Մէկ Շաբաթ Լոնտոնում Եւ Պրիւքսէլում. Արցախեան Հարցով Իմ Բանավէճերը Եւ Այցը Թուրքիայի Դեսպանութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Նոյեմբերի 18-24-ը ես անցկացրեցի Լոնտոնում եւ Պրիւքսէլում: Բրիտանական «Հաշտեցման պաշարներէ կազմակերպութիւնը ինձ եւ ազրպէյճանցի փորձագէտ Թապիպ Հուսէյնովին հրաւիրել էր, որպէսզի երկու կարեւոր քաղաքներում արցախեան հարցով կազմակերպի բանավէճեր: Իմ հանդիպումների, բանավէճերի եւ տպաւորութիւնների մասին ես յառաջիկայում մի քանի հրապարակում կը պատրաստեմ: Այսօր պարզապէս կը ներկայացնեմ, թէ որտեղ եւ ում հետ հանդիպումներ ու բանավէճեր ունեցանք:

Սովորաբար ես գրեթէ միշտ մերժում եմ հայ-ազրպէյճանական եւ հայ-թուրքական բանավէճերի մասնակցութեան հրաւէրները: Հայ-ազրպէյճանական բանավէճերին չեմ մասնակցում, քանի որ հայ եւ ազրպէյճանցի լրագրողների, փորձագէտների ու քաղաքագէտների հանդիպումները շինիչ մթնոլորտում չեն անցնում, մենք միմեանց լեզուները ուղղակի եւ անուղղակի իմաստով չենք հասկանում: Մենք ասում ենք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ազրպէյճանի կազմում, ազրպէյճանցիներն ասում են, որ Արցախը երբեք չի կարող լինել անկախ:

Հայ-թուրքական բանավէճերին ես գրեթէ երբեք չեմ մասնակցում, քանի որ համարում եմ, որ դրանք Թուրքիան շահարկում է` միջազգային հանրութեանը ցոյց տալով, որ հայերն ու թուրքերը միմեանց հետ խօսում են, երկխօսում են:

Լոնտոն եւ Պրիւքսէլ հրաւէրը ընդունեցի երկու հիմնական պատճառով: Առաջին, ինձ եւ Թապիպ Հուսէյնովին հրաւիրել էր  «Հաշտեցման պաշարներէ կազմակերպութեան կովկասեան հարցերով առաջատար վերլուծաբան եւ մասնագէտ Լորէնս Պրոէրսը, որի նկատմամբ ես ունեմ խորը յարգանք: Լորենսը, ի տարբերութիւն կովկասեան հարցերով շատ վերլուծաբանների, ովքեր յաճախ են գրում Արցախի եւ հայ-թուրքական յարաբերութիւնների մասին, գերազանց է հասկանում եւ զգում Կովկասը: Նա Կովկասը հասկանում է մանրամասնօրէն, մի քանի եւրոպական լեզուների կողքին, գիտի նաեւ վրացերեն եւ ռուսերէն, բազմաթիւ անգամ եղել է Արցախում:

Հրաւէրներն ընդունելու երկրորդ պատճառն այն էր, որ մեր բանավէճերից մէկը պէտք է տեղի ունենար Լոնտոնի հռչակաւոր «Չեթհեմ հաուս»-ում, եւ ես իրաւունք չունէի առիթը բաց թողնել: «Չեթհեմ հաուս»-ում հիւրընկալւում են պետութիւնների նախագահներ, միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ, նշանաւոր անձնաւորութիւններ:

Այժմ կարճ անդրադառնամ այն հանդիպումներին եւ բանավէճերին, որոնք ունեցայ մէկ շաբաթուայ ընթացքում` վերլուծութիւններն ու տպաւորութիւնները թողնելով հետագային:

Նոյեմբերի 20-ին Լոնտոնում ես մէկ ժամանոց հանդիպում ունեցայ Մեծն Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքեոզի հետ: Հանդիպումը տեղի ունեցաւ Լոնտոնում Թուրքիայի դեսպանատանը: Ես բազմաթիւ անգամ եմ եղել Թուրքիայում, մէկ անգամ հայ լրագրողների խմբի հետ Անգարայում այցելել եմ այդ երկրի խորհրդարան, սակայն կեանքում առաջին անգամ էի ոտք դնում որեւէ թուրքական դեսպանատուն: Դեսպան Չեւիքեոզը, ով անցեալում եղել է Թուրքիայի դեսպանը Ազրպէյճանում եւ ներգրաւուած էր հայ-թուրքական «Ֆութպոլային դիւանագիտութեան» գործընթացում, հետաքրքիր զրուցակից էր ու իմ վրայ թողեց խորը դիւանագէտի ու համեստ մարդու տպաւորութիւն: Նրանից սովորեցի մի ասացուածք` «Բաղնիք գնալուց առաջ պիտի քրտնելու պատրաստ լինես»: Ես դեսպան Չեւիքեոզին ու դեսպանատան առաջին քարտուղար Զէյնափ Էրշահին Աշըկին նուիրեցի իմ «Karabakh Diary; Green and Black» գիրքը, որը շուտով հրատարակուելու է նաեւ թուրքերէնով:

Նոյն օրը երեկոյեան Լոնտոնի «Հայ տանը» տեղի ունեցաւ իմ հանդիպումը լոնտոնահայերի հետ, որը կազմակերպել էր Ստեփան Օւանեսոֆը: Հայ առաքելական եկեղեցու Անգլիոյ թեմի առաջնորդ Նաթան եպս. Յովհաննիսեանի, Լոնտոնում Հայաստանի դեսպանութեան աշխատակիցների ու մի քանի այլ ներկաների ես կարճ ներկայացրի արցախեան եւ հայ-թուրքական յարաբերութիւններում այսօրուայ առկայ վիճակը: Հանդիպման ընթացքում ներկայացրի նաեւ իմ երկու` «Արցախեան օրագիր. «Կանաչ ու սեւ» եւ «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» աշխատութիւնները, ինչպէս նաեւ` Սիվիլիթաս հիմնադրամի զեկոյցները:

Նոյեմբերի 21-ին «Չեթհեմ հաուս»-ում տեղի ունեցաւ իմ եւ ազրպէյճանցի վերլուծաբան Թապիպ Հուսէյնովի բանավէճը «Լեռնային Ղարաբաղ. տեղահանութիւն եւ կ՛արգավիճակէ թեմայով: Քննարկումից յետոյ մենք այցելեցինք Մեծն Բրիտանիոյ արտաքին գործերի նախարարութիւն, որտեղ զրոյց ունեցանք Հարաւային Կովկասի հարցերով պատասխանատու Նէյլ Ֆլոյտի հետ: Երեկոյեան Լոնտոնի համալսարանի Արեւելեան եւ ափրիկեան ուսումնասիրութիւնների դպրոցում  տեղի ունեցաւ իմ եւ Թապիպ Հուսէյնովի բանավէճը «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորում. կա՞յ արդեօք փակուղուց դուրս գալու ելք» խորագրի ներքոյ:

Յաջորդ օրը մենք Լոնտոնից գնացքով մեկնեցինք Պրիւքսէլ: Մեր առաջին հանդիպումը Պելճիքայում Հայաստանի դեսպանութիւնում էր: Մեզ ընդունեց դեսպան Աւետ Ադոնցը: Թապիպ Հուսէյնովը առաջին անգամ էր այցելում որեւէ հայկական դեսպանութիւն, թէեւ երկու անգամ եղել էր Հայաստանում: Պելճիքայում Հայաստանի դեսպանութիւնում ինձ, Թապիպին, Լորէնս Պրոէրսին ու մեզ միացած Քրէյկ Օլիֆանտին, ով ներկայացնում էր բրիտանական «Սեյֆըր ուորլդ» ոչ կառավարական կազմակերպութիւնը, ընդունեցին յարգանքով: Մէկ ժամ տեւած մտքերի փոխանակութեանը ներկայ էին նաեւ դեսպանութեան  երկու այլ դիւանագէտներ:

Ապա մենք այցելեցինք Եւրոպական խորհրդարան, իսկ նոյն օրը երեկոյեան «Եւրոպական քաղաքականութեան կենտրոն»-ում տեղի ունեցաւ արցախեան հարցով մէկ այլ բանավէճ իմ եւ Հուսէյնովի միջեւ:

Նոյեմբերի 23-ին մենք հանդիպում ունեցանք Եւրոպական Միութեան երեք պաշտօնեաների հետ, ովքեր զբաղւում են Հարաւային Կովկասի հարցերով: Նոյն օրը Պրիւքսէլում հայ համայնքի ներկայացուցիչներից Պետօ Տէմիրճեանը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որի ընթացքում ես կարճ ներկայացրեցի իմ գրքերը, Սիվիլիթասի գործունէութիւնը, ինչպէս նաեւ անդրադարձայ արցախեան հարցի եւ հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ վիճակին: Նեղ շրջանակով այս հետաքրքիր հանդիպումը տեղի ունեցաւ ,եւրոպահայերի դաշնութիւն յանուն արդարութեան եւ ժողովրդավարութեանէ կազմակերպութեան գրասենեակում:

Նախատեսւում էր նաեւ իմ եւ Հուսէյնովի այցը Պրիւքսէլում Ազրպէյճանի դեսպանութիւն, որը չկայացաւ: Փոխարէնը Պրիւքսէլ սրճարաններից մէկում հանդիպում տեղի ունեցաւ Ազրպէյճանի դեսպանութեան երկրորդ քարտուղարի հետ, որին ես ներկայ չգտնուեցի երկու պատճառով: Նախ, այդ նոյն ժամին էր կազմակերպուել իմ հանդիպումը Պրիւքսէլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, երկրորդ` արդարացուած կը լինէր, եթէ պահպանուէր հաւասարութիւնը: Եթէ Հայաստանի դեսպանը սիրայօժար ընդունում է հայ եւ ազրպէյճանցի լրագրող-փորձագէտներին, ապա նոյնը կարող էր անել նաեւ Ազրպէյճանի դեսպանը:

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES