Թուրքիայում Շարունակւում Է Մշակութային Ցեղասպանութիւնը
ԱՐԱՔՍ ԿԱՍԵԱՆ
Թուրքիայի Հանրապետութիւնը հիմնադրումից ի վեր շարունակում է ոչնչացնել իր տարածքում գտնուող հայկական պատմական յուշարձանները: Հակառակ թուրքական իշխանութիւնների` հայկական յուշարձանների վերաբերեալ իրենց հոգատար վերաբերմունքի մասին արած բարձրագոչ յայտարարութիւնների, վերջին շրջանում աւելացել են մտահոգիչ լուրերն այն մասին, որ թուրքերը չեն դադարում հայկական յուշարձանների ոչնչացումը կամ թուրքացումը: Պատմական Հայաստանի տարածքում հայերի ներկայութիւնը հերթական անգամ յիշեցնող յուշարձանների ոչնչացումը տեղի է ունենում մի քանի ճանապարհով:
Առաջին դէպքում թուրք իշխանութիւններն ընտրել են քիչ թէ շատ չէզոք տարբերակ. նրանք պարզապէս անուշադրութեան են մատնում հայկական կոթողները, որոնք, մնալով առանց խնամքի, աւերւում են:
Մէկ այլ դէպքում հայկական եկեղեցիները որպէս սեփականութիւն յանձնւում են այդ տարածքում բնակուող թուրքերին կամ քրտերին: Նշենք, որ սա բաւական լուրջ խնդիր է, քանի որ հայկական յուշարձանները վերջիններիս յանձնելուց յետոյ դրանք գրեթէ երբեք այլեւս չեն վերադարձւում հայկական համայնքին: Թուրքերն ու քրտերն այդ կոթողներն օգտագործում են որպէս պահեստ կամ ախոռ: Նման անմխիթար վիճակում են տասնեակ հայկական եկեղեցիներ, ինչպէս օրինակ` Կարնոյ Ազիզիէ գաւառում գտնուող 17-րդ դարում կառուցուած հայկական եկեղեցին:
Միւս տարբերակը հայկական կրօնամշակութային յուշարձանների թուրքացումն է: Սա պէտք է համարել Թուրքիայում առաւել տարածուած երեւոյթներից: Հայկական յուշարձանների թուրքացման վառ օրինակ է Կարսում գտնուող հայկական Սուրբ Առաքելոց եկեղեցին, որը 1993 թուականից ի վեր գտնւում է Թուրքիայի Կրօնական հարցերով վարչութեան հովանու ներքոյ եւ օգտագործւում է որպէս մզկիթ` Քումպեթ Ճամի անունով:
Չենք կարող չնշել, որ վերջին տարիներին Թուրքիայի կառավարութիւնը, տեղի տալով հայկական համայնքի պահանջներին, ինչպէս նաեւ` խուսափելով միջազգային հանրութեան կողմից հերթական քննադատութեանը ենթարկուելուց, սկսել է որոշակիօրէն պահպանել հայկական յուշարձանները` դրանք վերանորոգելով կամ հայկական համայնքին յանձնելով: Սակայն թուրքական բարեացկամութիւնն իրականում այնքան էլ անկեղծ չէ: Բանն այն է, որ շատ յաճախ դրանք հայկական համայնքին յանձնւում են ծայրայեղ վատ վիճակում: Նմանօրինակ դէպքերից էր Մարդինի նահանգում գտնուող հայկական Սուրբ Գէորգ եկեղեցին, որը հայերին յանձնելուց առաջ թուրքերը թողել էին միայն եկեղեցու չորս պատերը: Այս անգամ եւս որպէս եկեղեցու աւերման պատասխանատուներ` թուրքական իշխանութիւնները մատնանշել էին «գանձեր որոնողներին», որոնք մեր օրերում էլ շարունակում են փնտռել Հայոց ցեղասպանութեան տարիներին փախստական դարձած հայերի թաքցրած ոսկիներն ու հարստութիւնները:
Ինչ վերաբերում է հայկական կրօնամշակութային հիմնադրամների վերանորոգմանը, ապա այստեղ եւս թուրքերը չեն հրաժարուել իրենց աւանդական քաղաքականութիւնից: Վերանորոգումից անմիջապէս յետոյ հայկական յուշարձաններում կորում են շատ զարդանախշեր, հայկական դարաւոր մշակոյթին բնորոշ որմնանկարներ: Այստեղ տեղին է «Արմենփրես»-ի հետ զրոյցներից մէկում յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանի արած նկատառումն այն մասին, որ թուրքերի նման քայլերն ուղղուած են ոչ թէ հայերին, այլ արւում են սեփական քաղաքականութեան համար: Բացի այդ, հայկական յուշարձանները վերանորոգելիս թուրքերը երբեւէ չեն ներառում հայ մասնագէտներին, ինչը թոյլ կը տար խուսափել կոպիտ ճարտարապետական սխալներից:
Թէպէտ Պոլսի հայկական համայնքը, ի տարբերութիւն նախկին տարիների, մեր օրերում համարձակւում է բարձրաձայնել այս կամ այն խնդրի մասին եւ անգամ երբեմն յարուցում է նաեւ դատական գործեր, այդուհանդերձ դրանք միշտ չէ, որ տալիս են անհրաժեշտ արդիւնքը: Չնայած թուրքական իշխանութիւնների տուած խոստումներին` հայկական յուշարձանները վնասողներին յայտնաբերելու եւ համապատասխան պատիժ սահմանելու վերաբերեալ, այդուհանդերձ, հայկական կողմի արդարացի պահանջներն այսօր էլ մեծաւմասամբ մնում են անպատասխան եւ արհամարհուած:

