Մենք. Երբ Լռութիւնն Անկեղծ Չի
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծութեան կարիքն ու կարօտը, ինչպէս այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի յայտնուել կեղծիքը, ինչպէս այսօր», գրում է Յովհաննէս Թումանեանը 1907 թուականին «Անկեղծ չենք» յօդուածում:
«Ամէն մարդ շարժւում է, ամէն մարդ խօսում է… Այսպէս պիտի լինէր մարդը առաւել եւս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խօսքը կարող է ունենալ այնպիսի հետեւանք, որ ուրիշ ժամանակ աներեւակայելի է: Նրա այս խօսքից կա՛մ շարժումից կախուած է շատ բան: Եւ յանկարծ … դուք զգում էք… նա խաղ է անում, դերասանութիւն է անում»:
«Դերասանութիւնը… գարշելի է կեանքի մէջ…», շարունակում է Յովհաննէս Թումանեանը:
Այս յօդուածից անցել է հարիւր եւ աւելի տարի, եւ գրեթէ ոչինչ, պարզապէս ոչինչ չի փոխուել: Առաջուայ պէս խաղաղ չի աշխարհը, խաղաղ չենք մենք, առաջուայ պէս կեղծ մարգարէներն ու կեղծ հերոսները խցանել են իրականութիւնն, ու աղմուկի, քաղաքական ցեխի մէջ այնքան դժուար է զանազանել թացը չորից, կեղծն անկեղծից, ցաւը վրէժից, դաւադրութիւնը զոհաբերումից, բարեկամը թշնամուց…
Բոլորը դժգոհ են իրականութիւնից. մեծ մասը զզւում է, մի մասը բարձրաձայնում, մի մասը թողնում-հեռանում, մի մասը լռում, որոշները հաշտւում ու քարշ են գալիս, յայտնիների մի փոքր շրջանակ, նիւթի տենդից կուրացած, ոչինչ չի տեսնում ու, երբ գալիս է կեանքը փոխելու փոքր, քաղաքակիրթ մասնակցութեան պահը` ոչ մի ներդրում, եւ այսպէս ամլանում է մեր իրականութիւնը:
Թւում է, թէ երբեք մեր հասարակութիւնն այս աստիճան անկարող, անտարբեր ու անյոյս չի եղել… Թւում է միայն, որովհետեւ Թումանեանից, իսկ աւելի ճիշդ Խորենացուց յետոյ էլ մեր անհանգիստ միտքը ելք է որոնում ու շարունակ փնտռում ինչ անել, ով է մեղաւոր հարցերի պատասխանները:
Ու մեր անկախութեան 22 տարիներին հասարակական, քաղաքական ու բարոյական համակարգային փոփոխութիւնների խնդիրը շարունակում է կենսունակ լինել ազգային օրակարգում: Խօսքն, ըստ էութեան, լայն իմաստով մրցունակ երկիր-պետութիւն ունենալու մասին է: Հասարակութիւնը կամ գոնէ նրա մի հատուածը յամառօրէն բարոյական եւ հոգեւոր փոփոխութիւնների խնդիր իսկապէս դնում է: Ու, եթէ յամառօրէն էլ ոչինչ չի փոխւում, մնում է հարց տալ, արդեօ՞ք նոր Հայաստանի, նոր հայ մարդու խնդիրը հասունացած է, արդեօ՞ք խնդիրը մտահոգութիւններից այն կողմ անցնում է եւ, ամենակարեւորը, արդեօ՞ք կայ այն անհրաժեշտ միջավայրը, քաղաքական ու քաղաքացիական հնարաւորութիւններն ու որակները, որ հայրենիք-պետութեան նոր նկարագրի ու տեսլականի բանաձեւ պարտադրի, կողմնորոշիչներ ու ազդակներ փոխանցի հասարակութեանը:
Անկասկած, համակարգային փոփոխութիւնների պատուիրատուն ինքնորոշուած քաղաքացիական հասարակութիւնն է, որտեղ բացառիկ դեր ունի ազգի բարոյահոգեբանական նկարագիրը եւ յատկապէս այդ նկարագրին արժէքներ, մոթիվներ, բովանդակութիւն ու չափանիշներ փոխանցող մտաւորականութիւնը` ազգի հոգեւոր ու մտաւոր իշխանութիւնը:
«Մտաւորականութիւնն ազգի խիղճն է». ենթագիտակցաբար այս յայտնի ճշմարտութեամբ է ուղեկցուել հասարակութիւնը, երբ հայրենիքի ներքին ու արտաքին մարտահրաւէրների, ազգային համախմբումի ու առհասարակ մեր հաւաքական գոյի խնդիրներում հայեացքն ուղղել է մտաւորականին:
Ցաւօք, այդ հայեացքն հիմնականում անպատասխան է մնացել, անդրադարձներն էլ` նուաղ կամ անատամ, Թումանեանը կ՛ասէր` անկեղծ չլինելու չափ, հաշտուածի կամ դատապարտուածի կերպարով: Որոշները լռել են կոչումի դիմաց, որոշները` մանտայի կամ պատուէրի, որոշները բոլոր քսաներկու տարիներին հերթական նախագահի կողքը կանգնելու կամ նրա սեղանից օգտուելու գայթակղութեան դիմաց, մի խօսքով` նիւթի: Իսկ պարտուել ենք բոլորս, բայց նախեւառաջ այն նախագահը, որին, հաստատ, անկեղծութիւնն աւելի հաճելի էր ու օգտակար, քան` քծնող ու պատեհապաշտ լռութիւնը:
Իւրաքանչիւրն ունի փոխելու իր դաշտը: Արուեստագէտի ու գիտնականի դաշտը հրապարակային չէ, մի՛ քաղաքականացրէք մեզ, վրդովւում են ոմանք` գերադասելով իրենց արարումի սահմանն արուեստանոցից, սպիտակ թղթից կամ պաստառից այն կողմ չտարածել:
Ինչ որ բան փոխելու մտաւորականի լռութիւնն արժեզրկում է նրա կոչումը, նրա լռութիւնից որբանում է հասարակութիւնը, արդարացիօրէն հակադարձում են յոյսը չկորցրած որոշները: Այո՛, դժուարը պարտուածի կողքին կանգնելն է, իսկ յաղթանակի տէրերը շատ են, նոյնիսկ եթէ յաղթանակը բարոյական չի:
Իսկ իրականում իմ եւ մտահոգ հասարակութեան ակնկալիքը մտաւորականից քաղաքացիական է եւ ո՜չ քաղաքական (յատկապէս քաղաքականի հայաստանեան ընկալումով` պատգամաւոր, նախարար կամ փողոցում յեղափոխոթիւն ու ցոյց անող):
Նախագահի միջամտութիւնից յետոյ, բնապահպանական կամ քաղաքաշինական պոռթկումների յաջողութիւնները ողջունելն արժէք չունի, նոյնիսկ ազնիւ չի: Իսկ երկիր-հայրենիքի հաւաքական արդիւնքներն աւելին կը լինէին, երբ չլռելու պահին հայ մտաւորականը չորդեգրէր չէզոքութեան կամ համակերպուելու օպլոմովեան անպտուղ վարքագիծը:
Եւ արդիւնքում Նոր Հայաստանի քննարկումը սահմանափակւում է ընդամէնը անձերի եւ ոչ գաղափարների շուրջ:
Այո՛, «անկեղծ չենք» այս էլ հարիւր եւ աւելի տարի ասում է Թումանեանը, իսկ`
«Դժոխքի ամենաթէժ անկիւնները վերապահուած են նրանց, ովքեր ցնցումների ու ճգնաժամերի ժամանակ լուռ չէզոքութիւն են պահպանում», արդէն ութը դար զգուշացնում է Տանթէ Ալիկիերին:

