթէ ո՛չ, ապա ինչո՞ւ: Մի՞թէ համաշխարհային սննդի տագնապը Հայաստանին չի վերաբերւում:

 

 

Share this Article
CATEGORIES