Թուրքիայի Խնդիրների Պատճառը Հայոց Ցեղասպանութիւնն Է
Թուրքիայի Հանրապետութեան ներկայ խնդիրների գլխաւոր պատճառը Հայոց ցեղասպանութիւնն է եւ դրա ժխտումը, նշել է Պոլիս տեղակայուած Մարդու իրաւունքների միութեան գործադիր մարմնի անդամ, թուրք իրաւապաշտպան Այիշէ Կիւնայսուն:
«Այո, դա Հայոց ցեղասպանութիւնն է հիմքը», «Թերթ. Էյ. Ամ.»-ի հետ զրոյցում ասում է նա` աւելացնելով, որ մերժողականութիւնը չի տեղաւորւում մարդկային երեւակայութեան մէջ եւ այն գործում է ի վնաս Թուրքիայի:
«Ցեղասպանութեան հերքումը Թուրքիայի վրայ անէծք է, դատապարտում: Թուրքիան խաղաղութիւն չի տեսել դրանից յետոյ, արիւնահեղութիւնը չի դադարել, քրտական ընդվզումները յաջորդել են միմեանց, չկայ իրական ժողովրդավարութիւն, իրար են յաջորդել ռազմական յեղաշրջումները», ընդգծել է թուրք իրաւապաշտպանը, ով նաեւ «Արմինիըն ուիքլի»-ի հանդէսի եւ քրտական «Կիւնտանիս» թերթի սիւնակագիր է:
«Թուրքիան չգտաւ խաղաղութիւն, չկայ հարստութիւն, չկայ մշակոյթ: Երբեմնի Արեւմտեան Հայաստանը հարուստ էր թատրոններով, քոլեճներով, կեանքը եռում էր: Այժմ դրանք ամուլ հողեր են», ասել է նա` նշելով, որ Թուրքիան ներկայում պատժւում է անցեալի սխալների համար:
«Դա դատապարտում է, անէծք է Թուրքիայի վրայ», ասել է Այիշէ Կիւնայսուն եւ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանութեան պատճառով Թուրքիան կորցրեց իր լաւագոյն մտածողներին:
Ըստ թուրք իրաւապաշտպանի, Թուրքիան պէտք է պարտուողի դերում յայտնուի, որպէսզի սովորի, թէ ինչպէ՛ս է հարկաւոր վարուել միւսների հետ:
«Յաղթանակը թունաւոր բան է, իսկ պարտութիւնը` կրթող: Այս երկիրը (Թուրքիան) պէտք է պարտութիւն կրի, որպէսզի կրթուի: Թուրքիան կորցրել է իր լաւագոյն ուղեղներին, հայերին, յոյներին… Հասարակութեան լաւագոյն մասը ոչնչացուեց, որի պատճառով էլ կեանքի որակը վատացել է», եզրափակել է Պոլիս տեղակայուած Մարդու իրաւունքների միութեան գործադիր մարմինի անդամ, թուրք իրաւապաշտպան Այիշէ Կիւնայսուն:

