«Թուտէյզ Զաման»-ի Սիւնակագիրն Այլեւս Չի Համեմատի Կարապետեանի Եւ Սաֆարովի Գործերը. Ամանտա Փոլի Հարցազրոյցը

«ԱՐՄԵՆՓՐԵՍ»

«Ես լաւ տեղեկացուած չեմ եղել, իսկ յետոյ ես այդ տեղեկատուութիւնը ճշդեցի Ֆրանսայի ներքին գործերի նախարարութիւնից: Ես կարող եմ լիովին ընդունել, որ սխալուել եմ: Այս գործերն ընդհանրապէս համեմատելի չեն: Սաֆարովի գործը լիովին տարբեր է», այս մասին յայտարարել է Եւրոպական քաղաքականութեան կենտրոնի փորձագէտ, «Թուտէյզ Զաման»-ի սիւնակագիր Ամանտա Փոլը «Արմենփրես»-ին տրամադրուած հարցազրոյցում: Նա գերազանցապէս յայտնի է իր ազրպէյճանամէտ եւ թուրքամէտ հայեացքներով, սակայն հիմա նա ամբողջութեամբ յետ է կանգնում իր դիրքորոշումներից: «Սաֆարովի գործն, անշուշտ, բարդացնում է հակամարտութեան կարգաւորումը, քանի որ աւելացնում է թշնամութիւնը, հիմնականում հայկական կողմից դէպի Ազրպէյճանը` լիովին բնական պատճառներով: Դա առաջին կէտն է: Կարծում եմ այս քայլով մեծագոյն վնաս է հասցւում քաղաքացիական հասարակութեան եւ հասարակական կազմակերպութիւնների կողմից տարածաշրջանում նախաձեռնած վստահութեան կառուցման միջոցներին», ասում է Փոլը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Փոլը հիմա էլ առաջարկում է Լեռնային Ղարաբաղը ներգրաւել բանակցութիւններում` առաջ մղելով այն թեզը, թէ Ղարաբաղի բնակչութիւնը պէտք է ներկայացուած լինի, այդ թւում` ազրպէյճանական փոքրամասնութեամբ: «Եթէ վերջնական լուծման տարբերակում նրանք պէտք է վերաբնակուեն Լեռնային Ղարաբաղում, ապա նրանք նոյնպէս պէտք է լինեն գործընթացի մի մասը», գտնում է Ամանտա Փոլը: Նա նաեւ համեմատութիւն է անցկացնում Կիպրոսի հետ` ողջունելով շատ աւելի մեծ Կիպրոսի յունական համայնքի կառուցողականութիւնը, քանի որ վերջինս ընդունում է Կիպրոսի թուրքական համայնքին որպէս բանակցային գործընկեր:

Փոլը ժամանակին հանդէս էր գալիս Ամանտա Ագչագոչա անունով, երբ ամուսնացած էր թուրքի հետ: Երբ նրան հարցնում են իր աշխատանքում հնարաւոր կողմնակալութեան մասին, նա յստակօրէն նշում է, որ կողմնակալ չէ: «Չեմ կարծում, որ Թուրքիան դեր ունի խաղալու, Լեռնային Ղարաբաղում` նրա դերը միայն անարդիւնաւէտ է եղել: Թուրքիան պէտք է դուրս մնայ այդտեղից, քանի որ նա ստիպում է, որ իրավիճակը միայն դէպի յետ գնայ: Այսպիսով, շատ հեշտ է ասել, որ նա ամուսնացած է եղել թուրքի հետ, ուրեմն կողմնապահ է, սակայն դա ճիշդ չէ», նշել է Փոլը: Նա նաեւ չի ցանկացել, որ նա ազգութեամբ կիսով չափ թուրք է եւ սերտ յարաբերութիւններ է ունեցել Պաքուի եւ Անգարայի քաղաքական շրջանակների հետ:

Մեկնաբանելով Փոլի զարմանալիօրէն Թուրքիային քննադատող յայտարարութիւնները` Պրիւքսէլի «Յանուն արդարութեան եւ ժողովրդավարութեան Եւրոպայի հայկական դաշնութեան» հասարակայնութեան հետ կապերի բաժնի աշխատակից Պետօ Տեմիրճեանը «Արմենփրես»-ի հետ զրոյցում նշել է. «Կարծում եմ, որ Պրիւքսէլի կենտրոնակայանը ճնշում է գործադրել նրա վրայ` իր բացայայտ ազրպէյճանամէտ եւ թուրքամէտ յօդուածների համար: Մի գուցէ հէնց դա է պատճառը, որ նա անակնկալ կերպով այցելեց Երեւան: Մենք նախկինում էլ տեսել ենք, որ մի քանի շաբաթների ընթացքում նա քննադատում է Թուրքիային, իսկ յետոյ ամէն ինչ կրկին վերադառնում է իր բնականոն հուն: Փոլն այստեղ հիմնականում համարւում է Ազրպէյճանի «խօսնակ»` այն հարցերում, որոնք առնչւում են Հայաստանին քննադատող ռազմավարութիւններին եւ դիրքորոշումներին, որոնք մենք սովորաբար առաջին անգամ նրանից ենք լսում տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ այնուհետեւ այդ տեսակէտները տեսնում ենք ազրպէյճանական լոպիի ազդեցութեան տակ գտնուող եւրոպատգամաւորների առաջարկներում: Իրականում Ազրպէյճանին քննադատող նրա տեսակէտների անկեղծութեանը հնարաւոր կը լինի հաւատալ միայն այն ժամանակ, երբ նա դրանք կարողանայ կրկնել մէկ կամ երկու տարուց»:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ.

ՀԱՐՑՈՒՄ.- Տիկի՛ն Փոլ, դուք երկար ժամանակ է ինչ ուսումնասիրում էք իրավիճակը Հարաւային Կովկասում եւ մասնաւորապէս` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացը: Սաֆարովի արտայանձնումից եւ ներումից յետոյ ի՞նչ էք կարծում, ի՞նչ ուղղութեամբ կը գնայ բանակցային գործընթացը: Ինչպէ՞ս կարող ենք յաղթահարել ներկայ լարուածութիւնը: 

ՊԱՏԱՍԽԱՆ.- Սաֆարովի գործն, անշուշտ, բարդացնում է հակամարտութեան կարգաւորումը, քանի որ աւելացնում է թշնամութիւնը, հիմնականում հայկական կողմից դէպի Ազրպէյճանը` լիովին բնական պատճառներով: Դա առաջին կէտն է: Կարծում եմ այս քայլով մեծագոյն վնաս է հասցւում քաղաքացիական հասարակութեան եւ հասարակական կազմակերպութիւնների կողմից տարածաշրջանում նախաձեռնած վստահութեան կառուցման միջոցներին: Այն նաեւ վնասում է հէնց Ազրպէյճանում ձեռնարկուած որոշակի դրական քայլերին: Եւ, անշուշտ, երբ դու առաջիկայում երկու երկրներում էլ ունես նախագահական ընտրութիւններ, շատ բարդ է տեսնել, թէ ինչպէ՛ս պէտք է բանակցային գործընթացին նոր շունչ տալ: Ի հարկէ, դուք գիտէք, որ արտաքին գործերի երկու նախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների հետ Փարիզում, հիմա արդէն նրանք հանդիպեցին իրար հետ առաջին անգամ Սաֆարովի դէպքից յետոյ, սակայն ակնյայտ է, որ հանդիպումը դրական մթնոլորտում չի անցել:

Հ.- Ձեր հարցազրոյցներից մէկում դուք համեմատութիւն էք անցկացրել Վարուժան Կարապետեանի եւ Ռամիլ Սաֆարովի գործերի միջեւ` ասելով, որ Կարապետեանին ներել են Հայաստանում: Պարզուեց, որ այս տեղեկատուութիւնը չի համապատասխանում իրականութեանը: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք դա:

Պ.- Այո՛, դուք ճիշդ էք, ես լաւ տեղեկացուած չեմ եղել, իսկ յետոյ ես այդ տեղեկատուութիւնը ճշդեցի Ֆրանսայի ներքին գործերի նախարարութիւնից: Ես կարող եմ լիովին ընդունել, որ սխալուել եմ: Այս գործերն ընդհանրապէս համեմատելի չեն: Սաֆարովի գործը լիովին տարբեր է:

Հ.- Դուք միշտ պնդում էիք, որ բանակցութիւններում պէտք է ներգրաւուի Լեռնային Ղարաբաղի ազրպէյճանական համայնքը: Սաֆարովի գործից եւ վերջին զարգացումներից յետոյ դուք շարունակո՞ւմ էք նոյն կերպ մտածել:

Պ.- Աշխարհում մի քանի դէպքեր կան, երբ անհամեմատելի համայնքները ինչ-որ կերպ կարողացան աշխատել իրար հետ եւ հասնել ինչ-որ լուծման: Գիտէք, առաջին դէպքը, որ հիմա յիշում եմ Կիպրոսն է, որտեղ Կիպրոսի յունական համայնքը շատ, շատ աւելի մեծ էր, քան` Կիպրոսի թուրքական համայնքը, սակայն բանակցուող խաղաղութեան պայմանագրում կանխատեսւում է, որ կիպրացի թուրքերը պէտք է հաւասար իրաւունքներ ունենան, որն էլ հիմնական խնդիրն էր Կիպրոսի անկախութիւնից ի վեր: Կիպրացի յոյներն ընդունում են, որ պէտք է բանակցեն կիպրացի թուրքերի հետ որպէս հաւասար գործընկերների եւ յետոյ վերջիններս կը ստանան նաեւ բարձր պաշտօններ: Գիտեմ, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում նոյնը չէ, ինչ Կիպրոսում, ինչպէս որեւէ հակամարտութիւն նման չէ միւսին: Համաձայն եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պէտք է մաս կազմի բանակցութիւններում եւ վերջնական լուծումը պէտք է ընդունուի նրանց կողմից: Բայց պէտք է յիշենք նաեւ, որ կայ Լեռնային Ղարաբաղի ազրպէյճանական համայնք, որը նոյնպէս պէտք է ներգրաւուի: Եւ եթէ վերջնական լուծման տարբերակում նրանք պէտք է վերաբնակուեն Լեռնային Ղարաբաղում, ապա նրանք նոյնպէս պէտք է լինեն գործընթացի մի մասը:

Հ.- Դուք ամուսնացած էք եղել թուրքի հետ: Արդեօք ձեր անձնական նախատրամադրուածութիւնը չի՞ ազդում ձեր հետազօտութիւնների վրայ:

Պ.- Ո՛չ, դա չի ազդում եւ ակնյայտ է, թէ ինչո՛ւ: Ես միշտ յստակօրէն արտայայտուել եմ թուրքական քաղաքականութեան առնչութեամբ` լինի դա Լեռնային Ղարաբաղի կամ Կիպրոսի հակամարտութիւնների մասով: Չեմ կարծում, որ Թուրքիան դեր ունի խաղալու, Լեռնային Ղարաբաղում` նրա դերը միայն անարդիւնաւէտ է եղել: Թուրքիան պէտք է դուրս մնայ այդտեղից, քանի որ նա ստիպում է, որ իրավիճակը միայն դէպի յետ գնայ: Այսպիսով, շատ հեշտ է ասել, որ նա ամուսնացած է եղել թուրքի հետ ուրեմն կողմնապահ է, սակայն դա ճիշդ չէ:

 

 

Share this Article
CATEGORIES