Խմբագրական «Ապառաժ»-ի. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Միջազգային Ճանաչումն Այլընտրանք Չունի

Ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութիւնը եւ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը թեւակոխում է բոլորովին այլ փուլ: Կողմերի հետ դէմ առ դէմ նստելուն ուղղուած ջանքերը, որը կոչւում է բանակցութիւններ, անյայտ հեռանկարների եւ սպասումների փոխարէն, շնորհիւ Հայ դատի կայուն եւ երկարատեւ աշխատանքների, նոր հորիզոններ են բացում հայկական արտաքին քաղաքական ասպարէզում:

Այս նոր փուլը իրենից ենթադրում է Մինսքի խմբի մակարդակով ընթացող այսօրուայ բանակցային գործընթացն առանց վնասելու միտումով սկսել պետական եւ համահայկական մակարդակով նոր քաղաքական աշխատանք` ուղղուած այլ երկրների կողմից ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչմանը:

Նման ձեւաչափով գործելու արդիւնաւէտութիւնը կիրառուել է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացում:

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի գործունէութեան հիմնական ուղղութիւններից է Հայոց ցեղասպանութեան եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը: Այս ուղղութեամբ Հայ դատի յանձնախմբերը տարիներ շարունակ աշխատել, հիմք են նախապատրաստել` սկսելու մի նոր գործընթաց:

Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը պէտք է դառնայ հայկական արտաքին քաղաքականութեան հիմնարար ուղղութիւններից մէկը, որի շուրջ անհրաժեշտ է համահայկական մօտեցում: Այս հարցում հայրենի իշխանութիւնները պէտք է հանդիսանան հայկական բոլոր կազմակերպութիւնների եւ կառոյցների յուսալի յենարանը:

Աշխարհում արդէն երեք նահանգ` երկուսը Ամերիկայի Միացեալ Նահանգներում, եւ երրորդը Աւստրալիայում, ճանաչել են ԼՂՀ անկախութիւնը եւ կոչ արել իրենց երկրների իշխանութիւններին` ճանաչել այն: Սա արդէն լուրջ արդիւնք է, եւ անկախ այն մօտեցումից, որ իրաւական հիմք չեն ներկայացնում աշխարհի համար, այնուհանդերձ, ԼՂՀ միջազգային ճանաչման գաղափարի շրջանառութիւնն արդէն ծանրակշիռ նշանակութիւն ունի մեր արտաքին քաղաքականութեան համար:

Սկսուած գործընթացը կարող է շրջադարձային լինել ե՛ւ Արցախի Հանրապետութեան, ե՛ւ ողջ աշխարհի համար: Այն նպաստաւոր նախադրեալներ է ստեղծում առանձին երկրների կողմից մեր երկրի միջազգային ճանաչման համար, կամ գոնէ մօտեցնում է այդ գործընթացը: Այն «վարակի» նման կարող է տարածուել եւ տալ իր ցանկալի արդիւնքները:

20-րդ դարից սկսել եւ 21-րդ դարում գերակայութիւն է դառնում ազգերի ինքնորոշման իրաւունքը: Սերունդները ականատեսն են դառնում աշխարհում կազմալուծուող կամ տարանջատուող տասնեակ պետութիւնների:

Մեր երկրի հետ հակամարտութեան մէջ գտնուող Ազրպէյճանն ամէն կերպ փորձում է խեղդել ազգերի ինքնորոշման իրաւունքի դրոյթը ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Բոլորովին վերջերս այդ պարունակում Ազրպէյճանը ճանաչել է նոր անկախացած Հարաւային Սուտանի Հանրապետութիւնը:

Փաստօրէն, Ազրպէյճանն ընդունում է ազգերի ինքնորոշման իրաւունքի գերակայութիւնը այլ հանգրուանում, բայց` ոչ մեր դէպքում:

Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը պէտք է դիտել ոչ միայն ազգերի, այլեւ մարդու իրաւունքների պարունակում:

Մենք կարող էինք օգտուել Ազրպէյճանի շատ սայթաքումներից: Պահը չօգտագործելով` մենք տրամաբանօրէն դառնում ենք թոյլ եւ անկարող կողմ:

Ազրպէյճանի կողմից Հարաւային Սուտանի ճանաչումը մեզ համար յաղթաթուղթ է, իսկ մենք վարանելու տեղ չունենք: Այն պէտք է օգտագործել ըստ արժանւոյն:

Share this Article
CATEGORIES