Հայկական Լոպիինկի Երկփեղկուածութիւնը
ՍԵՒԱԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Հայ դատի հիմնախնդիրների եւ ծրագրերի` յատկապէս Հայոց ցեղասպանութեան, ազրպէյճանա-ղարաբաղեան հիմնախնդրի եւ Ջաւախքի խնդիրների ուղղութեամբ սփիւռքի համայնքների կատարած եւ կատարուող աշխատանքն անչափ մեծ է ու անգնահատելի:
Հայկական երկու հանրապետութիւնների` այս խնդիրներից որեւէ մէկի շուրջ վճռական քայլ կատարելու պարագայում, անշուշտ, վստահօրէն ակնկալւում է սփիւռքի օժանդակութիւնը:
Եթէ սփիւռքի վերաբերմունքը համահայկական հարցերի շուրջ արմատական բնոյթ է կրում, ապա նոյնը չի կարելի ասել, յատկապէս, Ռուսաստանի հայկական համայնքի մասին:
Ի վերջոյ, բոլորս էլ պարզ գիտակցում ենք, որ ռուսահայ համայնքը որպէս կազմակերպուած եւ «դասական սփիւռքեան համայնք» լինելու համար դեռեւս լուրջ փուլեր ունի անցնելու:
Ռուսաստանի հայկական համայնքը վերոյիշեալ հարցերի շուրջ լուրջ դերակատարութիւն չի ունեցել:
Իսկ վերջերս Մոսկուայում կայացած ազրպէյճանական եւ հայկական սփիւռքների ներկայացուցիչների հանդիպումը ասուածիս ցցուն ապացոյցն է: Խնդիրը ոչ այնքան հանդիպման, որքան նրա նշանակութեան, արդիւնքի, ընտրուած ժամանակահատուածի եւ առհասարակ անուանման մասին է:
Սկսենք նախ միջոցառման ընտրուած անունից` ազրպէյճանական եւ հայկական սփիւռքի ներկայացուցիչների հանդիպում` ծիծաղելի է: Ազրպէյճանը երբեք էլ «սփիւռք» չի ունեցել եւ չունի, ուրիշ բան է, որ ի հակակշռութիւն մեզ` հայերիս, ազրպէյճանցիները ջանք չեն թափում ստեղծել «առասպել` ազրպէյճանական սփիւռքի մասին»:
Երկրորդ` ինչքանով էր նպատակայարմար հէնց այս` «սաֆարովեան գործարքի» խորապատկերը ծածկելով, հրապարակաւ ողջ աշխարհի համար յարմար առիթը` Ազրպէյճանի հակահայկական, թշնամական տրամադրուած եւ ցեղասպան երկրի կերպարը տեսնելու հնարաւորութիւնը մեր ձեռքով «փակելու գործը»:
Փոխանակ ամէն հնարաւորութիւն, ամէն ամպիոն օգտագործել թշնամու իրական կերպարը բացայայտելու` «բարեկամութիւն հաստատելու խաղեր» ենք անում:
Միջոցառման կազմակերպիչներից եւ մասնակից` Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը այդ հանդիպման վերաբերեալ իր հարցազրոյցներից մէկում ասել է. այն մի խնդիր ունէր` ստեղծել հայրենիքից դուրս միմեանց հետ համագործակցելու մեքանիզմներ, աւելի՛ն` այստեղից դրական էներգիայով գնալ դէպի մայր հայրենիք»:
Ինչ է նշանակում «… ստեղծել հայրենիքից դուրս միմեանց հետ համագործակցելու մեքանիզմներ», երբ հայրենիքի սահմանին գրեթէ ամէն օր անպակաս է Ազրպէյճանի բանակից արձակուած կրակոցը, եւ որ այդ նոյն սահմանին այսօր հայ զինուորն է զոհւում այդ կրակոցով:
Հայրենիքի ներսում խնդիրը չլուծուած, հայրենիքից դուրս «բարեկամութիւն» անելը այնքան էլ բարի գործ չէ:
«Մենք չէինք հաւաքուել Ղարաբաղի խնդիրները լուծելու, այլ պարզապէս ցանկանում ենք միմեանց հետ համերաշխ ապրել: Այո, կայ ղարաբաղեան խնդիր, բայց դա երկու երկրների ղեկավարների` Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի խնդիրն է, իսկ մեր նպատակը բարեկամական կապեր ստեղծելն է», նկատեց Արա Աբրահամեանը:
Ո՛չ, ի հարկէ, սա միայն նախագահների խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է եղել ի սկզբանէ: Եթէ մի երկրի ղեկավարը ի լուր համայն աշխարի անկաշկանդ յայտարարում է, որ հայերը իրենց թշմանիներն են եւ ամէն գնով, ամենապատուաբեր գործը մի երկրում համարւում է հայ սպաննելը, ապա սա ամէն հայի խնդիրն է եւ` ոչ միայն: Մենք ազգովի անելիքներ ունենք այս ուղղութեամբ:
«Երէկուայ օրը պէտք չէ խանգարի այսօրուայ մեր կենցաղին, ապրելակերպին եւ ապագային: Հէնց այդ պատճառով էլ մենք մտադիր ենք այդպիսի երկխօսութիւն ստեղծել Սոչիում մարտ ամսին»,- ասում է Արա Աբրահամեանը:
Երէկուայ օրը դժուար մոռացած լիներ Արա Աբրահամեանը, իսկ եթէ մոռացել է, մի փոքր յիշողութեան թարմացում` Սումկայիթ, Պաքու, Մարաղա…կարելի է շարունակել եւ շատ բան յիշեցնել:
Մենք մեր հարցերը չենք լուծել, դրա համար էլ Մոսկուայում կայացած հանդիպումը խայտառակութիւն էր թէ՛ ներքին լսարանի, թէ՛ արտաքին աշխարհի համար: Ամենայն տրամաբանութեամբ, այս հանդիպումից պէտք է շա՜տ ու շա՛տ գոհ լինի Ազրպէյճանը:
Իսկ յայտնի հայ դերասան Արմէն Ջիգարխանեանը ոչ աւել, ոչ պակաս, յայտարարել է, որ մեր ժողովուրդների երբեմնի միակ խնդիրը «Նեֆթչի» եւ «Արարատ» ֆութպոլային խմբերի խաղն էր:
Յարգարժան պարոն Ջիգարխանեան, մի՛ մոռացէք, որ մեր հիմնական խնդիրը դեռեւս խորհրդային տարիներից` սահմանից այն կողմ պիպլիական Արարատն է եւ ամբողջական ու միասնական Հայաստանի կերտումը:
Յայտնի դերասանը, կարծում եմ, յիշողութեան խնդիրներ չունի: Եւ վատը հէնց դա է:
Ամենեւին էլ այն տպաւորութիւնը թող չստեղծուի, որ չենք գնահատում մարդասիրական մղումները, կամ էլ մեր նպատակը Ազրպէյճանի հետ յաւերժ թշնամութիւն անելն է: Եթէ սրահային ելոյթներում մարդասիրական կոչեր են հնչում, իսկ սահմանին հայ զինուոր է սպաննւում, ապա մենք այդպիսի «մարդասիրականը» չենք հասկանում եւ չենք ընդունում:
Մենք պայքարում ենք իրական մարդասիրութեան եւ իրական խաղաղութեան համար:
«Ապառաժ»
(«Պաշտօնաթերթ» ՀՅԴ Արցախի կեդրոնական կոմիտէի)

