Դեսպան Աշոտ Քոչարեանի Ուղերձը` Լիբանանահայութեան. «Մենք Պէտք Է Ջանք Չխնայենք Էլ Աւելի Զարգանալու, Համախմբուելու Եւ Հզօրանալու Առումով»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում իրականացուող ծրագրերը մշտապէս առնչուել եւ առնչւում են Հայաստանի եւ Արցախի համար կենսական կարեւորութիւն ունեցող ոլորտների հետ` Ճանապարհաշինութիւն, գիւղատնտեսութիւն, դպրոցաշինութիւն, ջրամատակարարում, առողջապահութիւն, մշակոյթ եւ այլն: Իւրաքանչիւրիս ազգային պարտականութիւնն է մասնակցել ռատիոթոնին եւ նպաստել ազգանուէր ծրագրերի յաջողութեանը: Այս տարի հաւաքուած գումարների մի մասը կը յատկացուի նաեւ մեր սիրիահայ եղբայրներին եւ քոյրերին: Համոզուած եմ, որ լիբանանահայութիւնն աշխուժօրէն կը մասնակցի ռատիոթոնին եւ իր ներդրումը կ՛ունենայ հայրենանուէր եւ ազգանուէր այս ծրագրին:
Բոլորս հպարտանում ենք, որ մեր ժողովրդի շարունակական ջանքերի շնորհիւ ամրանում է Հայաստան հայրենիքը, Արցախը, հզօրանում է հայոց բանակը, որը մեր գոյութեան ու ընթացքի անսասան երաշխիքն է:
Մենք, յիրաւի, ապրում ենք պատմական ժամանակաշրջանում: Հայերս, որպէս ցեղասպանութիւն վերապրած, բազմաթիւ զրկանքներ եւ տառապանքներ կրած ժողովուրդ, պէտք է ջանք չխնայենք էլ աւելի զարգանալու, համախմբուելու եւ հզօրանալու առումով: Համոզուած եմ, որ արդի աշխարհի նորանոր մարտահրաւէրները կարելի է յաղթահարել Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի միասնականութեամբ, համերաշխութեամբ ու նուիրումով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Լիբանանահայութեան հայրենասիրութիւնն ու ազգանուէր գործունէութիւնն արժանի են բարձր գնահատանքի: Վերջին տարիների ընթացքում լիբանանահայութիւնը իր նիւթական եւ բարոյական ներդրումով կարեւոր մասնակցութիւն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերի իրականացման գործում: Ձեր աշխատասիրութեան, տաղանդի եւ հզօր ներուժի շնորհիւ շօշափելի ներդրում ունեցաք ինչպէս Լիբանանի զարգացման եւ բարգաւաճման, այնպէս էլ հայապահպանութեան եւ ազգանուէր գործունէութիւն ծաւալելու գործում:
Իմ խորին երախտագիտութիւնն եմ յայտնում բոլոր կազմակերպութիւններին եւ անհատներին, ովքեր սերտ համագործակցում են Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան հետ, ովքեր իրենց շարունակական մասնակցութիւնը ունեն հայրենիքում եւ Արցախում իրագործուող ծրագրերում: Ռատիոթոնը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ, պարոն Սերժ Սարգսեանի Լիբանան իրականացրած պատմական այցից յետոյ: Այց, որը նոր լիցք հաղորդեց հայ-լիբանանեան երկկողմ բարեկամական յարաբերութիւններին եւ Հայաստան-սփիւռք արդիւնաւէտ փոխգործակցութեանը, որը քաղաքական խոշոր իրադարձութիւն էր մեր երկու եղբայրական երկրների ժողովուրդների պատմամշակութային դարաւոր յարաբերութիւնների մէջ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը 20 տարիների ընթացքում մեծ նուիրումով մասնակցել է Հայաստանում եւ Արցախում իրականացուող տարբեր ծրագրերին: Դրանցից կարելի է առանձնացնել աղէտի գօտում շէնքերի կառուցումը, որիս-ստեփանակերտ մայրուղու կառուցումը, տարբեր գիւղերի ջրամատակարարումը, Զանգեզուր սրտաբանական կենտրոնի, մանկապարտէզների եւ համայնքային կենտրոնների նորոգութիւնն ու կառուցումը:
Համոզուած եմ, որ դեկտեմբերի 7-ին եւս աշխուժօրէն կը մասնակցէք Ռատիոթոնին եւ ձեր նուիրատուութեամբ կը նպաստէք մեր հայրենիքի, հերոսական Արցախի եւ ողջ հայ ժողովրդի զարգացմանն ու բարգաւաճմանը: Հաւատացէք, որ իւրաքանչիւրիդ մասնակցութիւնը մեծ համահայկական կարեւորութիւն ունի: Ուղիղ 24 տարի առաջ 1988 դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցաւ կործանարար երկրաշարժ, որը խլեց տասնեակ հազարաւոր մարդկանց կեանքը: Այն ժամանակ էլ միասին էինք, դրսեւորեցինք հաւաքական կամք եւ ուժ:
Կոչ եմ ուղղում բոլոր լիբանանահայերին մասնակցելու տարեկան ռատիոթօնին` ի նպաստ սիրիահայութեան, լիբանանահայութեան, Արցախի ու համայն հայութեան գոյատեւման եւ բարօրութեան` համոզուած լինելով, որ հզօր սփիւռքը երաշխիքն է հզօր Հայրենիքի:
Կանխաւ շնորհակալ եմ ձեր մասնակցութեան եւ աջակցութեան համար: Բոլորիդ մաղթում եմ քաջառողջութիւն, ամենայն բարիք եւ նորանոր յաջողութիւններ` ի նպաստ համահայկական խնդիրների լուծման եւ ի շահ ողջ հայ ժողովրդի:
7 դեկտեմբեր, 2012


