Թուրքական Արխիւները Ցոյց Են Տալիս` Հայոց Ցեղասպանութիւնը Ծրագրուած Է Եղել. Թաներ Աքչամ
«ԹԵՐԹ»
Ամերիկեան Հարվըրտի համալսարանում մեծ լսարան է հաւաքուել` լսելու թուրք փրոֆեսէօր Թաներ Աքչամի ելոյթն իր վերջին գրքի վերաբերեալ, որ կոչւում է «Երիտթուրքերի յանցագործութիւնը մարդկութեան դէմ. Հայոց ցեղասպանութիւնը եւ էթնիկ զտումները Օսմանեան կայսրութիւնում», յայտնում է «Արմինիըն միրըր սփեքթէյթըր»-ը:
Աքչամը միակ թուրք գիտնականն է, որը հայագիտութեան ամպիոն է ղեկավարում (Քլարքի համալսարան, Վուսթեր, Մեծն Բրիտանիա) եւ` Հայոց ցեղասպանութեամբ զբաղուող այն քիչ գիտնականներից, որոնք ուսումնասիրում են թուրքական արխիւները:
Հարվըրտում Աքչամը, «անհամեստ թուալու ռիսքով հանդերձ», իր գիրքը ներկայացրել է որպէս «առաջինը` շատ առումներով»: Ըստ գիտնականի, Եղեռնի դէպքում 2 հարց կայ` ի՞նչ է կատարուել եւ` ինչո՞ւ: «Ինչո՞ւ»-ի դէպքում «դեռ շատ ճանապարհ կայ անցնելու», նշել է նա:
Նրա վերջին գիրքը հիմնուած է օսմանեան արխիւների 600 փաստաթղթերի վրայ:
Աքչամը պատմել է, որ Թալէաթ փաշայի այրին 1982-ին տուած հարցազրոյցում (որը հրապարակուել է միայն 2010-ին) պատմել է, որ ամուսինը իրենց տանից հայերին բռնագաղթեցնելու մասին հեռագիր է ուղարկել:
Աքչամն ընդգծել է, որ 1912-1913թթ. Պալքանեան պատերազմներից յետոյ Օսմանեան կայսրութիւնը կորցրել էր իր եւրոպական տարածքների աւելի քան 80 եւ եւրոպական մասի բնակչութեան` 70 տոկոսը: Դրա պատճառով հարիւր հազարաւոր մուսուլմաններ Եւրոպայից գաղթել էին Անատոլիա` հայերի բնօրրանը:
Ըստ այդմ, 1913-ից Անատոլիայի ոչ մուսուլման բնակչութիւնն անուանւում էր «ուռուցք», որը պէտք է հեռացուի: Ծրագրուել է, որ հայերը կազմելու են Անատոլիայի բնակչութեան 5-10 տոկոսը: Այդ նպատակով նաեւ յատուկ ուսումնասիրութիւններ են անցկացուել: Օրինակ, Կեսարիայում արձանագրուել է 49,947 հայ, որոնց մեծ մասին աքսորել են Հալէպ, Դամասկոս եւ Մուսուլ` բուն նահանգում թողնելով 5 տոկոսին: 1916-ից յետոյ, ըստ գիտնականի, եւս 200,000 հայ է սպաննուել սուրիական նահանգներում` կայսրութեան արեւելեան նահանգներում 10 տոկոս հայ բնակչութիւն թողնելու նպատակով: Նա նշել է, որ իշխանութիւնները չէին սպասում, որ աքսորեալներից այդքան շատ մարդ ողջ կը մնայ:
Աքչամը խօսել է նաեւ 1916-ի հոկտեմբերի 7-ին Թալէաթի` Ճեմալին ուղղուած նամակի մասին, որում խօսւում է Կիլիկիայի հայերից ազատուելու անհրաժեշտութեան մասին, քանի որ` «նրանք այնքան կապուած են այդ հողին, որ դա համարում են իրենց ժառանգութեան կենտրոնական մասը»:
Աքչամի գտած փաստաթղթերի թւում է կրթութեան նախարարութեան` ներքին գործոց նախարարութեան յղուած 1915-ի յունիսի 26-ով թուագրուող նամակը, որում խօսւում է հայ երեխաների ճակատագրի մասին, որոնք` «շուտով որբանալու են, եւ որոնց պէտք է համարկել»:
Միւս փաստաթուղթը 1915-ի մարտի 1-ի փաստաթղթերն են, որոնցում իշխանութիւնները բացէիբաց խօսել են ցեղասպանութեան քաղաքականութեան մասին:
Ըստ գիտնականի, բոլոր նշուած փաստաթղթերը մատչելի են թուրքական արխիւներում:


