«Եթէ Պատերազմը Քոնն Է, Խաղաղութիւնն Էլ Քոնը Կը Լինի»

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Մարդկային Պատմութիւններ,
Կերպարներ Ու Խոհեր` Առաջին Գծից

 

 

 

 

 

 

 

 

«Հիւթ կը խմէ՞ք»: Սա առաջին հարցն է, որ առաջին գիծ մեկնած լրագրողներին հարցնում են զինուորները: «Չէ՛, շնորհակալութիւն», պատասխանում ենք այն ցանկութեամբ, որ հիւթը մնայ զինուորին: «Ինչո՞ւ», վիրաւորւում են նրանք: «Շատ ունենք` մասուրի, ծիրանի, շատ համեղ է», շարունակում է զինուորներից մէկը: «Իսկ գուցէ սո՞ւրճ խմէք», ընկերոջ խօսքն է շարունակում միւս զինուորը: Սուրճից չենք հրաժարւում: Զինուորներից մէկը սուրճ է պատրաստում` շատ քաղցր ու կարծես այդ շաքարի պարունակութեամբ փորձում իր ոգեւորութիւնն ու ուրախութիւնն արտայայտել: Առաջին գիծ այցելած զինուորներին քաղցրաւենիք էինք տարել. կարծում էինք` քաղցրաւենիքի կարօտ են, բայց այդպէս չէր: Իրենց քաղցրաւենիքն են հիւրասիրում ու հրաւիրում սուրճի սեղանի: Ասում են` սնունդի պակաս չենք զգում, միակ խնդիրը սուրճի բացակայութիւնն է: Ընդհանուր սննդակարգում սուրճ չկայ, զինուորներն իրենց զօրամասի թէյարանից են գնում ու յաւելում են» եթէ հնարաւորութիւն կայ, սուրճն էլ ընդգրկուի սննդակարգում:

Մինչ առաջին գիծ բարձրանալը մեզ զգուշացնում են` գլուխներդ ցածր կը պահէք, հակառակորդը մեզանից մի քանի հարիւր մեթրի վրայ է ու ամէն վայրկեան կարող է կրակել: Մինչ ամրութիւն հասնելը դժուար ճանապարհ ենք կտրում: Ուղեկցող զինուորն ասում է, որ աշնանն ու ձմրանն այս ճանապարհով անցնելն իսկական տանջանք է, բայց զինուորներն արդէն սովորել են:

Վերեւում տարբեր պատմութիւններ են, տարբեր մարդիկ, կենսագրութիւններ, մտածելակերպ: Ծառայութեան վեց ամիսը լրացած զինուորները 14 օրով բարձրանում են առաջին գիծ: Մինչ դիրքեր բարձրանալը նրանք տիրապետում են զէնքի կիրառման նրբութիւններին, մարտական պատրաստուածութիւնը հասցւում է լաւ աստիճանի, եւ միայն համոզուելուց յետոյ, որ սահմանի պահպանութիւնն ապահով ձեռքերում է, նորակոչիկ զինուորներին ուղարկում են առաջին գիծ:

Թիկունքում Հայրենիքն Է

Միքոն զօրամասի «Ռափըր»-ն է: Նրա շնորհիւ զօրամասում բոլորն անգիր գիտեն էմինեմի, 50 սենթի, Միշոյի ու այլ յայտնի «Ռափըր»ների ստեղծագործութիւնները: Հաշուել է` ծառայելու է 730 օր, դրանցից չորս ամիս մէկ օրն արդէն անցեալում է: Սիրային երգեր չի կատարում, կեանքի դրուագներից է երգերի թեմաներ ընտրում: Զինուորական կեանքի մասին դեռ ստեղծագործութիւն չունի, բայց խոստանում է`  ապագայում դա էլ կը լինի, դեռ նոր է ծառայութեան մէջ: Չորս ամսուայ ընթացքում Միքոն հասկացել է, թէ ինչպէս պէտք է ծառայել բանակում: «Ո՛չ շատ խելօք պէտք է լինես, ո՛չ շատ չար, որ կարողանաս բանակային կեանքում ներգրաւուել: Սկզբում ամէն ինչ դժուար էր, խորթ, յետոյ յարմարւում ես կերակուրին էլ, կանոններին էլ»: Միքոն կողմ է, որ բանակում խստութիւն լինի: «Եթէ խստութիւն չկայ, անկարգութիւններ կը լինեն»: Ասում է`  բանակ է եկել միայն մէկ նպատակով, որ բարձրանայ առաջին գիծ: Առաջին գիծ բարձրանալու համար դեռ շուտ է: Դեռ պէտք է սովորի ու որոշակի պատրաստութիւն անցնելուց յետոյ բարձրանայ առաջին գիծ: «Ինձ համար ծառայութիւնն ընկալւում է միայն դիրքերում, ուզում եմ ապրել զգացողութիւնը, որ թիկնունքում հայրենիքն է, ու դու քո ձեռքերով պէտք է այն պահես»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

19-ամեայ Էդուարդ Մուսայէլեանն արդէն 11 ամիս ծառայութեան մէջ է: Փորձ, շփում, ինքնուրոյնութիւն: Սրանք այն յատկանիշներն են, որ ձեռք է բերել ծառայութեան ընթացքում: Մինչ բանակ զօրակոչուելն Էդուարդին ամենատարբեր խորհուրդներ են տուել, ինչպիսի նայուածքով ու քայլուածքով մտնել զօրամաս, ի՞նչ ասել ու չասել, ո՞նց ուտել ու խօսել… հիմա նա ծիծաղով է յիշում այդ օրերը… ասում է` նման բան չկայ: Ինքն էլ բանակ զօրակոչուողներին խորհուրդ է տալիս. «Եղէք ուժեղ, հոգեբանօրէն պատրաստուէք ծառայութեան: Ինչպէս կեանքում, այնպէս էլ` ծառայութեան մէջ, կարեւորը մէկն է` չխաբել, եթէ սուտ չես խօսում, ապա բանակում ոչ մի խնդիր չես ունենայ»: «Անբասիր մրմունջներ», «Վարդանանք», «Քո հնարաւորութիւնները, մարդ»: Սրանք այն գրքերն են, որ Էդուարդը կարդացել է ծառայութեան ընթացքում: «Համարեա բոլորը գիրք են կարդում», ասում է նա ու յաւելում` ծառայութիւնը ո՛չ դիւրին գործ պատկերացրէք, ո՛չ էլ չափազանցրէք:

«Բանակում ծառայելը կեանքի մի հատուած է: Էնպէս չէ, որ հեշտ է, բայց դէ, մենք տղայ ենք, պէտք է ծառայենք: Մենք ծառայում ենք, արթուն ենք, որ մեր ընտանիքները հանգիստ քնեն: Եթէ մեր ազգի մէջ հայրենասիրութիւն չլինէր, հիմա երեւի մեր ազգը չէր լինի: Էն ժամանակ էլ մեր նման տղերքն են պահպանել երկիրը, հիմա հերթը մերն է: Սա կեանքի դպրոց է, որ պէտք է անցնես, մի հատուած է, որ պէտք է լինի քո կեանքում», ասում է նա:

Մելոյեան Արտակին զօրամասում անուանում են «դէմպել»: 50 օրից նա կը վերադառնայ քաղաքացիական կեանք: Բանակից եւ՛ լաւն է տանում, եւ՛ վատը: «Տղամարդկութիւնդ կրկնապատկւում է, քո մէջ նոր մտքեր ու գաղափարներ ես ձեւակերպում: Վատ բանն էլ այն է, որ այստեղ տարբեր մարդիկ են հաւաքուած ու երբեմն այնպիսի բաներ ես տեսնում, նախանձ ու չարութիւն, որ երեւի քաղաքացիական կեանքում դժուար հանդիպես: Էս ամէն ինչը մեզ կոփում է, դառնում ենք հասուն: Մենք տեսնում ենք ուրիշի սխալներն ու սովորում»:

Սեւանից Եգոր Պօղոսեանը բանակից մտերմութիւն ու ընկերութիւն է տանում, ռազմական գիտելիքներ, բնաւորութեան կայունութիւն ու համբերատարութիւն: Միակ բացասական բանը, որ զգացել է բանակում, զինուորի մահուան մասին լուր լսելն է: «Որ լսում ենք` բանակում մէկին սպաննել են, մէկին ծեծել են, մենք էլ ենք ծանր տանում: Ճիշտ է, մեզ մօտ նման բան չկայ, մենք նման բան չենք տեսել, բայց որ իմանում ենք` նման բան է եղել, վատ ենք զգում, նեղւում, կ՛ուզենայինք, որ դա չլիներ»:

«Իմ Մէջ Յաղթեց Հայրենասէր Զինուորը…»

Պայմանագրային զինծառայող Գէորգ Պաղտասարեանին զօրամասում եւ դիրքերում բոլորն են ճանաչում: Նա զօրամասի լաւագոյն դիպուկահարներից է` օրինակելի սպայ ու մարդ: Գէորգն արդէն 10 տարի ծառայութեան մէջ է, իրեն անուանում է սահմանի զինուոր: «Սահմանում ինձանից առաւել կարեւոր են իմ զինուորներն ու իմ դիրքը: Դա այն հատուածն է, որ տուել են ինձ ու ես պէտք է պահպանեմ»: Առաջին անգամ դիպուկահարի հրացանով կրակել է 26 տարեկանում: «Ուրախ չեմ, որ կպաւ, ամէն դէպքում ինքն էլ է մարդ: Առաջին կրակոցից յետոյ շատ ծանր էի տանում: Շատ դժուար էր, ես էլ ամուսնացած եմ, ընտանիք ունեմ, ու բոլոր զգացողութիւնները խառնուել էին: Դիմացինն էլ երեւի ընտանիք ունէր, երեխայ… էդ պահին իմ մէջ երկու հոգի էր խօսում, մարդ ու հայրենասէր զինուոր… էդ պահին իմ մէջ յաղթեց հայրենասէր զինուորը: Ամէն անգամ կրակելուց յետոյ ինձ շատ վատ եմ զգում, խիղճս տանջում է, բայց նոյն պահին յիշում եմ, որ քեռիս կռուի տարիներին վիրաւորուել է, բարեկամներիցս մէկը մահացել, միւսն` անյայտ կորել: Իրանք ինձ ուժ են տալիս, ու ես հասկանում եմ, որ դա պէտք է, որ ես պաշտպանում եմ իմ հողը: Դա ինձ օգնում է, որ խիղճս հանգիստ լինի: Մենք երբեք առաջինը չենք կրակում, նրանք են կրակում: Վախից են կրակում: Մարդ եթէ վախենում է, ամէն ինչի ընդունակ է լինում: Իրանք կրակում են, որ մեզ հասկացնեն, որ իրենք արթուն են: Իրենք զգում են մեր ուժն ու վախից նման քայլերի են դիմում», ասում է Գէորգն ու յաւելում. «Եթէ պատերազմը քոնն է, խաղաղութիւնն էլ քոնը կը լինի»:

 

 

 

 

«Իմ Դիմաց Թշնամին Է, Բայց Իմ Կողքին
Հայ
Զինուորն Է»

Մասնագիտութեամբ բժշկուհի Ալվարդ Օհանջանեանը Մարտունու զօրամասերից մէկում աշխատում է 2003-ից: Ռազմական կեանքն անուանում է ճակատագիր. Միակ նպատակը ծառայութիւնը պատուով կատարելն է: «Սկզբում էնքան դժուար էր: Ես` կին արմատ, երեք հարիւր տղամարդու հետ: Կնոջ բացակայութեամբ տղամարդիկ իրար հետ գռեհիկ, կոպիտ էլ են խօսում, բայց որ տեսնում են` իրենց հետ կին է նստած, քիչ-քիչ սովորում են, յարմարւում են քո ներկայութեանը: Տղամարդիկ ասում են` «Ալվա՛րդ, ի՛նչ եկել ես մեզ մօտ, մեզ աւելի զգաստ ենք զգում»:

Շաբաթական երկու անգամ Ալվարդը բարձրանում է դիրքեր, առաջին գծում բուժօգնութիւն տրամադրում զինուորներին: «Դիրքեր բարձրանալուց ես միշտ ասում եմ` իմ դիմաց թշնամին է, բայց իմ կողքին հայ զինուորն է»: Ալվարդը շատերի կեանքն է փրկել, առաջին օգնութիւն ցուցաբերել, արտակարգ դէպքեր շատ են եղել, սակայն կայ մի դէպք, որ յիշողութիւնից ջնջել չի կարողանում:

«Երկրորդ գումարտակից Մովսիսեան Խաչատուր կար: Բարձրացայ դիրքեր, ասում են` հիւանդ է: Ջերմութիւնը չափում եմ` 41 աստիճան: Երեխուն առաջին օգնութեան մեքենայով իջեցրինք ներքեւ, իմ ձեռքն էր բռնել ու ոչ մի կերպ բաց չէր թողնում: Տղան մէկ զառանցում էր, մէկ ուշաթափւում: Տեղափոխեցինք զինուորական հիւանդանոց, ծանր վիճակում թոքաբորբ էր տանում: Ամբողջ ճանապարհին աստծուն խնդրում էի, որ ուշացած չլինենք, որ տղան փրկուի: Հիւանդանոցից յետոյ տղային անմիջապէս ուղարկեցինք Երեւան` Մուրացանի անուան հիւանդանոց: Տղան փրկուեց… յետոյ նա պատմում է, որ երբ ուշքի է եկել, մօրն ասել է` «Մա՛, բա ո՞նց էիր իմացել, որ հիւանդ եմ, եկել էիր դիրքեր, ձեռքս բռնելէ: Մայրը զարմացել էր ու ոչինչ չէր հասկացել: Տղային թուացել էր, որ ամբողջ ճանապարհին ու մեքենայի մէջ իր ձեռքերը բռնել էր մայրը…

«Զինուորի հետ աշխատելը հեշտ գործ չէ: Նրա հետ պէտք է լինես հոգեբան, մանկավարժ, մայր, ընկեր, հարազատ: Իմ զինուորների հետ աւելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան երեխաներիս: Երբեմն երեխաներս բողոքում են, ասում են` մամ, դու իրենց մեզանից շատ ես սիրում, ասում եմ` նրանք էլ են իմ բալեքը, իրենց ուրիշ ձեւ եմ սիրում, իրանց շնորհիւ է, որ դուք անվտանգ ապրում էք: Բոլորն էլ գիտեն, որ չորս երեխայ տանն ունեմ ու մի քանի հարիւր երեխայ` զօրամասում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Յ. Գ. – Երկու օր զօրամասում անցկացնելուց յետոյ վերադառնում ենք Երեւան: «Շնորհակալութիւն` մեր կեանքն անվտանգ ու ապահով դարձնելու համար», ասում եմ սպաներից մէկին: «Դա մեր սուրբ պարտականութիւնն է, մեր առաքելութիւնը, շնորհակալութիւ՛ն, որ գնահատում էք մեր աշխատանքը…»:

«ԱԶԳ»

Լուսանկարները` «Առաջին գիծ. Մարտունի». Փանորամա

Share this Article
CATEGORIES