«Առաջին Նահանգ»-ի Առաջին Քայլը

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Աւստրալիա եւ Նոր Հարաւային Ուէյլզ

Վերջին օրերին երկու իրադարձութիւն արձանագրուեցին, որոնք խիստ ուշագրաւ լինելուց զատ, նաեւ, անհրաժեշտ աշխատանքի պարագայում, բաւական խոստմնալից մի գործընթաց են խոստանում: Նախ Ազրպէյճանը ճանաչեց Հարաւային Սուտանի անկախութիւնը, որը, յիշեցնենք` միայն Հարաւային Սուտանի տարածքում անցկացուած համաժողովրդական հանրաքուէով անկախացաւ «մայր» Սուտանից, իսկ Աւստրալիայի Նոր Հարաւային Ուէյլզ նահանգը դարձաւ առաջին օտարերկրեայ պետական միաւորը, որը ճանաչեց Արցախի անկախութիւնը:

Ու եթէ Սպանիան թոյլատրէր Քաթալոնիային անկախութեան հանրաքուէ անցկացնել, ապա աշխարհում կը սկսուէր ազգերի ինքնորոշման իրաւունքի շքերթ: Սակայն, անկախ սպանական «վեթո»յից, քաթալոնացիները լի են վճռականութեամբ:

Իսկ առայժմ` Հարաւային Սուտանի ինքնորոշուած ժողովրդի ու Ազրպէյճանի մասին: Միանգամից նշենք, որ Պաքուի այս քայլը հասկանալ այդքան էլ դժուար չէ: Քարիւղով հարուստ «նախկին մեծ Սուտանի» քարիւղային  հիմնական պաշարները կենտրոնացած են հէնց երկրի հարաւային մասում, որն այսօր Հարաւային Սուտանի անկախ պետութիւնն է: Բնականաբար Ազրպէյճանը պէտք է յարաբերութիւններ ունենայ աշխարհում քարիւղի գէթ մէկ շատրուան ունեցող երկրի հետ, իսկ դրանից առաջ պէտք է ճանաչի այդ երկիրը: Հետեւաբար Պաքուն ճանաչեց Հարաւային Սուտանը, իսկ ազրպէյճանական բազմաթիւ լրատուամիջոցներ այս նուրբ թեմայի շուրջը նախընտրեցին մանրակրկիտ վերլուծականներով հանդէս չգալ` տեղեկացնելով միայն բուն փաստը ու շատ արագ մոռացութեան մատնելով…

Այլ հարց է Աւստրալիայի Նոր Հարաւային Ուէյլզ նահանգը: Սա Աւստրալիայի ամենահին ու ամենախիտ բնակեցուած նահանգն է. 2012-ի մարտի վերջի տուեալներով` Նոր Հարաւային Ուէյլզում ապրում է 7 միլիոն 272 հազար 800 մարդ` հիմնականում կաթոլիկ անգլիացիների ժառանգներ (ամբողջ Աւստրալիայի բնակչութիւնը 21 միլիոն մարդ է): Նահանգի մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքը Սիտնին է, նահանգն այլ կերպ Աւստրալիայում անուանում են «փրիմիըր նահանգ» կամ` «առաջին նահանգ»:

Հայերն Աւստրալիայում են յայտնուել դեռեւս 19-րդ դարից` հիմնականում Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից եւ հարաւարեւելեան Ասիայի երկրներից: Սակայն որպէս համայնք` աւստրալահայերը կազմակերպուել են հիմնականում Բ. Աշխարհամարտից յետոյ, երբ այստեղ են եկել հայ գաղթականներ Միջին ու Մերձաւոր Արեւելքի երկրներից: Ներկայումս, ըստ պաշտօնական տուեալների, Աւստրալիայում բնակւում է շուրջ 60 հազար հայ` հիմնականում Սիտնիի մէջ (Նոր Հարաւային Ուէյլզ), Մելպուռնում, Պրիզպենում, Քանպերայում, Փերթում: Ինչպէս նկատում ենք` Նոր Հարաւային Ուէյլզում հայերը կենտրոնացած են միայն Սիտնի քաղաքում, որտեղ, ի դէպ, 1957-ին օծուել է Սուրբ Յարութիւն հայկական եկեղեցին: Աւստրալահայերի շրջանում կան պետական ծառայողներ, արհեստաւորներ, բժիշկներ, փաստաբաններ եւ այլք:

Անշուշտ, կարող ենք պնդել, որ Նոր Հարաւային Ուէյլզի կողմից Արցախի անկախութեան ճանաչումը աւստրալահայ համայնքի ջանադիր աշխատանքի արդիւնք է, սակայն ամէն ինչ չէ, որ միանշանակ է: Աւստրալիան ղեկավարում է ընդհանուր կառավարիչը, ում նշանակում է Մեծ Բրիտանիայի թագուհին: Ընդհանուր կառավարիչը երկրում իրականացնում է լայն իշխանութիւն, հետեւաբար հնարաւորութիւն ունի ազդելու այս կամ այն նահանգում ինչ-որ որոշման ընդունման կամ դրա չեղեալ յայտարարելու մէջ, չնայած Աւստրալիայի որոշ նահանգներ, այդ թւում` Նոր Հարաւային Ուէյլզը, ունեն ինքնուրոյնութեան որոշակի մակարդակ` առանձին խորհրդարան, զինանշան, դրօշ եւ այլն: Վերջերս, յիշեցնենք, Իլհամ Ալիեւը լուրջ դժգոհութիւն յայտնեց «Պրիթիշ փեթրոլիում» հզօր քարիւղային ընկերութիւնից, որի բաժնետոմսերի զգալի մասը եւս պատկանում է բրիտանական թագաւորական ընտանիքին: Եւ ահա բրիտանական նախկին գաղութ Աւստրալիայի նահանգը «յանկարծ» ճանաչում է Արցախի անկախութիւնը…

Ինչ խօսք, անկախ ամէն ինչից, քաղաքականութիւնը նաեւ հնարաւորութիւն է, ինչից միայն յիմարները չեն օգտւում: Հետեւաբար աւստրալական նահանգի այս քայլից պէտք է օգուտներ քաղել ու այս գործընթացը շարունակական դարձնել` անկախ Նոր Հարաւային Ուէյլզի այս որոշման իրական դրդապատճառներից: Սա բաւական լուրջ երեւոյթ է. Բրիտանական աշխարհում մեծ կշիռ ու հեղինակութիւն ունեցող պետական մէկ միաւոր ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը, ուրեմն մենք իրաւունք չունենք դա թողնելու առանց զարգացումների:

Ի դէպ, Նոր Հարաւային Ուէյլզը ունի նաեւ նահանգային կարգախօս` «Վերստին բարձրացած` որքան պայծառ ես դու փայլում» (Orta Recens Quam Pura Nites): Յուսանք` սա մի օր կը վերաբերի նաեւ Սիտնիի Սուրբ Յարութիւն եկեղեցու կողքին բարձրացուած հայկական զոյգ պետութիւնների դրօշներին:

«Ազգ»

Share this Article
CATEGORIES